ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթում

Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթում
27.05.2012 | 03:25

Հունիսի 6-ից 13-ը Երևանում անց է կացվելու Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 20 երկրից:
Այս մասին տեղեկանում ենք «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի մամուլի ծառայությունից:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է 2003-ից: 2007-ից մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն «ջութակ» մասնագիտության համար սահմանում է հետևյալ մրցանակները. 1-ին մրցանակ` 15.000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ, 2-րդ մրցանակ` 10.000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ, 3-րդ մրցանակ` 5.000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ: Եզրափակիչ փուլի մրցանակակիր չդարձած բոլոր մասնակիցները պարգևատրվելու են դիպլոմով և 2.000 ԱՄՆ դոլարով:
Երբ խոսքը մրցանակային մեծ ֆոնդի մասին է, չեն ուշանում չարախոսությունները, կասկածելի է թվում մրցույթի անաչառությունը:
«Իրատես de facto»-ի այս դիտարկմանը «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի մամուլի ծառայությունից պատասխանեցին հետևյալը. «Մրցույթը ֆինանսավորում են ՀՀ մշակույթի նախարարությունը, ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, և եթե համեմատենք արտասահմանյան երկրների մրցույթների բյուջեների հետ, կտեսնեք, որ այդքան էլ մեծ չէ: Կարևորը ոչ թե մրցանակային ֆոնդն է, այլ մրցույթի գաղափարը. Կոլումբիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՊՀ երկրների մասնակիցները կատարում են հայ դասական երաժշտության գլուխգործոցները և իրենց հերթին պրոպագանդում հայ դասական երաժշտությունը աշխարհում: Մեր համերգներին ներկա գտնվելով` կհամոզվեք, որ դասական երաժշտության մեծ հետաքրքրություն և պահանջարկ կա հենց երիտասարդների շրջանում: Դա է մեր հաղթանակը և՝ ոչ կասկածելի հաղթանակ»:
Նշենք, որ նախագիծը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի ու Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով և անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: Խորհրդի կազմում են Ռոբերտ Ամիրխանյանը, Ջոնաթան Ֆրիման-Էթվուդը, Ռեյնգարդ Ֆոն Գութզեյթը, Վալերի Գերգիևը, Ալեքսանդր Սոկոլովը, Ալեքսանդր Չայկովսկին, Միխայիլ Շվիդկոյը, Պավել Կոգանը, Էլիժբիետա և Քշիշտոֆ Պենդերեցկիները, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը, այլ նշանավոր անձինք:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ