ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Հայկ Մարության. Էրեբունի-Երևանի տոնական միջոցառումները հետաձգվել են

Հայկ Մարության. Էրեբունի-Երևանի տոնական միջոցառումները հետաձգվել են
11.10.2020 | 14:38

Այս օրերին մեր ամբողջ ջանքը, մտքերն ու աղոթքները ուղղել ենք Արցախ: Թշնամու ահաբեկչական բանակների պարտադրած այս ահռելի պայքարում յուրաքանչյուրս մեր ոլորտում լծվել ենք Հայրենիքի պաշտպանության ու հաղթանակի սուրբ գործին՝ գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Վստահ եմ, որ մեր սերունդները, այս օրերի մասին հիշելիս, մեր տղաների սխրանքին ձոնված հերոսապատումների կողքին պատմելու են նաև միասնականության ու նվիրումի ոգու մասին, որ այս օրերին թևածում է մեզանում: Այսօր Էրեբունի-Երևանի օրն է: Տոնական միջոցառումները, հասկանալի է, հետաձգվել են՝ քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին: Իսկ այսօր եկեք արձանագրենք, որ մենք, պահելով Արցախի սուրբ հողը, պահում ենք նաև Էրեբունի ամրոցի հազարամյա պատերը, պահում ենք Օպերան ու Ազգային պատկերասրահը, Սուրբ Սարգսի տաճարն ու Մատենադարանը: Հաղթանակից հետո մենք կվերակառուցենք Արցախում բարբարոսի հարվածից տուժած մեր քաղաքները ու է՛լ ավելի կշենացնենք դրանք՝ հազարերորդ անգամ ապացուցելով, որ հայի հաստատակամությունն ու ապրելու կամքը անխորտակելի են:


Եվ ես վստահ եմ, որ այսուհետև մեր օրացույցում միայն տոնական ամսաթվեր են ավելանալու: Ուրիշ հեռանկար չկա: Որովհետեւ մեր գործը արդար է, հաղթանակը՝ անխուսափելի: Փա՜ռք հերոսներին, փա՜ռք միասնական հայությանը, կեցցե՜ հավերժական Հայաստանն ու Արցախ աշխարհը»,-գրել է նա:

Դիտվել է՝ 3036

Մեկնաբանություններ