Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մեզանում ո՛չ տնտեսավարողը հաշվել գիտե, ո՛չ էլ կառավարությունը

Մեզանում ո՛չ տնտեսավարողը հաշվել գիտե, ո՛չ էլ կառավարությունը
29.08.2008 | 00:00

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ «ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
Ինչպես վերջին տասը տարիներին, այնպես էլ այսօր ՀՀ գործադիր իշխանությունն այդպես էլ չկարողացավ ապացուցել, որ կատարում է իր հիմնական գործառույթը` նպաստում է տնտեսական առաջընթացին և պաշտպանում սեփական քաղաքացիների շահերը:
Հակառակ դեպքում ինչպե՞ս հասկանալ, երբ ամբողջ աշխարհում իջնում են ցորենի, այլ հացազգիների և հատիկավոր կուլտուրաների գները, սակայն Հայաստանում վերոնշյալ ապրանքատեսակները որևէ գնային փոփոխության չեն ենթարկվում: Վրաստանյան վերջին իրադարձությունները ևս արդարացման հիմքեր չեն տալիս, քանի որ ցորենի պարագայում համաշխարհային գները նվազում են սույն թվականի ապրիլ ամսից, իսկ նավթի համաշխարհային գինը միայն վերջին մեկ ամսում նվազել է 30 տոկոսով, որին, ինչ խոսք, նպաստում է նաև արժևորվող դոլարը: Չնայած տնտեսական մրցակցության հանձնաժողովը հուլիս ամսին շուկայում գերիշխող դիրքի համար շրջանառության 2 տոկոսի չափով տուգանեց «Մանանա գրեյն» և «Բաղրամյանի ալրաղաց» ընկերություններին ու պարտավորեցրեց կանոնակարգել գները, սակայն հարկ է արձանագրել, որ այդ որոշումը մինչ օրս չի կատարվել, և ալյուրի գինն այդպես էլ չի նվազում:
Վերջին օրերին ավելի հետաքրքիր իրադարձություն է տեղի ունենում արտարժութային շուկայում: Արդեն երկու շաբաթ է, ինչ ամերիկյան դոլարը համաշխարհային սակարաններում եվրոյի և այլ արժույթների նկատմամբ արժևորվում է: Միայն հիշյալ ժամանակահատվածում այն եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 8, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ՝ 6 տոկոսով: Սակայն այս իրողությունը Հայաստանում դոլար-դրամ փոխարժեքի վրա նույնիսկ 1 տոկոսի տատանում չի գրանցել, և արդեն մեկ ամիս անընդմեջ դոլարի գինը չի բարձրանում 300 դրամից: Եվ դարձյալ Կենտրոնական բանկն ու կառավարությունը քար լռություն են պահպանում: Դեռ քիչ է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները Հայաստանում չեն էժանանում, ի լրումն դրա ներմուծող ընկերություններն արժևորված դոլարը գնում են ցածր գնով և բարձր գնով սննդամթերք վաճառում:
Պարզվում է՝ կառավարությունն այնքան էլ ժամանակ չունի այսպիսի «մանր-մունր» խնդիրներով զբաղվելու, քանի որ օրակարգում երկրորդ սերնդի անհասկանալի բարեփոխումներն են, որոնց արդյունքում միայն գնաճ է արձանագրվում, իսկ սղաճն արդեն իսկ դուրս է եկել նախանշված սահմանագծից:
Եվս մի հետաքրքիր դիտարկում. երբ կառավարությունը դադարեցրեց գազի գնի սուբսիդավորումը, և գազալցակայաններում գազը թանկացավ, միջքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններն անմիջապես դիմումներ ներկայացրին առ այն, որ բարձրացնեն ուղեվարձը: Ըստ նրանց, մեկ ուղևորի փոխադրումն իրենց վրա «նստում» էր 172 դրամ, իսկ երբ կառավարությունը նստեց և հաշվեց` ստացվեց 58 դրամ: Սակայն էականը սա չէ, այլ այն, որ մեր հարևան Վրաստանում, որտեղ միջքաղաքային ավտոտրանսպորտն աշխատում է դիզելային վառելիքով, ուղեվարձն արժե 40 վրացական թեթրի` մոտ 90 դրամ, իսկ Հայաստանում, երբ բոլոր ավտոտրանսպորտային միջոցները հագեցած են գազային բալոններով, և լիցքավորվող բնական գազը 2-2,5 անգամ էժան է դիզվառելիքից, ուղեվարձն արժե 100 դրամ: Պարզվում է՝ մեզանում ո՛չ տնտեսավարողը հաշվել գիտե, ո՛չ էլ կառավարությունը, կամ` լավ էլ գիտեն, պարզապես մեկը բարձր գին է ասում, իսկ բնակչության շահերը պաշտպանող կառավարությունն իջեցնում է այն և մարդկանց «լավություն» անում:
ԱՏՈՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 10386

Մեկնաբանություններ