Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Կյանք հավերժ սպասումի և վերածննդի սահմանագծում

Կյանք հավերժ սպասումի և վերածննդի սահմանագծում
13.07.2023 | 21:01

Արցախյան երրորդ պատերազմի հերոս ՊԱՊ ԳԱՐԻԿԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ եղբայրը` փոքրիկ Պապ Այվազյանն այսօր դարձավ մեկ տարեկան:

...Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի շնորհալի այս տղան շատ գեղեցիկ ձայն է ունեցել։Մանկուց սիրել է ժողովրդական և գուսանական երգերը:

Եվ մարդիկ նրա մեջ իսկապես ապագա տաղանդավոր երգչի էին տեսնում։

Ինքն էլ երազում էր արվեստագետի ապագայի մասին։ Նրան պիտի տեսնեինք հայ մշակույթը ներկայացնելիս, Սայաթ-Նովա , Ջիվանի ու Շերամ կատարելիս: Սակայն...

Պապ Այվազյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի

20-ին։ Հերոսի հայրիկի դիմագրքի էջում նրա կյանքի բազմաթիվ դրվագներն են, թե ինչպիսի ինքնատիպ մարդ էր դառնալու Պապ Այվազյանը, եթե չլիներ չարաբաստիկ 2020 թվականը ու չընդհատվեր նրա թռիչքը:

Պապ Այվազյանը շատ աշխույժ ու ժիր երեխա է եղել։ Եվ մինչև դպրոց հաճախելը արդեն նրա ներաշխարհում ընդգծվել է սերն առ Հայրենիք: Եվ դա դրսևորվել էր հայրենասիրական և ժողովրդական երգերը սիրելով։

Եվ հենց այդպես էլ կնքել էր իր կյանքի ուղին, որ ծառայելու է ազգային մշակույթին։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց և ավարտեց Գյումրու Իմպրոռիթմ արվեստի ակադեմիայի` ժողովրդական երգի բաժինը։ Եվ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին մեկնեց ծառայության։ Սկզբից Էջմիածնում, հետո Ջրականում։

Սակայն Ջրականից գրվեց հատուկ ջոկատային և տեղափոխվեց Դրմբոնի հատուկ գունդ։ Չարաբաստիկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին տագնապով բարձրանում են Թալիշի դիրքեր և նույն օրը երեկոյան գլխի շրջանում վիրավորում է ստանում և ...

Պապ Այվազյանի ճակատագիրն այդ օրվանից մինչ այսօր անհայտ է: Նրա հետ կապված ամեն մի օրը ծնողների համար սպասում է, որ անհնար է նկարագրել որևէ բառով:

Այդպես է նաև հերոսին բացահայտած ու նրա լուսավոր կերպարը հոգում կրող ամեն հայ մարդու համար։

Իսկ հերոսի հայրն ինքը` Գարիկ Այվազյանը, ապրում է բոլորի կորստով, ամեն մի հերոսի մեջ իր Պապին տեսնելով, բոլոր անմահացած ու հերոսացած զինվորներին իր որդու, եղբոր նման սիրելով։

Իր գրառումներից մեկում հերոսի հայրն ասել էր.

«Կարոտ ... Մի անտանելի բառ, որ հինգ

տառից է բաղկացած, որ հինգ հազար ու հինգ հարյուր հազար տանջալի բաղադրություն է իր մեջ կրում, և տիեզերական այս մեծ ցավի դիմաց ոչ մեկը դեռ բալասան չի գտել»։

...Իսկ այս լուսավոր զինվորի ընտանիքի ճակատագիրն էլ դյուրին չի եղել։ Երբ ծնվել է մեր հերոսը, որոշ ժամանակ անց հայրը դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդսմություն է ձեռք բերել։ Սակայն ներդրել է ամեն ջանք ու եռանդ, որ մեծացնի միակ զավակին ու, ինչպես ժողովուրդն է ասում, հասցնի բոլոր նպատակներին։ Եվ Պապը, իսկապես, ծնողների իղձերն ու երազանքները կյանքի կոչելու ճանապարհին էր:

...Պապ Այվազյանը մնաց հավերժ զինվոր. զինվոր, որին դեռ սպասում են:

Դա այն ծանր հոգեվիճակն է, որ ոչ ոք ավելի լավ չի հասկանա, քան հերոսի ծնողը:

Եվ իմ սիրելի հերոսի ընտանիքում անցյալ տարի ճիշտ այս օրը` հուլիսի 12-ին ծնվեց փոքրիկ Պապ Այվազյանը։

Համացանցում կարդացինք այս լուրը.

«Այսօր Էրեբունի բժշկական կենտրոնում ծնվեց 44-օրյա պատերազմի անմահ հերոս Պապ Այվազյանի եղբայրը Պապ Այվազյան կրտսերը»։

Հետո արդեն հերոսիս ընտանիքին գտա այս հարթակում ու սկսեցի հետևել, թե ինչպես է մեծանում այս փոքրիկ արևը` օր օրի ավելի նմանվելով իր տաղանդավոր հերոս եղբորը` հայացքը, աչուկները:

Ասում են` շարժուձևով էլ է նման։

Եվ ամեն անգամ, երբ այս հրեշտակը հայտնվում է իր հայրիկի դիմագրքի էջում, իր հերթին ստիպում է, որ շարունակենք մեր պայքարը` մեր բոլոր հերոս եղբայրների կիսատ մնացած պայքարը։ Հայոց Պապ արքայի անունը կրող մեր հավերժ հերոսը և նրա կրտսեր եղբայր Պապ Այվազյանը մեզ պարտադրում են լինել այնքան ուժեղ, որ պայքարենք ու հաջորդ սերունդներին կիսատ գործեր չթողնենք:

Այսօր այս հրաշքը դարձավ մեկ տարեկան։Եվ ես ուզում եմ, որ փոքրիկ Պապը դառնա մի հզոր հայ գերդաստանի պապ, որ հասնի այն լուսավոր ակնթարթներին, ինչի մասին կերազի...

ՈՒզում եմ, որ լինի ու մնա մշակույթի կամ գիտության զինվոր և կյանքում այդպես կերտի իր հաղթանակները։ Բայց մինչ այդ, մենք պարտավոր ենք մեր ազգի մեծերի պատգամով կառուցել այնպիսի երկիր, որ թշնամին չհանդգնի հարձակվել:

Շնորհավորում եմ փոքրիկի տարեդարձը, իմ սիրելի հերոսի հայր։ Մտովի ամուր գրկում եմ այս հրաշքին և մաղթում եմ, որ նրա հետ կապված Ձեր և ոչ մի երազանքը անկատար չմնա:

Աստված ամուր պահի։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4450

Մեկնաբանություններ