Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Վանը, Վանա լիճը, Աղթամար կղզին, պատարագը Սուրբ Խաչում, Վանի բերդ, Մհերի դուռ

Վանը, Վանա լիճը, Աղթամար կղզին, պատարագը Սուրբ Խաչում, Վանի բերդ, Մհերի դուռ
15.12.2023 | 11:25

Իրիկնամուտի միջով մտնում ենք Վան: Մինչ այդ ճաշել էինք թուրքի տանը, այգում բացված երկար սեղանի շուրջը, որ նախատեսված էր հյուրեր ընդունելու համար. տուն-ռեստորան: Շրջել կանաչ ու խոնավ սիզամարգին` ծիրանենիների ու խնձորենիների տակ, հանգստացել օրվա ծանր ու թեթևից: Իսկ Բայազետի ճանապարհին մատնացույց են անում մի ապուշ սար կիսամշուշի մեջ, թե Արարատ լեռն է. միայն Մասիսը` ինչ-որ կողքից, Սիսը չի երևում: Լուսանկարիր: Ասում եմ` այս հիմարությունը ո՞նց կարող է Մասիսը լինել: Արարատը Արարատ է, երբ իմ տնից է երևում` Արարատյան դաշտից:

Գիշերային Վանի փողոցներով մարդիկ ուղղակի հոսում են գետի նման. աշխույժ ու աղմուկ: Սովորական ու ժամանակակից հագնված, պորտաբաց ու մերկ ազդրերով կանայք, անգամ ծխախոտով, և նրանց մեջ հիջաբով ու երկարափեշ կանայք, գլուխը փաթաթծ տղամարդիկ, կոկիկ ու չսփրված: Չգիտես, ով է տեղացի, ով զբոսաշրջիկ և ով ինչ կրոն է դավանում: Մի քիչ փնթի ու թափթփված մայթեր, խանութներ, սրճարան ու խորտկարան. աղմուկ, առևտուր ու ժամանց: Փողոցներում` եվրոպական մեքենաներ, մայթերին` սայլեր, որոնց վրա դասված են հագուստների հակեր, միրգ ու քաղցրավենիք, թեյ ու տարատեսակ սնունդ: Չի հստակեցվում. Արևե՞լք է, թե՞ Արևմուտք, հոգնե՞լ ես, թե՞ կիրք ես զգում, որ ծակում են աչքերդ կանանց ասեղող հայացքից: Սակայն մշակույթների, կենցաղի այդ բախումն ու հակասությունը չեն խանգարում մեկմեկու` կողք կողքի համատեղվել:

Նախ Մհերի դռան արձանագրությունն է. սեպագիր լեզու` փորված բարձր ժայռին: Մեր ինքնության վկայականն է, իրավական փաստաթուղթը. քարագիր, քարեղեն տախտակ, որ խոսել է հազարամյակների միջով, խանգրել, մաշվել ու հոգնել ժամանակների մեջ, տեղ-տեղ շերտաթափ ու անընթեռ: Մագլցում եմ ժայռը, կանգնում փակ դռան շեմին, մատներով շոշափում սեպիկները, ձեռքիս ափով զգում շունչը, լսում ձայնը: Մեջքով հպվում եմ դռանը, որ թիկունքիս լինի: Ես ե՛ս եմ, ինքը ի՛նքն է, բայց մենք` ես ու ինքը, մե՛նք չենք հիմա: Ես գնացել էի, արդ եկել եմ. էլի եմ գնում և չգիտեմ` գալու՞ եմ նորից: Բայց ինքը սպասու՞մ է եկող ու գնացողին, թե՞ միշտ մնացողին: Սա այն փաստաթուղթն է, որ հետդ չես կարող վերցնել. Դու՛ պիտի մնաս իր հետ: Սրանից մեկն էլ Երևանում է, մեր անձնագիրը, հավանաբար նույն ժամանակ սեպագրված:

Մինչ նավախորշ մտնելն ու զբոսանավին մոտենալը, կառամատույցի մուքի մոտ ժանդարմները մանրակետ ստուգում, խուզարկում են անխտիր բոլորիս, տնտղում իրերը, անգամ հագուստների վրայից շոշափում մարմինը ուսերից մինչև ոտնաթաթեր` կղզում ահաբեկչություն կամ սադրանք կանխելու նպատակով: Մի կնոջ պայուսակում գտան Հայաստանի դրոշը, պարտադրեցին հետ տանել` հետը գնալ տեսնելով` արդյոք թողե՞ց մոտիկ սրճարանում:

Թունդ կապույտ, լողակագույն, զուլալ ու ջինջ, մանուշակի պես ջինջ. Վանա լճի ջրերն են: Թրթռում, վետվետում են. ալի՞ք են, թե՞ փակագիծ հիշեցնող ջրե կորեր: Նավը համաչափ ճեղքում է ջուրը, որ թույլ, բայց հստակ շառաչում է. իջնում ու բարձրանում է թեթև ալիքների վրա և ջրի շիթերը գեղանի նետում ` օդի մեջ բաց կապույտ, իսկ ծովի մակերեսին` թունդ կապույտի մեջ, և անշեղ գնում է կղզի: Աջ կողմում, ջրերից ելած Սիփանա սարն է երկնագույն կապույտի մեջ: Դիմացը Արտոսն է` չոր ու կտրուկ հայացքով, դարձյալ կապույտ: Կապույտներն իրար հաջորդելով, ամեն շերտ` ավելի թափանցիկ, ստեղծում են մի տիեզերական ներդաշնակություն` կապույտի բոլոր երանգներով:

Որքան մոտենում, այնքան մեծանում է կղզին երկնածավ մշուշի և արևի մեջ` ծովի անդրադարձով, և ուրվագծերը դառնում են որոշակի, հստակ ու շոշափվող: Ի վերջո, քո առջև է իր ողջ վեհությամբ, եկեղեցու տեսանելի գմբեթով ու խաչով Աղթամար կղզին: Նայում եմ` էն տղան հատկապես ափի ո՞ր մասից է մտել ծովն ամեն գիշեր. հասել ու չի հասել Թամարին:

Կանգնել եմ նավացռուկի մոտ, հենվել բազրիքին, նեղ աչքերս լան բացած նայում եմ մերթ ծովին, մերթ երկինք, աջ թևիս սարերին, հետո` ձախ թևիս, կղզուն, կղզու թիկունքի սարերին, անգամ հետ եմ նայում. ամբողջը` ծովահայաց: Ադպես սիրած էակին են նայում, ընդգրկում վերջին անգամ: Բայց ես առաջին անգամն եմ այս իրականության մեջ, ինչու՞ է վերջին անգամվա զգացողություն մեջս:

Նավի վրա խառնամբոխ է. հայ, թուրք, քուրդ ու էլ չգիտեմ ինչ` տարբեր աշխարհագրական վայրերից: Նավարկում ենք «Գինի լից» երգի հնչյունների տակ, հատկապես հայերի տաքացող մարմնախաղի մեջ: Ափ իջնելուց հետո, հարցնում եմ` մերո՞նք էին երգը դրել: Թե` չէ՛, թուրք նավավարը: Երբ տեսնում է հայեր կան նավի վրա, այդ երգն է դնում, որովհետև ամենից շատ հենց այդ երգն են պատվիրում հայերը: Այդպես` Թալեաթին գետնին փռելով, մտնում ենք կղզի:

Կղզին, այս առանձնարանը, տանում է նախաստեղծ սկիզբ: Թվում է ջրերի վրա շրջող Աստծու ոգին է նյութեղենացել, նախ դարձել է ժայռակույտ, հետո տաճար, երբ ջուրը ցամաքից դեռ չէր զատվել: Սուրբ Խաչի բաց խորանից հնչում է պատարագը միջնադարյան կամարների տակ ու որմնանկար պատերից ներս, գմբեթից ելուստվում առ Աստված: Ներսում ասեղ գցելու տեղ չկա, բայց ոևէ մեկը սրտի թուլություն չի զգում փակ տարածքի տոթի մեջ: Դժվար է որոշել, թե ով ինչ ազգության է և հավատի. միայն կարելի է աղոտ ենթադրություն անել դիմագծերից ու հագուկապից: Աստված մեկն է և կրոնից վեր է. սա հայկական պատարագի խորհուրդն է Սուրբ Խաչում:

Երևանում կամ մեկ այլ տեղ` եկեղեցում, պատարագն ադպես չեմ լսել ու զգացել: Չեմ էլ կարող ասել, թե ինչ եմ զգում այստեղ: Իմ ամբողջ ուղևորությունը չգիտեմների ու անբացատրելիի շարան է: Պարբերաբար խաչակնքում եմ չհասկանալով` տեղի՞ն է պահը: Գուցե Սուրբ Խաչի ներողամտությունն եմ աղերսում ենթագիտակցաբար, որ մերոնք թողել են իրեն:

Պատարագը դուրս է գալիս եկեղեցուց և շարունակվում գավիթում` խռնված հասարակության մի քանի շերտ խտությամբ շրջանակի մեջ, սրբազանների երգասացությամբ ու պատրիարք Մաշալյանի առաջնորդությամբ: Թուրքական դրոշներ են մուտքի զանգակատան երկու կողմում, և աչալուրջ ժանդարմներ ամեն տեղ: Թուրքական հեռուստաալիքներ ու մամուլ: Տարվա մեջ այս մեկ օրն է, որ թուրքական իշխանությունները թույլ են տալիս պատարագ մատուցել Սուրբ Խաչում, իսկ տարվա մնացյալ օրերին թանգարան է եկեղեցին: Այս տարի այդ մեկ օրը սեպտեմբերի 10-ն է:

Պատարագից հետո մոտենում եմ Հաղորդություն ստանում` լեզվիս վրա առնելով Փրկչի մարմնի նշխարը:

Կղզու մատչելի մասում, որին շարունակում են անմատչելի քարաժայռերը, մարդկային ահռելի կուտակում է, ինչպես հանրահավաքում: Հայաստանից, Լիբանանից, Սիրիայից, Թուրքիայի մոտ ու հեռվից և, հավանաբար, աշխարհի այլ ծայրերից: Քրիստոնյա, մահմեդական և, ով իմանա, թե էլ ինչ հավատի մարդիկ. հիջաբով ու երկարափեշ կանայք` սև ու երկնագույն: Նրանց բոլորին նույնացնում է առերևույթ չերևացող մի բան` Աստված: Եվ` շատ սևազգեստ ժանդարմներ:

Ջուրն եմ մտնում համալսարանական ընկերոջս` համակուրսեցուս` Մանվելի հետ: Հավատում եմ, որ ամեն հայ նույն կերպ է զգում Վանա ծովակը, լինի կին թե տղամարդ, աստվածավախ թե սատանայապաշտ, հայրենիք սիրող թե հայրենադավ:

Բարձր, կանաչ ծառերի տակ մի թեթև սրճարան է` հովանոցներով ու փայտե սեղան-աթոռով, որ ցանակած պահի կարող են հեշտությամբ հավաքել հողից: Սրճարանատերը դավանափոխ հայ է, ծպտված, բայց չի մոռացել արմատները: Իսկ աղջիկը մատուցում է սեղանները: Հանդիպում եմ ծանոթների Երևանից, Գյումրիից. խմում ենք մի բաժակ խորհրդանշական կոնյակ: Չկան խաշանոցներ, խորովածի մանղալներ: Ես չգիտեմ, լա՞վ է, թե՞ վատ, որ կղզին մերը չէ: Ամբողջ Վանա լճի ափերին չտեսա խորտկարան, ռեստորան, սեփականաշնորհված տարածքներ, ինչպես Սևանա լիճն է: Տխուր եմ, որ հյուր եմ, գուցե ավելի տխրեի, եթե լինեի տեր: Վանա գեղեցկուհուն էլ կուսազրկելու էինք, փչացնելու` դարձնելով փողոցի կին:

Իմ տեսած սրճարանը կղզի տանող կառամատույցի դիմաց է, երկար, բացօթյա, միայն սյուների վրա հենված փայտե ծածկ ունեցող սրահով, որ նաև ճաշելու համար է: Մատուցող երիտասարդը նույնպես հայ է, դավանափոխ ու թրքախոս, բայց մեզ ողջունում է հայերեն: Ցույց է տալիս, թե ինչպես տառեխը մեջքից բացենք, որ հեշտությամբ փշազերծ լինի: Ինձ համար չորս խորոված տառեխը շատ է, բայց ուտում եմ խնամքով ու մանրամասն, գրեթե անմնացորդ: Մի քիչ դառնահամ է, մի քիչ տտիպ, բայց այնպիսի յուրօրինակ անուշ զգացողություն ունեմ, որ չեմ գտնում համեմատության եզր: Կրկին և վերստին չեմ կարող բացատրել, թե ինչու է այդպես:

Մի ոչ մեծ ապակեպատ երկհարկանի տնակում հռչակավոր Վանա կատուներն են` մի քանի հատ. սպիտակամազ, մի աչքը դեղին, մյուսը` կապույտ: Ալարկոտ, դանդալոշ, լուսանկարվելու պատրաստ. սպասում են, թե ով կկերակրի: Փող տուր, ներս մտիր, մոտիկից տես, ձեռի հետ էլ կերակրի ու դուրս արի: Սրանք մեր ամեն ինչն են մեզ վրա ծախում ու փող աշխատում: Իսկ բակում հուշանվերների տաղավարներ են ու վաճառատուն: Հուշանվերներ գնել, էրգրից հող ու ջուր բերել չեմ սիրում, բայց քանի որ կատուներ պահող եմ, Վանա կատվի փոքրիկ, կլոր գիպսե մի քանդակ եմ առնում` 15 լիրա:

Վանի բերդի բլրի ստորոտում առատ ջրով եռածորան աղբյուր կա. ժամանակին հայերն են ջրագիծը բերել: Լվացվում ենք, խմում ջրից, մեր շշերի թորած ջուրը դատարկում ու աղբյուրի ջրով ենք լցնում ճանապարհի համար: Կոշտ, փշոտ սալարկած զառիվեր ուղին բլրալանջով բարձրանում հասնում է բերդի կամարակապ մուտքին: Հին, կավաշեն պարիսպների մնացորդներն են, ով գիտի` ո՞ր դարից ու հազարամյակից եկող. ասում են` ՈՒրարտուից: Թուրքերը քարաշեն բարձր պարիսպներ են կառուցել` հեռվից վեհորեն երևացող, և դարձրել զբոսաշրջության կենտրոն: Իսկ մենք Երևանի բերդը հիմնահատակ քանդեցինք: Վերականգնում ու պահպանում են մեր եկեղեցիները, սակայն մենք Պողոս-Պետրոսը մի գիշերում պայթեցրեցինք, որ բացառիկ էր աշխարհում առաջին յուղաներկ որմնանկարներով:

Բերդի կենտրոնում շատ բարձր խոյանում է լայնածավալ թուրքական դրոշը` բոլոր կողմերից տեսանելի: Իսկ ներսի պարսպի ճակատին Քեմալի մեծադիր նկարն է: Այդպիսի բարձր դրոշներ և ավելի մանրերը ամենուր են, պարզապես դրոշների առատություն է, շատություն: Իսկ Քեմալի տարատեսակ նկարներն ու տարաբնույթ արձանները ամեն ինչի վրա են ու ամեն տեղ, ինչպես խորհրդային երկրում Լենինն էր: Բերդի ներսի մուտքի մոտ թուրքերը մզկիթ են կառուցում. բանվորները վրան են խփել: Իսկ պարիսպներից ներս գրեթե ոչինչ չկա, միայն տեղ-տեղ քարակույտեր են, և դարուփոս բլուրն է` արևից խանձված կարճ խոտածածկութով:

Վան քաղաքում երկու փողոց եմ ոտքով քայլում` գիշերով: Ոչինչ չեն ասում, պարզ է, իմ մասին: Իսկ ես միտք ունեմ իմ նախնիների հետքերը փնտրել: Արմատներիցս մեկը Վանում է. մորս հայրը Վանի Աղբակ գավառից է: Մահարին և՛ հետս է, և՛ հետս չէ: Սա Մահարու Վանը չէ: Չեմ հասցնում գնալ Այգեստաններ, միայն` հեռվից: Իսկ Վարագա վանքի համար ժամանակ չկա:

Վանա լճի ավազանում է ձևավորվել հայ էթնոսը: Վանը մեր ինքնությունն է: Չպետք է կորցնեինք Վանը: Արարատ լեռը մեր ոգին է. չպետք է հանձնեինք Արարատը: Ինքնությունն ու ոգին հանձնած, կորցրած ժողովուրդ ենք, որ հեռվից ենք միայն տեսնում և զգում որպես հյուր:

Թողում ենք Վանը` տեսած ու չտեսած, շարժվում Մուշի ուղղությամբ:

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 3017

Մեկնաբանություններ