Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

ՉԳԻՏԵՄ ԷԼ` ՀԵ՞ՇՏ Է ՀԱՂԹԵԼ ԽԱՂԱՂ ԿՅԱՆՔՈՒՄ, ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԵԼ ԵՍ

ՉԳԻՏԵՄ ԷԼ` ՀԵ՞ՇՏ Է ՀԱՂԹԵԼ ԽԱՂԱՂ ԿՅԱՆՔՈՒՄ, ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԵԼ ԵՍ
05.02.2010 | 00:00

Մարտի 2-ին ԱՐԱ ԱՎԱԳՅԱՆԸ կդառնար 50 տարեկան:
Ընկերները նրան Արայիկ էին կոչում: Մականունը` «Գիժ», իր խառնվածքին ու մարտի դաշտում ցուցաբերած կռվելաոճին համահունչ: Սևակի` «Առանց գժվելու` չկա շահած մարտ» տողերն եմ հիշում… Կտրուկ, անսպասելի հարձակումներ: Խիզախություն, երբ վախը թաքնվում ու անտեսանելի է դառնում: Չնախատեսված, վտանգաշատ ու անթույլատրելի գործողություններ, որ մի արդարացում ունեն` նվիրում…
1989-ին մասնակցել է Շահումյանի շրջանի ինքնապաշտպանությանը: Ծանր վիրավորվել է գլխից, ենթարկվել պլաստիկ վիրահատության: Ապաքինվելուց հետո եղել է Վարդենիսի, Նոյեմբերյանի, կրկին Շահումյանի պաշտպանության դիրքերում: Միանալով պարտիզանական ջոկատներին` մասնակցել է Գյուլիստան գյուղի գրավմանը, Շուշիի, Ասկերանի, Ֆիզուլիի, Սրխավենդի, Քոլատակի, Բաշ-Գյունափայի, Հադրութի, Մարտակերտի մարտերին ու ազատագրմանը: 1994-ին նշանակվել է գծային հրամանատար: Մասնակցել է Մատաղիսի ազատագրմանը, որի բարձունքի դիրքերը կոչվում են իր անունով` «Գժի» պոստեր: Չայլուի մարտերի ժամանակ, մարտական առաջադրանք կատարելիս, 1994-ի ապրիլի 25-ին կրկին ծանր վիրավորվել է, բայց այս անգամ էլ մինչև վերջ մարտնչելու հաստատակամությունը չի լքել նրան:
«Կռվել եմ միշտ առաջին գծում, դրա համար էլ կենդանի եմ մնացել»,- ասում էր նա ժպտալով։
Մարտերում աչքի ընկնելու համար Արա Ավագյանը պարգևատրվել է ՀՀ, ԼՂՀ «Արիության համար», Մարշալ Բաղրամյանի անվան, ինչպես նաև «Հայաստանի երկրապահ», «Շուշիի ազատագրման համար» մեդալներով:
Նրա մասին բազմիցս գրվել է թերթերում, ազատամարտին նվիրված գրքերում: Նկարահանվել է փաստավավերագրական ֆիլմերում` «Մահվանից առաջ ու հետո», «Պատերազմի երեխաները», «Այրվող լեռներ»։ Նա չի խաղում այդ ֆիլմերում, պարզապես ապրում է, ապրում իր ապրածը, իր տեսածը… Բացառիկ կերպար է` գեղեցիկ արտաքինով, բարեկիրթ պահվածքով ու խենթ էությամբ:

«ԱՌԱՆՑ ԳԺՎԵԼՈՒ` ՉԿԱ ՇԱՀԱԾ ՄԱՐՏ»
Մոտենում էր մայիսը: 2006-ն էր: Ակնարկ պիտի գրեի Հայրենական պատերազմի և Շուշիի ազատագրման մասին: Առաջին հանձնարարությունս էր: Ոգևորված էի ու շփոթված: Հայրենական պատերազմի վետերանի հետ հանդիպումը կայացավ: Մնում էր Շուշին: Մեր օրերի մասին էր, բայց քիչ բան գիտեի: Զանգեցի ԵԿՄ վարչություն, տվեցին Արա Ավագյանի հեռախոսահամարն ու հասցեն, ասացին` առաջին կարգի հաշմանդամ է, ազատամարտիկ, մականունը` Գիժ: Արան փորձեց խույս տալ հանդիպումից, պատճառաբանելով, որ շատ են գրել իր մասին, հետո էլ ավելացրեց, որ հիվանդ է, մի քիչ ոտքի կանգնի` կհանդիպենք, հո չի՞ կարող ինձ պառկած դիմավորել: Երբ ասացի, որ Շուշիի ազատագրման, իրենց ջոկատի մասին պետք է պատմի, տեղի տվեց: Իբրև առաջին կարգի հաշմանդամ` նա ինձ շատ հրապուրիչ թվաց (գլխին ստացած ծանր հարվածը, վիրավոր ոտքերի ցավը նկատելի չէին): Խոսելու, պատմելու շատ բան ուներ: Չէր մոռացել սուրճն ու քաղցրավենիքը: ՈՒրիշ աշխարհ էր իմ առաջ բացվում: Հետաքրքիր էր, իհարկե, բայց հոդվածս, կարելի է ասել, «տապալվեց»: Ոչ մի հարցի չպատասխանեց, թեև դա իմ երբևէ արած ամենաերկար «հարցազրույցն» էր:
Ճանապարհին հասկացա, որ գրելու շատ բան կա:
Ծնվեց ակնարկը` «Առանց գժվելու` չկա շահած մարտ»: Խմբագիրը, սակայն, թեթև ձեռքով «կտրել էր» ամենակարևորը… Այդպես էլ ասաց Արան` իր հմայիչ ու հաշտ ժպիտով` միայն մարտական ուղին են թողել… Խնդրեց մակագրել ամսագիրը, հետո պահ տվեց իր «սրբություն սրբոցին»` գրադարակին: Տխրեցի, բայց գիտեի, որ գրածս չի կորչելու, որ դեռ շատ ավելին եմ ասելու: Նա դարձավ իմ լավագույն բարեկամը: Հաճախ էինք հանդիպում, զրուցում: Մի օր ասացի, որ ուզում եմ գրել իր կյանքի պատմությունը, համաձայնեց: Ես վախենում էի իմ սկսած գործից, բայց չգրել չէի կարող: Երբ խնդրում էի ծանոթանալ գրված հատվածներին, հրաժարվում էր: Ասում էր, երբ մի բան ավարտվում է, լավ չի, դու շարունակիր գրել… Օրերի հետ հասկացա, որ պատմությունս անավարտ է, շատ ավելին էր պետք ասել կամ ոչինչ հնարավոր չէր ասել: ՈՒղղակի տեսնել էր պետք Արային, ուղղակի լսել, ուղղակի ճանաչել: Ես հասկացա, որ պատերազմը կողքովս էր անցել, հասկացա` ինչու չեն ավարտվում պատերազմները, հասկացա, թե որքան գրքային ու անհավանական է իրական կյանքը, որքան կենդանի են նրանք, ովքեր մեզ հետ չեն, հասկացա, որ երբեմն ապրում ես ուրիշի չապրածը, ապրում ես, որովհետև ուրիշը չապրեց…
2009-ի դեկտեմբերի 30-ին Արան հրաժեշտ տվեց կյանքին, շտապեց միանալ Եռաբլուրում հավերժացած իր ընկերներին: Հիմա պատմությունս ավելի կենդանի է, քան իմ հերոսը, ու դա ցավ է պատճառում: Դարակումս պահված թղթերը տանջալիորեն լռում են: Աղմկոտ լռություն է: Չգիտեմ էլ` մի օր այդ թղթերը կպատմե՞ն Արայի մասին: Նա անավարտ պատմություն է, անավարտ պատերազմ, նա հերոս է, իրական հերոս:
Ստորև ներկայացնում եմ այն հատվածը, որ տարիներ առաջ դուրս էր մնացել իմ առաջին ակնարկից։
«ՆՐԱՆՔ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԵԾ ԼՌՈՒԹՅԱՄԲ»
Հիշողությունները չեն մեռնում: Պատերազմը չի մոռացվում: Ոչինչ չի մոռացվում: Պատերազմը այնքան խորհուրդ է ծնում, այնքան «կյանքեր» ու այնքան «մահեր»… Պատերազմում կորցնում ես, անընդհատ կորցնում: Գալիս է մի պահ, որ չես էլ հասկանում` ով ես... Կայի՞ր արդյոք մինչ պատերազմը ու լինելո՞ւ ես պատերազմից հետո: Մի մասնիկն ես դառնում քարի, բեկորի, ժայռի, հողի, հայրենիքիդ կամ… պատերազմի:
Մնում է չափսոսել արածների համար։
Մնում է չափսոսել և չարածների համար։
Հիշողության սարդոստայնը չընկնելու համար` կառչել փրկարար ներկայից:
Անցյալի դարպասները շատ ծանր են: Երբեմն չես հասցնում անցնել, ու ճզմում են քեզ: Մնում ես երկու դռների արանքում: Ո՛չ առաջ, ո՛չ հետ: Իսկ ինչպե՞ս ապրել, երբ…
Ժամանակն անհաջող փորձեր է անում` ծածկելու անցյալը։
Անցյալով են ներծծված ներկան ու ապագան։
Երբ անցյալում թողել ես արյունոտ մարտեր, մարտնչում, նահանջ ու էլի մարտնչում։
Երբ անցյալին ես թողել ամեն, ամեն ինչ, իսկ ներկան մնացել է ձեռնունայն…
Երբ քայլում ես մայր հողի վրա այն գիտակցումով, որ փրկել ես թեկուզ մի կտոր հող, քո բաժին հողը, որ շուրջդ ապրող մարդիկ վայելեն խաղաղ կյանքն ու ազատությունը և անցնեն` անգամ չնկատելով քեզ։
Երբ ամաչում ես ձեռնափայտից, որի օգնությամբ քայլում ես… երբ մարմինդ տնքում է ցավից ու վերքերից, իսկ դու նույնիսկ չես տալիս ներկային քո տրտունջը… հասկանում ես, որ պիտի ամաչեն նրանք, ովքեր անցնում են զինվորի կողքով` առանց գլուխ խոնարհելու, չգիտակցելով, որ դու Նա ես, Նա` հազարավորներից մեկը…
Նրանց մեջ ապրում է Մեծ նպատակը…
Նրանք խոսում են Մեծ լռությամբ…
Նրանք ապրում են իբրև հերոսներ, անմահ հերոսներ…
Նրանք ապրում են` մեռնող տիեզերքը տեսնելով ափի մեջ, մեռնող ընկերոջ փակվող աչքերը սեփական աչքերում։ Ապրում են` պատերազմը սրտի, մտքի, մարմնի ամեն մի ծալքում հավերժորեն դրոշմված։
Պատերազմները չեն ավարտվում: Հաղթանակները` նույնպես: Անմար գույներով ներկում են էջերը պատմության: ՆՐԱՆՔ կենդանի վկաներն են այդ էջերի:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ.- Ես ռեժիսոր չեմ, բայց աչքերիս առաջ մի տեսարան է անվերջ պատկերվում: Գիշերային Երևանի փողոցներով անցնում են մեքենաները` շքեղ, հարմարավետ, արագընթաց: Խաղաղ ու մութ փողոցները դատարկվում են, կենտրոնում մնում է կանգնած Արան` հենված ձեռնափայտին: Հատուկենտ գիշերային լապտերներ են լուսավորում շրջակայքը: Քաղաքը քնած է։

Դիտվել է՝ 2955

Մեկնաբանություններ