ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Առասպելաբանության ու դոմինանտության միջակայքում

Առասպելաբանության ու դոմինանտության միջակայքում
11.02.2015 | 17:42

Արդեն մեկ ամիս է անցել (մեկ օր միայն պակաս) Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո, ձերբակալված է և հանցանքն ընդունել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինվորը: Մեկ շաբաթ առաջ ՀՀ գլխավոր դատախազը՝ հակառակ հանցագործության առաջին օրը տարածված հաղորդագրության, որ հետաքննությունը հայկական իրավապահ մարմինների վարույթում քննարկելու հարց չի բարձրացվել, դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ գործի վարույթը հայաստանյան իրավապահներին փոխանցելու միջնորդությամբ: Որևէ պատասխան, ինչպես և միջնորդության բովանդակությունը, դեռ չի հրապարակվել: Խորհրդարանական լսումներում ՀՀ գլխավոր դատախազը գործընկերոջը միջնորդության իր դիմումի հապաղումը պատճառաբանում էր անհրաժեշտ իրավական հիմքեր որոնելով: Իրավական հիմքեր կային, բայց ակնհայտորեն միայն հայկական կողմի համար: Հանցագործության մեջ իրենց հայրենակցի մասնակցությանը տեղեկացած ռուսական լրատվամիջոցների առաջին արձագանքը չեղավ ոչ զարմանքը, ոչ ցավակցությունը, ոչ սպանությունների բուն փաստի մեկնաբանությունը, նրանք միանգամից սկսեցին քննարկել Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցը, մինչդեռ Հայաստանում նման հարց ընդհանրապես չկար: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը պարադոքսը բացատրում է շատ պարզ. «Ռուսաստանը, այո, բռնապետական երկիր է, այո, տնտեսական սխալ քաղաքականություն է վարում, բայց պետություն է, իսկ ամեն պետություն ունի իր շահերը: Ռազմաբազայի մասին մեր խոսակցությունները միշտ առասպելաբանության մեջ են: Քննարկենք պրակտիկ կողմը՝ ռազմաբազան տեղակայման համար գումար վճարո՞ւմ է: Ոչ: Զինվորների կենսապահովման համար վճարո՞ւմ է: Ոչ: ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմաններին ծավալվող գործողություններին խառնվո՞ւմ է: Ոչ: Բայց ռազմաբազայի հանցագործություն կատարած զինվորը չի պատժվում: Պրագմատիկ տիրույթում մենք ունենք միայն բացասականը: Քննարկենք օգուտների տիրույթը՝ ռուսական ռազմաբազան պետք է մեզ պաշտպանի, եթե մեզ վրա հարձակվի Թուրքիան: Այսինքն՝ ֆինանսական, բարոյական, հիմա նաև մարդկային կորուստներ տալով մենք պահում ենք ռազմաբազան՝ առասպելական վախից պաշտպանվելու ակնկալիքո՞վ, իսկ ռուսները նման խնդիրներ չունեն, նրանք ունեն իրենց շահը»: Առարկությանը, որ հնարավոր է ուժերի դասավորության այնպիսի փոփոխություն, որ Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, Անուշ Սեդրակյանը պատասխանեց մեկ բառով՝ առասպելաբանություն: «Ռուս-թուրքական նոր դաշինքը չի՞ կարող վերստին ուղղվել մեր դեմ» հարցին ի պատասխան՝ քաղաքագետը ասաց, որ եթե ռուս-թուրքական նոր դաշինքը նման խնդիր դնի, կստացվի, որ ռազմաբազան ական է մեր տարածքում՝ անօգուտ միավորից դառնում է վտանգավոր միավոր: «Հայաստանի իշխանության գլուխ ցայսօր կանգնել և կանգնելու են այն սերունդները, որ դուրս են եկել խորհրդային տիրապետության տանդեմից: Իսկ խորհրդային նշանակում է ռուսական՝ Ռուսաստանը տարածքով, ազդեցությամբ ԽՍՀՄ դոմինանտ երկիրն էր: Այստեղ չկա դրական կամ բացասական, կա ընտրություն՝ կամ անկախություն, կամ՝ այլ երկրի դոմինանտություն»,-կարծում է «Ազատ դեմոկրատների» փոխնախագահը և մանրամասնում՝ ո՞ր դեպքերում է դոմինանտությունն ընդունելի. «Երբ քեզ օգուտ է բերում: Օգուտ ոչ թե կոնկրետ անհատին՝ մեկ կամ մի քանի իշխանավորի, գործարարի, այլ պետությանը: Իշխանությունը և պետությունը կարող են շահերով չհամընկնել: Մինչև այսօր աշխատել են իշխանության շահերը, ե՞րբ են աշխատելու պետության շահերը»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Վերջին հարցը վաղուց դադարել է հռետորական լինելուց, բայց պատասխան դեռ չունի:

Դիտվել է՝ 1675

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ