Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Վրացիք, իրենց արևելյան հարևանների նման, դեռևս ազգաստեղծման բավիղներում են

Վրացիք, իրենց արևելյան  հարևանների նման, դեռևս  ազգաստեղծման բավիղներում են
25.10.2013 | 11:37

Պարզվում է` գոյություն է ունեցել վիրաց խոշոր սփյուռք, որից տեղյակ չէինք:
Դեռևս Վրաստանի նախագահ համարվող Միխեիլ Սաակաշվիլին ի լուր աշխարհի հայտարարեց, որ վրացական սփյուռքը 10 միլիոն է և՝ քրիստոնյա ու գերազանցապես իսլամ ընդունած, և որ իր «հայրենակիցները» հիմնականում հարևան ամենաբարեկամ երկրի` Թուրքիայի քաղաքացիներն են, և որ Վրաստանը պատրաստվում է նրանց տրամադրելու քաղաքացիություն:
Զավեշտալի է, որ հնչեցված միտքը ջանում են պաշտոնականացնել:
Տեղին է այս առթիվ անդրադառնալ հայերի ու վրացիների ամենամոտավոր թվակազմին, բերելով հիմնավոր, անգամ մտացածին տվյալներ, եզրակացությունը թողնելով ընթերցողներին, թեև հարկ է հիշեցնել, որ վրացիների թվակազմը մշտապես ուռճացվել է, և դա ունեցել է ծրագրված ու «հիմնավորված» նախապատմություն:
Հայության վերաբերյալ կարծիքները համընկնում են մեր բնակչության ծնելության և մահվան, իրական ու անաչառ հաշվարկների, և նրանց աճի գործակցի տվյալներին: Համաձայն ամենամոտավոր ու ամենահամեստ տվյալների, հայության թիվն աշխարհում 11-13 մլն է, չհաշված կիսաքրդացած, կիսաթրքացած, ինչպես նաև իսլամացած` 2-3 մլն համշենահայությանը, որոնց նախնյաց հոգու կանչը ներկայումս Թուրքիայում հաճախ իրեն զգալ է տալիս (վկա` «Ձայն համշենական» ամսաթերթի պարբերաբար ներկայացվող տվյալներն ու խմբագիր Սերգեյ Վարդանյանի վերլուծությունները¤:
Տեղին է հիշել նաև, որ մշտապես հայության թվակազմը դիտավորյալ նվազեցվել է և առայսօր ջանում են այն պարտադրել թե՛ սփյուռքին, թե՛ մեզ՝ այստեղ (նախկին ԽՍՀՄ-ում և ներկա ԱՊՀ-ում), որպեսզի հայությունն իր թվակազմի վերաբերյալ տարակարծիք լինի, հստակություն չունենա միավորվելու հարցում և Հայաստանը բնակչությամբ համալրելու, ինչպես նաև հագեցնելու առումով երազազերծ լինի: Իսկ դա որդեգրվել ու պաշտոնականացվել էր դեռևս ԽՍՀՄ-ում: Նվազեցվել է նաև Հայրենական պատերազմին մասնակցած հայության թվակազմը՝ քողարկելու համար ֆաշիզմի դեմ մղված պայքարում հայության ունեցած վաստակը:
Մոռացության գիրկն ընկած, հազվադեպ են լուսաբանվում պատմական կարևորագույն իրողություններ: Այսպես, ԽՍՀՄ-ի հայ արական բնակչության ավելի քան մեկ երրորդը՝ 650000-ը (մեծ մասն անօրինաբար), քշվել էր ռազմաճակատ և կռվում էր ճակատային ամենավտանգավոր հատվածներում, այդ թվում՝ Բեռլինի կենտրոնական փողոցներում: Ի դեպ, խորհրդային ազգային դիվիզիաներից հենց միայն հայկական 89-րդին էր պատիվ վերապահվել մասնակցելու Բեռլինի գրավմանը, և նրան պարտադրել էին ամեն քայլափոխի, անթիվ ու անհամար զոհերի գնով, հասնել Բրանդենբուրգյան դարպասներին, որի պատերին մինչև վերջերս պահպանված հայատառ գրություններն այդտեղ նրանց հերոսական ներկայության վկայություններն էին:
Չմոռանանք, որ զույգ վրացական և զույգ ադրբեջանական ազգային դիվիզիաները պատերազմի սկզբից ի վեր գտնվել են չպատերազմող Իրանի տարածքում, հիմնականում զբաղված լինելով եղնիկի, ինչպես նաև իսլամական այդ երկրում արգելված վարազի որսագողությամբ:
Պատմական այս փաստերը հանրությանը ներկայացվում են ոչ այնքան ժամանակին ավերներ գործած հայատյացությունն օբյեկտիվորեն քննադատելու, որքան վատաբանելու, փնովելու և քարը քարի վրա չթողնելու համար «Չարի կայսրություն» կոչված խորհրդային-համայնավարական ողջ համակարգը:
Հիշում եմ, 1981 թ. Երևանում (Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում) հրավիրվեց սփյուռք ունեցող հանրապետությունների խորհրդաժողով, որտեղ հաշվետվությամբ հանդես եկան այդ կառույցների ղեկավարները. ճշտվեցին արտերկրում հայրենակիցների թվաքանակները, որոնցից էլ կախված էր լինելու նրանց առաջիկա և շարունակական ֆինանսավորումը Մոսկվայից: Բոլոր այդ կառույցներն ընկերություններ էին (առավել նվազ կառույց), և բոլորի գործունեության ծավալը միասին մեր կապի կոմիտեին չէր հասնի: Սակայն հետաքրքրական է և ուշադրության արժանի տարօրինակ մի դրվագ: Եթե Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի մի գիտաշխատող խոսում էր սփյուռքահայության թվակազմի մասին, խիստ նվազ՝ 6,5-7 մլն, չգիտեմ պարտադրված, թե ոչ, ապա Վրաստանի ընկերության ղեկավար պրոֆեսոր Օթար Տղինելիշվիլին հանդես եկավ ցինիկ ու ինքնավստահ մի հայտարարությամբ, որ Թուրքիայի տարածքում բնակվում է 6-6,5 մլն վրացի: Ոչ ոք բացատրություն ու ապացույցներ չպահանջեց: Առանձնազրույցի ժամանակ իմ հարցին, թե թիվը կարո՞ղ է հավելյալ 3 զրոյի սխալմունք ունի, նա տիպիկ արևելյան՝ կեղծ բարեկամական, ժպիտը դեմքին «պարզաբանեց», որ Թուրքիայում նրանց լազեր կամ ճաներ են անվանում, որոնք վրացիներ են, բայց իրենք չգիտեն, որ վրացի են, և իրենց ընկերության հիմնական առաքելությունն ունենալու է նրանց ազգային դարձի բերելու ուղղվածություն: Ես ապշել էի և ասացի, որ մարքս-լենինյան բնորոշմանը չի համապատասխանում նրա «տեսությունը»: Նա էլ, թե. «Երիտասարդ ես, կհմտանաս պատմագիտության և վիրագիտության մեջ և կընկալես ճշմարտությունը»:
Թող զարմանալի չթվա, որ արտասահմանում վրացիների գոյության մասին նրա «թեզը» պաշտոնականացվեց:
Դեռևս Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի օրոք լայն տարածում գտավ այն «հայեցակարգը», որ իբր Վրաստանի հայերը ծագումով վրացիներ են (և նրանք չգիտեն, որ վրացիներ են), և որ ժամանակին Հայ առաքելական եկեղեցին է նրանց հայացրել: ՈՒրեմն` Վրաստանի հայկական եկեղեցիներն էլ վրացական են եղել և հետո հայացվել են:
Հենց նրա հանձնարարությամբ Վրաստանի ազգային ակադեմիայի հնագիտության և Ազգագրության ինստիտուտում ստեղծվեց «գիտական» կոչված մի խումբ, որը պատրաստակամորեն, մի քանի օրում, հայ կոչված անձանց, ազգանվան հիման վրա` նրանց դիմում-խնդրանքին «ընդառաջ», «հստակորեն» տալիս էր այդ մարդկանց ինքնության մանրամասները՝ պատկանելությունը վրաց էթնոսին, ծննդավայրը, նախնական ազգանունը և այլն:
Ֆաշիստական այս գործելակերպին ճարահատյալ զոհ գնացին մի քանի տասնյակ հազար անսկզբունք մարդիկ ու գրչի մի հարվածով դարձան վրացի:
Ինչո՞վ են սրանք տարբերվում թուրքերից:
Հետաքրքրական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ժխտում ու փնովում էր ազգային գաղափարախոսությունը Հայաստանում, մինչդեռ վրացիք, դեռևս խորհրդային տարիներին, ունեին իրենց «ընդհատակյա» գաղափարախոսությունը, որով և՛ նախկինում, և՛ այսօր կլանում են այլազգիներին` հիմնականում հափշտակելով հայոց գենետիկ և մշակութային արժեքները:
Պարզից էլ պարզ է, որ Սաակաշվիլու արկածաբնույթ հայտարարությունը ամենաբարեկամ Թուրքիայում բնավ պատահական չէ: Դա այն լազ կամ ճան կոչված ժողովուրդն է, որը թեև ունի սեփական լեզու՝ մի քանի բարբառներով, էթնիկական ուրույն կազմ, վրացականից տարբերվող յուրահատուկ կենցաղ և իր ազգին բնորոշ անկապտելի այլ հատկանիշներ, թյուրագրվում և հաստատագրվում է որպես վրացի:
Բայց, ինչպես ծրագրում էր վերոնշյալ պրոֆեսորը, նրանք արդեն վրացի են և 32 տարվա ընթացքում 6-6,5-ից դարձել են 10 մլն, իսկ Վրաստանն էլ հետը` 15 միլիոն, այնինչ մերը, որ 1981 թ. «տվյալներով» հազիվ 6,5-7 մլն էր, պարզվում է` բնավ աճ չի էլ ունեցել: Հարկ է իրազեկել, որ խորհրդային քանդաբազարից հետո Վրաստանից ևս հեռացել է 1-1,5 մլն, հիմնականում` անբարեհույս ոչ վրացի, բայց և ոչ ադրբեջանցի, այլ հայ, հույն, ասորի, հրեա և այլք:
Կուզեի սոսկ ավելացնել, որ Վրաստանի Հանրապետության հիմնական ազգաբնակչությունը կազմող վրացի ազգը ժողովուրդների կոնգլոմերատ է (4,5 մլն), բաղկացած էթնիկ մի քանի միավորներից` մեգրել, սվան, գուրուլ և այլք, որոնք թեև գիր չունեն, վրացիների պես իբերա-կովկասյան կոչված լեզվաընտանիքի մաս են, լեզվամտածողությամբ բավականին հեռու գտնվելով միմյանցից, բայց նրանց էլ են արդեն «վրացի դարձրել»:
Սույն բացահայտումները վկայում են, որ վրացիք, իրենց արևելյան հարևանների նման, դեռևս ազգաստեղծման բավիղներում են:
Հետևելով վրացական տրամաբանությանը, հայերս կարո՞ղ ենք պարզաբանել, թե Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ աշխարհում պահանջատեր քանի հայ է մնացել:


Արթուր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ