ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Տնտեսությունը օգնություն է պահանջում

Տնտեսությունը օգնություն է պահանջում
31.07.2020 | 10:25

«Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման մասնակից ընկերությունները կոչ են անում քաղաքական պատասխան տալ Վաշինգտոնին: Նրանց կարծիքով՝ գազատարի կառուցման ավարտումը «եվրոպական ինքնիշխանության հարց է»՝ գրում են Անդրեաս Միմը և Յոնաս Յանսենը Frankfurter Allgemeine Zeitung-ում: «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը մասնակցող և ԱՄՆ-ի պատժամիջոցների սպառնալիքների տակ գտնվող ընկերությունը բողոքում են քաղաքականության անբավարար աջակցությունից: «Իվերջո՝ խոսքն այն մասին է, թե որքան է Եվրոպան պատրաստ պաշտպանել իր ինքնիշխանությունն ու անկախությունը, մասնավորապես՝ մայրցամաքի էներգամատակարարման հարցում»՝Վիեննայում հայտարարել է ավստրիական էներգետիկ OMV կոնցեռնի կառավարման խորհրդի ղեկավար Ռայներ Զելեն:

Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի քաղաքական նախաձեռնությանը պետք է քաղաքական պատասխան տալ: Դա ձեռնարկությունների խնդիրը չէ: «Բոլոր դեպքերում՝ մենք իբրև եվրոպական ձեռնարկություն՝ սպասում ենք, որ քաղաքական միջոցառումներ կձեռնարկվեն, որ Եվրոպան չկորցնի իր գրավչությունը, իբրև ներդրումների վայր»՝ հավելել է Ռայներ Զելեն:
OMV-ն. Wintershall Dea-ն, Uniper-ը, Shell-ը և Engie-ը արևմտաեվրոպացի ներդրողների թվում մասնակցում են խողովակաշարի ֆինանսավորմանն ու կառուցմանը, որ կազմակերպել է ռուսական պետական Գազպրոմ կոնցեռնը: Նրանք կիսում են նախագծի 10 միլիարդ եվրո ծախսերը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմլեոն անցյալ շաբաթ հայտարարեց, որ խողովակաշարը Բալթիկ ծովով, որով գազը Ռուսաստանից փոխադրվելու է Գերմանիա, ընկնում է Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի հետ համագործակցության դեպքում պատժամիջոցներ սահմանող օրենքի տակ: Գերմանիայի կառավարությունը հերթական անգամ արձանագրեց, որ մերժում է արտատարածքային պատժամիջոցները, որոնք «հակասում են միջազգային իրավունքին»: Գերմանիայի տնտեսության ներկայացուցիչները զայրալից դատապարտել են սպառնալիքները իբրև «անպատկերացնելի ճգնաժամ տրանսատլանտյան հարաբերություններում»: «Եթե մենք միլիարդների ներդրումներ ենք անում նախագծում, որ իրականացվում է Եվրոպայի բոլոր օրենքներին ու կանոններին համապատասխան, մենք պետք է մեզ հարց տանք՝ ուզու՞մ ենք կասկածի տակ դնել երրորդ երկրների ազդեցության արդյունքները»՝ ասել է Ռայներ Զելեն: Էներգետիկ կոնցեռն Uniper-ը ևս ափսոսանքով արձանագրել է, որ ԱՄՆ-ը «նախկինի պես փորձում է խարխլել ինֆրակառույցային նախագիծը, որը կարևոր է Եվրոպայի էներգաանվտանգության համար»:
Անդրեաս Միմ և Յոնաս Յանսեն, Frankfurter Allgemeine


Հ.Գ. Սեփական թերթաքարային գազի Եվրոպա արտահանման նպատակով սահմանված պատժամիջոցները կարող են դառնալ համբերության բաժակի վերջին կաթիլը գերմանա-ամերիկյան հարաբերություններում՝ հաշվի առնելով Գերմանիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը և Լեհաստանում տեղակայումը, անձնական չստացված հարաբերությունները Մերկելի ու Թրամփի միջև: Հավելեք ամերիկաֆրանսիական չստացված հարաբերությունները: Վաշինգտոնը փորձելու է Եվրոպայում ԵՄ-ից դուրս եկած Մեծ Բրիտանիայի շուրջ հավաքել ԵՄ անդամ արևելաեվրոպական երկրները, որ դժգոհ են Բրյուսելի քաղաքականությունից՝ Լեհաստան, Հունգարիա, Բալթյան երկրներ, և ԵՄ-ի ներսում խզում մտցնել՝ իր ազդեցության տակ պահելու համար Հին աշխարհը, կամ այն երկրները, որ չեն դիմադրում սեփական ինքնիշխանության ու անկախության կորստին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 34078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ