ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Հիմնադիր խորհրդարանի 6.40-ը

Հիմնադիր խորհրդարանի 6.40-ը
07.04.2015 | 14:36

Ապրիլի 24-ից 17 օր առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ու ՀՀ քննչական կոմիտեն համատեղ որոշեցին կանխել «Հիմնադիր խորհրդարանի»՝ ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: Սա պաշտոնական տեղեկատվություն է: Նրանք արդեն պարզել են, որ մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015 թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչեր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի: Ինչպե՞ս են պարզել՝ իրենք գիտեն, «Հիմնադիր խորհրդարանը» քանիցս հրապարակել է, որ այդ օրը ուժային գործողությունների չի դիմելու: Իրադարձությունների անսպասելի զարգացման հնարավորություն միշտ կա՝ երկու կողմից էլ: Այդ փաստը քանիցս ապացուցվել է: Բայց խնդիրը դա չէ: Խնդիրը ապրիլի 24-ի երկակի օգտագործումն է երկու կողմից էլ: «Հիմնադիր խորհրդարանի» կողմից 24-ի ընտրությունը հիմնավորվում էր նրանով, որ օրը վաղուց արդեն սգի օր չէ (ինչը իրապես հարցական է) և այդ օրը հայ ժողովուրդը պիտի մտածի իր ապագայի մասին (հայ ժողովուրդն իր ապագայի մասին միշտ պիտի մտածի): Բայց ապրիլի 24-ի ընտրությամբ «Հիմնադիր խորհրդարանը» ստացավ առավելագույնը՝ գովազդ և ուշադրություն քաղաքական ու հասարակական ընկալումներում, կարևոր չէ՝ ինչպես գնահատվեց, կարևոր է, որ նրանք, չունենալով բավարար քաղաքական ու հասարակական ռեսուրսներ, հայտնվեցին տեղեկատվության միջոցների ուշադրության կենտրոնում՝ նրանց մասին խոսում էին բոլորը, ովքեր չէին ալարում: Սա կասկածելի հաջողություն էր, բայց՝ հաջողություն էր: Իշխանությունները ապրիլի 24-ի փաստարկով ստացան հնարավորություն՝ կասեցնել «Հիմնադիր խորհրդարանի» գործողությունները, որը այլ պարագայում կարող էր հարուցել քաղաքական ու հասարակական փոքր, բայց՝ դիմադրություն, հերթական անգամ կասկածի տակ դնել ժողովրդավարության առկայությունը երկրում: Իսկ հիմա քչերը նրանց կպաշտպանեն՝ հակված լինելով այն տեսակետին, որ ապրիլի 24-ը չպետք է խառնել այլ գործողությունների հետ:

Ի՞նչ է ուզում «Հիմնադիր խորհրդարանը» և ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանն առանց ռեժիմի իր կարգախոսի իրականացումը՝ հիմա հենց այս հարցն է գալիս օրակարգի առաջին կետ՝ սա «Հիմնադիր խորհրդարանի» կողմից: Ի՞նչ են ուզում իշխանությունները՝ հարցի մյուս կողմն է՝ խուզարկություններն ու ձերբակալությունները հասարակական կարգուկանոնի ապահովման միջո՞ց են, թե՞ քաղաքական բռնաճնշում: Փոխկապակցված այս հարցերի պատասխաններն են որոշելու «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնության ու հենց իր գոյության հետագա ճակատագիրը: Իշխանափոխության ի՞նչ ռեսուրսներ ունեն Ժիրայր Սէֆիլյանն ու նրա համախոհները, գնալո՞ւ են նրանք իրենց նախորդների ճանապարհով՝ կարճ ժամանակից սկսելով երկխոսություն իշխանության հետ ու սերտաճելով իշխանությանը, թե՞ ձևավորելու են իսկապես ընդդիմադիր բևեռ՝ որևէ հարցում իշխանության հետ համաձայնության չգալով և վարելով իսկապես ինքնուրույն ու սկզբունքային քաղաքականություն: Որքան էլ տարօրինակ է՝ երկու տարբերակն էլ շատ ձեռնտու է իշխանությանը: Առաջին դեպքում նրանք ստանում են ոչիշխանականների բևեռին անվտանգ հավելում, երկրորդ դեպքում՝ անվտանգ ընդդիմություն, որը չի ընկալվում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից և խորհրդարանական ընտրություններում կարող է մրցակից դառնալ ու ձայներ փոշիացնել: Քաղաքական դաշտի «մաքրման» նոր գործողությունը իր հնարավոր զարգացումներն ի հայտ կբերի ապրիլի 24-ից հետո, իսկ մինչ այդ կողմերը կնախապատրաստվեն իրենց հետագա քայլերին՝ ոմանք ազատության մեջ, ոմանք՝ անազատության: Այդպիսին է քաղաքական պայքարի տրամաբանությունը, համենայն դեպս դատելով գործողությունների մեկնարկի ժամի ընտրությունից՝ 6.40-ը 2008-ից խորհրդանշական է դարձել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում և անդամների տանը խուզարկություններն ու ձերբակալությունները դառնալու են հասարակական կարծիքի ուսումնասիրության միջոց՝ ինչպես են քաղաքական ուժերը գնահատելու, ինչպես է հասարակությունը վերաբերվելու և, միանշանակ, բարձրացնելու են ՀԽ-ի վարկը՝ Հայաստանում, որպես կանոն, զոհերին սիրում են: Նույնքան միանշանակ՝ հարվածի տակ են դնում Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը՝ իբրև երկիր, որտեղ քաղաքական գործիչներին իրենց քաղաքական տեսակետները արտահայտելու համար ձերբակալում են: Հաստատ այդ երկրները ժողովրդավարության ընդունված նորմերից կտրված են: Ո՞վ կշահի խաղը: Հաստատ՝ ոչ ոք: Ոչ ոքի էլ կավարտվի այս պատմությունը: Կողմերը ընդամենը ձեռքբերումների ու կորուստների վերահաշվարկ են անելու ու շարունակելու են իրենց սովորական ընթացքը դեպի համապետական ընտրություններ, իսկ գուցե հանրաքվե: «Հիմնադիր խորհրդարանը» բացահայտորեն այն ուժը չէ, որից իշխանությունը մեծ վախ պիտի ունենա՝ մեծ փորձ ունենալով ավելի լուրջ և հասարակական իրական աջակցություն ունեցող քաղաքական ուժերին դեֆակտո ու դեյուրե վնասազերծելու քաղաքականության մեջ:

Դիտվել է՝ 1570

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ