«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Աղավնաձորցիներն առաջիկայում կստանան խաղողի մթերման գումարները

Աղավնաձորցիներն առաջիկայում կստանան խաղողի մթերման գումարները
29.09.2016 | 09:55

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մեկնել է Վայոց ձորի մարզ` խաղողի մթերման գործընթացին առնչվող խնդիրները տեղում քննարկելու նպատակով: Նախարարի առաջին կանգառն Աղավնաձոր համայնքում էր, որտեղ հանդիպել է խաղողագործների հետ: Հանդիպմանը ներկա էին մարզպետ Հարություն Սարգսյանը, գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Կարեն Իսախանյանը, «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը:


Նախարարը տեղեկացրել է աղավնաձորցիներին, որ նախորդ տարվա խաղողի մթերումների դիմաց վճարումների կատարման խնդիրը կառավարության աջակցությամբ լուծվել է, և գյուղացիներն առաջիկայում կստանան իրենց գումարները:


«Մենք գիտակցում ենք, որ սա գյուղացու համար օրվա հացի խնդիր է, դուք ամբողջ տարին հողին նվիրված աշխատել եք, այսօր ունեք բազմաթիվ պարտքեր, ուստի կառավարությունը միջամտել է խնդրին, և «Վեդի Ալկոն» իր բոլոր պարտավորություններն առաջիկայում ամբողջությամբ կկատարի:
Սակայն անհրաժեշտ է խաղողի մթերումների խնդրին համակարգային լուծում տալ և այս իրավիճակից համատեղ ուժերով ելքեր գտնել, որպեսզի ամեն տարի չբախվենք նույն հարցի հետ»,-իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:


Նախարարի խոսքով` վերամշակողը պետք է կարողանա մրցակցային գներով մտնել շուկա, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ գյուղմթերքն էժան լինի: Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել բերքատվության բարձրացման և խաղողի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ: Նա առաջարկել է սերտորեն համագործակցել մասնավոր ներդրողների և ԳԱՄԿ-երի հետ` այգիներում նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու և մշակությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Որպես լուծման տարբերակ` Իգնատի Առաքելյանը նաև առաջարկել է աղավնաձորցիներին քննարկել միավորվելու միջոցով գինու արտադրության փոքր գործարան հիմնելու հնարավորությունը` ընդգծելով, որ պետությունը պատրաստ է աջակցել, բիզնես ծրագիր կազմել և ներդրողներ գտնել:


Հանդիպման ընթացքում գյուղացիները մտահոգություն են հայտնել, որ հանրապետությունում ավելի շատ «Արենի» տեսակի գինի է արտադրվում, քան մարզն «Արենի» տեսակի խաղող է արտադրում, այնինչ խաղողի այդ սորտն աճեցվում է միայն Վայոց ձորում: Նախարարը խոստացել է, որ հարցն անպայման ուսումնասիրության առարկա կդառնա, անհրաժեշտության դեպքում խնդրին օրենսդրական լուծում կտրվի և վերահսկողություն կիրականացվի այդ ուղղությամբ:
«Անհրաժեշտ է ճանապարհ գտնել, որպեսզի գյուղացին և վերամշակողն իրար հետ կարողանան աշխատել և երկուստեք փոխեն իրենց մտածելակերպը: Պետության գործառույթն օրենսդրական դաշտի կարգավորումն է, մնացած հարցերը պետք է կարգավորեն արտադրողն ու վերամշակողը, ասոցիացիաներ ստեղծեն, միավորվեն, մինիմալ գին սահմանեն և այլն: Մենք ոչ թե պետք է խնդրենք, որպեսզի խաղողը մթերվի, այլ աշխատենք, զարգանանք, խնդրելով առաջ չենք գնա, խնդրելով ընկերությունները սնանկացան»,-ամփոփելով խաղողագործների հետ հանդիպման արդյունքները` լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել է Իգնատի Առաքելյանը: Նախարարը հավելել է, որ «Արենին» այն խաղողի սորտն է, որն անպայման անհրաժեշտ է պահպանել, և եթե օրենսդրական դաշտի միջոցով հնարավոր լինի այդ հարցը լուծել, ապա թե' խաղող արտադրողը, թե' վերամշակողը և' գնի, և' մթերման հարցում խնդիրներ չեն ունենա:


Այնուհետև նախարարն ուղևորվել է մարզկենտրոն Եղեգնաձոր, որտեղ հանդիպում է ունեցել մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև մի շարք համայնքապետեր: Գործարարները նախարարի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք առնչվում էին փոքր և միջին բիզնեսի վարկավորման պայմաններին, ալկոհոլային խմիչքների լիցենզավորմանը, ապահովագրական համակարգի ներդրմանը, կոոպերատիվների գործունեության կազմակերպմանը և այլն:

Դիտվել է՝ 2301

Մեկնաբանություններ