Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Թող տարին խաղաղ և անփորձանք լինի

Թող տարին խաղաղ և անփորձանք լինի
31.12.2022 | 11:24

Քանի օր է՝ թունդ զայրացածների ու կեղծ բարեպաշտների գրառումներ են աչքովս ընկնում, թե բա՝ ազգը Ամանո՜ր է նշում, գնումներ է անում, տարված է խոզի կամ տավարի բդով, փոխարեն՝ գնա ու Լաչին բացի, սահմանը պահի...
Հարգելիներ, եկեք հերիք կռռանք ազգի գլխին, առանց այն էլ, նա շատ տառապեց, անմարդկային շատ:


Հերս կասեր՝ ոչինչ, է՜, ոչինչ, ա՛յ մարդ, թող նշեն, աշխարհի կարգն է, բայց չկորցնեն զգոնությունը, ուշքները հետ պահեն՝ սահմանի զինվորին: Հայի ցավերից էլ շատ չխմեն ու մեքենան խելահեղ չվարեն, տներ չքանդեն, իրենց գլխին էլ պատուհաս չբերեն:
Բոլորիս տնից-տեղից՝ հեռու:
Բայց, ասեմ, անհավես ենք բոլորս էլ, ինչու՞ դա չեք նկատում ու հենց դա՛ չեք ասում, այլ՝ խոզի ինչ-որ ազդրի:


Մարդկանց դեմքին ժպիտ և ուրախություն չկա, ասես՝ իներցիայով, բնազդաբար, չուզելո՜վ, ամաչելով ու արդարանալով, որ երեխեքի համար է, իրենք՝ ի՛նչ...
Ցավ ես զգում այս բառերից էլ. մի արդարացեք, ի սեր Աստծո, նշեք, ջերմացրեք ձեր օջախներն ու սրտերը մի հատիկ ժպիտով, ու թող հացն անպակաս լինի ձեր սեղաններից:
Չե՜ս իմանա՝ վաղն ի՞նչ կլինի, ուրախ սրտով դիմավորեք, թեկուզ՝ ձեզ ստիպելով:
Վհատվելուց վատ բան չկա, տխրությունն էլ տխրություն է բերում, արցունքն էլ՝ արցունք:
Հայը, միևնույն է, ամենամեծ ուրախության մեջ էլ իր ցավից հեռու չի փախչում, իր ցավի հետ է, քանի դեռ այն կա:


Ինքս էլ սիրուն գնումներ եմ արել՝ լինելով մենակ, ի՞նչ կա որ:
Մե՜ն-մի օր է, ինքն էլ՝ ավանդույթ, իսկ ավանդույթից մի օրում ու մի ժամում չես հրաժարվի:
Հանկարծ նկատել եմ, որ ամեն տարվա պես Գորիսի չարաճճիները ոչ ցերեկը, ոչ էլ գիշերը ճայթուկ չեն տրաքացնում քաղաքի ամեն փողոցում ու անկյունում, մեր պատուհանների տակ, շենքերի հարկերում, մեր ոտքերի առաջ. ձեն-ձուն չկա:


Օրեր ու շաբաթներ առաջ էին սկսում՝ դեկտեմբերի մեկից, նույնիսկ՝ 91-94-ի պատերազմի տարիների Ամանորի երկինքն էին դղրդացնում մեծ ու մանուկ:
Վստահ եմ՝ քաղաքի իշխանությունն է արգելել ու երևի ճիշտ է արել, բայց մի տեսակ տխրել եմ:


Սահյանը կասեր՝ մի տեսակ տագնապ կա, որ չես ասի ոչ մի բառով:
Մանուկների այս լռությունն էլ, հավատացեք, տխրեցնում է ինձ, որքան էլ՝ մեր անվտանգության նկատառումներով:
Թող տարին խաղաղ և անփորձանք լինի, առողջ լինեն մեր սիրելիները:
Ամենամեծ հրաշքն այսօր դա է:
Մաղթանքներն էլ երկինք են բարձրանում, չեն կորչում և ամենևին էլ զուր չեն:


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 24046

Մեկնաբանություններ