ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Նկարիչների միության պատմությունը` պետպատվերի շրջանակում

Նկարիչների միության պատմությունը` պետպատվերի շրջանակում
28.05.2012 | 05:05

Լույս է ընծայվել «Հայաստանի նկարիչների միության պատմությունը անկախության 20-տարիներին» գիրքը` պետպատվերի շրջանակում: Այն ներկայացնում է հանրապետության ամենախոշոր ստեղծագործական միության գործունեությունը 1991-2011 թվականներին: Այստեղ փաստերի և դեպքերի նկարագրությամբ ներկայացված են ինչպես կորուստներն ու բացթողումները, այնպես էլ ձեռքբերումներն ու նվաճումները:
Այս ուշագրավ պատմությունը համահունչ է նորանկախ հանրապետության պատմությանը: 1991-ից սկսվում է ՀՆՄ գույքի ապօրինի օտարումը, անհայտ հանգամանքերում մասնավորեցվում են ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Խորհրդային Միությունում հռչակված գեղարվեստի խանութ-սրահները, անհավանական խարդավանքներից հետո վաճառվում է «Մոսկվա» կինոթատրոնի և նկարիչների միության միջև գտնվող նորակառույց շինությունը, որ միության սեփականությունն էր և ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում էապես կնպաստեր նկարիչների միության բնականոն գործունեությանը: 1995-ին հսկա շինության դիմաց նկարիչները չեն ստանում ոչինչ: Ժամանակ անց օտարվում է մայրաքաղաքային նշանավոր բոհեմ-կենտրոններից մեկը` «Նկարիչ» սրճարանը:
Պետք է նշել, որ յուրաքանչյուր ստեղծագործական միության գույքը նրա անդամների սեփականությունն է և ենթակա է օտարման կամ վաճառքի միայն նրանց համաձայնությամբ՝ արտահերթ համագումարում կամ ընդհանուր ժողովում: 1991-1998-ին, երբ ՀՆՄ-ն ղեկավարում էին Արա Շիրազը, այնուհետև Պողոս Հայթայանը, Հայաստանի նկարիչների միությունը, ըստ էության, հայտնվել էր ինքնալուծարման եզրին:

1998-ին գումարվում է միության 15-րդ համագումարը: Կերպարվեստի հայ վարպետների առջև գերխնդիր էր ծառացած` փրկել միությունը հետագա աղետալի գործընթացներից, ի մի գալ և սկսել կառուցողական գործընթացներ:
Տասը առաջադրված թեկնածուների ցանկում նկարիչները նախընտրում են Կարեն Աղամյանին ու նրան պատգամում վերականգնել միության հեղինակությունը:
Աղամյանին և նրա թիմին (ՀՆՄ փոխնախագահ՝ Կարապետ Փաշյան, քարտուղարներ` Մարտին Տոնոյան, Արմեն Սավայան, Խաչատուր Ազիզյան և Գագիկ Ղազարյան) հաջողվում է նախ արվեստասեր հանրությանն ու նկարիչներին վերադարձնել ՀՆՄ ցուցասրահներ, մեկը մյուսին են հաջորդում հանրապետական, թեմատիկ և անհատական ցուցահանդեսները: Զուգահեռաբար վերականգնվում են Սևանի և Ծաղկաձորի ստեղծագործական հանգստի տները:
Սակայն արդեն 2005-ին պարզվում է, որ միության ցուցասրահների մասնաշենքը փլուզման եզրին է, զգացնել են տալիս անցած ժամանակաշրջանի դառը հետևանքները (երկար տարիներ դահլիճները չէին ջեռուցվում, չէին ենթարկվում ընթացիկ նորոգման):
Սկսվում է նոր փուլ Հայաստանի նկարիչների միության կյանքում:
Կառուցվում են նոր, միջազգային նորմերին համապատասխան դահլիճներ: Տարեկան հնարավոր է դառնում 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերի ցուցասրահներում կազմակերպել 50-60 ցուցահանդես: Միության շքասրահում գործունեությունն է սկսում «Այվազովսկի» սրճարանը, անց են կացվում մրցանակաբաշխություններ, քննարկումներ, սիմպոզիումներ և պլեներներ: 2003-ից հրատարակվում է հայ իրականությունում նախադեպը չունեցող «Կերպարվեստ» մասնագիտական հանդեսը:
ՀՆՄ կազմավորման 70 և 75- ամյակների կապակցությամբ հրատարակվում են շքեղ տեղեկատու-պատկերագրքերը:

Այս և այլ ուշագրավ եղելություններ է ներկայացնում «Հայաստանի նկարիչների միության պատմությունը անկախության 20-տարիներին», որը շուտով կհայտնվի մայրաքաղաքի և հանրապետության գրադարաններում ու գրախանութներում:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ