ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

2012-ի նոբելյան անակնկալները

2012-ի նոբելյան անակնկալները
13.10.2012 | 12:41

2012-ի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եվրամիությանը` Եվրոպայում ժողովրդավարության զարգացման և երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրների միջև հաշտության հաստատման համար: Եվրոպական միությունը «ժողովուրդների եղբայրություն է», որ «օգնել է պատերազմի մեջ գտնվող մայրցամաքը դարձնել մայրցամաք, ուր երկար ժամանակ է` ծաղկում է խաղաղությունը»: Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը գտնում է, որ Եվրամիությանը շնորհված մրցանակը կակտիվացնի նրա անդամների պարտային ճգնաժամից դուրս գալու ջանքերը: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը խորապես շոյված է մրցանակից: Բացի այդ` 2012-ին լրացավ Եվրամիության 60 տարին: 1952 թ. ստեղծվեց ածուխի և պողպատի եվրոպական միավորումը, որի հիմքի վրա էլ հետագայում ձևավորվեց ԵՄ-ն: Միության հիմնադիր անդամներն էին Ֆրանսիան, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները և Լյուքսեմբուրգը: Միության նպատակը Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև պատերազմների կանխումն էր: Եվրամիությունն այսօր ունի 27 անդամ: Խաղաղության Նոբելյան մրցանակը` 10 միլիոն շվեդական կրոն (1.15 միլիոն եվրո) դեկտեմբերի 10-ին Օսլոյում կհանձնվի Եվրամիության ներկայացուցչին:

2012-ի գրականության Նոբելյան մրցանակը շնորհվեց չին գրող Մո Յանին` նրա «ստեղծագործություններում հալյուցինածին ռեալիզմով միաձուլված են ժողովրդական արվեստը, պատմությունն ու ժամանակակից կյանքը»: Մո Յանը Հոնկոնգի բաց համալսարանի բանասիրության պատվավոր դոկտոր է: Մո Յանը Գուան Մոյեի կեղծանունն է, որ թարգմանաբար նշանակում է` «Լռիր»: Չինաստանի սահմաններից դուրս Մո Յանը հայտնի է իբրև «Կարմիր գաոլյան» վեպի հեղինակ, որի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը: Նրա գործերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, նորվեգերեն:
Գրականության Նոբելյան մրցանակի առավել հավանական թեկնածու արդեն մի քանի տարի համարվում է ճապոնացի Հարուկի Մուրակամին, որ շատ հայտնի է ամբողջ աշխարհին, ում ստեղծագործությունները թարգմանված են տասնյակ լեզուներով, բայց Չինաստանը այս հարցում էլ առաջ անցավ Ճապոնիայից: Նոբելյան մրցանակի հավակնում էին նաև կանադուհի Էլիս Մանրոն, հունգարացի արձակագիր Պետեր Նադաշը, սիրիացի բանաստեղծ Ադոնիսը, հոլանդացի Սեյս Նոտեբոմը, ալժիրցի Ասիա Ջեբարը, ամերիկացի Ֆիլիպ Ռոտը և Ջոյս Քերոլ Օուտսը, ռուս Եվգենի Եվտուշենկոն և Վիկտոր Պելևինը:
Նոբելյան մրցանակի թեկնածուների տարեսկզբին կազմված ցանկում ընդգրկված էին 350 բանաստեղծներ ու արձակագիրներ: Ակեդեմիկոսների կազմած ցանկից Նոբելյան մրցանակաբաշխության հանձնաժողովը ընտրում է 15-20 գրողի, ավարտաշրջան հասնում են հինգը, նրանցից հոկտեմբերի ընթացքում ընտրվում է մրցանակակիրը, վերջնական վճիռը կայացվում է մրցանակակրի անվան հրապարակումից մեկուկես ժամ առաջ: 2012-ին գրականության Նոբելյան մրցանակը 8 միլիոն շվեդական կրոն է` 1.2 միլիոն դոլար: Մրցանակի հանձնման արարողությունը ավանդաբար տեղի է ունենում դեկտեմբերի 10-ին` Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1780

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ