«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐԻ ԱՐՎԵՍՏՆ Է, ԵՎ ԱՅՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՈՒՄ Է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐԻ ԱՐՎԵՍՏՆ Է, ԵՎ ԱՅՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՈՒՄ Է
16.03.2010 | 00:00

«Восток-дело тонкое» Հայտնի ֆիլմի այս հայտնի արտահայտությունը վաղուց ի վեր դարձել է փորձագիտական այն կանխատեսումների նախահիմքը, որոնք վերաբերում են Կենտրոնական Ասիային։ Սակայն այս թևավոր արտահայտությունը, այնուհանդերձ, քիչ բան է բացահայտում այս տարածաշրջանի պետությունների, դրանց կառավարողների, բնակչության հոգեկերտվածքի մասին։ Դրանից ելնելով էլ ավելի նպատակահարմար է դիմել այս տարածաշրջանի ժողովուրդների համար իմաստության աղբյուր համարվող Խոջա Նասրեդինին, որը մի անգամ դիմում է կնոջը և ասում. «Պանի՛ր բեր, քանի որ այն ամրապնդում է ստամոքսը և ախորժակ բացում»։ Կինը պատասխանում է, որ «տանը պանիր չկա»։ «Ավելի լավ,- պատասխանում է ամուսինը։- Պանիրը քայքայում է ստամոքսն ու թուլացնում լնդերը»։ Զարմացած կինը հարցնում է, թե այդ երկու դատողություններից, ի վերջո, ո՞րն է ճիշտ։ «Եթե տանը պանիր կա, ուրեմն առաջինը, եթե ոչ, ուրեմն երկրորդը»,- պատասխանում է Խոջա Նասրեդինը։
Մոտավորապես այսպիսին է իրավիճակը նաև Կենտրոնասիական տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերակառուցման գործընթացում։ Եթե ներդրումներ, վարկեր, մի խոսքով, կոնկրետ փող չկա, ռեգիոնի երկրների նախապատվություններն ու կողմնորոշումները շատ արագ փոխվում են։ Բավարար է միայն կանգ առնել առայժմ «չկողմնորոշված» երկու պետությունների` Ղրղզստանի ու Տաջիկստանի խնդիրների վրա, որովհետև նրանց քաղաքականությունը, տարածքն ավելի համարժեք են Հայաստանին։ Մյուս երեք պետությունները` Ղազախստանը, Թուրքմենստանը և ՈՒզբեկստանն արդեն վաղուց ու թերևս անվերադարձ վարում են բացառապես պրագմատիկ քաղաքականություն` այդ համատեքստում առանձնապես ուշադրություն չդարձնելով նախկին մետրոպոլիային, այսինքն` Ռուսաստանին։ Դա առանձնապես ընդգծվում է էներգակիրների այլընտրանքային ուղիների կառուցման բնագավառում, ուր նույնիսկ Աստանան, հանդիսանալով Մոսկվայի մերձավոր դաշնակիցը, միջնաժամկետ հեռանկարում, առաջիկա 5-10 տարիների կտրվածքով, ավելի է ընդգրկվելու հատկապես Չինաստանի և մասամբ Եվրամիության հետ տնտեսական համագործակցության դաշտում։
Ինչ վերաբերում է Ղրղզստանին ու Տաջիկստանին, ապա այս երկու երկրները կենտրոնասիական ամենաաղքատ պետություններն են, Տաջիկստանում տնտեսական աճը կրճատվել է 50, Ղրղզստանում` 30 տոկոսով, թեպետ երկուսն էլ մինչև վերջերս համարվում էին, եթե ոչ Ռուսաստանին շատ լոյալ, ապա նրանից մեծ կախվածություն ունեցող պետություններ։ Սոցիալական իրավիճակի վատթարացումը, այս երկրների տեղական առանձնահատկությունները հաշվի առնելով, նախկինում և այսօր էլ հղի է արմատական իսլամական շարժումների ազդեցության աճի վտանգով, ինչն էլ ժամանակին այս երկու պետությունների ղեկավարներին հարկադրեց հզոր արտաքին հովանավորներ որոնել երկրի սահմաններից դուրս և ավանդաբար, որպես այդպիսին, ընկալվում էր Ռուսաստանը։ Այս իմաստով, անշուշտ, իրենց դերն են խաղացել նաև այլ գործոններ, Աֆղանստանից բխող սպառնալիքները, ջրային և էներգետիկ խնդիրները, որոնք այսօր ստեղծել են հետևյալ պատկերը. բառացիորեն ոչ շատ վաղուց պաշտոնական այցով Մոսկվայում էր գտնվում Ղրղզստանի վարչապետ Դինիար ՈՒսենովը, և չնայած «դաշնակցային, գործընկերային և հավերժ բարեկամության» մասին բազմաթիվ հավաստիացումներին, պարզվեց, որ իրականում Բիշքեկ-Մոսկվա հարաբերություններում ամեն ինչ անամպ չէ։ Ղրղզստանի վարչապետին ընդունեց ոչ թե նրա գործընկեր Վլադիմիր Պուտինը, այլ էներգետիկայի նախարարը, ինչն արդեն վիրավորական էր։ Ղրղզական կողմի համար ամենակարևոր հարցում էլ, իսկ դա Կամբարատի ՀԷԿ-ի կառուցումն է, առաջընթաց արձանագրել չհաջողվեց, որովհետև ռուսական կողմը հասկացրեց, որ Բիշքեկի ակնկալած 1,7 մլրդ դոլարի վարկը մոտակա ժամանակահատվածում չի տրամադրվելու։ Եթե նախկինում ռուսական պաշտոնատարները հակառակն էին հավաստում, ապա այժմ խոսվում է միջազգային չափանիշներով փորձագիտական ուսումնասիրություն անցկացնելու անհրաժեշտության մասին։ Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ Ղրղզստանը, փաստորեն, բարեկիրթ ձևակերպված մերժում ստացավ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ։ Թեպետ նախկինում նման հարցադրում անգամ չէր հնչում, իսկ հիմա արդեն ռուսական կողմն արձանագրեց. «Պետք է իրականացնել մանրակրկիտ ու քրտնաջան աշխատանք` ուսումնասիրելու համար այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ մաքսային միության անդամ երկրների համար, եթե Ղրղզստանը միանա միությանը»։ Փաստորեն տապալվել է նաև ռազմաարդյունաբերական ոլորտում որոշակի պայմանավորվածությունների իրագործումը, մասնավորապես այն պատճառով, որ Ռուսաստանի Պետդուման «չի հասցրել վավերացնել» համապատասխան համաձայնագիրը։
Այս պարագայում, սակայն, հասկանալի չէ, թե մոսկովյան առանձին քաղաքական շրջանակներ ինչու են զարմանում, որ ռուս-ղրղզական հարաբերությունները վատթարանում են, իսկ ԱՄՆ-ի ազդեցությունը Բիշքեկի վրա` ավելի մեծանում։ Մոսկվայում տեղի ունեցածից հետո Ղրղզստանն անմիջապես երկարացրեց ԱՄՆ-ի հետ կնքված պայմանագիրն այն մասին, որ «Մանաս» օդանավակայանում տեղակայված և տրանզիտային փոխադրումների կենտրոն կոչվող ռազմաօդային բազան, որով ամսական Աֆղանստան-Ղրղզստան գծով հետ ու առաջ են անում 35 հազար ամերիկացի զինվորներ, դեռ էլի որոշ ժամանակ կմնա Բիշքեկում։ Ընդ որում, շեշտվեց, որ Վաշինգտոնը երախտապարտ է Ղրղզստանի իշխանություններին` ցուցաբերած աջակցության համար», ու միաժամանակ հայտնի դարձավ, որ ամերիկացիներն օգնություն կցուցաբերեն Ղրղզստանի պաշտպանության նախարարությանը` կառուցելով ժամանակակից ռազմամարզական կենտրոն։ Ընդ որում, Ղրղզստանի համար կարևոր նշանակություն ունեցող այդ օբյեկտը գտնվելու է երկրի հարավում` Բատկենի մարզում։
Տարիուկես առաջ Ղրղզստանի իշխանություններն առաջարկում էին հենց այդտեղ տեղակայել նոր ռուսական ռազմաբազան։ Սակայն ռազմամարզական կենտրոնը պաշտպանության ոլորտում համագործակցության առաջին ծիծեռնակը չէ. նախկինում ԱՄՆ-ն արդեն միլիոնավոր դոլարներ էր ծախսել` Ղրղզստանի սահմանապահների համար ուղեկալներ կառուցելով սահմանի առավել խոցելի հատվածներում։ Իսկ 2009-ի հոկտեմբերին տեղի ունեցավ Բիշքեկի մոտ կառուցված հատուկ նշանակության ուժերի զորանոցային համալիրի բացումը, ուր ամերիկացիները ներդրել էին 9 մլն դոլար, և որտեղ տեղակայվելու է «Կարիճ» կոչվող ղրղզական հատուկ նշանակության գումարտակը, որ վերապատրաստում է անցել ամերիկյան հրահանգիչների օգնությամբ։
Դուշանբե-Մոսկվա հարաբերություններում էլ հաճելին ու օգտակարը ոչ մի կերպ չեն համատեղվում։ Դեռևս 2009-ին Մոսկվան որոշեց անորոշ ժամկետով հետաձգել Ռոգունի ՀԷԿ-ի կառուցումն ավարտին հասցնելը։ Ավելի շուտ, տվյալ պարագայում Ռուսաստանը «ռևերանս» արեց ՈՒզբեկստանին, որը խորհրդային տարիներից սկսած տորպեդահարում է այս ՀԷԿ-ի կառուցումը, համարելով, որ դա իր համար ջրի լուրջ դեֆիցիտ է ստեղծելու։ Եվ սա, չնայած այն իրողությանը, որ Տաջիկստանի տարածքում տեղակայված է 201-րդ ռուսական ռազմաբազան` 7 հազար զինծառայողներով, և համարվում է ռուսական բանակի ամենամարտունակ զորամասերից մեկը։ Բազայի կազմում են երեք մոտոհրաձգային, մեկական հրետանային և զենիթահրթիռային գնդեր, «Գրադ» կայանքների առանձին դիվիզիոն, ինչպես նաև 7 մարտական ուղղաթիռներ իրենց անձնակազմերով։ Պամիրի լեռներում 2200 մետր բարձրության վրա տեղակայված է «Նուրեկ» օպտիկաէլեկտրոնային բացառիկ համալիրը, որը կառուցվել է դեռևս խորհրդային ժամանակներում և նախկինում ԽՍՀՄ, այսօր Ռուսաստանի տիեզերական հետախուզության կարևորագույն օղակներից մեկն է, քանզի հայտնաբերում է տիեզերական թռչող օբյեկտները 2000-ից մինչև 40000 կիլոմետր բարձրության վրա։ Այս ռազմակայանի տարածքը Տաջիկստանի կողմից անհատույց հանձնվել է Ռուսաստանին իբրև սեփականություն, ասենք, 201-րդ բազայի տեղակայման համար էլ Մոսկվան Դուշանբեին ոչինչ չի վճարում։
Ըստ այդմ, Կրեմլին մշտապես հավատարիմ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը խիստ զարմացած էր, որ Ռուսաստանը նախընտրեց ստեղծված իրավիճակում խաղագումարը դնել մշտապես կասկածելի ՈՒզբեկստանի, այսինքն` Իսլամ Քարիմովի վրա։ Այսինքն` Տաշքենդի հետ ստորագրված էներգետիկ պայմանագիրը Մոսկվան ավելի նախընտրելի համարեց, քան Դուշանբեի հետ ռազմական համագործակցությունը։ Թեպետ, բոլորովին վերջերս Տաջիկստանում գտնվող Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը վերահաստատեց, որ Ռոգունի ՀԷԿ-ը կկառուցվի, սակայն միաժամանակ ընդգծեց. «Այստեղ դարեր շարունակ ապրող ժողովուրդների և գոյություն ունեցող պետությունների շահերը պետք է հաշվի առնվեն»։ Տաջիկստանին այլ բան չէր մնում, քան հայտարարել կառուցվելիք ՀԷԿ-ի արժեթղթերի վաճառք։ ՈՒզբեկստանը, իր հերթին, պահանջեց անցկացնել նախագծի անկախ փորձաքննություն այն առումով, թե որքանով դա կարող է վնասել Դուշանբեի հարևաններին։ Եվ չնայած դրան, Համաշխարհային բանկն արդեն ավարտել է այս ՀԷԿ-ի շինարարությանը վերաբերող տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը և հավաստել, որ եթե նախագիծը վերջնական հաստատման արժանանա, ջանքեր կգործադրվեն միջազգային միավորում ստեղծելու ուղղությամբ։ Պարզվեց, որ Տաջիկստանի հիդրոէներգետիկայի հնարավորություններով հետաքրքրված են ֆրանսիական ընկերությունները, Ճապոնիան ստորագրել և իրականացնում է փոքր ՀԷԿ-երի կառուցման մի քանի պայմանագրեր։ Վերջին ժամանակներս Դուշանբեն ձգտում է դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները նաև հարազատ Իրանի հետ, քանի որ Թեհրանը Տաջիկստանի համար մշտապես դիտվում է իբրև անվտանգության երաշխավոր և դաշնակից` լոկալ հակամարտությունների առաջացման դեպքում։
Բայց ամենակարևոր հանգամանքը, որ բնութագրական է կենտրոնասիական բոլոր պետությունների համար, հարաճուն ամերիկյան ազդեցությունն է։ ԱՄՆ-ն արդեն սկսել է «Մատակարարումների հյուսիսային ցանց» նախագծի իրականացումը տարածաշրջանի պետություններից յուրաքանչյուրի հետ։ Դա թույլ է տալիս բոլորին մասնակից լինել Աֆղանստանում ամերիկյան զորքերի մատակարարման գործին։ Գլխավորն այս ծրագրում այն է, որ մասնակից երկրները արտոնյալ վարկեր են ստանում, հնարավորություն ունենում բարելավելու իրենց քայքայված տրանսպորտային ենթակառուցվածքները և դրանով իսկ տրանսազգային առևտրային ուղի դառնալու հայտ են ներկայացնում։ ՆԱՏՕ-ի աֆղանական գործողության համար նախատեսված բոլոր բեռների 30 տոկոսն արդեն տեղափոխվում է հյուսիսային ցանցով։ Չինաստանն էլ միաժամանակ մտադրություն ունի Կենտրոնական Ասիայով դեպի Իրան, այնտեղից էլ Թուրքիա և Եվրոպա երկաթգիծ կառուցելու, որը, փաստորեն, այլընտրանք կդառնա 19-րդ դարի վերջին կառուցված տրանսսիբիրյան երկաթուղուն։
Բոլոր այս հանգամանքները գալիս են վկայելու, որ Կենտրոնասիական տարածաշրջանը դանդաղ, բայց անշրջելիորեն լողում է դեպի ավելի հարուստ դոնոր երկրները, որոնց հետ համագործակցությունն ավելի որոշակի հեռանկարներ է խոստանում։ Իսկ Ռուսաստանը դուրս է մնում հուսալի հովանավորների ցանկից, որովհետև ժամանակի ընթացքում չկարողացավ կատարել նույնիսկ ստանձնած պարտավորությունները։ Այդ իսկ պատճառով Մոսկվայի համար խիստ դժվար կլինի դիմակայել ավելի ու ավելի ընդլայնվող եվրոպական, ամերիկյան և չինական ազդեցությանը։ Քաղաքականությունը հնարավորի արվեստն է, ինչը կարողանում են իրագործել նրանք, ում հնարավորությունը ներում է։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ