Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Հայարդ» ռոք խումբը վոկալիստ է փնտրում (տեսանյութ)

«Հայարդ» ռոք խումբը վոկալիստ է փնտրում (տեսանյութ)
17.01.2014 | 14:31

Այս խմբի անունը վաղուց արդեն իր համար այցեքարտ է դարձել: 2010-ին ստեղծված և progressive heavy metal ոճում հանդես եկող խումբն արդեն ճանաչված է Հայաստանում: Նրա համերգները մայրաքաղաքի տարբեր ակումբներում միշտ բազմամարդ են: «Հայարդի» ` 2013-ի ձեռքբերումների մեջ հարկ է նշել նրա «The sword of Damocles» երգի տեսահովակը, որը մեծ ցնծությամբ ընդունվեց ռոքի սիրահարների շրջանում և արժանացավ երաժիշտների բարձր գնահատականին: Երգը նվիրված է միջուկային պատերազմին: Այն յուրօրինակ բողոք է` ընդդեմ պատերազմների, ճիչ է` ուղղված չարի իշխանությանն ու խաղաղության կոչ է: Խմբի անդամներն իրենց գործունեությունն` ընդհանրապես և «The sword of Damocles» երգը` մասնավորապես համարում են իրենց փոքրիկ ներդրումը մարդասիրության քարոզչության հարցում:

Նկատենք, որ Հայաստանում վերջին տարիներին ռոք երաժշտության նկատմամբ բարձրացած հետաքրքության մեջ իր դերն ունի և «Հայարդը», թեև խմբի տղաները համեստորեն շրջանցում են այդ հարցը: Նրանք համարում են, որ եթե իրենց կատարումներով մարդկանց մտածելու հնարավորություն են տալիս, ապա «Հայարդի» խնդիրը լիուլի արդարացված է, որն է` արժեքների վերագնահատում հօգուտ անձի-մտածողության-էմոցիաների անկախության: Խմբի հիմնադիրներից մեկի` կիթառահար Անդրե Վարդանյանի խոսքով. «Չնայած Հայաստանում մարդկանց մի մասը ռոք ասելով հասկանում է սև գույն և ինչ-որ տեղ` սատանայապաշտություն, ռոքի լսարանը գնալով մեծանում է: Նոր սերունդը սկսել է սիրել ռոք երաժշտություն: Մարդիկ ռոքի մեջ սկսել են զգալ հենց անձի անկախությունը: Սա կարևոր է առաձնապես նոր աճող սերնդի ձևավորման համար»: Ըստ Անդրեի` ռոքի նկատմամբ հետաքրքրություն կա նաև հեռուստատեսությունում: Մի քանի հեռուստաալիքներ պարբերաբար անդրադառնում են ռոք երաժշտությանը և մեր երկրում գործող խմբերին, որը նույնպես նպաստում է ռոքի ճշմարիտ քարոզին:

Նշենք, որ «Հայարդը» 2014-ի համար մեծ ծրագրեր ունի և միակ խնդիրը խմբի համար այս օրերին համապատասխան վոլակիստի փնտրտուքն է: Խմբի մենակատարն ուսումը շարունակելու նպատակով մեկնել է արտերկիր և «Հայարդը» խնդրի առջև է կանգնել: Progressive heavy metal ոճում երգելու համար խումբը համագործակցության է հրավիրում նման նախասիրություններ և համապատասխան վոկալային տվյալներ ունեցողներին: Անդրե Վարդանյանը նշեց, որ խմբի գործունեությանը կարելի է ծանոթանալ youtube.com-ում և խմբի` «HAYARD» ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Հայարդին» աջակցելու համար ներկայացնում ենք խմբի հեռախոսահամարները. (055) 04-61-31, (055) 78-25-24:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տեսանյութ

HAYARD-The Sword Of Damocles
Դիտվել է՝ 2240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ