ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ֆրանսիայի իշխանությունները ճշտել են հակաճգնաժամային քայլերը

Ֆրանսիայի իշխանությունները ճշտել են հակաճգնաժամային քայլերը
01.09.2020 | 10:04

Պանդեմիայից հետո Ֆրանսիայի տնտեսության վերագործարկման 100 միլիարդ եվրոյի ծրագիրը կներկայացվի սեպտեմբերի 3-ին՝ հաղորդել է վարչապետ Ժան Կաստեքսը՝ խոստանալով ֆրանսիացիներին հարկերի նոր իջեցում 10 միլիարդ եվրոյով, իսկ մշակույթին լրացուցիչ 2 միլիարդ օգնություն: Կրթության նախարար Ժան-Միշել-Բլանկերը պատմել է դպրոցներում նոր ուսումնական տարվա նախապատրաստությունների մասին: Օգոստոսի 26-ին Ֆրանսիայի կառավարությունը ամբողջ կազմով վերադարձավ աշխատանքի՝ ամառային արձակուրդներից հետո՝ հավաքվելով նիստի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ: Վարչապետ Ժան Կաստեքսը մի քանի հայտարարություններ արեց համաճարակային վիճակի, սանիտարական կանոնների, տնտեսության ու նոր ուսումնական տարվա վերաբերյալ: Նա մեծ հարցազրույց է տվել France Inter ռադիոկայանին, ելույթ ունեցել MEDEF արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության «ամառային համալսարանների» բացման առիթով:


COVID-19
Ժան Կաստեքսը հայրենակիցներին վերհիշեցրել է, որ համաճարակի դեմ պայքարը «ընդհանուր մարտահրավեր» է: «Ես երբեք չեմ համարել, որ պետությունը կարող է ամեն ինչ անել, պետությունը կրում է պատասխանատվության մի մասը միայն»՝ նշել է վարչապետը, կոչ անելով յուրաքանչյուրին խստորեն պահպանել սանիտարական նորմերն ու կանոնները: Կաստեքսը ընդունել է, որ համաճարակային իրավիճակը որոշակի տագնապ է հարուցում՝ մի քանի շաբաթ առաջ Ֆրանսիայում ամեն օր հայտնաբերվում էր COVID-19-ի 1000 դեպք, հիմա՝ 3000: Վարչապետը նշեց, որ հիվանդանոցներում (ու վերակենդանացման բաժանմունքներում) իրավիճակը կայուն է՝ հայրենակիցներին կոչ անելով խուճապի չմատնվել: Վարչապետը ճշտեց, որ կարմիր գոտու դեպարտամենտներում (որտեղ դիտարկվում է կորոնավիրուսի ակտիվ տարածում) գործում է 5000 մարդուց ավելի միջոցառումների կազմակերպման խիստ և լիակատար արգելք: Մինչև հիմա պրեֆեկտները իրավունք ունեին իբրև բացառություն թույլատրել նման հավաքները անհատական կարգով: Զանգվածային միջոցառումների լիակատար արգելքը գործում է նաև Փարիզի մերձակա Իլ դե Ֆրանսում:


Տնտեսության վերագործարկում
Վարչապետը տեղեկացրել է, որ տնտեսության վերագործարկման մանրամասն ծրագիրը՝ 100 միլիարդ եվրո ծավալով, կներկայացվի սեպտեմբերի 3-ին: Միջոցները նախևառաջ ուղղվելու են արտադրության ու ինֆրակառույցների ներդրումներին, որովհետև սպառողական պահանջարկը կարանտինից հետո սկսել է վերականգնվել: Վարչապետն ընդգծել է, որ տնտեսության աջակցության ծրագիրը 2008-ի հակաճգնաժամային ծրագրից ծավալով 4 անգամ մեծ է և հավասար է պետբյուջեի 1/3-ին: Ֆրանսիան 40 միլիարդ եվրո կստանա ԵՄ ընդհանուր հիմնադրամից, որ ստեղծվել է եվրոպական տնտեսության վերականգնման համար՝ ընդհանուր պարտքային պարտավորությունների ընդունումից հետո: Ժան Կաստեքսը հիշեցրել է, որ 30 միլիարդ եվրո է նախատեսված տնտեսության «բնապահպանական վերափոխման» համար (ներդրումներ էներգախնայողության, տրանսպորտի մեջ և այլն):


Մինուս 10 միլիարդ եվրո բիզնեսի համար
MEDEF արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության ավանդական օգոստոսյան ֆորումում վարչապետ Ժան Կաստեքսը տեղեկացրել է բիզնեսի նոր՝ 10 միլիարդ եվրոյով հարկերի նվազման մասին 2021-ի հունվարի 1-ից: Խոսքը ձեռնարկատերերի արտադրական ծախսերի մի քանի հարկերի (երբեմն կրկնակի) կրճատման մասին է: Այս քայլը լրացնում է ձեռնարկությունների շահույթի հարկի փուլային նվազումը, որ կատարվում է նախագահ Մակրոնի որոշումով: Անցյալ տարվանից բիզնեսի շահույթի 33%-ն այս տարի նվազել է 6 %-ով: 2022-ին կկազմի շահույթի 25%-ը:


Աջակցություն մշակույթին
Համազգային կարանտինի վերացումից հետո առաջվա պես նորմալ կյանքին չեն կարողանում վերադառնալ մշակութային հաստատությունները, նախևառաջ՝ թատրոններն ու համերգասրահները: Սանիտարական խիստ նորմերը դժվարացնում են մշակութային ոլորտի ճգնաժամից դուրս գալը: Վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է, որ մշակույթին համաճգնաժամային ծրագրով լրացուցիչ հատկացվել է 2 միլիարդ եվրո:


Նոր ուսումնական տարվա սկիզբը դպրոցներում
Սեպտեմբերի 1-ին համարյա 12,5 միլիոն աշակերտներ կվերադառնան դպրոց: Ուսուցիչների արհմիությունները պահանջել են հետաձգել նոր ուսումնական տարվա սկիզբը՝ քննադատելով դպրոցների համար հուլիսին հաստատված նոր սանիտարական արարողակարգը: Նոր կանոնները նվազ խիստ են մայիսին ու հունիսին՝ կարանտինը հանելուց հետո գործածից, երբ դպրոցները ստիպված էին ընդունել աշակերտների միայն մի մասին՝ ոչ ամբողջական ժամանակով: Վարչապետ Ժան Կաստեքսը և կրթության նախարար Ժան Միշել Բլանկերը սեպտեմների 1-ից 6 օր առաջ խոստացել են, որ ուսումնական տարին դպրոցներում կսկսվի «առավելագույնս հնարավոր» սովորական պայմաններում: Բլանկերը ճշտել է, որ դպրոցների առանց բացառության բոլոր աշխատակիցները դիմակներ են կրելու: Աշակերտների համար դիմակները պարտադիր են միջին դպրոցում (քոլեջներում՝ 11/12-14/15 տարեկան) և ավագ դպրոցներում (լիցեյներում): Առանց դիմակների դպրոց կգնան տարրական դասարանների աշակերտները: France Inter-ին հարցազրույցում վարչապետ Ժան Կաստեքսը վերջակետ է դրել բանավեճին, թե ով է վճարելու միջին ու ավագ դպրոցների աշակերտների պարտադիր պաշտպանական դիմակների համար: Ընդդիմությունը, արհմիությունները, ծնողական կազմակերպությունները կառավարությունից պահանջում էին բոլոր դպրոցականներին ապահովել դիմակներով՝ պետբյուջեի հաշվին: Վարչապետը մերժել է պահանջը՝ հիշեցնելով, որ իշխանությունները դիմակներով ապահովում են միայն ամենաանապահով ընտանիքիներին:
RFI


Հ.Գ. Անցյալ շաբաթվանից Փարիզի շրջակա 3 դեպարտամենտներում նորից դիմակներ կրելը դարձել է պարտադիր հասարակական վայրերում: Պահանջը չի տարածվում վազորդների ու հեծանվորդների վրա: Մարսելում նույնպես նույն կարգն է մտցվել: Օգոստոսի 27-ին Ֆրանսիայում գրանցվել է Covid-19 –ի 6111 նոր դեպք, որ ամենաբարձր ցուցանիշն է մայիսից: Պանդեմիայի ժամանակ Ֆրանսիայում հիվանդացել է 290000 մարդ, 30,5 հազարը մահացել է: Վարչապետ Ժամ Կաստեքսն արձանագրել է, որ կորոնավիրուսը նորից «ուժեղացնում է դիրքերը» և դիմակներ կրելու պահանջը սահմանվում է՝ հույս ունենալով խուսափել կարանտինի ավելի կոշտ միջոցներից: Փարիզեցիների մեծ մասն աջակցում է դիմակներ կրելուն՝ համարելով, որ դա լոկդաունից լավ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ