ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կորսված կյանքիս օրագիրը

Կորսված կյանքիս օրագիրը
20.10.2024 | 06:55

(սկիզբը`այստեղ)

ԱՐԴՅՈՔ ԹՈՒ՞ՐՔ ԵՆՔ ՄԵՆՔ

Վերջին տարիներին հաճախ են գրում և խոսում թուրքերի՝ հայերին կոտորելու և նրանց՝ իրենց երկրից վտարելու մասին։ Որոշ պետություններ հաստատում են, որ թուրքերը 1915 թվին հայերին կոտորել են, և այդ կոտորածն էլ գենոցիդ են անվանում։

Ես գրագետ մարդ եմ, բայց քաղաքական գիտելիքներս այնքան չեն, որ միանգամից հասկանայի, թե ինչ է նշանակում «Գենոցիդ»,և թե ինչու Թուրքիայի պետության ղեկավարները դեմ են հենց գենոցի՛դ բառին։ Նրանք և պատմաբանները չեն ժխտում, որ թուրքերի և հայերի միջև եղել են զինված ընդհարումներ, բայց ասում են, որ իբրև հայերն են կոտորել թուրքերին, իսկ թուրքերը պաշտպանել են իրենց հայրենիքը։ Այդ դեպքերից 85 տարի է անցել և ականատեսների հազվադեպ կարելի է այսօր հանդիպել։ Օրինակ, ես 88 տարեկան եմ և դժվարանում եմ հաստատ ասել, թե այն, ինչ աղոտ մնացել է իմ մանկական հիշողության մեջ, հայերի կոտործաների՞ն է վերաբերում։ Ճիշտն ասած՝ վերջին տարիներին ինձ մի միտք հանգիստ չի տալիս։ Եթե իսկապես հայերն են թուրքերին կոտորել, ապա ինչու՞ են հայերը հեռացել իրենց տներից, գյուղերից ու քաղաքներից, կորցրել են հարստություն և ունեցվածք , դարձել են գաղթական և հայտնվել են օտարության մեջ, իսկ մենք՝ թուրքերս, որ իբրև կոտորածի ենք ենթարկվել հայերի կողմից, աճել, բազմացել ենք և հզորացրել ենք մեր պետությունը։ Այս հարցն անպատասխան էր մնացել ինձ համար մինչև այն օրը, երբ մեր փողոցում հանդիպեցի մի եվրոպացու, իսկ հետո իմացա, որ նա հայ է։
Դա մոտ մեկ տարի առաջ էր։ Մեր փողոցում՝ մեր տան մոտ, հանդիպեցի մի օտարականի, որը մոլորված շուրջն էր նայում ՝ ծանոթ բան տեսնելու հույսով։ Մոտեցա։ Տուրիստ էր Եվոպայից։ Մեր քաղաք ընդհանրապես տուրիստներ չեն գալիս, փոքր է, անշուք, տեսարժան ոչինչ չկա այստեղ։ Եվոպացուն հարցրեցի, թե ի՞նչ է փնտրում, ասաց, որ տաքսու վարորդը շեղվել է, և կորցրել են ճանապարհը։ Անձրևոտ, ցուրտ օր էր, ես նրան տուն հավիրեցի՝ մի բաժակ թեյ կամ սուրճ խմելու։ Նա, ասես զգուշանալով, ընդունեց հրավերս։ Հիսունն անց մարդ էր այդ տուրիստը և բավականին վարժ խոսում էր թուրքերեն։ Ասաց՝ ինքը ազգագրագետ-բանահավաք է և տարբեր ազգերի հետաքրքիր պատմություններ, հեքիաթներ, երգեր է հավաքում, ձայնագրում, եկել է Թուրքիա՝ թուրքերեն ազգային երգեր, հեքիաթներ ձայնագրելու, և եթե ես որևէ երգ երգեմ, կամ հեքիաթ պատմեմ, ինքը գրի կառնի։ Ես երկու երգ երգեցի, որոնք շրջապատի թուրքերը չեն երգում։ Եվրոպացին ձայնագրեց դրանք և հարցրեց, թե ումի՞ց եմ սովորել այդ երգերը։ Ասացի՝ եղբորիցս, այն էլ վաղ մանկությանս տարիներին։ Ես և եղբայրս հազվադեպ էիք հանդիպում իրար․ նա աշխատում և ապրում էր մի քրդի տանը։

Տուրիստը հարցրեց, թե կարո՞ղ է եղբորս հետ հանդիպել։ Ութ տարի առաջ էր եղբայրս մահացել։

Նա շատ ափսոսաց։

Այդ պահին ես որոշեցի հյուրիս ցույց տալ եղբորս տված գիրքը։

Մահից առաջ եղբայրս բոլորից թաքուն մի կաշեկազմ գիրք տվեց ինձ՝ ոսկեգույն մետաքսե կտորով փաթաթած և ասաց․

-Մինչև հիմա ես եմ պահել այս գիրքը, իմ մահից հետո դու պահի՛ր, և երբ կիմանաս,թե ինչ լեզվով է գրված այս գիրքը, կիմանաս, թե ով ենք եղել մենք։

Այդ օրվանից պատահաբար մեր քաղաքում հայտնված տարբեր ազգի մարդկանց եմ ցույց տվել, բայց ոչ ոք չի կարողացել կարդալ։Ահա այդ գիրքը ես ցույց տվեցի հյուրիս։ Նա ուշադիր զննեց գրքի մաշված կաշվե կազմը, բացեց առաջին էջը, ակնոցը դրեց աչքերին և սկսեց էջ առ էջ ուշադիր նայել․ինձ թվաց, թե փորձում է կարդալ։

Երբ բացեց վերջին էջերը, որ գրքի համեմատ գրված էին անվարժ ձեռագրով, նա ավելի ուշադիր սկսեց նայել , ինձ թվաց, որ նա հաստատ կարդում էր։

Բայց անսպասելի փակեց գիրքը և ասաց, որ իրեն անծանոթ լեզու է, և հարցրեց, թե ինչպե՞ս է այդ գիրքն ինձ մոտ հայտնվել և ինձ առաջարկեց վաճառել։

Ես պատմեցի նրան և ափսոսացի, որ դարձյալ չպարզվեց գրքի լեզուն։

Եվ այդ ժամանակ եվրոպացին հազիվ լսելի ձայնով ասած, որ գիրքը հայերեն Սուրբ Գիրք է՝ գրված 17-րդ դարում, որ գրքի վերջում դպրոցական ձեռագրով գրված «Հիշատակարանը» գրել է եղբայրս մեր ընտանիքի պատմությունը։

Եվրոպացի այդ հայից իմացա, որ մենք հայ ենք եղել , որ ծնողներս ապրել են Վան քաղաքում, հայրս ուսուցիչ է եղել, սովորել է Էջմիածնի հոգևոր ճեմարանում, մայրս եվրոպական կրթություն ստացած հայ մտավորականի աղջիկ է եղել՝ նույնպես պատշաճ կրթությամբ։ Մենք վեց երեխա ենք եղել՝ չորս տղա և երկու աղջիկ, Վարդանը՝ կրտսեր եղբայրս, երեք տարեկան է։

Մեր ավագ եղբայրը՝ Վահագնը, սովորել է Ստամբուլի համալսարանում, մյուս եղբայրներս, քույրս և ես սովորում էինք Վանի դպրոցում։

Ժամանակին պապս՝ հորս հայրը, Վանում ուներ երկհարկանի տուն, մեծ այգի, ձկնորսական նավ և երկու խանութ։ Բայց մի գիշեր թուրքերը և քրդերը թալանել են հայերի խանութները, հետո հրդեհել են, վառել են նաև հայերի նավերը։

Հրդեհը տարածվել է հայկական թաղերում։ Շատ հայերի պես մեր պապն էլ է սնանկանում, հոգեկան ցնցումից հիվանդանում է ու մահանում։

Հայրս մեծ ընտանիքը պահելու համար շարունակում է պապիս գործը, բայց փոքր չափերով։
1914 թվի պատերազմի հենց առաջին տարում եղբորս Ստամբուլում զորակոչում են բանակ։

Հաջորդ տարի զորակոչում են մեր քաղաքի գրեթե բոլոր հասուն տարիքի հայ տղամարդկանց, նրանց հետ էլ հայրիկիս։

1915 թվի մարտին թուրքական զորագնդերը հարձակվեցին Վանի վրա՝ համոզված լինելով, որ դիմադրություն չի լինի հայերի կողմից։ Բայց վանեցիներն ամրանում են իրենց թաղերում և հակահարված են տալիս։ Ավագ եղբայրս՝ Վահանը, որ զորակոչվել էր թուրքական բանակ, զոհվել էր: Վանի պաշտպանության ճակատում կռվող մյուս եղբայրս՝ Մանուկը, զոհվել էր դիրքերում՝ թուրքական բանակի հրետակոծություններից: Հայրս նամակ չէր գրում, մենք լուր չունեինք նրանից։ Մայրս, երբ իմացավ եղբայրներիս զոհվելու լուրը, ողբում էր ամբողջ օրը, բայց հետո որոշում է գոնե մեզ փրկել։

Նա մեզ՝ երկու քույրերիս, երեքամյա եղբորս իմ օգնությամբ (ես 15 տարեկան էի, և կարող էի օգնել մայրիկիս) տեղափոխեց քաղաքից հեռու իր հայրական կալվածքը՝ մտածելով, որ այդտեղ ապահով կլինի, կրակի գծից հեռու կլինենք, որովհետև մեզ հասնող լուրերը հուսադրող էին․մեր ինքնապաշտպանական ուժերի դիմադրությունը կարող էր հաղթանակով ավարտվել։ Սակայն երբ թուրքական բանակը չգիտեմ՝ ինչու դադարեցրեց գրոհը հայկական թաղերի վրա, թուրքական զորքի ցաք ու ցրիվ հատվածները սկսեցին կոտորել փոքր գյուղերում մնացած հայերին և թալանել նրանց տները։
Երբ մայրս լսում է գյուղում ասկյարների կրակոցների ձայնը, ինձ ու փոքր եղբորս՝ Վարդանին, թաքցնում է մեր ցորենի ամբարում, իսկ ինքը քույրերիս հետ չգիտեմ՝ որտեղ է թաքնվում։

Մայրս ինձ խիստ պատվիրեց, որ ինչ էլ լինի, ամբարի փոսից դուրս չգանք, մինչև ամեն ինչ խաղաղվի։
Ամբարի մի անկյունում ես փոս փորեցի, մայրս մի քանի լավաշ և մի կուժ ջուր տվեց, և ես ու Վարդանը մտանք ցորենի շեղջի մեջ։ Մայրս ամբողջ ցորենը ծածկեց խսիրով, որպեսզի ամբար մտնող թուրքը կամ քուրդը չկռահեն, թե որտեղ ենք մենք թաքնված: Գյուղում շատ մոտիկից լսվում էին կրակոցի, լացի ու սարսափի ձայներ։ Ես և երեքամյա եղբայրս կծկվել էինք ցորենի մեջ և ձայն չէինք հանում։ Ես ուշադիր լսում էի մեր բակում ասկյարների խոսակցությունը․նրանք ամբարի դռանը չմոտեցան։ Ես սարսափած սպասում էի մորս և քույրերիս ձայնի:

Քիչ անց լսվեց ասկյարների ծիծաղի ձայնը, մի քանի կրակոց ․․․ և լռություն։

Ես ուզում էի դուրս գալ, բայց Վարդանը սարսափած գրկել էր ինձ և չէր թողնում, որ ես դուրս գնամ։

Ես մնացի ամբարում։

Մի քանի օր գյուղում լռություն էր՝ ո՛չ լացի ձայն կար, ո՛չ կրակոց։

Ես անհանգիստ էի մորս և քույրերիս համար։ Եղբայրս և ես ծարավել էինք: Մի քանի օր միայն ցորեն էինք ուտում։

Մենք ստիպված դուրս եկանք ամբարից և մտանք տուն, մայրս ու քույրերս այնտեղ չէին, ես մտա գոմ, հենց այդտեղ՝ մսուրի հետևը՝ խոտերի դիմաց, տեսա մորս և քույրերիս՝ ձեռքերը կապած, բերանները սրբիչ խցկած, անպատվված և սպանված, տունը՝ թալանված։

Ես մեծ դժվարությամբ, լացից խեղդվելով՝ կարողացա մեր այգու մեջ թաղել մորս և քույրերիս,Վարդանը լալիս էր ու գոռում ՝ «Մայրի՜կ,մի՛ գնա»․․․
Հրետակոծությունից հրդեհվել էին վանեցիների տները, և ծուխը տարածվել էր ամբողջ քաղաքում․այդ ծուխը հասնում էր մինչև մեր գյուղ։

Ես չգիտեի, որ դիմադրող վանեցիները և նրանց միացած մոտակա գյուղերի հայերը կարողացել էին գիշերով հեռանալ Վանից։ Իսկ մեր փոքրիկ գյուղում ոչ մի հայ չէր մնացել։

Ես և Վարդանը մնացինք մենակ և անօգնական․ես չգիտեի՝ ինչ անել, ուր գնալ։

Երկու օր հետո մեր բակ եկավ մի թուրք, տեսավ ամեն ինչ թալանված է, իսկ երբ մեզ տեսավ, հարձակվեց և ուզում էր սպանել մեզ։

Փոքրիկ Վարդանը սարսափից աղեկտուր լալիս էր ու չէր իջնում իմ գրկից:

Ես այդ թուրքին ցույց տվեցի մեր ցորենի ամբարը և աղաչեցի, որ նա մեզ չսպանի։

Թուրքն ամբարի ամբողջ ցորենը լցրեց սայլի մեջ, մեր խսիրներով ծածկեց ցորենը և ուզում էր իր հետ տանել միայն Վարդանին։ Եղբայրս լալիս էր ու լացից շունչը կտրվում էր, նա փաթաթվել էր ինձ, թուրքը չէր կարողանում նրան պոկել իմ գրկից։ Եղբորս և իմ աղեկտուր լացից թուրքը երևի խղճաց և երկուսիս էլ նստեցրեց սայլին և տարավ իր հետ։ Տանը նա ուներ չորս աղջիկ, եղբորս պահեցին իրենց համար իբրև որդի։

Մի քանի օր հետո այդ մարդն ինձ ուղարկեց քրդերի մոտ աշխատելու։
Այդ օրվանից մենք եղբորս հետ նույն տանը չենք ապրել։

Մի քանի ամիս հետո, երբ ես գնացի եղբորս տեսության, նա ինձ դժվարությամբ հիշեց։ Ինձ առհասարակ արգելում էին հանդիպել, շփվել եղբորս հետ, առավել ևս՝ հայերեն խոսել։ Բայց ես ամեն կերպ գոնե ամիսը մեկ անգամ փախչում -գնում էի եղբորս տեսնելու։

Իմ հայկական Վահե անունը փոխել էին, ինձ Վեհիբ էին ասում, փոխել էին նաև Վարդանի անունը․նրան Ալի էին ասում։

Ի տաբերություն ինձ, որ քրդերի տանը ես ծառայում էի, եղբայրս այդ տանը չորս աղջիկների հետ մեծանում էր որպես լիիրավ երեխա՝ կոչելով նրանց ծնողներին՝ հայր և մայր։

Եղբայրս և ես ամիսներով չէինք հանդիպում։

Վարդանը հաճախ մոռանում էր իմ գոյությունը, բայց ես առիթ էի փնտրում, որ առանձնանանք, որ ես գոնե թաքուն զրուցեմ նրա հետ։ Մենք այլևս չէինք կարող խոսել հայերեն, նախ՝ որ 3 տարեկան երեխան հեշտությամբ մոռացել էր հայերենը, և որ գլխավորն է՝ սպառնացին ինձ, որ չեմ տեսնի եղբորս, եթե հայերեն մի բառ անգամ ասեմ։
Երեք տարի անց ես ամուսնացա քրդի տանը ապրող 16-ամյա մի որբ հայ աղջկա հետ։ Քուրդը երկու ձեռք անկողին, և մի քանի պղինձ, պուլիկ ու թաս օժիտ տվեց և ես եկա ապրելու այն գյուղում․ որտեղ ապրում էր եղբայրս»։

Իմ սիրելի՛ զավակներ, սա ձեր հարազատ հորեղբոր՝ Վահեի գրած հուշագիրն է, որ նա գրել էր Սուրբ գրքի վերջին էջերին, որի շնորհիվ ես իմացա իմ հայ լինելը, դուք էլ իմացաք ձեր հայ լինելը։ Հիմա ես գրում եմ իմ կենսագրության այն տարիների մասին, որ դուք չգիտեք։
Երբ դարձա 10 տարեկան, այդ թուրք հայրս ինձ տարավ մեդրեսե։ Ես լավ էի սովորում, և այդ հայրս մեծ հույսեր էր կապում ինձ հետ և հաճախ էր ասում․

«Սրանց ցեղը ուսում սիրող է»։

Ես այն ժամանակ չէի հասկանում այդ խոսքերի իմաստը։

Մեդրեսեն ավարտելուց հետո, թուրք հորս խորհրդով գնացի սովորելու հոգևոր դպրոցում։

Ավարտելուց հետո վերադարձա մեր քաղաք և հիմնեցի տարրական դպրոց, միաժամանակ գնում էի նաև ջամի և օգնում էի ծեր մոլլային։

Նրա մահից հետո ես դարձա մեր քաղաքի հոգևոր առաջնորդը։ Մի քանի տարի հետո էլ ես ամուսնացա մեր քաղաքի ամենագեղեցիկ աջկա հետ։

Տարիներ անց միայն իմացա, որ նրան այդ թուրք ընտանիքը գաղթի ճանապարհին խլել էր հայ մորից։

Ես հիմա եմ հասկանում, որ և՛ եղբորս կինը, և՛ իմ կինը հայ են եղել․ ուրեմն մեր զավակները զտարյուն հայ են»։



Մուսլիմը մի պահ ընդհատեց ընթերցումը։
-Վարդա՛ն, իմ եղբա՛յր, անկեղծորեն ասած՝ բոլորս ցնցված էինք․մեր հայրը՝ իսլամի նախանձախնդիր հետևորդն ու մեր քաղաքի հոգևոր առաջնորդը, իր հուշերում գրում է, որ ինքը ծագումով հայ է։

Հայ է եղել նաև մեր մայրը։

Այս փաստը մեզ նախ՝ թյուրիմացություն թվաց, բայց երբ խորացանք հորս գրառումների մանրամասների մեջ, բոլորիս պատեց սարսափը․չէ՞ որ մեր շրջապատում մեզ որպես թուրք են ճանաչում։

Մենք՝ չորս եղբայրներս, ապրում և աշխատում ենք մայրաքաղաքում և բարձր պաշտոններ ենք զբաղեցնում, ունենք լայն շրջապատ, և հանկարծ՝ մենք հայ ենք։ Սա ինչ դաժան ժառանգություն է կտակել մեզ մեր հայրը։

Եվ մենք որոշեցինք լռել և ոչինչ չասել մեր ընտանիքներին։ Բայց թաքստոցից գտնված Սուրբ Գիրքը և հորս պատգամը․

«Չոչնչացնեք այդ գիրքը, այդ գիրքը իմ և ձեր հոգիների փրկության երաշխավորը կդառնա․․․», հասկացանք, որ եթե մենք լռենք ու անտեսենք մեր հայ լինելը, մենք կոտնահարենք մեր ծնողների հիշատակը, որոնք մեղավոր չեն, որ հայ են ծնվել, բայց հալածվել են դրա համար: Մենք հասկացանք, որ ժամանակները շատ արագ են փոխվում, և մենք, սիրելի՛ Վարդան, որոշեցինք գտնել քեզ, հանդիպել քեզ հետ, ապա հորս «Օրագրի» հրատարակումով արձագանքել մեր հասարակության մեջ բույն դրած ինքնության փնտրտուքին։ Այո՛, ճիշտ է ասված՝ արյունը ջուր չի դառնում․․․․Եվ մենք մեր արյան ձայնին և մեր հոր կոչին անսալով՝ դիմում ենք նրանց, ովքեր գիտեն, որ իրենք բռնությամբ թրքացված և քրդացված հայի-համշենլուի, հույնի, ասորու , այլ ազգի զավակներ են։

Մուսլիմը շարունակեց կարդալ․
«Կոտորածներից հրաշքով փրկված հազարավոր հայ երեխաներ, թուրքերի և քրդերի ընտանիքներում ապրելով, բնականաբար, մոռացել են և՛ իրենց լեզուն, և՛ անունն ու ծագումը, և՛ կրոնը։ Եվրոպացի տուրիստի շնորհիվ այդ օրը ես ոչ միայն իմ ընտանիքի պատմությունն իմացա,այլև հայերի և թուրքերի պատմությունն իմացա, իմացա նրանց դարավոր թշնամանքի մասին։ Երբ տուրիստը կարդաց մեր ընտանիքի պատմությունը, և ես պատմեցի իմ հետագա կենսագրությունը, տուրիստն էլ պատմեց իր ընտանիքի պատմությունը։ Նա նույնպես հայ էր և Թուրքիա էր եկել հոր ծննդավայր գյուղը գտնելու։

Կոտորածի ժամանակ նրա հայրը 18 տարեկան է եղել։

Նրա աչքի առաջ անպատվել են մորը, քույրերին ու եղբորը, հետո սպանել նրանց։

Թալանել էին տունը և վառել, իսկ իրեն, ոտ ու ձեռը կապած,թողել-հեռացել են։ Մի ամբողջ օր նա ձեռքերի կապը պատերին քսելով մաշել էր, հետո տան բակում թաղել էր հարազատներին և գիշերը հեռացել գյուղից։ Ճանապարհին ամենուրեք հանդիպել էր թալանված, ավերված հայկական գյուղերի և սպանված հայերի դիակների։ Ցերեկը տեղաշարժվելը վտանգավոր է եղել, և նա թաքնվել է անտեր տներում։ Մի օր էլ հանդիպել է տեղահանվող հայերի քարավանների, որոնց քշում էին Սիրիայի անապատներ։

Ճանապարհին թուրքերն ու քրդերը մինչև հինգ տարեկան երեխաներին խլում էին մայրերից ու տանում։ Դրանք հարյուրավոր, հազարավոր երեխաներ էին։ Մեծ դժվարություններից հետո երիտասարդը գնում է Եվրոպա, աշխատանք է գտնում, ամուսնանում է մի գաղթական հայի դստեր հետ։Ստեղծում է իր ընտանիքը,աշխատում է, թվում է, թե խաղաղ ու ապահով է ապրել, բայց ներքին մի անբավարարություն է ունեցել,և միշտ ասել է․

«Սա հյուրանոց է, սա իմ տունը չէ․․․ »:

Բայց և մինչև կյանքի վերջ չի կարողացել մոռանալ հայերի այդ սոսկալի կոտորածն ու տեղահանությունը և միշտ նույն հարցն է կրկնել․

«Ինչու՞ թուրքերը դա արեցին․․․»։

Երբ տուրիստը վերջացրեց իր պատմությունը, ես տեսա, որ երկուսս էլ լալիս ենք։
Այո՛, մենք նույն ծառի պտուղներն էինք, բայց դաժան ճակատագրի բերումով հեռացել էինք իրարից և օտարացել: Ես լալիս էի զոհված հայ ծնողներիս, եղբայրներիս, քույրերիս, մեր ավերված ու թալանված տան համար։ Լալիս էի այն եղբորս համար, որ իր ամբողջ կյանքում, արյունանծոր վերքի նման, իր կյանքը վտանգելով, չգիտեմ, թե ինչ հնարքներով պահել- պահպանել է մեր ընտանիքի լինելության այդ վկայականը՝ Սուրբ Գիրքը։

Լալիս էի ինձ համար, որ հաճախ մոռանում էի նրա գոյությունն անգամ, չէի հասկանում նրա տխրությունը, իսկ հանդիպելիս ինձ օտարի պես էի պահում և ինձ նրանից միշտ բարձր էի դասում․․․Լալիս էի որդիներիս ու թոռներիս համար, որ իրենց թուրք են համարում և հպարտ են դրա համար»։
Այս վերջին խոսքերը կարդալիս Մուսլիմի դեմքը մռայլվեց․․․
«Լալիս էի այս Սուրբ Գրքի համար, որ այսքան տարի մնացել էր չընթերցված․․․և դարձյալ լալիս էի ինձ համար, որ ճակատագրի հեգնանքով ողջ կյանքում եղել եմ մեր քաղաքի մոլլան։
Հայ ճամփորդը, որի անունը նույնպես Վարդան էր, խնդրեց, որ գիրքն իրեն վաճառեմ․նա համոզված էր, որ դժվար կլինի ինձ իմ հայ լինելու մասին պատմել որդիներիս ու թոռներիս․․․
Այո՛, ծանր կլինի, բայց ես գիրքը չվաճառեցի։ Իմ սիրելի՛ որդիներ, ես մի օր ուժ կգտնեմ և կպատմեմ ձեզ այս ամենի մասին, գուցե դա իմ մահից առաջ կլինի։ Բայց մինչ այդ, իմ սիրելի՛ զավակներ, ես որոշեցի գրել՝ որպես նամակ ու պատգամ իմ զավակներին և թոռներին, որ այն մնա՝ որպես մեր գերդաստանի պատմություն․․․

***
Իմ սիրելի՛ որդիներ, ես ուժ չունեցա պատմելու ձեզ այս բոլորը։ Ներո՛ղ եղեք ծերուկիս, սիրտս շատ է բարակել, եթե ձեր մայրը ողջ լիներ, նա ինձ ուժ կտար, որովհետև նա հիշում էր իր հայ լինելը, բայց թաքցնում էր անգամ ինձից․․․Ներո՛ղ եղեք։ Գուցե իմ կենսագրությունը, որը նաև ձերն է, ձեզ ճակատագրական ծանր փորձանք թվա։ Հասկանում եմ ձեզ․բարձր պաշտոններ ունեք, դա ձեզ կխանգարի կյանքում,ահա թե ինչու իմ մտորումների այս ձեռագիրը թողնում եմ ձեր հայեցողությանը․․․Գիտեմ, որ իմ մահից հետո շուտ չեք գտնի «Օրագիրս» և Սուրբ Գիրքը։

Ես չեմ պարտադրում, որ դուք այս մասին ասեք ձեր ընտանիքներին, բայց և համոզված եմ, որ ժամանակները փոխվում են, փոխվում է նաև մարդկանց մտածողությունը․կգա ժամանակ, որ հայ լինելու վախը կվերանա մեր երկրում, և դուք էլ առանց երկյուղի կասեք, որ ձեր պապերն ու ծնողները հայ են, և դուք էլ հայ եք։

Իմացե՛ք, բոլոր ազգերը Ալլահի առաջ հավասար են, ինչպես որդիներն են հավասար ծնողի համար։ Իմ սիրելի՛ որդիներ, ես խնդրեցի հայ ճամփորդին իր հասցեն Եվրոպայում․սա նրա հասցեն է և անուն- ազգանունը, կարծում եմ՝ մի օր կուզեք հանդիպել նրա հետ․․․
Իմ սիրելի՛ զավակներ, հայերեն ձեռագիր գիրքը պահարանի հետևում՝ պատի մեջ փորված թաքստոցում է, խնդրում եմ, չոչնչացնեք․ այդ գիրքը իմ և ձեր հոգիների փրկության երաշխավորը կդառնա․․․
Սիրելի՛ զավակներս, իմ կյանքի փորձն ինձ անվերապահորեն հավատացնում է, որ աշխարհում ամենահզոր ուժը արյան կանչն է․լսե՛ք ձեր հոգու և արյան ձայնը․․․
Աստված ձեզ հետ»։

Մուսլիմը կարդաց-ավարտեց հոր Օրագրի գերմաներեն թարգմանությունը։ Վարդանը թեև առաջինն ինքն էր լսել պարոն Վարդանի պատմությունը և ընթերցել նրա եղբոր գրած իրենց
ընտանիքի պատմությունը հայերեն, սակայն նորից հուզվեց Մուսլիմի՝ հուզմունքից դողացող ձայնից, որը շատ նմար է պարոն Վարդանի ձայնին։

-Վարդա՛ն, արյունակի՛ց իմ եղբայր, եղբայներս խնդրեցին հաղորդել , որ հրավիում են քեզ հանդիպելու մեր հայրենիքում, դու ինքդ որոշիր՝ երբ կարող ես գալ, մենք կապահովենք քո ժամանումն ու հյուրանոցը։ Իմ լա՛վ եղբայր, նորհակալ եմ քեզ , շնորհակալ եմ նաև նախախնամությանը, որ մոլորեցրեց քեզ , և դու հայտնվեցիր մեր քաղաքում, հանդիպեցիր մեր հոր հետ և բացահայտեցիր նրա հայ լինելը։ Ցավում եմ, որ դա ավելի վաղ չի եղել, որ դու հանդիպեիր նաև մեր հորեղբորը․նա ավելի շատ բան կպատմեր քեզ, և ինքն էլ հոգով կհանգստանար, որ իր եղբայրը վերջապես իմացավ , որ հայ է․․․

Վարդա՛ն, ես կուզեմ մեր այս գրքի վերջում կոչ անել մեզ՝ մեր ազգային արմատներից բռնությամբ հեռացած Թուքիայի բոլոր քաղաքացիներիս․հիշենք և հարգենք մեր պապերի և ծնողների հիշատակը․նրանք ապրել են դաժան ժամանակներում․այսօր շատ բան է փոխվել աշխարհում․մարդն է փոխում իր շուրջն ամեն ինչ։ Մենք էլ կարող ենք փոխել մեր կյանքի ընթացքը, որը շեղել են անսիրտ ու անմիտ մարդիկ։ Մենք նույնպես չգիտեինք և վերջերս ենք բացահայտել մեր հայ լինելը, համոզված եմ, որ մեր երկրում կան նաև բռնությամբ թրքացած հույներ, ասորիներ, որոնք ապրում են ծպտված կամ գուցե վերջերս են իմացել իրենց ազգային ինքնության մասին՝ որոշ հանգամանքների բերումով։ Օգնենք մեկս մյուսին, որպեսզի ազատվենք մեր խաթարված հոգու ծանր բեռից․մենք պատասխանատու ենք Աստծո առաջ, պատմության առաջ և մեր ներկա ու գալիք սերունդների առաջ՝ բնության ամենազորեղ օենքներից մեկի՝ ՏԵՍԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔԻՆ հավատարիմ մնալու մեր պարտականությամբ․․․Միայն այս պարագայում ամեն ինչ կընթանա բնության անխաթար և կատարյալ ճանապարհով:

Մուսլիմի հետ հանդիպումը և զրույցը նրա հետ Վարդանին ասես ավելի մոտեցրին իր ժողովրդի անցյալին, որը լի է համազգային կորուստներով, այդ կորուստները ծանր կորուստներ են, որոնք ոչ միայն հայրենիքի և մեր ժողովրդի՝ թվում է՝ անդառնալի կորուստն է, այլև հայ լինելու հիշողության կորուստն է, որի վերականգնումը կվերադարձնի և՛ մեր հայրենիքը, և՛ հայ մնալու Աստվածատուր պարգևը:
Վարդանը վեր կացավ տեղից, մոտեցավ Մուսլիմին, մեկնեց ձեռքը և ամուր գրկեց նրան, ինչպես կգրկեր գերությունից ազատված հարազատ եղբորը:
Մուսլիմն արտասվում էր․․․

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
1998-2024 թթ․

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ