Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Պետք լինի, էլի կկռվենք ու կհաղթենք` ասում են սահմանամերձ գյուղի բնակիչները

Պետք լինի, էլի կկռվենք ու կհաղթենք` ասում են սահմանամերձ գյուղի բնակիչները
11.09.2012 | 02:32

Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Վահան սահմանամերձ գյուղը Երևանից հեռու է 128 կմ։ Գյուղը 28 կմ ընդհանուր տարածք ունի Ադրբեջանի հետ։ Վահանն ունի շուրջ 1250 բնակիչ, որոնք հիմնականում այստեղ են եկել Արծվաշենից:
Բնակլիմայական պայմանները գյուղում խիստ են։ Վահանը գտնվում է ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա, ձմեռն այստեղ տևում է վեց ամիս։ Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և կարտոֆիլի մշակմամբ։
Գյուղը կոչվում է Վահան, քանի որ հանրապետության հյուսիսարևելյան դարպասն է։ Քսան տարի առաջ, ադրբեջանցիներից պաշտպանվելու ժամանակ, գյուղը տվել է չորս զոհ։ Չորս տղաների մահվան գնով վահանցիներն օգոստոսի 31-ին ադրբեջանցիներից հետ են գրավել սահմանային ուղեկալը։ Նվազագույն զոհերով այստեղ 25 դիրք են գրավել։ Սահմանային ուղեկալի մոտ հայերի դեմ կռվում էր 12 չեչեն, 12-ին էլ մերոնք հաղթել են, և նրանց դիերը փոխանակել հայ ազատամարտիկների դիերով։
Վահանի գյուղապետ ԳՈՒՐԳԵՆ ԲԱԼՅԱՆՆ իր գյուղացիներին անվանում է սահմանապահ, քանի որ 1992-94 թվականների ռազմական գործողությունների ժամանակ ոչ մի վահանցի չի լքել գյուղը։ «Բոլորը մի մարդու պես մնացել են գյուղում, նույնիսկ օրորոցում գտնվող երեխաները մնացել են նկուղներում։ Մանուկից մինչև ծերունի իրենց ներդրումն են ունեցել հայրենիքի հյուսիսարևելյան դարպասի պաշտպանության գործում»,- ասում է Վահանի համայնքապետը։
Գյուղի խնդիրների մասին խոսելիս Գուրգեն Բալյանն առանձնացնում է գյուղտեխնիկայի, վառելանյութի, սերմացուի պակասը։ Վահանը ժամանակին Գեղարքունիքի տարածաշրջանի ամենամեծ կարտոֆիլաբուծական կենտրոնն էր, սակայն այսօր կարտոֆիլ ցանելու ո՛չ հնարավորություն ունեն, ո՛չ էլ եղածը կարողանում են իրացնել։ «Երիտասարդությունը, դաշտի աշխատանքը վերջացնելուց հետո, ոչ մի զբաղմունք չունի։ ՈՒնենք ակումբ, որը վերանորոգման ենթակա է։ Եթե վերանորոգվի, և մի երիտասարդական կենտրոն ստեղծվի, կարելի է երիտասարդներին շահագրգռել, որպեսզի իրենց ապագան կապեն գյուղի հետ»,- ասում է գյուղապետը։
ՀՀ կառավարությունը երկու տարի առաջ վերանորոգել և վերաբացել է 1992 թվականից փակված մանկապարտեզը, ուր այսօր 43 երեխա է հաճախում, ճանապարհներն ասֆալտապատվել են։
Վահանի բնակիչ Ռոբերտ Ապրեսյանը 2-րդ կարգի հաշմանդամ է։ Ըստ նրա՝ գյուղում խնդիրները շատ են. կաթ են հանձնում կաթնամթերք արտադրող խոշորագույն ընկերություններից մեկին, բայց գումարը ստանալ չեն կարողանում։ Պետությունը ցորենի սերմացու է տվել, սակայն ցորենի փոխարեն, ինչպես գյուղացիներն են ասում, «շար» է դուրս եկել։ «Գարի ու ցորեն ենք ցանել, մեջը ոչ մի բան չկա։ Ես էդ փողերը ո՞նց փակեմ, եթե ստանում եմ 67 հազար դրամ թոշակ, ունեմ մեծ ընտանիք։ Թուրքի սահմանից ընդամենը 500 մետր ենք հեռու։ Ջրատար ենք սարքում, մի բահ ցեխ ենք հանում, 100 անգամ վերև ենք նայում, հանկարծ չկրակեն։ Պրոբլեմները գյուղում շատ շատ են, ո՞ր մեկն ասեմ»,- նեղսրտում է Ռոբերտ Ապրեսյանը։
Անահիտ Սարիբեկյանն էլ նշում է, որ Վահանում կրակոցներ հաճախ են լսվում, սակայն սովորել են և խուճապի չեն մատնվում։ Պետք լինի, էլի կկռվենք ու կհաղթենք, մենք այլ տարբերակ չունենք, ասում են վահանցիները։ Իրենք գիտեն, որ հանրապետության վահանն են և այդ գիտակցությամբ էլ ապրում ու աշխատում են։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ