ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Գերատեսչությունները աչք են փակում Փակ շուկայի հարցի վրա, քանի որ սեփականատերը Սամվել Ալեքսանյանն է

Գերատեսչությունները աչք են փակում Փակ շուկայի հարցի վրա, քանի որ սեփականատերը Սամվել Ալեքսանյանն է
14.05.2013 | 16:31

«Լավագույն հուշարձաններից մեկը, որը քաղաքի դեմքն է, ոչնչացվում է, իսկ մեր պայքարը որևիցե արդյունք չի տալիս, որովհետև չգիտեմ որտեղ է թաքնված գաղտնիքը: Բոլոր պետական գերատեսչությունները` քաղաքապետարան, մշակույթի նախարարություն, դատախազություն, բոլորը մեկ պատասխան նամակ են գրում, որ այո, կատարվել է այդպիսի բան, որ հուշարձանը քանդվել է, բայց սեփականատերն ասել է, որ կպահպանի նախկին տեսքը»,-այսօր լրագրողների հանդիպմանը անդրադառնալով Երևանի Փակ շուկայի թնջուկի շուրջ ծավալված խնդրին` իր մտահոգությունը հայտնեց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ ՄԻՆԱՍՅԱՆԸ:

Պայքարը, որն արդեն տևում է շուրջ երկու տարի, ոչ մի արդյունք չի տվել. «Թուլանում են ջանքերը` պահպանելու հանրային հուշարձանը: Օրը ցերեկով չպետք է թույլ տրվի նման բաներ իրականացվեն»,-կարծում է ճարտարապետը, ում խոսքով, ազգային հուշարձանների պահպանման խնդիրը պետության գործն է:
Նա տեղեկացրեց, որ մինչև ՀՀ նախագահին էլ դիմել են խնդրի կապակցությամբ` նամակ են հղել, բայց ոչինչ չի փոխվել: Ճարտարապետը փորձեց անգամ արդարացնել երկրի առաջին դեմքի նման վերաբերմունքը` նշելով, որ, իրենք հասկանում են, որ «չարժի ամեն հարցով նախագահին դիմել: Վերջիվերջո, նա էլ իր գործերն ունի ավելի կարևոր» (թեև ամենքս էլ հասկանում ենք , որ Փակ շուկայի հարցը մանրուք չէ, և պահանջում է հենց նախագահի միջամտությունը):
Նամակներ են ուղարկվել նաև ՀՀ դատախազություն և քաղաքապետարան, բայց պատասխանել են, որ շինարարական աշխատանքներում ոչ մի հանցակազմ չկա, շինությունը ունի նախագիծ, ըստ որի իրականացվում է շինարարությունը: Քաղաքապետարանն էլ հայտնել է, որ
խախտումների համար տուգանել են սեփականատիրոջը...և վերջ: Իսկ վերջինս` սեփականատերը, ինչպես պարզվում է, պատրաստվում է հուշարձան համարվող շինությունը վերածել խանութի. «Մի չտեսնաված հուշարձան, շատ բարձր կարգի, ճարտարապետների կողմից նախագծված` փոխարինում են մի սովորական խանութով, որը կարող է լինել ամեն տեղ: Սա արդեն որերորդ դեպքն է»,-հուսահատ ասաց Մ.Մինասյանը` ընդգծելով, որ իրականությանը չեն համապատասխանում նաև այն հակափաստարկները, թե Փակ շուկան գտնվում էր վթարային վիճակում, քանի որ նման վիճակում է գտնվում նաև բնակֆոնդի շուրջ 90 տոկոսը. ինչո՞ւ չեն քանդում:
Ըստ «Պետական կարիքների զոհ» ՀԿ-ի ուսումնասիրությունների, վերջին տասը տարում 29 պատմական հուշարձան է ոչնչացվել. «Օրենքով հնարավոր է արգելել այդ ապօրինի շինարարությունը, բայց գերատեսչությունները աչք են փակում, քանի որ սեփականատերը Սամվել Ալեքսանյանն է: Այսօր Ալեքսանյանը բոլորիս վրա ծիծաղում է, ասում`«թքած ունեմ ձեր օրենքի վրա»: Եթե այդպես պետք է աշխատի մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանը, ավելի լավ է այդպիսի նախարար չունենանք. կամ ինչի՞ համար է մշակույթի նախարարությունը` եթե նման դեպքերը չպիտի արգելի»,-վրդովված ասաց ՀԿ-ի նախագահ Սեդրակ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:
Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործով զբաղվող Կարո ԱՅՎԱԶՅԱՆ էլ նշեց, որ նախարարության առջև դրված բոլոր լիազորություններն ըստ պատշաճի իրականացվել են. «բազմիցս գրություններով դիմել ենք սեփականատիրոջը` դադարեցնելու շինարարությունը, նաև քաղաքապետարանն է պահանջել, դիմել ենք անգամ կառավարությանը, սակայն ապօրինի շինությունը մինչ օրս շարունակվում է, իսկ մենք շարունակում ենք անընդհատ դիմել»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ