ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Մավրոդիական աղանդը ծաղկում է Հայաստանում (կամ՝ ցնցող մարդասիրություն՝ մարդորսի հանդեպ)

Մավրոդիական աղանդը ծաղկում է Հայաստանում  (կամ՝ ցնցող մարդասիրություն՝ մարդորսի հանդեպ)
15.07.2016 | 01:38

«ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Արտակ Էդիկի Ղուկասյանին ճանաչել անպարտ և արդարացնել»: Բայց ո՞վ է Արտակ Ղուկասյանը: Ծանոթանանք նրա սխրանքների պատմությանը, խորամուխ լինենք Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի ինչպես երեսի, այնպես էլ դարձերեսի բանականության և բարոյականության մեջ: Այնուհետև փորձենք հասկանալ դատավորի դատա-իրավական, ասենք այսպես՝ հոգեկերտվածքը, Արտակ Ղուկասյանի գործունեությանը նման «սրբադասված» որակում տալու պահին: Այժմ, հիշեցման կարգով, ներկայացնենք Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանին և նշյալ գլուխգործոց «իրավապաշտպան» և վերոնշյալ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին (զուգահեռաբար նաև մեր թերթի ընթերցողներին) Արտակ Ղուկասյանի հափշտակությունների քրոնիկոնը:

. Արման Ղազարյանից՝ 70300000 ՀՀ դրամ,

. Լորա Մելիքյանից և Արթուր Պետրոսյանից՝ 52976246 ՀՀ դրամ,

. Վաչե Սարգսյանից՝ 822780200 ՀՀ դրամ,

. Արթուր Մելքոնյանից՝ 3000000 ՀՀ դրամ,

. Սուրիկ Տոնոյանից՝ 8011500 ՀՀ դրամ,

. Մովսես Հովհաննիսյանից՝ 50500000 ՀՀ դրամ,

. Ռուբեն Գրիգորյանից՝ 35370000 ՀՀ դրամ,

. Վահրամ Մկրտչյանից՝ 80000000 ՀՀ դրամ,

. Լևոն Գրիգորյանից՝ 5000000 ՀՀ դրամ,

. Աբրահամ Ռուբենյանից՝ 149650000 ՀՀ դրամ,

. Աբրահամ Բախչագուլյանից՝ 9237500 ՀՀ դրամ,

. Համլետ Հովակիմյանից՝ 7555500 ՀՀ դրամ,

. Աշոտ Բագրատունյանից՝ 7470000 ՀՀ դրամ,

. Սարգիս Մելքոնյանից՝ 7618440 ՀՀ դրամ,

. Սամվել Մանուկյանից՝ 12896100 ՀՀ դրամ,

. Կարեն Թադևոսյանից՝ 9575000 ՀՀ դրամ,

. Անդրանիկ Մելոյանից՝ 19000000 ՀՀ դրամ,

. Վարդան Հակոբյանից՝ 8217000 ՀՀ դրամ,

. Նվարդ Դավիթավյանից՝ 10200000 ՀՀ դրամ,

. Սիմոն Ղոնախչյանից՝ 5805000 ՀՀ դրամ,

. Հայկ Խաչատրյանից՝ 3875000 ՀՀ դրամ,

. Արմեն Պուրտոյանից՝ 14504000 ՀՀ դրամ,

. Արամ Արշակյանից՝ 6000000 ՀՀ դրամ,

. Մայիս Արզումանյանից՝ 125000 ՀՀ դրամ,

. Աստղիկ Կնյազյանից՝ 166000 ՀՀ դրամ,

. Զավեն Կնյազյանից՝ 45000 ՀՀ դրամ,

. Ալինա Մհերյանից՝ 209000 ՀՀ դրամ,

. Արմինե Գրիգորյանից՝ 130000 ՀՀ դրամ,

. Սվետլանա Ավետիսյանից՝ 77000 ՀՀ դրամ,

. Սուտո Ասադյանից՝ 135000 ՀՀ դրամ,

. Վրեժ Խաչատրյանից՝ 85000 ՀՀ դրամ,

. Նունե Գրիգորյանից՝ 400000 ՀՀ դրամ,

Դատարանը վեհանձնորեն բավարարում է 4 տուժողի քաղաքացիական հայցերը՝

Արտակ Ղուկասյանից բռնագանձելով հօգուտ՝

. Ալինա Մհերյանի՝ 130000 ՀՀ դրամ,

. Արմինե Գրիգորյանի՝ 139000 ՀՀ դրամ,

. Սուտո Ասադյանի՝ 133000 ՀՀ դրամ,

. Նունե Գրիգորյանի՝ 190000 ՀՀ դրամ:

Հնչում է քրոնիկոնի ամփոփիչ ակորդը՝ 28 անձանցից, նրանց վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով ՀՀ քաղաքացի Արտակ Էդիկի Ղուկասյանը հափշտակել է 1 միլիարդ 761 միլիոն 781 հազար 986 ՀՀ դրամ, ԱՄՆ դոլարի 475 կուրսով հաշված՝ շուրջ 3 մլն 750 հազար դոլար գումար: Կեցցե՛ս: Եվ չկա որևէ տարակուսանք, որ դատավճռի ընթերցման պահին գերխարդախ Ա. Ղ.-ի ներաշխարհում Կոշի գաղութի երգչախումբը կատարել է «Вот такая доля воровская...» խմբերգը, իսկ ինչ մեղեդի կամ երգ է հնչել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հոգում, անկեղծ պիտի լինենք, շատ դժվար է որոշելը:

Դատարանում նշյալ դատավոր Ազարյանը հնչեցրել է մի հրովարտակ, որից, ակներևաբար ինքնահրկիզվել է նրա իրավաբանական կրթության դիպլոմը: Ահա այն. «Հաշվի առնելով, որ Արտակ Ղուկասյանի նկատմամբ նշանակված պատիժը չի գերազանցում նախնական կալանքի տակ փաստացի գտնվելու ժամկետը, ուստի Արտակ Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացնել և նրան անհապաղ ազատել կալանքից դատական նիստի դահլիճում»: Այնուամենայնիվ, որո՞նք են դատարանի և դատավորի հիմնավորումները: Ներկայացնենք նրանց պատճառաբանությունների քրոնիկոնը:

-Գործի քննության արդյունքում ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ, որով կհիմնավորվեր, որ Արտակ Ղուկասյանն ի սկզբանե նպատակ է ունեցել խաբել կամ մոլորության մեջ գցել տուժողներին, ինչի արդյունքում իրավունք է ձեռք բերել նրանց գումարների նկատմամբ:

-Հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել Արտակ Ղուկասյանի՝ տուժողների գումարները հափշտակելու ուղղակի դիտավորությունը և շահադիտական նպատակը:

-Գործով անցնող տուժողների ցուցմունքներով չի հիմնավորվել, որ Արտակ Ղուկասյանն ի սկզբանե նպատակ է ունեցել խաբել կամ մոլորության մեջ գցել նրանց, կամ ունեցել է նրանց գումարները հափշտակելու ուղղակի դիտավորություն և շահադիտական նպատակ»: Այո՜:

Սա ուղիղ նշանառությամբ թնդանոթաձգություն է ճնճղուկների երամի ուղղությամբ: Դատարանը, անկասկած, շփոթվել է և արդարությունը պաշտպանելու փոխարեն ամեն գնով պաշտպանում է խարդախ-մոլագարի շահերը, ակնհայտորեն ոտնահարելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի դրույթները: Ինչո՞ւ: Հանուն նրա, որ Ա. Ղ.-ն ժամանակ անց խարդախության նոր սարդոստա՞յն հյուսի և քաղաքացիների մի նոր խմբաքանա՞կ կողոպտի: Գուցե: Ինչ խոսք, դժվար չէ կռահել, որ գերխարդախ-մոլագարի ֆինանսական այս աննախադեպ ահաբեկչությանը ի սկզբանե հետևել և ուղղորդել են հետնաբեմից, հետևել և վերահսկել են այս անփառունակ սուբյեկտի գործողությունները փուլ առ փուլ և կառանվել են դժնի հույսերի կենսագործման կառամատույցում: Նախ՝ շահել են մոլեմսխուն կապիտալի առյուծի բաժինը, այնուհետև ամբողջությամբ (կամ մասնակիորեն) ունեզրկել են ՀՀ բազմաթիվ քաղաքացիների, բազմաթիվ ծրագրեր են խափանել, բարոյահոգեբանական կտտանքների ենթարկելով երեք տասնյակ անձանց՝ նրանց ընտանիքները ներառյալ: Ո՞վ է վերադարձնելու նրանցից թալանվածը: Այս աննահանջ հարցի շուրջ արդյոք երբևէ մտորե՞լ է դատավորը, թե՞ նա ինչ-ինչ, ավելի ստույգ ասած՝ ոչ այնքան բանական և բարոյական շահագրգռություն ունի Ա. Ղ.-ի նկատմամբ: Իսկ ՀՀ բնակչությանը քաջ հայտնի է, թե ինչու են առանձին դատավորներ հանկարծ չքմեղանում ակնհայտ մեղսագործի առաջ:

Ա. Ղ.-ի ողջ գործունեության մեջ ուղղակի դղրդում է լկտի քմծիծաղը, նրան վստահվել էր ղեկավարել բարոյանյութական լուրջ հիմքեր և հեռանկարային ապագա ունեցող «ֆինանսական շտապօգնություն» ՍՊԸ-ն, նա շտապօգնությունը վերաձևում է, բնութագրենք այսպես, «Ակնթարթային և ուղղորդված բռնակորզում» ՓԲԸ-ի: Նշյալ ՓԲԸ-ում Ա. Ղ.-ն, անկասկած, ընդամենը դրածո է, մի նենգ սուբյեկտ: (Հուսանք, որ բռնակորզիչ բաժնետերերը տեսանելի ապագայում դուրս կգան ջրի երես): Առայժմ Ա. Ղ.-ն հաղթող կողմ է: Առայժմ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի անիրավությունը ուժի մեջ է:

Բայց չէ՞ որ վաղուց է հայտնի՝ մախաթը պարկում չի պարտակվում: Ի վերջո, որքան էլ դատարանն ու դատավորը կամենում են Ա. Ղ.-ին ներկայացնել որպես սեփական գերմարդասիրական ջանքերի զոհ (դատարանը ահա թե մատից ծծած ինչ պատճառաբանություններով է հանդես եկել. «Հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել Արտակ Ղուկասյանի՝ տուժողների գումարները հափշտակելու ուղղակի դիտավորությունը և շահադիտական նպատակը, այսինքն չի հիմնավորվել Արտակ Ղուկասյանի արարքում խարդախություն հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությունը)», միևնույն է, Ա. Ղ.-ն, նախաքննական մարմին ՀՔԾ-ի եզրակացությամբ, ակնհայտ խարդախ և դրամաշորթ է: Դատարանի մեկ այլ սահմանումն է ոչ պակաս ցնցող. «գործով անցնող տուժողների ցուցմունքներով չի հիմնավորվել, որ Արտակ Ղուկասյանն ի սկզբանե նպատակ է ունեցել խաբել կամ մոլորության մեջ գցել նրանց, կամ ունեցել է նրանց գումարները հափշտակելու ուղղակի դիտավորություն և շահադիտական նպատակ:

Դատարանի այս մի որակման հետ համաձայն եմ լիովին՝ «...ուղղակի դիտավորություն», ըստ էության, նրա դիտավորություններն անուղղակի են, նպատակը, սակայն, մեկը՝ զանգվածային դրամաշորթում:

Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, եկեք դրվագենք Ա. Ղ.-ի անուղղակի դիտավորության գլուխգործոցները: Այսպես, ՀՀ քաղաքացի Սարգիս Մելքոնյանից 2011-ի օգոստոսի 6-ին խաբեությամբ (ըստ դատարանի՝ մարդասիրաբար) ստանում է 1 մլն 741 հազար դրամ և 16 հազար ԱՄՆ դոլար: Ստանում է, սակայն քանի որ որևէ նպատակ չի ունեցել Սարգիս Մ.-ին խաբելու, նշված գումարը որևէ գործունեության մեջ չի ներդրել, եկամուտներ չի ստացել, ընդամենը միամտաբար, անշուշտ ընդառաջելով սեփական սրտի կանչին, նրանից շորթել է ընդհանուր առմամբ 7 մլն 618 հազար 440 ՀՀ դրամ: Այնուհետև (դարձյալ չանսալով յուր ներաշխարհում փոթորկվող մարդասիրական, ինչու չէ, նաև երկրաշենական մղումներին) համատեղությամբ գրավատնային գործունեությամբ զբաղվելու և ստացված եկամտից էլ մասնաբաժին հատկացնելու նպատակով ՀՀ քաղաքացի Արմեն Ազարյանից 2011-ի հուլիսի 6-ին ստանում է 29 մլն 600 հազար ՀՀ դրամ, սակայն նրա հուզումնախռով հոգին դարձյալ շեղում է նրան դեպի վեհանձն սխրագործության, Ա. Ղ.-ն նշյալ գումարը ևս գործունեության մեջ չի ներդնում, այլ կերպ ասած, նշյալ շուրջ 80 հազար դոլարը հափշտակում է:

Նման «մարդասիրական» ձեռնարկները, ըստ էության, անհամար են Ա. Ղ.-ի կյանքում: Նույն տեխնոլոգիայով նա ՀՀ քաղաքացի Ռուբեն Գրիգորյանից իրեն է «նվիրաբերում» 35 մլն 370 հազար ՀՀ դրամ, Աբրահամ Բախչագուլյանից՝ 9 մլն 237 հազար 500 դրամ: Վերոնշյալ հարգարժան պարոնայք մի աննշան մխիթարություն ունեն. չէ՞ որ Աբրահամ Ռուբենյանից Ա. Ղ.-ն օրը ցերեկով բռնագանձել է... 149 մլն 650 հազար դրամ: Եվ այլն:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ դատարանը մի պարզ հանգամանք հաշվի չի առնում. եթե Ա. Ղ.-ն ինչ-ինչ հանգամանքների պարտադրմամբ հայտնվելով ֆինանսական անդունդի եզրին, մեկին պայմանականորեն խարդախելով փակեր իր մյուս զոհի պարտքը և աստիճանաբար դուրս մագլցեր անդունդից, հասկանալի կլիներ, որ նա իսկապես և ի սկզբանե էլ չի ունեցել իր վստահորդներին կողոպտելու դիտավորություն: Բայց անողոք փաստերը ճիշտ հակառակն են ապացուցում:

Ատամնահատիկը հիշելի ծես է: Երեխայի դիմաց տարբեր խաղալիքներ են դնում, և երեխան, խաղալիքն ընտրելով, ըստ հինավուրց հավատալիքների, ընտրում է իր ապագա մասնագիտությունը: Ինքս ատամնահատիկի ժամանակ ձեռքս գցել եմ կաշվե դրամապանակին: Սակայն դարձա հրապարակագիր:

Ատամնահատիկի ժամանակ ի՞նչ խաղալիք է ընտրել դատավոր Ազարյանը: Իսկ ի՞նչ է ընտրել այսօր, վաղը և, չկասկածեք, ընդմիշտ ամբաստանյալ Արտակ Էդիկի Ղուկասյանը:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Այժմ «դարի գործը» ՀՀ վերաքննիչ դատարանում է:

Դիտվել է՝ 2943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ