ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Բելառուսում գիտակցության հեղափոխություն է

Բելառուսում գիտակցության հեղափոխություն է
01.09.2020 | 10:12

Օգոստոսի 26-ին Ֆրանսիայի Le Monde-ը հարցազրույց է հրապարակել Սվետլանա Տիխոնովսկայայի հետ: Նա հայտարարել է, որ իրավունք չուներ դադարեցնել պայքարը՝ Բելառուսում կատարվողը անվանելով «գիտակցության հեղափոխություն»: Լիտվա մեկնելու որոշումը Տիխոնովսկայան որակել է «անձնական» և հավելել, որ հիմա ստիպված չէ անվերջ թաքնվել ու Բելառուսից դուրս ավելի օգտակար կարող է լինել:

«Հարցն այն չէ, թե ով է այսօր նախագահ: Դա ոչ մի նշանակություն չունի: Կարևոր է, որ բելառուսները այլևս չեն կարող վստահել Լուկաշենկոյին, նրանք չեն ցանկանում Լուկաշենկոյին: Նա այլևս լեգիտիմություն չունի: Դա միանգամից չեղավ, այլ աստիճանաբար: Այժմ կատարվողը գիտակցության հեղափոխություն է»՝ ասել է Տիխոնովսկայան: Հարցին՝ ինչպե՞ս ստիպել Լուկաշենկոյին հեռանալ, Սվետլանա Տիխոնովսկայան պատասխանել է, որ կոչ է անում իր կողմնակիցներին դիմել «ակցիաների բոլոր լեգալ ձևերին»՝ «ուշ թե շուտ՝ նա կհեռանա՝ շնորհիվ խաղաղ բողոքների ու գործադուլների»: Նրա կարծիքով՝ իշխանությունները հիանալի հասկանում են, որ բողոքի շարժումը կանգ չի առնելու: Լավ կլիներ, որ Լուկաշենկոն հնարավորինս արագ հեռանար, այլապես երկրին սպասվում է երկարատև տնտեսական ու քաղաքական ճգնաժամ: Տիխոնովսկայան գտնում է, որ բռնությունների մեղավորները պետք է դատարանի առաջ կանգնեն: Լուկաշենկոյի՝ ավտոմատը ձեռքին կադրերը հարուցել են ժողովրդի ոչ թե վախը, այլ՝ ծիծաղը՝ գտնում է Տիխոնովսկայան: Հարցազրույցում նա պատմել է 70 մարդուց կազմված համակարգող խորհրդի՝ իշխանության փոխանցման աշխատանքի մասին: «Ես խորհրդի անդամ չեմ, որովհետև Բելառոսում չեմ ապրում»՝ բացատրել է նա: Եթե իշխանությունները սկսեն ձերբակալել խորհրդի անդամներին, «մեկի տեղը յոթը կգա», «իշխանությունը պետք է հասկանա, որ շարժումն այլևս անկասելի է»:


Իբրև Համակարգող խորհրդի ծրագիր՝ Տիխոնովսկայան նշել է բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը, վերադարձը 1994-ի Սահմանադրությանը, որ սահմանափակում էր նախագահական ժամկետը 2 մանդատներով և ընտրական հանձնաժողովների փոփոխությունը՝ նոր ընտրություններ անցկացնելու համար: «Մենք ոչինչ չենք խնդրում մեր արտասահմանցի բարեկամներից: Մենք ինքներս պետք է լուծենք մեր ներքին խնդիրները: Յուրաքանչյուր երկիր գիտի՝ ինչ պետք է անի և որոշումներն ընդունում է ինքնիշխան ճանապարհով: Մենք որևէ խնդրանք չունենք»՝ պատասխանել է Տիխոնովսկայան Բելառուսի ընդդիմության միջազգային աջակցության մասին հարցին: Նա հայտարարել է, որ Մոսկվայի հետ բանակցությունների ժամանակը դեռ չի եկել: «Մենք բաց ենք երկխոսության համար բոլորի հետ: Հրաշալի կլիներ, եթե Ռուսաստանը աջակցեր մեր իրավունքների համար մեր պայքարին, բայց ես խնդրում եմ բոլորին, ում հետ հանդիպում եմ, հարգել մեր ինքնիշխանությունը»՝ ասել է նա: Աշխատանքից հեռացած բելառուս լրագրողների փոխարեն՝ Մինսկ եկած ռուս լրագրողների քայլը Տիխոնովսկայան համարում է «անազնիվ»: Նա գտնում է, որ Լուկաշենկոն փորձում է հարևան երկրների հետ պատերազմով վախեցնել մարդկանց, բայց նրան ոչ ոք չի հավատում:
RFI


Հ.Գ. Ալեն Բառլյուեն Le Figaro-ում գրում է, որ Բելառուսի ավտոկրատ նախագահը բախվելով զանգվածային բողոքների և հեռանալու պահանջի հետ, վաղուց էր երազում, որ մի օր նախագահի պաշտոնում իրեն կփոխարինի սիրելի որդին՝ 15-ամյա Նիկոլայը: Ամբողջ օրվա հակակառավարական ցույցերից հետո, երբ Մինսկի փողոցներ էր դուրս եկել 100000 մարդ, Ալեքսանդր Լուկաշենկոն իր նստավայր եկավ ուղղաթիռով: Նախագահականի տարածած կադրերում երևում է՝ ինչպես է նա ուղղաթիռից իջնում՝ անձնական թիկնապահներով շրջապատված: Նա պաշտպանական ժիլետով է ու ավտոմատը ձեռքին: Նախագահից բացի կադրում է նաև նրա 15-ամյա որդին Նիկոլայը: Կոլյան փոքրիկ արքայազն է, ում հայրը վաղուց էր նախապատրաստում ապագա նախագահի ճակատագրին: Բելառուսները դրանում համոզված են, թեպետ մի քանի հարցազրույցներում հիշատակված այդ ծրագրերը հերքում էր ինքը՝ Լուկաշենկոն: Փորձագետների մեծ մասը գտնում է, որ նա ցանկանում է իշխանությունը պահել իր ընտանիքի ձեռքում: «Նա ցանկանում է ստեղծել Լուկաշենկոների նախագահական դինաստիա, և՝ որ իշխանությունը փոխանցվի խաղաղ ճանապարհով» 2019-ի ապրիլին ասել է բելառուս քաղաքագետ Դմիտրի Բոլկունեցը: Հիմա այդ երազանքը ոտնատակ են տալիս հազարավոր ցուցարարներ ամբողջ երկրում, որ օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները համարում են կեղծված, պահանջում են նոր քվեարկություն ու 26 տարի երկաթե ձեռքով կառավարած Լուկաշենկոյի հեռանալը: Ուղղաթիռից իջնող Կոլյան նույնպես Կալաշնիկովի ավտոմատով էր ու հատուկ հանդերձանքով: Երկար տարիներ նա ուղեկցել է հորը շքերթների, արարողությունների ու պաշտոնական այցերի ժամանակ: Հունիսի 24-ին ևս նա հոր հետ Մոսկվայում էր՝ հայրենական մեծ պատերազմի ավարտի 75-ամյակի շքերթի ժամանակ: Փոքրիկ շիկահերը վերածվել է գրավիչ դեռահասի, ում անզուսպ լայքում են ինստագրամում՝ սիրով համեմատելով լեդի Դիանայի որդու՝ Ուիլյամի հետ: Բայց այս անգամ այլ էր՝ հայր ու որդի միասին ու զինված, երբ ամբողջ երկիրը հրաբխի վրա է: Լուկաշենկոյի մեսիջը ծայրահեղ պարզ է՝ ես չեմ զիջի, ես չեմ փախչի, ինչպես ուկրաինացի Վիկտոր Յանուկովիչը 2014-ին, ես մինչև վերջ պաշտպանելու եմ այն, ինչ ինձ համար թանկ է: Թեպետ Բելառուսը դեռ կարող է այլ ուղղությամբ գնալ, Լուկաշենկոն համառում է՝ պահպանելով անզիջում նախագահի կերպարը, որ ողբերգականորեն կտրվել է ժողովրդից: Նրան ու նրա վարչակարգը քաղաքագետ Վալերի Կարբալևիչը իր «Բելառուս սատրապը» խայթող կենսագրականում, որ երկրում արգելված է, հակիրճ բնութագրում է իբրև կոշտ, ցինիկ, մեծամտության մոլուցքով տառապող, խորամանկ, օրենքը չհարգող, գռեհիկ ու պոպուլիստ մարդու: Լուկաշենկոն առանձին է ապրում կնոջից՝ Գալինայից, բայց նրանք այդպես էլ չեն բաժանվել: 2004-ին ծնված Նիկոլայի մոր անունը պաշտոնապես չի հիշատակվում, բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ: «Նա բժիշկ է»՝ խուսափողական պատասխանել է Լուկաշենկոն լրագրողների հարցերին կնոջ մասին: Բժիշկ Իրինա Աբելսկայան նրա անձնական բժիշկն է եղել: Ավագ որդիները՝ Վիկտորը և Դմիտրին, գնացել են հոր ոտնահետքերով՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ծառայություն սահմանապահ զորքերում՝ «մաքսանենգության ու անլեգալ միգրացիայի դեմ պայքարի գաղտնի ստորաբաժանումներում»՝ նշվում է պաշտոնական հաղորդագրություններում: Երբ 2005-ին Վիկտորը դարձավ մարզական ակումբի նախագահ և Ազգային օլիմպիական կոմիտեի անդամ, նշանակվեց հոր օգնականը ազգային անվտանգության հարցերով և 15 տարի այդ պաշտոնում էր:


Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը Financial Times-ում գրել է, որ քաղաքացիական ապստամբությունը Բելոռուսում հարուցել է համերաշխության զգացում ամբողջ աշխարհում; Բայց՝ գործնական տեսակետից շտապ անհրաժեշտ է Արևմուտքի և այն երկրների նոր ու համընդգրկուն ծրագիր, որ պաշտպանված չեն ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամությամբ: Անվտանգության Կիևյան ֆորումի նախագահի կարծիքով՝ հիմա Արևմուտքը Եվրոպայի արևելքի նկատմամբ կիրառում է բանաձև, որ ներառում է որոշակի սոցաիալական տարածության պահպանում, որ ունի քաղաքական բարդ անվանումներ՝ «պայմանագիր ասոցացված անդամության մասին» կամ «Արևելյան գործընկերություն»: Ի տարբերություն Արևմուտքի՝ Ռուսաստանն ունի տարածաշրջանի ու նրա կարևորության համալիր ընկալում: Մոլդովայում, Ուկրաինայում, Բելառուսում Մոսկվան ձգտում է սահմանել արդյունավետ վերահսկողություն և ստեղծել նոր պլացդարմներ, որ տարածի իր ազդեցությունը արևմտյան ուղղությամբ: Այդպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսնում Սովետական Միության վերկանգնման ճանապարհը, որ այդքան ցանկանում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ