«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Ասում են` Եվրոպայում եկեղեցիների տանիքում սրճարան են կառուցում. մեր մշակույթին, մեր հավատքին դա հարիր չէ»

«Ասում են` Եվրոպայում եկեղեցիների տանիքում սրճարան են կառուցում. մեր մշակույթին, մեր հավատքին դա հարիր չէ»
11.09.2012 | 02:36

Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղում սկսվել են Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու (4-6-րդ դարեր) հիմնավերականգնման աշխատանքները:
Նախագիծն իրականացվում է «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջոցներով, մշակույթի նախարարության նախագծերով ու վերահսկումով, Հայ առաքելական եկեղեցու համաձայնությամբ:
Առաջին անգամ եկեղեցին վերականգնվում է պետության, Հայ առաքելական եկեղեցու և մասնավոր ձեռներեցության համագործակցությամբ:
Վերականգնումը կատարում է «ԼևԳուկ» մասնագիտացված շինարարական ընկերությունը, խորհրդատվության համար կհրավիրվեն իտալացի ճարտարապետներ և ճարտարագետներ:
Վանքը 3 տարում հիմնավերականգնելու համար ծախսվելու է 320 միլիոն դրամ:
Նշենք, որ հիմնադրամը ստեղծվել է այժմ Ռուսաստանում բնակվող գործարար, ծագումով օձնեցի Մովսես Ձավարյանի նախաձեռնությամբ. Օձունի եկեղեցու վերանորոգումը նրա մանկության երազանքն է եղել:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սարգսյանը եկեղեցու շինարարության մեկնարկին մատաղ մատուցեց, որին ինքը` մեծ արտիստը, չկարողացավ ներկա լինել առողջական խնդիրների պատճառով: Մատաղի ճաշակմանը մասնակից դարձան նաև Իտալիայից ժամանած զբոսաշրջիկները: Գործարար Նիկոլա Նարդելին ասաց, որ ծանոթացել են մատաղի պատմությանը, հիացել են հայկական եկեղեցու բարձրաքանդակներով: Ի դեպ, նույն օրը վերականգնվող եկեղեցում նաև հարսանյաց արարողություն էր:
«Մեր եկեղեցիները կառուցվել են սկսած 4-րդ դարից, դրանցից շատերը բնական և արհեստական աղետներից քանդվել կամ կործանվել են: Կանգուն մնացածների մի մասը պարբերաբար վերանորոգվել է, մի մասը մատնվել դիտավորյալ անուշադրության կամ ոչնչացման, մանավանդ խորհրդային ժամանակահատվածում: Այն եկեղեցիները, որոնք չեն ծառայել որպես պահեստներ, հայտնվել են ավելի վատթար վիճակում: Ի դեպ, Հայաստանի իշխանություններին եկեղեցիները որպես պահեստ օգտագործելու գաղափարը հուշել էր Անաստաս Միկոյանը»,- ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն, գրող, հրապարակախոս ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆԸ: Նրա կարծիքով` եկեղեցին պետք է ընկալել ոչ միայն որպես հուշարձան, այլև իբրև Տիրոջ և մեր հավատի տուն: Հիմնադրամի գործադիր տնօրենը, այնուամենայնիվ, նշեց, որ մեր եկեղեցիներն այսօր անտեսված չեն. պարզապես, հուշարձանների վերանորոգման նպատակով պետությունը տարեկան տրամադրում է 200-250 միլիոն դրամ, որը շատ քիչ է: Գրանցված են 24 հազարից ավելի պատմական հուշարձաններ` եկեղեցիներ, կամուրջներ, ամրոցներ, խաչքարեր: Այս առիթով Վանուշ Շերմազանյանը հավելեց, որ պատմամշակութային արժեքների վերականգնման գործում մեծ է մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի դերը:
Օձունի եկեղեցին 1600 տարվա պատմություն ունի, երբեք չի հիմնանորոգվել 19-րդ դարում տանիքն է փոխվել և կցակառույց երկու զանգակատուն է կառուցվել: Խորհրդային տարիներին որպես պահեստ են օգտագործել: Դեռևս այդ տարիներին այն դասվել է վթարային շինությունների շարքին:
Ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքներ. բարձրացվում են տախտակամածները, բերվում են շինանյութերը, հետազոտվում է հինավուրց վանքի հիմքը, ընթանում է քարատեսակների ընտրությունը, որոնցով կփոխարինվեն վնասված և հողմահարված քարերը:
Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր ՎՐԹԱՆԵՍ քահանա ԲԱՂԱԼՅԱՆԸ տեղեկացրեց, որ ընդամենը նորոգվելու են ծածկասալերը, երկրորդ փուլում արտաքին սյունաշարի կամարակապն է վերականգնվելու, որը 90-ականներին քանդվել է վերականգնման նպատակով: «Եկեղեցին վերջնական տեսքի բերելու համար նվիրատվություն անելու պատրաստակամություն են հայտնել նաև տեղի գյուղացիները: ՈՒզում ենք, որ շարունակվի հիմնադրամի գործունեությունը, հետագայում այդ գումարով վերանորոգվեն այլ եկեղեցիներ ու վանքեր»,- ասաց նա:
Երբեմն եկեղեցիների վերանորոգումն ուղեկցվում է կից ռեստորանային համալիրի կառուցմամբ: Նման վտանգից զերծ է Օձունը: Վանուշ Շերմազանյանը նկատեց, որ արդարանալու համար ասում են, թե Եվրոպայում եկեղեցիների տանիքում սրճարան են կառուցում: Նրա համոզմամբ, մեր մշակույթին, մեր հավատքին դա հարիր չէ:
Օձունի վանքից ուղևորվեցինք դեպի Արդվի գյուղ` Հովհան Օձնեցու դամբարան: Ճանապարհը դժվարանցանելի էր: Ճանապարհաշինության համար միջոցներ չկան, բացի այդ, հիմնադրամը բացառապես զբաղվում է պատմամշակութային կոթողների վերանորոգմամբ: Տեր Վրթանես քահանան կեսկատակ հավելեց, որ Հրանտ Մաթևոսյանը ժամանակին իրեն հյուր եկած ճանբաժնի ղեկավարին խնդրել էր չնորոգել գյուղ տանող ճանապարհը, որ քաղաքի վատ բարքերը մուտք չգործեն այնտեղ:
Նշենք, որ հիմնադրամի գործունեությունը զերծ չի մնացել չարախոսությունից: Լուրեր են պտտվում, թե կրկնվելու է Գանձասարի պատմությունը: Կազմակերպիչները հավաստիացնում են, որ պահպանվելու են անգամ պատերի ճաքերը, թեև խոռոչներում շաղախ է ներարկվելու: Նրանց խոսքով` վերականգնումը բարդ աշխատանք է, նուրբ մոտեցում է պահանջում, մանավանդ, երբ գործ ունես պատմական հոգևոր արժեքի հետ, և շինարարները դա գիտակցում են:
Օձունը համարվում է 1-ին դարի քրիստոնեական սրբավայր: Ավանդույթի համաձայն` 1-ին դարում Թովմաս առաքյալը եկել է Օձուն և եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների: Օձուն անունն էլ ստացել է հենց «օծել» բառից: Թովմաս առաքյալն իր հետ բերել է Քրիստոսի բարուրաշորը, որը թաղված է Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու խորանի տակ: Այս մասին 6-րդ դարի արձանագրություն է պահպանվել եկեղեցու հարավային դռան վերևում:
Եկեղեցու տեղում, դեռ 4-րդ դարում, Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ 3-րդ թագավորը կառուցել են միանավ-բազիլիկ, առանց գմբեթի մի եկեղեցի, որը 5-րդ դարում քանդվել է երկրաշարժից, և միայն հետո` 6-րդ դարում է կառուցվել ներկայիս եկեղեցին:
Օձունը հարուստ է պատմաճարտարապետական տարբեր հուշարձաններով, որոնցից ամեն մեկն ունի իր նախապատմությունը` լեգենդի կամ միանգամայն հավանական զրույցների տեսքով: Այստեղ ամեն օր գրեթե 100 զբոսաշրջիկ է այցելում: Շաբաթվա բոլոր օրերին Հայաստանի տարբեր վայրերից ուխտավորներ են ժամանում: Կիրակի օրը մատուցվող պատարագին մասնակցում են շուրջ 300 տեղացի հավատացյալներ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 10926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ