Քյավառացի մեր «ուտող-խմող» հայրենակիցներին, որոնք սովոր են տոն օրերին (և ոչ միայն) իրենց սեղանը զարդարել «քյավառա քյուֆթայով,
«Սևանա սիգով», (թեև սիգից այսօր Սևանում բան չի մնացել), ավանդական գաթայով ու փախլավայով, այս օրերին ոչ մի ճաշատեսակով չես զարմացնի, լինի դա խոզի ապխտած բուդ, հնդուշկա, իշլի կամ չգիտես ինչի քյուֆթա: Մի խոսքով` եթե ամանորյա սեղանին պակասում է պասուց տոլման, նշանակում է` սեղանը դատարկ է: Դա հասկացել եմ ընդամենը մի քանի օր առաջ, երբ 10-12 հոգանոց ազգականներս (հարս, թոռ, տղա-աղջիկ) Քյավառից հյուր եկան իմ հայրակ օջախ և դեռ շեմից բարևի փոխարեն ձայնեցին` «գոնե էն ասա, պասուց տոլմա ուտելո՞ւ ենք, թե չէ` ետ ենք դառնում»:
Ահա թե ինչ է նախընտրում ուտել իսկական քյավառցին, երբ նոր տարվան հյուր է գնում Երևան` իր քաղաքաբանկ հարազատներին: Թե ինչու քյավառցիները Ամանորին չեն պատրաստում պասուց, նույնիսկ իրենք են դժվարանում բացատրել.«պատրաստողը` պատրաստում է, բայց դա այնքան
էլ ընդունված չէ մեզ մոտ. պասուց պատրաստում են հատկապես քաղաքացիք, ու շատ համեղ է ստացվում»,-իր գնահատականը տվեց մորեղբայրս, ով ամենից շատ է սիրում հատիկեղենից պատրաստված տոլման: Վերջիններս, ինչպես իրենք են անկեղծանում «աչքներս բացել` սեղանին ձուկ ու քյուֆթա
ենք տեսել: Հա, մեկ էլ` օղի»:
Թեև նշենք, որ վերջին տարիներին ոչ միայն Քյավառում, այլև Գեղարքունիքի մարզի շատ համայնքներում նույնպես սկսել են պատրաստել պասուց տոլմա, բայց դա, միևնույն է, այնքան էլ արմատացած չէ տարածաշրջանում:
Այսօր, Ամանորին քաղաքաբնակներից շատերն էլ զլանում են պատրաստել այդ ճաշատեսակը` պատճառաբանելով թե` «ուտողն ո՞վ է»: Բայց արի ու
տես, որ սեղանի տարատեսակ ու հոգնեցուցիչ մսային կերակրատեսակների մեջ ամենացանկալի ուտեստը ոմանք համարում են պասուց տոլման :
Որոշներն էլ` ընկնելով սեղանների ճոխությունների հետևից, ձգտում են «երևելի» ուտեստներով զարդարել իրենց սեղանը` մոռանալով ամենակարևորի մասին :Այն` որ պասուց տոլման Ամանորի սեղանին` ունի իր նշանակությունն ու խորհուրդը:
Ըստ ազգագրագետների, պասուց տոլման հայկական ավանդական ճաշատեսակ է: Այն պատրաստվում է յոթ տարբեր հատիկներից:Պասուց է կոչվում նրա համար, որովհետև քրիստոնեական Նոր տարին պահքի օրեր են, և պահքը լուծարվում է Հիսուսի ծննդյան տոնին, իսկ յոթ հատիկները խորհրդանշում են 7 աստվածային թիվը, որի խորքում ընկած է աշխարհի յոթ տարերքը: Այնպես որ, ուտեստները նույպես պետք է լինեն համապատասխան: Խորհրդային ժամանակներում ավանդական սեղանից անպակաս էր «տարեհացը», որը նույնպես լցոնվում էր պասուց
բաղադրիչներով, երբեմն էլ մետաղադրամ էին դնում մեջը և ում բաժին ընկներ դրամը, նրա համար Նոր տարին պետք է հաջողակ լիներ:
Ավանդապաշտ ժողովուրդ ենք, բայց ասօր մեր ամանորյա սեղանի անբաժան մասն են կազմում խոզի ապխտած բուդը, մսով բլինչիկը, թփով տոլման, սուջուխը, բաստուրման, որոնք թեև «տոնական» համուհոտ ունեն, բայց չունեն այն կարևոր խորհուրդը, որով անհրաժեշտ է «կերակրել» մեր մարմինն ու հոգին:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ