ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Կուզենայի, որ 2009-ին մեր նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը հանձն առներ Ձմեռ պապի մարդասիրական առաքելությունը»

«Կուզենայի, որ 2009-ին մեր նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը հանձն առներ Ձմեռ պապի մարդասիրական առաքելությունը»
26.12.2008 | 00:00

«ՏՈՆԱԿԱՆ ԽՈՐՏԻԿՆԵՐԻՑ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՄ ԲՆԱԿԱՆ ԵՂԵՎՆՈՒ ՀՈՏԸ...»
«Իրավունքը de facto»-ի հեռախոսազրույցը «Դրոյի գործով» նախ` մահապատժի, այնուհետ ցմահ ազատազրկման դատապարտված ԱՐՄԵՆԱԿ ՄՆՋՈՅԱՆԻ հետ
-Ո՞րերորդ Նոր տարին եք դիմավորում բանտում, պարոն Մնջոյան։
-Արդեն տասնհինգերորդը։
-Ազատության մեջ անցկացրած վերջին Նոր տարին ի՞նչ զգացումներ է արթնացնում, և ո՞ր թվին էր դա։
-Դժվար հարց տվեցիք։ Վերջին Նոր տարին, իսկ դա 1994-ին էր, Արցախում եմ դիմավորել։ Ինչ զգացումներ է արթնացնո՞ւմ... Ե՛վ լավ, և՛ վատ։ Վատը չեմ ուզում հիշել, իսկ լավ, որովհետև մեր հաղթանակն էինք նշում։
-Ցմահ ազատազրկման դատապարտված մարդու համար Ամանորն ի՞նչ խորհուրդ ունի։ Եթե, իհարկե, ունի։
-Պատկերացրեք, արդեն չորս-հինգ տարի` ոչ միայն ինձ, այլև ցմահ ազատազրկման դատապարտված իմ մյուս 39 ընկերների համար Նոր տարին այլևս որևէ խորհուրդ չունի։ Կար ժամանակ, որ սպասում էինք, թե Ամանորն իր հետ այնքա՜ն բաղձալի ազատություն կբերի, և մեր գործերի վերանայման, արդարության, արդարադատության վերականգնման տարտամ հույսեր էինք փայփայում։ Վերջին տարիներին հույսի այդ փոքրիկ շողն էլ, կարծես, մարեց։
-Մենախցո՞ւմ եք դիմավորում Նոր տարին։
-Բոլորս էլ։
-Երբ խփում է ժամը 12-ը, ի՞նչ եք մտածում։
-Ճիշտն ասած, անձամբ ես չեմ էլ սպասում, որ խփի 12-ը։ Պառկում ու քնում եմ։
-Դա ի՞նչ է կոչվում։ Հուսահատությո՞ւն։
-Չէ, գիտե՞ք ոնց, մեզ մոտ Ձմեռ պապեր ու Ձյունանուշիկներ չեն գալիս, հեռուստահաղորդումներն անտանելի են, ավելի լավ է` չնայել, մյուս բանտարկյալների, առավել ևս դրսից որևէ մեկի հետ հարաբերվել, բնականաբար, չեն թողնում, այնպես որ, չորս պատերի մեջ ճիշտը քնելն է։ Ես, համենայն դեպս, այդպես եմ կարծում։
-Տխուր է։
-Անկեղծ որ լինեմ, 2008-ի նախագահական ընտրություններից հետո ցմահ դատապարտվածներիս մեջ մի փոքր հույս ծնվեց, թե միգուցե մեզնից ոմանք այս Նոր տարին կանցկացնեն իրենց օջախներում, հարազատների հետ, բայց ահա շուտով տարին կգլորվի, և ամեն ինչ նույնն է։ Չնայած դրան, մի վերջին հույս, այնուամենայնիվ, մնում է։
-Հույսը վերջի՞նն է մեռնում։
-Այո, և մենք դրա ցավալի ապացույցներն ունենք. տասը տարիների ընթացքում տասնչորս բանտարկյալներ, վերջին հույսը սրտում, հեռացան կյանքից։
-Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկն ինչ-որ բան ձեռնարկո՞ւմ է անազատության մեջ գտնվող մարդկանց Նոր տարվա գիշերը մի՜ քիչ տոնական դարձնելու համար։
-Անցած Ամանորին մեր Սուրբ ծնունդն ու Նոր տարին շնորհավորեց քրեական պատիժների իրականացման վարչության պետը։ Գրավոր։
-Ընդամե՞նը։
-Այդքանը։
-Երգիչ-երգչուհիների չե՞ն հրավիրում` ձեր դառը Նոր տարին գոնե մի կարճ ակնթարթ քաղցրացնելու։
-Նուբարաշենի քրեակատարողականում` ոչ։ Դա, գուցե, կապված է պայմանների հետ, չգիտեմ։ Համենայն դեպս, 15 տարի է, ինչ այստեղ եմ, նման բան չի եղել։
-Գոնե թույլ տալի՞ս են, որ տնից տոնական ուտեստներ ուղարկեն ձեզ։
-Այո։
-Հետաքրքիր է, անձամբ Դուք տոնական ի՞նչ խորտիկ եք սիրում։
-ՈՒտելու հետ ընդհանրապես այդքան էլ սեր չունեմ և տոնական խորտիկներից շատ ավելի գերադասում եմ բնական եղևնու հոտը...
-...Որ չեք շնչել արդեն տասնհինգ տարի։ Էլի տխուր է։
-Տխուր է։
-Ձեր և Ձեր բախտակիցների համար Ձմեռ պապից ի՞նչ կխնդրեիք։
-Տասնհինգ տարի այստեղ եմ, ոչ մի Նոր տարի Ձմեռ պապը չի այցելել մեզ, նվերներ էլ, բնականաբար, չի բերել։ Կուզենայի, որ 2009-ին մեր նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը հանձն առներ Ձմեռ պապի մարդասիրական առաքելությունն ու Նոր տարվա առթիվ մի մեծ նվեր «աներ» անազատության մեջ գտնվող բոլոր մարդկանց` համաներման տեսքով։
-Նաիրի Հունանյանի՞ն էլ։
-Չեմ ուզում խտրականություն դնել, քանի որ «նվերը» Ձմեռ պապի հետ է կապված։ Բացի այդ, ներել կարողանում են միայն ուժեղ մարդիկ, իսկ «Ձմեռ պապը» շատ ուժեղ մարդ է։ Հայտնի մի միտք կա. չկա այնպիսի արարք, որ Աստված չկարողանա ներել։ Եթե որևէ մեկն իրեն Աստծուց վեր է դասում և պատրաստ չէ ներելու, կարծում եմ` աստվածահաճո գործ չէ։
-Եվ վերջին հարցը, պարոն Մնջոյան։ Ազատության մեջ ապրող հայերի՞ս ինչ ունեք ասելու նախատոնական այս օրը։
-Նախ` կմաղթեի, որ 2009-ին ոչ մի հայ սոցիալական լուրջ խնդիրներ չունենար։ Բոլորին երջանկություն եմ ցանկանում և ամենակարևորը` նոր հաղթանակներ թե՛ արցախյան, թե՛ Հայ դատի պաշտպանության ճակատներում։
-«Իրավունքը de facto»-ն էլ իր և իր ընթերցողների կողմից է շնորհավորում 40 ցմահ դատապարտվածների Ամանորն ու Սուրբ ծնունդը` մաղթելով ձեզ տոկունություն և անսասան հավատ` արդարության հաղթանակի հարցում։
-Ես բոլորին կփոխանցեմ այդ մաղթանքը, և քանի որ 40 ցմահ դատապարտվածների անունից եմ այսօր խոսում, կարծում եմ` իրավունք ունեմ նաև նրանց բարեմաղթանքը փոխանցելու հատկապես «Իրավունքը de facto»-ի խմբագրակազմին ու նրա ընթերցողներին։ Ամենալավն ու բարին ձեզ։ ՈՒզում ենք, որ ձեր թերթը լինի հավերժ, և Ձմեռ պապն էլ, համոզված ենք, մեր այս ցանկությունն անպատճառ կկատարի։
Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 4107

Մեկնաբանություններ