ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ամեն ինչ իր ժամանակն ունի

Ամեն ինչ իր ժամանակն ունի
30.10.2015 | 10:37

2015 թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է վերջնական պատասխան տա սահմանադրական փոփոխությունների նախագծին:
Վստահաբար կարող եմ ասել` ոչ ոք մեր դուռը չէր թակել, թե անպայման պետք է փոխենք Սահմանադրությունը, այլ մեր ընտրած ժողովրդավարական սկզբունքներից չշեղվելով, մենք կարծում ենք` պայմաններն այնպիսին են, որ Սահմանադրությունը փոփոխությունների կարիք ունի, դա է պահանջում իրականությունը:
Սակայն «կողմ» կամ «դեմ» քվեարկելուց առաջ մեր հասարակությունը պետք է իրազեկված լինի: Հասարակությանը պետք է ներկայացվի բազմակողմանի և լիարժեք տեղեկատվություն, հստակ պարզաբանվի, թե ինչ փոփոխություններ են կատարվում, ինչպես կանդրադառնան դրանք մեր կյանքի որակի վրա: Սահմանադրական փոփոխությունները առաջընթաց են ապահովելու` ժողովրդավարությունը մեր երկրում հաստատուն հիմքերի վրա պահելու առումով, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելով կապահովվի հավասարակշռությունը իշխանության բարձրագույն մարմինների միջև:
Սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Ազգային ժողովում ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»: Հատուկ իրավական երաշխիք սահմանելով` ստեղծվում են այնպիսի պայմաններ, որոնք ազգային փոքրամասնություններին ոչ միայն իրավունք, այլև հավասար հնարավորություն են ընձեռում լիարժեք մասնակցելու պետության կառավարման իրականացմանը: Նման քաղաքական որոշում կայացնելու համար մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում երկրի ղեկավարությանը:
Մեզ պետք է, որ Սահմանադրությունը գործի, աշխատի և պետության առաջընթացի ամուր գրավական դառնա:
ՀՀ հասարակությունը պետք է ասի իր խոսքը` մեր ընդհանուր շահերին համահունչ: Չէ՞ որ Սահմանադրությունը մեկ անհատի, պաշտոնյայի, խմբի համար չէ, այն կոչված է ժողովրդի շահերը պաշտպանելուն:
Այսօր մենք պատրաստ ենք համագործակցելու «այո» քվեարկող հասարակական և քաղաքական ուժերի հետ, բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են մեր երազած Հայաստանը կառուցելու:
Կարծում եմ` սահմանադրության նախագիծը կընդունվի, կշահեն և՛ մեր պետությունը, և՛ հասարակությունը: Այն կնպաստի հանրային լիարժեք կյանքի ապահովմանը: Մեր միավորումը որոշում է կայացրել «այո» ասելու սահմանադրական բարեփոխումներին:
Տա՛ Աստված, որ սահմանադրական փոփոխությունները մեր երկրին, Հայաստան աշխարհին միայն դինամիկ զարգացում ապահովեն:

Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1350

Մեկնաբանություններ