«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Բուլկի Արամը կերավ իմ մի բերան յոնջան

Բուլկի Արամը կերավ իմ մի բերան յոնջան
16.09.2016 | 08:25

Պարոն նախարար, այս հոդվածը կարդալուց հետո, հավանաբար, էլի նախարարին ոչ վայել (զարմանալի միտք եմ հայտնում, չէ՞, անկախության տարիներին այդ ո՞ր նախարարին կարելի է հիշել որպես կոռեկտ դաստիարակված մարդու, որը թերթում իր մասին տպված հոդվածից հետո անհրաժեշտ եզրակացություն է կատարում և աշխատում է շտկել բարձրացված հարցերը) սեռական բնույթի հայհոյանքներ կտաք, կփորձեք ձեր «մեծության» բարձունքից գնահատել մեկին, որին ընդհանրապես չեք ճանաչում, չեք ճանաչում նրա հասարակական դիրքորոշումը, գյուղացու հոգսերով ապրող մեկին, որովհետև նա և նրա նմաններն են այս երկրի աղը, նրա համն ու հոտը: Եվ խրամատում «լապատկայով» կռվող տղան նման մարդկանց զավակն է և ոչ թե քաղաքում, հայտնի բանաստեղծի հայտնի պոեմի խանութպան Համոյի նման մեկը կամ նրա զավակը:


Ցավոք, այսօր այդ «համոյական» հոգեբանությունը ոչ միայն չի վերացել մեր հանրությունից, այլև աճել և հասել է ընդհուպ բարձրաստիճան պաշտոնյաների, անգամ նախարար Արամ Հարությունյանին: Եթե այսօր ժողովրդի զավակը խրամատում «լապատկայով» կռվում է թշնամու դեմ, ապա նրա հայրը «լապատկայով» կռիվ է տալիս հողի հետ, որպեսզի վաստակի իր հացը հանապազօրյա և ի՞նչ… Այդ հացը (բերքը) կարող է խլել հայ բուրժուան՝ ամիսներով չվճարելով մթերված բերքի արժեքը, ասելով, թե փող չկա, մինչդեռ իր տղու հարսանիքի համար կարող է աստղաբաշխական գումարներ արտարժույթով վճարելով դրսից երգիչներ հրավիրել:


Ճիշտ է ասել պարսիկ հանճարը.
-Եվ կռվի դաշտում ճորտը մեռնում է, տերը` ճարպոտում:
Եվ այդ «ճորտի» հաշվին դու էլ ես փորձում ճարպոտել, էլ ավելի ճարպոտել: Ասելիքս հիմնավորեմ փաստերով: ՈՒղիղ տասն օր առաջ ջրպետ Կամոյին (անունը նշում եմ, որ չմտածես, թե վերացական բաներ եմ ասում) խնդրել եմ ջուր տալ 1,5 հա խնձորի և դեղձի այգին ջրելու համար: Այն էլ ասեմ, որ ամեն անգամ ջրելիս 20 (քսան) հազար դրամ փող եմ վճարում: Մեկ հեկտար խնձորի այգում առվույտ է ցանված, որից քաղում եմ 100 (հարյուր) հակ առվույտ: Պատկերացրու՝ տասն օր ջուր չկա: Այդ տասն օրվա ընթացքում ես մի բերան կքաղեի 100 հակ յոնջա (ասում եմ յոնջա, որովհետև այն քեզ համար ավելի ընկալելի կլինի): Չեմ քաղել:


Այսինքն` դու (համակարգը դու ես, դրա համար էլ շեշտը դնում եմ քո անվան վրա), կերար իմ մի բերան յոնջան: Ստացվում է՝ բուլկին քեզ քիչ է, հիմա էլ աչքդ դրել ես գյուղացու յոնջայի վրա: Հրամայել ես փակել բոլոր արտեզյան հորատանցքերը, որպեսզի խնայես էլեկտրաէներգիան, ինչո՞ւ: «Ինչու»-ն չեմ ցանկանում մեկնաբանել:
Դու բուլկի ես ուտում, կեր ինչքան ուզում ես, բայց քո աշխատաոճով մի չորացրու գյուղացու հացը: Այգեստան գյուղում արտեզյան հորատանցքերը կապարակնքվել են: Գյուղացին չի կարողանում ջրել տնամերձ հողամասերը, որ հացի հետ պանիր ուտելիս մի փոքր էլ կանաչի ունենա: Ինչո՞ւ, բարոյական ո՞ր իրավունքով, պարոն նախարար: Գյուղացին չի երազում բուլկի ուտել, բայց որպեսզի գոյատևի և «լապատկայով» հայրենիքը պաշտպանող զինվոր ծնի հանուն քո ինչ-ինչ նպատակների, մի զրկիր նրան դրանից, ախր վերջին հաշվով նա քեզ նմանների, քո զավակների ապահով կյանքն է երաշխավորում:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Հոդվածը կարդալուց հետո կարող ես մի լավ հայհոյել, միևնույն է, այդ հայհոյանքն ավելի զորեղ չէ, քան իմ գրիչը: Ես գրչով հայրենիքն եմ պաշտպանում, իսկ դու հայհոյանքով քո դաստիարակությունն ու էությունն ես ընդգծում:
Բոլոր դեպքերում հողագործին ջուր տվեք:

Դիտվել է՝ 5550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ