Սամվել Շահրամանյանի հրամանագիրը՝ Արցախը լուծարելու մասին, կամ այդ լուծարումը չեղարկելու հայտարարությունը որևէ կապ չունեն Արցախի կործանման կամ վերածննդի, եթե կուզեք՝ ռեալպոլիտիկի հետ:
Արցախի լուծարումն ու հայաթափությունն այդ թղթի կտորով չէին պայմանավորված: Այն ավելի շուտ հետևանք էր:
Արցախը կործանվել է ավելի լուրջ պատճառներով.
* 44-օրյա պատերազմի հետևանք:
* Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականություն:
* Պրահայի քառակողմ հայտարարություն, որով Նիկոլ Փաշինյանը, որպես հակամարտության կողմ Հայաստանի վարչապետ, պաշտոնապես հայտարարեց, որ ԼՂ կարգավիճակի մասով վեճ չունի Ադրբեջանի հետ՝ ԼՂ-ն ճանաչելով ունիտար Ադրբեջանի մաս:
* Միջազգային լռելյայն կոնսենսուս:
ԼՂ խնդրի քաղաքական էջը փակված է:
Եթե անգամ աշխարհաքաղաքական կենտրոնները դրա մասին խոսում են, ապա հումանիտար ասպեկտով, կամ որպես գործիք, Ադրբեջանի հետ իրենց բազմաշերտ հարաբերություններում: Անցած տասնամյակներում նման «մանրադրամային» կարգավիճակ միջազգային քաղաքականության համար ունեցել է նաև Հայոց ցեղասպանության խնդիրը, երբ որևէ գերտերություն Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու ցանկություն է ունեցել:
Հիմա տրամաբանական հարց կառաջանա՝ այդ դեպքում, ինչու՞ են իշխանության խոսնակներն այդքան անհանգիստ Շահրամանյանի խորհրդականի երեկվա հայտարարությունից կամ Շահրամանյանի մոտ անցկացված խորհրդակցությունից:
Պատասխանը ցավոտ է և պարզ՝ Փաշինյանի «ինքնիշխանական» քաղաքականության պատճառով հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը թևակոխել է մի հանգրվան, որ ցանկացած լուծում շոշափելու է Երրորդ հանրապետության հիմքերը, կանխորոշելու է անգամ մեր ներքաղաքական դիսկուրսի բովանդակությունը (ճիշտ այնպես, ինչպես այսօր Ադրբեջանն է որոշում՝ Երասխու՞մ, թե՞ Արարատ գյուղում կառուցվի մետալուրգիական գործարան կամ՝ աշխատե՞ն, թե՞ չաշխատեն Սոթքի հանքը կամ Կապանի օդանավակայանը):
Հայ-ադրբեջանական հնարավոր պայմանագիրը դեռ ստորագրված չէ, բայց Փաշինյանն արդեն կատարում է դրանով նախատեսված Բաքվի պահանջները:
Փաշինյանն այլևս որևէ երաշխիքի չի սպասում Մոսկվայից, Բրյուսելից կամ Վաշինգտոնից, նրա հույսն Ալիևն է:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ