Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Ահաբեկչությունը կկործանի աշխարհը

Ահաբեկչությունը կկործանի աշխարհը
16.01.2014 | 13:38

Ինչո՞ւ ահաբեկչությունը։ Քանի որ այն ունի կենսաբանական հզոր արմատներ, իսկ մարդկությունն էլ իր գործունեությամբ օրեցօր ավելի մեծ լարումներ է ստեղծում հասարակության մեջ և բարենպաստ պայմաններ ստեղծում ահաբեկչության դրսևորման համար:

Հարկ է նշել, որ հասարակության մեջ դժգոհությունները միշտ չէ, որ առաջ են բերում ահաբեկչություն: Դժգոհությունները, անորոշությունները միլիոնավոր անգամ ավելի են, բայց ահաբեկչությունը ծնվում է մերթընդմերթ, հետևաբար գոյություն ունեն դրան նպաստող մեխանիզմներ:
Նախ` ահաբեկչության ծնունդը բազմագործոն երևույթ է, և այդ գործոններից յուրաքանչյուրը կարող է մարել` այդպես էլ չհասնելով վերջնական հասունացման, և երկրորդ` կարող են լինել բոլոր նախապայմանները, բայց ահաբեկչությունը չդրսևորվի, քանի որ անհրաժեշտ են լրացուցիչ շարժառիթներ, դրդապատճառներ և այլն: Այսինքն, ահաբեկչությունն ի հայտ է գալիս միայն որոշակի պայմանների և դրդապատճառների առկայության պայմաններում՝ կրելով բացառապես տեղեկատվական բնույթ:
Կարող են գոյություն ունենալ նաև մանկական, պատանեկան ազդեցություններ, որոնք երկար տասնամյակներ եղել են, բայց չեն դրսևորվել, սակայն ինչ-որ դրդապատճառներից խիստ արագ ձևափոխվում են ահաբեկչության: Ահաբեկչության գործընթացն առարկայանում է «ծագում-արագացում-զարգացում-հեղեղային զարգացում» շղթայով: Արագացման փուլում նորանոր օջախներ, անհատներ են վարակվում և որքան հեռանում են նրանք առաջին աղբյուրից, այնքան առավել ահաբեկչական են դառնում, միաժամանակ` առավել անկանխատեսելի և անկառավարելի, քանի որ սկսում են աշխատել լրացուցիչ օջախներ, յուրաքանչյուրն իր յուղն է լցնում կրակին, և սկիզբ է առնում հեղեղային զարգացման փուլը:
Ահաբեկչությանը ներգրավման հաճախականությունը 20-65 տարիքի միջակայքում ընկնում է մոտ 10 անգամ՝ պայմանավորված անարդարության ընկալման թուլացման, կյանքի նկատմամբ առավել հոգատար վերաբերմունքի ձևավորման, ինչպես նաև վերլուծական հնարավորությունների մեծացման կամ պարզապես տարիքային բթացման հետ:
Անհրաժեշտություն է առաջացել նվազեցնելու տեղեկատվության սպրդումը (էքսպոզիցիան) սոցիալական անարդարությունների և այլ բացասական երևույթների մասին, փոքրացնելու դրանց ազդեցության ժամանակը, հատկապես երիտասարդության շրջանում, քանի որ նրանց ընկալունակությունը մեծ է, իսկ ժամանակն ավելի արագ է հոսում, հետևաբար միևնույն ազդեցությունն անհամեմատ ծանր հետևանքներ է առաջացնում:
Հավանաբար գոյություն ունի ահաբեկչության համար առավել օպտիմալ տարիք (թեև ահաբեկչությանը ենթակա են բոլոր տարիքները), որը կարող է ծրագրավորված լինել և դրսևորվել, եթե առկա են արտաքին և ներքին գործոնները, այսինքն, ահաբեկչության օրինաչափությունները պետք է փնտրել այն օրենքներում, որոնց համաձայն ձևավորվում և զարգանում են կյանքը, անձը, անհատը` որպես անհատականություն, և հասարակությունը` որպես անհատների միավորում, բայց ոչ մեխանիկական միավորում, այլ «մի բան էլ ավելի», և հենց այդ «ավելին» է պետք հասկանալ:
Ահաբեկչության ծագելուն պես անձը չի հանձնվում, քանի որ գոյություն ունի «Դոկտոր» ծրագիրը, յուրաքանչյուր արժեքային համակարգում` իր սեփական վերականգնիչ համակարգը: Այդ համակարգերը սկսել են աշխատել հենց կյանքի ձևավորման սկզբից, և դա նման է այն բանին, երբ հոսանքն անջատելիս լարումը կտրուկ բարձրանում է, այսինքն, պարզագույն բջջիջներն էլ ունեն իրենց ագրեսիվությունը, որի ուժով դիմադրում են և զբաղեցնում են այն տեղը, որը դատարկ է: Այս առումով ագրեսիվությունն ինչ-որ տեղ շոշափելիք է, ակտիվ հետախուզում, որի շնորհիվ կյանքը լցնում է տիեզերքը: Սակայն գոյություն ունի մի տեսակ, լինի դա բջիջ, թե մարդ, որի մեջ բնածին հատկություններ կան, ագրեսիվության պոռթկումներ, և եթե նույնիսկ միջավայրը թույլ չի տալիս ինչ-որ ժամանակ դրանց դրսևորվել, միևնույն է, կյանքի բազմազանության մեջ պատեհ պահ միշտ էլ գտնվում է` բնական, անձնական, ընտանեկան, աշխատանքային և այլն:
Հասարակական լարման սեպերը խրվում են հասարակական հարաբերությունների մեջ, մխրճվում առանձին անհատների էության մեջ և մշտական լարման տակ պահում երկար տարիներ: Բավական է մի փոքր նպաստող գործոն, և ճռռալով հասարակական մոնոլիտը կամ ամուր և ձևավորված անձը երկու կես է լինում ու վերափոխվում հրեշի:
Եթե հասարակության մեջ արհեստականորեն առաջ են գալիս սոցիալական, հոգեբանական, քաղաքական և այլ բնույթի լրացուցիչ գործոններ, լարումներ, ապա դրանց ազդեցությամբ էլ սկսվում է խթանման գործընթացը, և ագրեսիվությունը սկսում է աճել անկառավարելի ձևով.
1. ծագում, 2. խթանում, 3. զարգացում, 4. հեղեղային զարգացում, 5. կործանում:
Ահաբեկչությունը կարելի է կանգնեցնել, արգելակել այս փուլերից յուրաքանչյուրում, այն պայմանով, որ ներմուծվի, ձևավորվի այնպիսի միջավայր, որն աշխատի հակառակ ուղղությամբ և թունավորի գործընթացը: Ցանկալի է արտաքին կարգավորումը ներմուծել մինչև երկրորդ փուլը, որովհետև դրանից հետո ահաբեկչության ծրագիրը գերակայող է դառնում տվյալ անհատի, խմբի վրա, իսկ մյուս արժեքները ենթարկվում են դրան: Ահաբեկչության տարածման հիմնական գործոնը հասարակական, քաղաքական ակտիվությունն է, երբ ինչ-որ գաղափարներ սկսում են ակտիվորեն տարածվել հասարակությունում, գրավել մարդկանց սրտերն ու մտքերը, և որքան արագ է տեղի ունենում այդ գործընթացը, այնքան չմշակված, հում տեղեկատվությամբ ձևավորմած մտայնությունները ձևավորում են գաղափարներ, տիրում իրավիճակին և դառնում գերիշխող: Վերոնշյալ գործընթացներում հիմնավորվածությունը կապ չունի, քանի որ այն ծրագրային է, սակայն, այնուամենայնիվ ինչքան էլ փորձենք կաշկանդել ահաբեկչության հասարակական դրսևորումները, հենց «ագրեսիվություն-ահաբեկչություն» երևույթի ճնշումը այն համատեքստում, որ մեզ հետաքրքրում է ամենօրյա պայմաններում, կամ կբերի հիմարացման, նախաձեռնության կորստի, նույնիսկ ստեղծագործական ոգու նվազեցման` ընդհուպ մինչև կործանում, կամ էլ, եթե երևույթն արդեն ընթանում է, կխաղա բացառապես դետոնատորի դեր, և իրավիճակը կպայթի:
Վերոնշյալին գումարվում են նաև կենսաբանական հիմքերը, քանի որ ահաբեկչության հիմքերը, որպես ակտիվություն կամ ագրեսիվություն, գրանցվել են կյանքի ձևավորման հենց սկզբից և դիմացել ժամանակների փորձությանը, լրջագույն և կարևորագույն դերակատարում են ունեցել և, անշուշտ, ունեն` կյանքի պահպանման ու գոյատևման համար: Ահաբեկչության կենսաբանական հիմքերը ոչ միայն զարգացել են, այլև կատարելագործվել՝ անցնելով երկար ճանապարհ:
Այսպես։ Անկենդան բնությունից հետո, որպես կենդանի կյանքի դրսևորում, առաջին կենդանի բջիջը առաջացել է օվկիանոսում շուրջ 5 մլրդ տարի առաջ՝ լինելով բուսական բնույթի: Հետագայում առաջացել են բազմաբջիջ բույսեր` հիմնականում օվկիանոսի վերին շերտերում, ուր թափանցել է արևի լույսը: Կյանքի այլ ձևեր առաջացել են նաև օվկիանոսի խավար խորքերում` ստորջրյա հրաբխային ժայթքումների պայմաններում, սակայն դրանք հետագա էվոլյուցիա չեն ապրել (կամ նրանց էվոլյուցիան հենց համեմատաբար անփոփոխ մնալն է եղել) և միևնույն մակարդակի վրա են մնացել ցայսօր:
Բույսերը, կլանելով ջրում լուծված ածխաթթու գազը, արտադրել են թթվածին, որն ինքնին պիտանի չէր բույսերի կյանքի համար: Իհարկե, մասնակի դեպքերում` արևի լույսի բացակայության ժամանակ, այսինքն` գիշերը, բույսերն ինչ-որ չափով օգտագործել են նաև թթվածին` արտադրելով հաջորդ օրվա համար անհրաժեշտ ածխաթթու գազ, սակայն դա հարցի արմատական լուծում չէր, և ահա բազմազանություն ծնող Մայր ծրագրում առաջ է եկել նոր ենթածրագիր, որն ի հայտ է բերել բույս-կենդանիների, որոնք հավասարաչափ շնչում էին և՛ ածխաթթու գազ, և՛ թթվածին: Բուսական աշխարհը շարունակել է իր զարգացումը՝ բույս-կենդանիների մի մասը վերածելով բացառապես սպասարկող կենդանիների, որոնք կոչված էին ապահովելու բուսական թագավորությունը ածխաթթու գազով:
Բույսերը, լինելով անշարժ, պահանջում էին այնպիսի սպասարկող կազմ, որը կարող էր ազատ տեղաշարժվել տարածության մեջ: Սա նախատեսված էր ծրագրով, սակայն, բացի սահմանված անհրաժեշտ նվազագույնից, ինչպես միշտ, տեղի ունեցավ մի փոքր ավելին, և անսպասելի կերպով կենդանիները ձեռք բերեցին որոշ ազատություն և անկախություն` բազմացան, զարգացան, լցրին օվկիանոսի խորքերը, հավասարակշռության պահպանման նպատակով սկսեցին սնվել հենց իրենց ծնող բույսերով, ավելին` սկսեցին տեղաշարժվել դեպի ափամերձ, հեղեղվող տարածքներ` իրենց հետ տեղափոխելով նաև որոշ բույսեր:
Կենդանիների օրգանիզմում բնականորեն պահպանվեցին բուսական հիմքերը` ինչ-որ տեղ վերահսկողական մեխանիզմի ձևով` բակտերիաներ, սնկեր և այլ բուսական բնույթի կյանք կրողներ, որոնք ապահովում էին կենդանիների կենսագործունեությունը, և որոնք ծովից դուրս եկած կենդանիները տարածեցին ցամաքում` իրենց արտազատումներով կամ պարզապես լեշերով:
Քանի որ կյանքը հիմնականում ձևակերպված էր որպես բույսերի կյանք, ցամաքում նույնպես բույսերն անհավանական արագությամբ բազմացան ու տարածվեցին: Սկզբում նրանք օգտագործում էին կենդանիների արտադրած ածխաթթու գազը, սակայն հետագայում, կայծակից առաջացած յուրաքանչյուր հրդեհի, հենց բույսերի այրման կամ հրաբխի ժայթքման ժամանակ, արդեն իսկ արտադրվում էր բավական քանակի ածխաթթու գազ և ծախսվում բույսերի համար այդքան վտանգավոր թթվածինը:
Բույսերը դադարեցին կենդանիների կարիքը զգալուց, բայց արդեն ուշ էր, քանի որ կենդանիները, որպես էներգիայի միակ աղբյուր, արդեն սնվում էին բուսական աշխարհով: Սա կենդանական աշխարհի կողմից բուսական աշխարհի դեմ ուղղված առաջին ահաբեկչությունն էր, երբ որդիները, փաստորեն, ոչնչացնում էին իրենց ծնողներին: Նկատենք, որ բույսերը, որպես կանոն, միմյանց չեն սպանում, նեղում են, անհանգստացնում, խեղճացնում, նույնիսկ հնարավորություն են տալիս տեղափոխվելու, բայց չեն սպանում, այլապես անտառում կլինեին միայն բարձր ծառեր՝ առանց թփերի և խոտաբույսերի: Այսպիսով, բռնի մահն առաջին անգամ կիրառվել է կենդանիների կողմից բույսերի նկատմամբ, այնուհետև` միմյանց նկատմամբ, իսկ հետագայում դարձել է օրինաչափություն կենդանական աշխարհում` մինչև մարդը:
Ցանկացած կենդանի համակարգ ենթակա է արտաքին գործոնների ազդեցությանը, որոնք, որպես կանոն, տարբեր բնույթի են, սակայն հանգեցնում են մահվան: Ինչ վերաբերում է ներքին գործոններին, ապա դրանք ավելի կառավարելի և կանխատեսելի են, նույնիսկ ծրագրավորված, այսինքն, մահը ներքին գործոններից նույնպես ծրագրավորված է: Սակայն ծրագրավորված է ոչ թե բուն մահը, այլ այն մեխանիզմների շարքից դուրս գալը, որոնք ապահովում են կյանքը: Կենդանի բջջից մինչև մարդ հեռանկարն անխուսափելիորեն տանում է մահվան, և անհրաժեշտ էր ունենալ մի ունիվերսալ վահան` հակազդելու համար բոլոր արտաքին և ներքին վտանգներին միաժամանակ և ամենուր: Վերջինս էլ հենց կենսական ակտիվության, ագրեսիվության, իսկ ավելի բարձր մակարդակով` ահաբեկչության էներգիան է, որը թույլ է տալիս ակնթարթորեն ակտիվացնել ողջ օրգանիզմը և ուղղել բոլոր համակարգերը մեկ նպատակի` հակազդելու հենց մահվանը: Ավելի ուշ, առավել կազմակերպված և բարձրակարգ օրգանիզմների ձևավորման ընթացքում այդ տարրերը միավորվել են որպես կենսաբանական համակարգեր, որոնք տեղավորվել են երեք հիմնական խոշոր համակարգերի միջև` վերարտադրողական, էներգետիկ, ադապտացիոն, որոնք էլ միասին հենց կոչվում են կյանք, և որոնց կառավարումն իրականացվում է կոնկրետ տարածքային տեղորոշում ունեցող ամենակատարյալ կիբեռնետիկական համակարգի` կենտրոնական նյարդային համակարգի կողմից: Այնուհետև, հասարակության ձևավորմանը զուգընթաց, նույն էներգիան սկսել է սնուցել նաև առավել բարձր համակարգերը՝ արդեն սոցիալական, հոգեբանական, տեղեկատվական և այլ բնույթի:
Գիտակցության և բանականության մակարդակներում շերտերով կուտակված տեղեկատվության տնօրինման մեխանիզմների ձևավորվումն ավարտվում է մոտ հինգ տարեկան հասակում, երբ պարզագույն քմահաճույքներն արդեն բախվել են «չի կարելիի» հետ, սակայն այդ մեխանիզմները հզորանում են հետագայում, և դրանց գործունեությունը, անձի ձևավորմանը զուգընթաց, ավելի համակարգված է դառնում: Այս զենքն ունի յուրաքանչյուրը, գիտի դրա տեղն ու դերը, ուժը, բայց պահում է անհրաժեշտ պահի համար, և այս զենքի մյուս երեսն էլ հենց ահաբեկչության ուժն է:
Հասարակական մակարդակով ահաբեկչական ծրագրի ակտիվացման համար անհրաժեշտ գործոնների որակական և քանակական ամբողջականությունը խորքային հետազոտման կարիք ունի յուրաքանչյուր գենոտիպի, էթնոսի, ազգի համար: Բարձր կազմակերպվածության պայմաններում այդ հրեշը կարող է դառնալ մարդկության առաջընթացն ապահովող հզոր էներգետիկ գործոն, իհարկե, մշտական վերահսկման պայմանով: Սակայն, ծայրահեղ ռեժիմում այն ի զորու է ոչնչացնելու ամեն ինչ, և որևէ զսպող ուժ չի կարող լինել, քանի որ դրա նկատմամբ որևէ արտաքին ծրագիր կամ զսպող գործոն գոյություն չունի, եթե այն արդեն շարժվում է, բայց մինչ այդ հնարավոր է կանխատեսել, հնարավորինս կանխել կամ գոնե մեղմել հետևանքները:
Ահաբեկչությունը մի վիճակ է կյանքի ողջ համակարգում, երբ անգիտակցությունից և ենթագիտակցությունից բխող հզոր տարերքը խիստ կարճ ժամանակում կտրուկ կերպով առաջ է քաշում կոնկրետ պահանջներ, և եթե նույնիսկ աննշան կասկած կամ տարակուսանք կա, դրանք անմիջականորեն ոչնչանում են առանց որևէ խղճի և փոխզիջման, իսկ եթե կան գիտակցական հիմնավորումներ, անհամաձայնություններ կամ փաստարկներ, ապա խզվում է կապը դրանց հետ, դրանք պարզապես ջարդուփշուր են արվում` առանց նույնիսկ փորձելու հասկանալ դրանցում ամփոփված արժեքները:
Անհրաժեշտություն է առաջացել վեր հանելու ահաբեկչության` նման արտոնություններ տրամադրելու իմաստը: Ահաբեկչությունն ունի մի ուղղություն` ապահովել կյանքն ամեն գնով, նույնիսկ կյանքի արագընթաց սլացքը դեպի առաջ, ուր մահն է, որը մագնիսի պես ձգում է նրան՝ հաշվի չնստելով նույնիսկ մահվան հետ: Այն ժամանակի մեջ տարածվում է մահից էլ այն կողմ: Այն միտված է մահով հաղթելու հենց մահվանը, և այդ փուլում որևէ ռացիոնալ գործոն պարզապես չի կարող փոխազդել, էլ չենք ասում` ազդել նրա վրա:
Փաստորեն, ահաբեկչությունն ինչ-որ չափով հանդես է եկել որպես «մեղք», երբ առաջին անգամ ձևավորվել են կենդանական աշխարհի գիտակցության հյուլեները, որոնք հետագայում ուղղվել են հենց այդ աշխարհի դեմ: Դրանով գոյատևել է բնությունը, կյանքը, բայց այն` լինելով բացարձակ, ինքն իրեն տրամադրված, պարտական չէր ոչ ոքի, նրան ենթակա են բոլորը և ամեն ինչ: Նա իրավունք է վերապահում իրեն տնօրինելու նույնիսկ կյանքն ու ճակատագիրն ամբողջությամբ և ամենուր:
Ամփոփելով կարող ենք փաստել, որ ահաբեկչության ծրագիրն ունի ինքնազարգացման ու ինքնաահաբեկչական բնույթ և բնորոշ է յուրաքանչյուրին` բջջից մինչև բարձրակարգ օրգանիզմներ: Այդ ծրագիրը ագրեսիվությունն է, ակտիվությունը, գոյատևման ուժը, արվեստը, սպորտը և այլն, ինչը թույլ է տալիս ահաբեկչությանը նման արհամարհանքով վերաբերվել ամեն ինչին: Փաստորեն, նրա դեմ պայքարը պայքար է կյանքի դեմ: Այն չարիք է ինչ-որ աստիճանից սկսած, և դրա դեմ պետք է պայքարել զգուշավոր ու շրջահայաց կերպով` միշտ հիշելով, թե արդյոք ծուղակի մեջ չե՞նք մտնում հերթական անգամ. հիշենք պատերազմները, հավատաքննության ժամանակները, մարդկանց զանգվածային խոշտանգումները և այլն, չէ՞ որ այդ բոլորը ներկայացվում էր որպես առաջադեմ մարդկության պայքար հանուն առաջընթացի, Աստծո, հայրենիքի և այլն, և այլն։
Ահաբեկչության ծրագիրը մեկ անհատի մակարդակով ապահովում է վնասվածքների դեպքում վերականգնումը, դրանով իսկ` ապահովում կյանքը: Սակայն ինչո՞ւ և հատկապես որ պահից է այն դառնում չարիք: Հարց, որը դեռ պետք է հասկանալ. գուցե վերջինս հենց ագրեսիվ և սանձարձակ դարձած կենդանական աշխարհի ոչնչացման միակ համընդհանուր ճանապարհն է, որի ազդանշանը բոլոր կենդանիների ներսում բնակվող բույս-զինվորները ստանում են Մայր ծրագրից, այդ թվում` բակտերիաները, սնկերը, քանի որ կենդանական աշխարհն արդեն իսկ միմյանց ոչնչացնելուց հասել է աշխարհի և համայն տիեզերքի կործանման հնարավորությանը:
Բնական է, որ նման պայմաններում պետք է փոփոխվեն վարչական կամ սպասարկող ծրագրերը, այսինքն, բուսական թագավորությանը անհրաժեշտ է այլ սպասարկող. կամ էլ կենդանական աշխարհը պետք է մուտացիայի ենթարկվի, այլասերվի կամ ոչնչացվի, և մշակվի սպասարկման նոր ծրագիր: Կենսաբանական դաշտում թվում է, թե ինչ-որ բաներ պարզ են և տրամաբանական, բայց հասարակական մակարդակում, երբ մարդը ոչ միայն տեղեկություն է սպառում, այլև արտադրում, միաժամանակ արտադրելով անհամար գնահատականներ, տարանջատել այս բոլոր երևույթները հնարավոր է միայն հիմնարար և բազմաշերտ ծրագրերի օգնությամբ, որոնք թույլ կտան գրանցել, գնահատել տեղեկատվական դաշտը, ինչպես նաև կայացնել որոշումներ և իրականացնել դրանք:
Քանի որ վերջինս համընդհանուր գործընթաց է, ուստի այն հասարակությունները, որոնք մյուսների հետ զուգահեռ և համահունչ չեն իրականացնի այն, ֆիզիկապես կոչնչացվեն, որպեսզի պարզապես խանգարիչ տեղեկատվություն չարտադրեն: Աստվածաշնչյան մոլախոտերի քաղհանը հավանաբար հենց այս երևույթն է բնութագրում. մոլախոտը նույնպես Աստծո կողմից է ստեղծվել, բայց տվյալ ժամանակում չի համապատասխանում համընդհանուր ընկալմանը, նպատակին և, պարզապես, կրակն է նետվում:
Այսպիսով, ահաբեկչությունը ագրեսիվության առավել վտանգավոր դրսևորումն է, այդ տեսակետից ամենաարմատականը, ամենաանմարդկայինը և ամենակործանարարը: Ահաբեկչության մեջ աննկարագրելի սերտ ձևով են կապվում կենսաբանական ուժն ու հասարակական կամ անձնական ինտելեկտը, ինչը նրան դարձնում է ամենավտանգավոր երևույթը, որը երբևէ ուղեկցել է մարդկությանը:
Ահաբեկչության դեմ պայքարելու համար պետք է օգտագործել տվյալ էթնոսի, ազգի հասարակությանը ծանոթ կարծրատիպերը, ավանդույթները, մոտեցումները, արժեքները, այլապես նույնիսկ ամենահանճարեղ մոդելները չեն ընդունվի և դուրս կնետվեն կամ կօգտագործվեն հակառակ ճամբարում, իսկ դա ավելի կվատթարացնի իրավիճակը, ինչի ականատեսն ենք լինում շատ դեպքերում: Մինչև տվյալ մոդելը յուրացվի հասարակության կողմից և ընկալվի որպես սեփական, անհրաժեշտ է ժամանակ: Կարևորվում է նաև հասարակության ադեկվատ ընկալումը նոր երևույթի նկատմամբ: Միաժամանակ, օտար երևույթների նկատմամբ ընկալունակությունը պետք է բթացած լինի, իսկ վերջինս պահանջում է, որ մեթոդը կիրառողը լինի հեղինակավոր, ազդեցիկ, որի խոսքն ու գործը անվերապահորեն են ընդունվում, քանի որ սկզբնական շրջանում ինտելեկտով պայքարի ծրագիրը չի ընդունվի. այն պետք է ընկալվի և իրականացվի բացառապես հավատով և ներշնչանքով:
Ահաբեկչության հարուցիչը սկսել է գործել շատ վաղուց` նախապատմական ժամանակներից, ժամանակ առ ժամանակ սուզվել, անհետացել, նորից հայտնվել, և այդպես բազմիցս: Ագրեսիվության դրսևորումը ահաբեկչության ձևով վկայում է, որ էներգիան ռացիոնալ, կառուցողական ճանապարհով չի օգտագործվում, այսինքն, տվյալ մարդը, հասարակությունը, ազգը գտնվում են ապակառուցողական դաշտում և ի վիճակի չեն սթափ, տրամաբանորեն, գիտականորեն հիմնավորված մտածելու, որոշումներ կայացնելու և հասնելու դրանց իրականացմանը: Կարելի է ստույգ արձանագրել` եթե ահաբեկչությունը դրսևորվել է, ուրեմն վերջին ճիգն է, ջանքը, քանի որ այն ամենաստորն ու ամենացածրն է: Ահաբեկչությունը երբեք լուսավոր կամ ոգևորիչ չի լինում: Այն ուղեկցվում է հուսահատությամբ, շտապողականությամբ, ազդեցության ուժը իրականության նկատմամբ անհամաչափ օգտագործմամբ, ճնճղուկի վրա հրանոթից կրակելով, հիստերիկ ճիգերով և այլն: Ահաբեկիչների սիրտը միշտ կախ է, որովհետև նույնիսկ ամենադաժան վրեժը չի կարող երկար ժամանակ բավարարել, այն դառնում է վարք, ծրագիր, որոնք ծնվում են վրեժից, հուզմունքից, վիրավորանքից, և քանի որ վերջիններս ժամանակի մեջ փոփոխվելու հատկություններ ունեն, ուրեմն` ահաբեկչության ուժը պահպանելու համար անհրաժեշտ է դրանք մշտապես վերախմբավորել, բերել այլ դիզայնի, միաժամանակ հարմարեցնել, առասպելավորել, դարձնել գաղափարախոսական:
Մաքուր վիճակում ահաբեկչության դրդապատճառները բացահայտել հնարավոր չէ, դրանք միշտ զուգորդվում են այլ ապակառուցողական տարրերով և հաճախ քողարկված են լինում: Նման ապակառուցողական աղմուկը խանգարում է էությունը տեսնելուն, բուն պատճառներն ու շարժառիթները հասկանալուն: Եվ հաճախ այդ պայքարն ընթանում է ոչ թե պատճառի կամ երևույթի, այլ ապակառուցական աղմուկի դեմ, իսկ բուն երևույթը շարունակում է զարգանալ իր սեփական տրամաբանությամբ, և երբ ի հայտ է գալիս, արդեն չափազանց ուշ է լինում:
Հասարակության մեջ գործում է ծրագիր, որը, ամեն ինչից անկախ, կարգավորում է ագրեսիվության դրսևորումները և ներդաշնակեցնում է մարդ-հասարակություն-մարդկություն-տիեզերք... բաց համակարգերը: Այս ծրագիրը մշտապես է գործել: Ահաբեկչությունը կարելի է կանգնեցնել միայն հիմնարար երևույթների շնորհիվ: Չի կարելի բռնել ինչպես ջուրը, քամին, լույսը, այդպես էլ ահաբեկչությունը: Այն չի կարելի բռնել և սաստել, այն կարելի է ուսումնասիրել և սանձահարել, ինչպես սանձահարում են ատոմային ուժը: Որպեսզի ահաբեկչությունը սկսվի, անհրաժեշտ է, որ այն թափանցի գլուխներն ու սրտերը, անհրաժեշտ է, որ տվյալ փուլում լինեն երիտասարդ մարդիկ, որոնք ազատ են, մոլորված են, չունեն զբաղմունք: Լինեն մեծեր, որոնք դժգոհ են, տուժած են, վրիժառու են և այլն, այսինքն` շարժում կա հասարակության, ազգի սրտում և մտքում, որը վառելիք է պահանջում (շինանյութ է պահանջում): Սակայն անհրաժեշտը, օրինականը չի տրվել, առաջ է եկել ճեղքվածք, և հենց այդտեղ էլ միանում է կենսաբանական շարժիչը, որը պարզապես էներգիա է տալիս բոլոր մասնակիցների միջոցով, բայց որը տնօրինում է ինչ-որ մի առաջնորդ՝ արդեն իր սեփական հայեցողությամբ:
Այսպիսով, ահաբեկչությունը, ինչպես և բոլոր երևույթները, ունի տեղեկատվական բնույթ: Դրանք ունեն իրենց տեղն ու դերը համընդհանուր տեղեկատվական դաշտի յուրաքանչյուր կետում և մշտապես կարող են ծագել ցանկացած կետում ու տարածվել ամենուր: Նրանց դեմ պայքարը կարող է լինել տեղեկատվական շերտում և բացառապես տեղեկատվության նուրբ ու բազմաշերտ ելևէջները որսացող բազմակողմանի զարգացած ինտելեկտների միջոցով, որոնք արդեն իսկ ամբողջ աշխարհում սկսել են անհանգստանալ, ինչը դրսևորվում է տարբեր ձևաչափերով և կարիք ունի միասնական համակարգման:
Առկա են ահաբեկչության ծավալման բոլոր նախապայմանները, քանի որ՝
* Այն պետությունները, որոնք կարող են հակազդել դրան ֆինանսապես և տեխնիկապես, խիստ հեռացել են ահաբեկչության արմատների թե՛ ուսումնասիրությունից, թե՛ ընկալումից:
* Վերջիններիս կողմից հակազդումն իրականացվում է պարզապես մեխանիկական միջոցներով, լիովին ունենալով այն համոզմունքը, որ բարեկեցության բարձրացմանը զուգահեռ կլուծվեն հասարակության սոցիալական բոլոր խնդիրները, իսկ ընչազուրկ և սոցիալապես դժգոհ խավերը աստիճանաբար կանհետանան, ինչը կհանգեցնի համընդհանուր ներդաշնակության, փոխադարձ հանդուրժողականության և համախմբվածության:
* Թույլ զարգացած պետությունները, որոնք գերհագեցած ու ներծծված են սոցիալական ու տարրատեսակ այլ հակասություններով և բարդույթներով` ի վիճակի չեն որևէ տրամաբանական և համակարգված պայքար իրականացնելու: Արդյունքում վերջիններս կուլ կգնան ահաբեկչության ահագնացող ալիքին, որն այնուհետև անխուսափելիորեն կտարածվի դեպի առավել զարգացած աշխարհը:
* Վերոնշյալ երկու խմբերի միջև գոյություն չունի և չի կարող լինել իրական համախմբվածություն: Չկան նաև համախմբվելու համար բավարար հիմքեր, քանի որ համընդհանուր անվտանգությունն ապահովելու համար պետք է լինեն նաև ընդհանուր բարեկեցության հիմքեր, ընդհանուր իդեալներ, ընդհանուր արժեհամակարգ և, անշուշտ, հավասար հնարավորություններ, իսկ այս հարցերում, բացի դեկլարատիվ հայտարարություններից, որևէ այլ բան չի արվում:
* Աշխարհը մտել է տեղեկատվական հակամարտության և տեղեկատվական պատերազմների աննախադեպ փուլ, որտեղ տեղեկատվական առաջադեմ տեխնոլոգիաներին տիրող երկրները փաստացի նախաձեռնել են աշխարհի զավթումը:
* Պարզ է դառնում, որ այլևս երբեք հաշվի չեն առնվելու, այսպես կոչված, զարգացող կամ թույլ զարգացած երկրների դիրքորոշումներն ու կարծիքները, իսկ տեղեկատվական պատերազմն իր էությամբ ամենաանմարդկայինն է, քանի որ մղվում է սիմվոլների և տեղեկատվական զենքերի միջոցով, որտեղ ինչպես մարդկային, այնպես էլ բարության և զգացմունքային տարրեր չեն կարող լինել:

Աշխարհի կործանումն ունի կոնկրետ ժամանակ, որը նույնպես կարելի է հաշվել, երբ

1) կսպառվի մեկ առանձին վերցրած մարդու ուղեղի՝ տիեզերքից ստացված և մարդկության կողմից արտադրված տեղեկատվության տեղավորման և վերջինիս հետ գոնե մեկ գործողություն իրականացնելու հնարավորությունը:
2) Մարդկության միասնական ուղեղը, որպես բաց և հակասական համակարգ, կհասնի իրեն կառավարող գերհզոր, բայց փակ և ոչ հակասական ծրագրի սահմաններին և կձուլվի դրա հետ, այսինքն` կվերանա որպես առանձին համակարգ:
3) Կավարտվի մարդկության ստեղծման և զարգացման ադմինիստրատիվ ծրագիրը, այսինքն` մարդկության գենոմում դրված տեղեկատվության իրականացումը, որի կառավարումը դեռևս անհասանելի է գիտության համար:
4) Արդեն իսկ առկա են ծրագրի ավարտին մոտենալու կանխանշանները, քանի որ, այսպես կոչված, «հակասություններ ծնող ծրագրերը», որոնք մինչ այժմ գործել են որպես զարգացման խթաններ, սկսել են սրընթաց զարգանալ` դառնալով գերակա, և շուտով աղետալի կերպով կսկսվի դրանց ապակառուցողական ազդեցության ակնհայտ գերազանցությունը ցանկացած այլ, թեկուզ և ողջ մարդկության միասնական, կառուցողական, ստեղծագործ մտքի նկատմամբ, ինչն աննախադեպ արագությամբ կհանգեցնի մարդկային քաղաքակրթության կողմից մինչև այժմ կուտակած փորձի ու գիտելիքների ավերմանը և սրընթաց կերպով կտանի դեպի կործանում:
Եթե մարդկությունը ցանկանում է գոյատևել ահաբեկչության դեմ պայքարում, ապա պետք է նախ ստեղծի ճիշտ տեղեկատվություն, հետո էլ կառավարի այն, դադարեցնելով ինտերնետի նման համակարգերի հետագա զարգացումը և մարդկության սնուցումը սուտ, ոչ հավաստի, կեղծ տեղեկատվությամբ:
Ահաբեկչությունը բնական է, այսինքն ոչ հակասական և ամբողջական, իսկ մարդկության ստեղծած ցանկացած համակարգ հակասական է, որովհետև բխում է խելքից և գիտելիքներից, որ ամբողջական չէ, բայց ողբերգությունն այն է, որ վերոնշյալ համակարգերն անհամատեղելի են մարդու բանականության հետ, որի մի փոքր մասն է կազմում խելքը, քանի որ բանականությունը, լինելով համայն տիեզերքի արտացոլումը, ոչ հակասական է և համահունչ տիեզերքին, որն էլ իր հերթին ոչ միայն հակասական չէ, այլև ամբողջական:
Այսպիսով, ահաբեկչությունը, լինելով համընդհանուր, առկա է միշտ և ամեն տեղ, և դրա դեմ ոչ միայն հնարավոր է պայքարը սկսել ցանկացած կետում, այլև տեղեկատվական դաշտում այդ առաքելությունը կարող է մեկնարկել մեկ մարդու, մեկ ազգի կողմից, բայց դրան անպայմանորեն պետք է ներգրավվի ողջ մարդկությունը: Այսինքն, ստեղծվել են հավասար պայմաններ, երբ մեծն ու փոքրը դառնում են մեկ, և այն ազգերը, որոնք այսօր կանտեսեն այդ հնարավորությունը, չեն կարող արտացոլված լինել համայն տեղեկատվության դաշտում և պարզապես կդառնան կենսաբանական հումք մյուսների համար: Նրանց գենոմը կքանդվի և կօգտագործվի մաս-մաս, և դա արդեն չի կոչվի անմարդկային պատերազմ, այլ իրոք կլինի օբյեկտիվ անհրաժեշտություն կամ մարդկության գոյապահպանման համար մղվող պայքար:
Սա հենց այն դեպքն է, երբ տեղեկատվության կամ ցանկության բացակայությունը, կամ իրականությունը չհասկանալու կամակորությունը չեն կարող ազատել անխուսափելի կործանումից:


Արամ ԹԱՆԱՆՅԱՆ
Փորձագետ

Դիտվել է՝ 6167

Մեկնաբանություններ