Կառավարության նիստերի մասին ուղիղ երկու շաբաթ չգրեցի, անկեղծ ասեմ՝ ոչ մի հետաքրքիր բան չկար, ու մտածում էի մի թեթև պաուզա տամ, զահլեքդ շատ չտանեմ։ Էսօր էլի «հաքա դրանց կանալին», ու ասեմ՝ առանձնապես ոգևորված չեմ․ մարդիկ անհոգնել իրենց սեփական օրակարգն են քշում՝ թքած ունենալով սոված ցեղասպանվողների վրա։
Ինչպես և կանխատեսում էի՝ նիստի սկզբին ճառեց երեկվա ՄԱԿ-ի ԱԽ նիստի թեմայով․ ու նայեք, թե ինչ զգայացունց հայտարարություն է անում․ «Նիստում արձանագրվեց Լաչինի միջանցքի փակ լինելը, որն Ադրբեջանի կողմից պնդվում էր, թե փակ չէ, քննարկումը հաստատեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ ԼՂ 120 հազար բնակաչության կյանքն ու անվտանգությոնը դրված է կասկածի տակ։ Այժմ կարող ենք փաստել, որ հումանիտար ճգնաժամի հարցը միջազգայնորեն բարձրաձայնված է, նաև հավաքական միջազգային հանրության կողմից կոչ է հնչեցվել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը: Իհարկե, շրջափակումը վերացված չէ, և 22 բեռնատար շարունակում է մնալ Լաչինի միջանցքի մուտքի մոտ»։
Կարդացի՞ք: Այսինքն, սա նշանակում է, որ իր խնդիրը, այսպես կոչված, միջազգային հարթակից թեման բարձրաձայնելն է, ուրիշ ոչ մի բան, ասել է թե՝ տեսարան, ինչի մասին երեկվանից ասում եմ․ ախպեր, սա խնդիր ունի մենակ թեմայի հետ կապված տուֆտա ձևի փիառվելը, մնացածը ֆուֆլո է։
Հետո ավելի հետաքրքիր էր, ասում է․ «Ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման դադարեցումն է, Ստեփանակաերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի մեկնարկը։ ՀՀ-ն շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում հրաժարվել խաղաղություն հաստատելու պատմական հնարավորության զրոյականացմանն ուղղված քայլերից»։ Սա էն հայտնի դեպքի էկրանացումն է, որ անամոթի երեսին թքում են, ասում է՝ մայիսյան շաղ է։ Ադրբեջանցիք բաց տեքստով ասում են՝ «էսա, փակել ենք, ոնց ուզենք, տենց էլ անելու ենք, մենք՝ մեր տարածքը», սա ցինիկաբար դրած ինչ-որ պատմական հնարավորություններից է խոսում, խաղաղություն խուրդում։
Օրինակ, ես չգիտեի ու էսօր իմացա, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից «Գլոբալ գենդերային ճեղքում» զեկույցում ՀՀ-ն 2022-ի 146 երկրներից 61-րդ տեղում է, 28 հորիզոնականով բարելավել է։ Տեսնու՞մ եք՝ ինչ «պատմական թռիչքներ» ենք անում գենդերային սեկտորում, իսկ մենք բողոքում ենք։
Հետո պատկերը խտացավ՝ ճանապարհի ասֆալտի հատկացումներ, հրապարակի «փոստի շենքի» մասնավորեցման «գերկարևոր» հարցի մոտ 20 րոպե քննարկում։ Հա, մեկ էլ ջրային պարեկներին մոռացա, մի ահագին հատկացում են անում՝ շենք ու գույք, տվյալ դեպքում՝ նավ (4 հատ, 10 մետրանոց) ու սկուտերներ ձեռք բերելու համար։ Բանից պարզվում է՝ դրանց համար դրոններ էլ են առնելու, որ ձկնագողերին էլ բռնեն։ Այ սենց էլ ուրախ ապրում են։
Նիստին 43 հարց կար, ավանդական 3-ը զեկուցեցին։
Արմեն Հովասափյան