ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Նրա համար, ով հավատում է, անհնար ոչինչ չկա»

«Նրա համար, ով հավատում է, անհնար ոչինչ չկա»
23.11.2012 | 11:25

Ապրելով իսլամական երկրում` քրիստոնյաներն ավելի սերտորեն են կապված եկեղեցուն, քրիստոնեական հավատքին: Եկեղեցին նրանց համար միայն աղոթավայր չէ: Այստեղ համայնքի ներկայացուցիչներն իրենց պաշտպանված են զգում: Եկեղեցին նրանց երկրորդ տունն է: ԱՄԷ-ում եկեղեցիների անմիջական հարևանությամբ մզկիթներ են կառուցված: Բարձրախոսներից հնչող նամազի ձայնով երկիրն իր հավատքը բոլորին պարտադրելու արդյունավետ ձև է մտածել: Քրիստոնյաներին բարկացնում է այս փաստը, բայց դրա դեմ ոչինչ չեն կարող անել: Մի անգամ տեսա, թե ինչպես է մի արաբ քրիստոնյա կին նամազի պահին փակում երեխայի ականջները: Բարկության անկեղծ պոռթկում էր: Բայց միայն երեխայի ականջները փակելով հնարավոր չէ նրան իսկական քրիստոնյա մեծացնել: Սա գիտակցելով` ԱՄԷ-ի բոլոր քրիստոնյա համայնքների ուշադրությունը սևեռված է հատկապես երեխաների քրիստոնեական դաստիարակության վրա: Եկեղեցիները կազմակերպում են երեխաների համար եկեղեցուն կից ճամբարներ, հոգևոր կրթության դասընթացներ, աստվածաշնչյան ընթերցումներ, որոշ քրիստոնեական համայնքներ ունեն եկեղեցուն կից դպրոցներ: Մանկուց նրանք մասնակցում են պատարագներին: Պատարագների ժամանակ նկատած որոշ երևույթներ մեծ տպավորություն են գործել ինձ վրա. խոնարհաբար բոլորը ծառայում են եկեղեցուն, աղոթում են ոչ թե ուրիշներին ցուցադրելու, այլ իրենց հոգեկան բավարարվածության համար, աղոթում են ինքնամոռաց: Տեսել եմ բազմաթիվ հավատացյալների, ովքեր ծնկաչոք են մոտենում խորանին, ոտաբոբիկ, հատակը համբուրելով: Ժամերով համբերատար հերթ են կանգնում սրբերի նկարներին կամ արձաններին հպվելու համար: Բացի տարբեր քրիստոնեական համայնքների եկեղեցիներ այցելելուց, ես նաև այցելում եմ երկու շաբաթը մեկ անգամ հայ համայնքի համար մատուցվող պատարագներին, որոնք տեղի են ունենում Աբու Դաբիի Սբ. Նիկողայոս եկեղեցում: Հայկական եկեղեցին դեռ կառուցվում է: Այստեղ այլ է, գուցե մենք` հայերս, այս առումով ավելի «զուսպ ենք»: Պատարագներն էլ ոչ միշտ են մարդաշատ: Ամեն անգամ ներկաները միմյանց հարցնում են պատճառը և այդպես էլ պատասխան չեն գտնում: Բայց հույս ունեն, որ երբ պատրաստ լինի Աբու Դաբիի հայկական եկեղեցին, համայնքն ավելի ակտիվ կմասնակցի պատարագներին: Աբու Դաբիում քրիստոնեական բազմաթիվ համայնքներից ցանկանում եմ առանձնացնել կաթոլիկ համայնքը, որի կենտրոնը Սբ.Հովսեփ մայր տաճարն է: Հայ համայնքի ներկայացուցիչներն էլ են հաճախ այցելում այս եկեղեցի: Սբ.Հովսեփ եկեղեցին հիմնադրվել է 1962 թ. Աբու Դաբիի այդ ժամանակաշրջանի ղեկավար շեյխ Շաքբութի նվիրած հողատարածքի վրա, որը գտնվում էր այժմյան Կորնիշ փողոցում: 1981 թ. եկեղեցին տեղափոխվել է Աբու Դաբիի «Եկեղեցիների շրջան», իսկ 1983-ին դարձել մայր տաճար: Նույն շրջանում` Սբ. Հովսեփ մայր տաճարի հարևանությամբ է գտնվում նաև Սբ. Նիկողայոս եկեղեցին: Մայր տաճարին հատկացված է մեծ տարածք, որտեղ տաճարին պատկանող բազմաթիվ շինություններ կան` Սբ. Հովսեփ եկեղեցին, Սբ. Հովսեփ հնդկական դպրոցը, հոգևորականների կացարանները, կենցաղային նպատակներով գործածվող կառույցները, գրասենյակները, դահլիճները, Տիրամորը նվիրված աղոթատեղին: Մայր տաճարի բակը միշտ մարդաշատ է` դպրոցականներ, ծնողներ, եկեղեցու այցելուներ: Մարդիկ կարող են գալ զբոսնելու, ծանոթներին հանդիպելու: Այս միջավայրն ավելի է մտերմացրել համայնքի ներկայացուցիչներին անկախ ազգային պատկանելությունից: 2009 թ. տվյալներով, եկեղեցական համայնքն ունի 100000 անդամ ավելի քան 100 ազգությունից: Մայր տաճարը պատկանում է կաթոլիկ եկեղեցու Հարավային Արաբիայի թեմին, որի առաջնորդը 2005-ից եպիսկոպոս Փոլ Հինդերն է: Նրա իրավասությունները տարածվում են Օմանի, Եմենի, ԱՄԷ-ի վրա: Մեկ անգամ եմ առիթ ունեցել ներկա գտնվելու նրա մատուցած պատարագին: Սակայն հաճախ եմ այցելում Սբ. Հովսեփ մայր տաճար: Այստեղ ծանոթացել եմ հնդիկների, ֆիլիպինցիների, արաբների, իսպանախոսների, ֆրանսախոսների համայնքների հետ, նրանց հրավերով մասնակցել իրենց լեզուներով մատուցվող պատարագներին: Ի դեպ, պատարագները մատուցվում են տարբեր լեզուներով, այդ թվում` արաբերեն (արաբական երկրներ), թագանլոգ կամ ֆիլիպիներեն (Ֆիլիպինների պաշտոնական լեզուն), մալայալամ (Հնդկաստանի Կերալա նահանգի, Լաքշադվիպ և Պանդիչերի բնակավայրերի լեզուն), ուրդու (Պակիստանի և Հնդկաստանի լեզուներից), կոնկանի (հնդկական լեզու, որ խոսվում է Գոա, Կառնատակ, Մահարաշտրա բնակավայրերում և Կերալա նահանգի մի մասում), թամիլերեն (խոսվում է Հնդկաստանում, Մալայզիայում, Սինգապուրում), ֆրանսերեն (խոսվում է Ֆրանսիայում, Կանադայում, Բելգիայում, Մոնակոյում, որոշ աֆրիկյան երկրներում), անգլերեն, որին տիրապետում է ԱՄէ եկող գրեթե ամեն մարդ: Իմ նոր ծանոթներն ինձ պատմում էին սբ. Անտոնիոսի, սբ. Շարբելի, սբ. Ռիտայի, սբ. Հովսեփի հրաշագործությունների մասին, որոնց մեծադիր պատկերները զարդարում են մայր տաճարի պատերը: Նաև խորհուրդ էին տալիս ուխտ անել նրանց` վստահեցնելով, որ անպայման կկատարվի:
Լավ կլիներ, որ մենք էլ նույն եռանդով և հետևողականությամբ բոլորին ծանոթացնեինք Հայ առաքելական եկեղեցուն: Շատերն այստեղ չգիտեն Հայաստանի ու հայերի, Հայ առաքելական եկեղեցու մասին, նաև այն մասին, որ հայերն առաջինն են քրիստոնեությունն ընդունել իբրև պետական կրոն: Այս ուղղությամբ պետք է մեծ աշխատանք տարվի:
Վերադառնալով Սբ. Հովսեփ մայր տաճարին` ավելացնենք, որ այն բավական ակտիվ է դարձնում համայնքի ներկայացուցիչների կյանքը` նրանց ներգրավելով տարբեր միջոցառումների կազմակերպական աշխատանքներում: Վերջին ուշագրավ միջոցառումը Աբու Դաբիում անցկացվող «Կաթոլիկ երիտասարդների երկրորդ կոնֆերանսն» էր, որին կարող էին մասնակցել 15-35 տարեկան հավատացյալներն առանց սեռային սահմանափակման: Այս տարվա կարգախոսն էր` «Նրա համար, ով հավատում է, անհնար ոչինչ չկա» (Մարկոս 9:23): Կոնֆերանսի կազմակերպիչների ուղերձում ասվում էր. «Օման, Քաթար, Քուվեյթ, Բահրեյն, ԱՄԷ, եկեք բոլորս միավորվենք համընդհանուր եկեղեցու ներքո, որը կաթոլիկ եկեղեցին է: Երեք օր կտրվելով դժվարին առօրյայից` դուք կհայտնվեք խնդության, աղոթքի, երաժշտության աշխարհում` անկախ լեզվից, ազգությունից»: Կոնֆերանսի ծրագրում ներառված էին դասախոսություններ, գործնական աշխատանքներ, երաժշտական կատարումներ: Բանախոսներն էին Մաթթ Ֆրադը (Ավստրալիա), Ստան Ֆորտունան (CFR), Մայքլ Սսենֆուման (Մասակայի հռոմեական կաթոլիկ եկեղեցի, ՈՒգանդա), Ջորջ Անտոնի Տոլենտինո Գաբրիելը (Ֆիլիպիններ, «Ֆիշ» ամսագրի խմբագիր և Հովվապետական ռադիոյի և հեռուստաֆոնդի գեղարվեստական տնօրեն): Միջոցառումները եզրափակվեցին «Rejoyce» համերգով: Համերգին ելույթ էին ունենում կաթոլիկ հոգևոր երաժիշտներ. «Անավիմ բենդը»` ՈՒգանդայից, հանրաճանաչ ռեփեր քահանա հայր Ստան Ֆորտունան և Հնդկաստանից Ալֆոնս Ժոզեֆը: Համերգի կազմակերպիչներն էին տեղական «Մասթեր պլան» և «Հիսուսի լույսը» խմբերը:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ