ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Դունչ

Դունչ
22.06.2012 | 12:49

Դունչն ու հատկապես դնչիկը նույնպես շատ են գովերգվել բանաստեղծների ստեղծագործություններում, որքա՜ն գեղեցիկ դնչիկներ են նկարել նկարիչները:
Կխոսենք հայերեն «դունչ», «ունչ», «ընչացք» և «բեղ» բառերի մասին:
Այժմ տեսնենք, թե ինչ է նշանակում «դունչ» բառը:
Ըստ «Արմատականի»՝ «երեսի ցածր մասն է՝ քիթը, բերանը և ծնոտը միասին», ինչպես նաև «կզակ» բառի հոմանիշն է:
Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի»՝ դունչը «անասունների կզակն է, կնճիթը, քիթ-բերանը: Ինչպես նաև, անարգական առումով, մարդու քիթ ու բերանը»:
Ի՞նչ ծագում ունի այս բառը, արդյո՞ք հայերեն բառ է և կապ ունի՞, արդյոք, «ունչ», «ընչացք» բառերի հետ:
Իսկ ի՞նչ է նշանակում «ունչ» բառը: «Հայկազյան» բառարանն ունչ-ի համար տալիս է «շնչառության և հոտառության զգայարան, ռունգեր, քիթ և քթի ստորին մասը, որտեղ մազեր են աճում տղամարդկանց մոտ»: «Արմատական» և «Արդի հայերենի բացատրական» բառարանները որպես իմաստներից մեկը նշում են նաև «բեղեր» իմաստը:
«Դունչ» բառը Հր. Աճառյանը համարում է գավառական բառ: Այնուհետև գրում է, որ գավառական բարբառներում բառասկզբում գտնվող ը-ն ջնջվում է: Օրինակ՝ անկողին - ընկողին - կողինք, ընկույզ - կույզ - կուզ, ընդ ո՞ր - դոր, ինձի - ընձի - ձի, նույնիսկ՝ ընկեր - գեր և այլն:
Այս օրենքի համեմատ կարող ենք, ուրեմն, «դունչ» բառի ծագումն էլ ընդունել ընդ ունչ՝ «քթի տակի մասը»: Իսկ եթե ընդունենք «հետը» իմաստով, կլինի՝ «քիթն էլ հետը»:
Այսօր կարող ենք ասել, որ «ունչ» հայերեն բառի դիմաց մենք ունենք «բեղ» օտար բառը: ՈՒնչ-ից ծնվել է ընչացք-ը, որն ավելի երկար է և, ցավոք, քիչ գործածական: Երբեմն «ընչացք» բառի փոխարեն սխալմամբ ասում և գրում են «ընչանցք», կարծելով, թե խոսքը քթանցքերի մասին է: Ցավոք, այդպես էլ է պատահում: Սակայն, ամենայն հավանականությամբ, այժմ ունչ-ն էլ, ընչացք-ն էլ վերջնականապես դուրս կմղվեն բեղ-ի կողմից:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6531

Մեկնաբանություններ