Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Ովքե՞ր են Աբու Դաբիում օգտվում հասարակական տրանսպորտից

Ովքե՞ր են Աբու Դաբիում օգտվում հասարակական տրանսպորտից
18.10.2012 | 16:22

Առհասարակ հասարակական տրանսպորտի որակը խոսում է երկրի կենսամակարդակի մասին: Երբ այցելեցի Աբու Դաբի, տրանսպորտը չվրիպեց իմ ուշադրությունից: Այստեղ չկան միկրոավտոբուս, տրոլեյբուս, տրամվայ, իսկ մետրոն կառուցման փուլում է: Շատ են անձնական օգտագործման մեքենաները, բայց դրանց կողքին հանրությունն օգտվում է նաև տաքսիներից և ավտոբուսներից: Վերջիններս, որպես հասարակական տրանսպորտի միջոց, կանոնավոր կերպով գործածության մեջ են մտել 2008-ից: Սակայն առաջին ավտոբուսները քաղաքում հայտնվել են դեռևս 1969 թ.: Երբ ավտոբուսային ծառայությունը սկսեց կանոնավոր կերպով գործել, ձեռք բերած մասսայականությամբ խանգարեց տաքսիների գործունեությանը և շարժեց տաքսու վարորդների զայրույթը: Ավտոբուսները տեղափոխում էին ուղևորներին տաքսիների հիմնական երթուղիներով, այն էլ` անվճար (անգլ. անվճար ծառայությունը կոչվում է zero-fare public transport): Ավտոբուսների սպասարկման համար այս դեպքում վճարում է երկրի կառավարությունը, քաղաքային իշխանությունը կամ որևէ կազմակերպություն: Վարորդների հաղորդած տվյալներով` այդ ժամանակ 45 ուղևորի համար նախատեսված ավտոբուսով երբեմն 100 ուղևոր են տեղափոխել:

Անվճար երթևեկության փորձը կիրառում են աշխարհի մեծ քաղաքներում: Նպատակը փողոցները սեփական օգտագործման ավտոմեքենաներից բեռնաթափելն է, որոնք երբեմն խցանումներ և երթևեկության համար անհարմարություն են ստեղծում: Բայց հնարավոր չէր այդպես երկար շարունակել: Մինչև 2008 թ. վերջը ավտոբուսների համար սահմանվեցին ուղեվարձ, երթուղիներ, ժամանակացույց: Այս փոփոխություններից հետո էլ ավտոբուսները մատչելի են և, բնականաբար, նախընտրելի հասարակության մի հատվածի համար:
Հասարակական տրանսպորտի գործունեությունը վերահսկում է Աբու Դաբիի կառավարությանը կից տրանսպորտի վարչությունը: Այն հիմնադրվել է 2006 թ. և համակարգում է ներքաղաքային, միջքաղաքային և միջպետական տրանսպորտի գործունեությունը: Հասարակությանն այս վարչության գործունեությունն այնքան էլ չի հուզում, կարևորն այն է, որ հասարակական տրանսպորտն անխափան աշխատի: Իսկ եթե մատուցված ծառայությունը նրանց չի բավարարում, կարող են զանգահարել թեժ գծին 80055555 համարով (որը կտեսնեն ավտոբուսների վրա) կամ կարող են դիմել քաղաքի տարբեր կետերում գործող հաճախորդների սպասարկման գրասենյակներ:
ԱՄԷ-ում որևէ ծառայություն ներմուծվելուց հետո սկսում է մեծ արագությամբ կատարելագործվել: Ավտոբուսների դեպքում էլ է նույնը: 2008-ին ավտոբուսներն աշխատում էին 4 հիմնական ուղղությամբ, և կար գործող 230 ավտոբուս, իսկ 2011 թ. միջքաղաքային և ներքաղաքային երթուղիների թիվը հասավ 95-ի, ավտոբուսների թիվը` 650-ի: Դրանք այսօր Աբու Դաբի, Ալ Էին, Ալ Ղարբիա շրջաններից կազմված Աբու Դաբիի էմիրության սահմաններում ավելի քան 50000 մարդ են սպասարկում (ամբողջ էմիրությունում ապրում է 621000 մարդ): Ավտոբուսով երթևեկելը հատկապես հարմարավետ է ծերերի և հատուկ կարիքավորների համար: Հասարակական տրանսպորտի գործունեության ոլորտում այստեղ մեծ մրցակցություն կա, որից շահում են ուղևորները:
Ձեր ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել մայրաքաղաքի սահմաններում գործող ավտոբուսների վրա: Մայրաքաղաքում ծառայություն են մատուցում ներքաղաքային ավտոբուսների «Աբու Դաբի սիթի», «Բանիյաս» և «Շահամա» կազմակերպությունները, որոնք մրցակցում են մատուցվող ծառայության որակով: Ավտոբուսներում գործում են օդափոխիչներ, սրահներում տեղադրված են տեսախցիկներ, որոնցով վարորդը հետևում է ուղևորներին: Իսկ ուղևորներին կանգառների մասին հուշում են էլեկտրոնային քարտեզները, արտաքին լուսային վահանակները` անգլերեն և արաբերեն:
Այս միջոցառումները նպաստում են երթևեկության հարմարավետությանը: Քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը նաև սահմանել է ուղեվարձի վճարման հատուկ կարգ: Մայրաքաղաքի սահմանում ուղեվարձը 1 դիրհամ է (մոտավորապես 0,27 դոլար): Ավտոբուս բարձրանալիս ուղեվարձը դրվում է վարորդի կողքին գտնվող արկղիկի մեջ: ՈՒղևորները կարող են օգտվել նաև Աբու Դաբիի ցանկացած կրպակում վաճառվող 3 դիրհամ արժողությամբ տարբեր տիպի մշտական տոմսերից (մեկ ուղղությամբ, մեկօրյա, մեկամսյա, ծերության, հատուկ կարիքավորի), որոնք կոչվում են «Օջրա Բաս Փասսիս» (Ojra Bus Passes): Սակայն այս ամենի կողքին կան երևույթներ, որ ստիպում են ուղևորին կաշկանդվել: Որքան էլ ԱՄԷ-ն փորձում է աշխարհին համոզել, որ երկրում մատուցվող ծառայությունները հարմարեցված են բազմազգ բնակչությանը, միևնույն է, նույնիսկ ավտոբուսից օգտվելու ժամանակ ուղևորը պարտադրված է ենթարկվելու իսլամական երկրի օրենքներին. կին ուղևորները նստում են վարորդի թիկունքում տեղադրված նստարանների առաջին երեք շարքերում, իսկ տղամարդիկ` սրահի վերջնամասում: Ինչևէ, կառավարությունը ջանք չի խնայում ավտոբուսներով երթևեկությունն ավելի հարմարավետ դարձնելու համար: Դեռևս 2008-ին ավտոբուսների հետ շահագործվեցին նաև ավտոբուսների ժամանակակից կանգառներ: Սկզբում դրանք ընդամենը 20-ն էին, իսկ հետագա տարիներին անհամեմատ շատացան: Նախատեսված էր կանգառների թիվը ողջ Աբու Դաբիի էմիրությունում հասցնել 550-ի (100 մլն դիրհամ արժողությամբ): Կանգառներն էլ կարճ ժամանակահատվածում կատարելագործվեցին. հիմա դրանք օդափոխիչներով, լուսավորված, հարմարավետ ութտեղանոց նստարաններով կանգառներ են, որոնք նաև հարմարեցված են հաշմանդամներին: Պլանավորված է, որ կանգառներում ավելացվեն երթուղիների ժամանակացույցով, քարտեզներով լուսային վահանակներ: Պետք է նաև ներդրվի էլեկտրոնային տոմսերի համակարգ: Ավտոբուսների բաժնի պետ Սաեդ ալ Համելին վստահեցնում է, որ Աբու Դաբիի կանգառները մի օր իրենց տեխնիկական հնարավորությամբ աշխարհում լավագույններից մեկը կլինեն:
Ծրագրված է բոլոր կանգառներն ապահովել լուսային ցուցանակներով, որոնք կհաղորդեն ժամը, երթուղիների մասին տեղեկություններ, ամեն տեղ պետք է ներդրվի նաև էլեկտրոնային տոմսերի համակարգը: Դեռևս 2008 թ., երբ նոր էին շահագործվել առաջին կանգառները Աբու Դաբիի հանրային ավտոբուսների ընկերության գլխավոր տնօրեն Սաեդ ալ Համելին վստահեցնում էր, որ թե՛ ներքաղաքային, թե՛ միջքաղաքային ավտոբուսային կանգառները, իրենց տեխնիկական զինվածությամբ և որակով աշխարհում լավագույններից մեկը կլինեն: Իսկ 2012 թ. մարտի 26-28-ին Աբու Դաբիում կայացավ Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 3-րդ կոնգրեսը, որը կազմակերպել էին Աբու Դաբիի տրանսպորտի վարչությունը և հասարակական տրանսպորտի միջազգային միությունը: Կոնգրեսում ելույթ ունեցավ տրանսպորտի վարչության ավտոբուսների բաժնի պետ Սաեդ ալ Համելը: Իր ելույթում անդրադարձավ իր ղեկավարած բաժնի գործունեության անցած տարիներին. «Շատ խնդիրներ ենք այս տարիներին հաղթահարել, այդ թվում` ենթակառուցվածքների պակասը, հասարակության կողմից ծառայության ոչ ճիշտ ընկալումը, ուղևորների ազգային պատկանելության վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը»: Եվ ավելացրեց, որ իրենք հստակ քայլերով շարժվում են առաջ: Նրանք գիտակցում են, որ մոտակա տարիներին իրենց առջև դեռ շատ մարտահրավերներ կան: Լավ կլիներ, եթե այստեղ հաղորդված տեղեկություններն իսկապես օգտակար լինեին ձեզ, եթե մի օր որոշեիք այցելել Աբու Դաբի:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր սեփական թղթակից

Դիտվել է՝ 3686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ