«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՐՔԱ՞Ն ԿՏԵՎԻ ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ «ՄԵՂՐԱՄԻՍԸ»

ՈՐՔԱ՞Ն ԿՏԵՎԻ ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ «ՄԵՂՐԱՄԻՍԸ»
29.06.2010 | 00:00

Իհարկե, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների ներկա հանդիպումները դժվար է համեմատել ամերիկյան և խորհրդային ղեկավարների նախկին հանդիպումների հետ, որոնց մասին տարիներով էին խոսում, և որոնցից բառացիորեն կախված էր ոչ միայն շատ երկրների ու միլիոնավոր մարդկանց, այլև ողջ մոլորակի ճակատագիրը։ Այդուամենայնիվ, այսօր էլ նրանք, անշուշտ, խիստ կարևոր են, հատկապես այն երկրների համար, որ կոչվում են «նախկին խորհրդային տարածք», և որոնցում տիրող իրավիճակները որոշակիորեն ազդում են համաշխարհային համընդհանուր գործընթացների վրա։ Ահա և Բարաք Օբամայի ու Դմիտրի Մեդվեդևի վերջին բանակցությունները, որոնք ապագայի համար եթե վերջնական պատասխաններ չտվեցին էլ, այնուամենայնիվ, ի հայտ բերեցին թե՛ բուն Ռուսաստանում, թե՛ նրա, այսպես կոչված, մերձավոր արտասահմանում աշխարհաքաղաքական առաջնային խնդիրների փոփոխման շատ հետաքրքրական միտումներ։
Եվ այսպես, ԱՄՆ-ում ավարտվեց Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումը, որն արդեն կնքել են «վերջին տարիների ամերիկա-ռուսական հարաբերությունների բարձրակետ» անունով։ Նրանց հաջողվել է ոչ միայն ջերմորեն շփվել ոչ մեծ ռեստորանի գողտրիկ մթնոլորտում, ճաշակել ավանդական «ֆասֆուտ», ըմպել «կոլա» և զգալ «Ամերիկայի ոգին», այլև պայմանավորվածություններ ձեռք բերել ամենաբազմազան հարցերի շուրջ։ Այդ ցանկից որոշակի չափով դուրս է մնում Վրաստանը, որի հարցը դեռևս «բացահայտորեն քննարկվում է»։ Թեև այստեղ էլ, բացառված չէ, արդեն համաձայնություն է ձեռք բերվել ստատուս քվոյի շուրջ, բայց այս մասին առայժմ կողմերը նախընտրում են լռություն պահպանել և «չբորբոքել» հասարակությանը։
Եվ այսպես, ամերիկյան հավամթերքը հիմա արդեն նորից կառաքվի ռուսաստանյան խանութներ (ո՞ւր մնաց այդ դեպքում տոննաներով թուրքական թռչնամիսը, որի վերաբերյալ պայմանավորվել էին մինչ այդ, հասկանալի չէ, բայց վերևից իջած հրահանգներով, հավանաբար, կկարգավորվեն ռուսների գաստրոնոմիական հակումները), իսկ «կովկասյան խալիֆ» Դոկու ՈՒմարովին հյուրընկալ տերերը մտցրել են միջազգային ահաբեկիչների ցուցակի մեջ։ Բացի այդ, նախագահները պայմանավորվել են ռուս որբերի որդեգրման, Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) վերաբերյալ պայմանագրի միաժամանակյա վավերացման, թմրամիջոցների և դրանց փոխադրման ուղիների մասին տեղեկությունների փոխանակման շուրջ։ ՌԴ ղեկավարը, նկատենք, ամերիկացի գործընկերների վրա շատ նպաստավոր տպավորություն է թողել, ինչպես գրում են` իր «ազատամտության և առաջադեմ մտածողության» շնորհիվ։ Լրատվամիջոցները նշել են, որ նա «ԱՄՆ-ում իրեն շատ հարմարավետ է զգում» և հեշտորեն կարող է միլիոնների կուռք Առնոլդ Շվարցենեգերի հոգու հետ խաղալ։ Մի խոսքով, գնահատական տալու համար խոսքի հետև չընկնող ամերիկացիներն արդեն վճիռ են կայացրել` «Դմիտրի Մեդվեդևը մի մարդ է, ով եկել է Արևմուտքից»։
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ այստեղ էլ, ինչպես տեղի է ունենում, փաստորեն, բոլոր միջազգային հանդիպումներում, Ռուսաստանի համար գլխավորը տնտեսության ու բիզնեսի ոլորտում համաձայնագրերի պատկառելի «փաթեթի» հարցերն էին, և այս առումով համաձայնագրերը շատ ու շատ հուսադրող են։ «Խաղաղ ատոմի» ոլորտում համագործակցության վերաբերյալ Օբամայի նախաձեռնությունը Ռուսաստանին միլիարդների եկամուտ կբերի։ Շատ հավանական է այն, որ երբ Մեդվեդևն այցելեց Կալիֆոռնիայի Սիլիցիումային հովիտ, հավանաբար, նույնպես հետապնդում էր զուտ կիրառական նպատակ, այն է` ներդրումներ և նոր տեխնոլոգիաներ ապահովել իր փայփայած նախագծի` Մոսկվայից ոչ հեռու կառուցվող «ինովացիաների քաղաքի» համար։
Մի խոսքով, Կրեմլի նախաձեռնած նման «մարքեթինգային քաղաքականությունը» բացահայտորեն ձեռնտու է բոլորին։ Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նրա ներկայիս բարեկամական տոնը մեծապես պայմանավորված է շնչասպառ եղող ռուսական տնտեսությունն արևմտյան կապիտալով ու տեխնոլոգիաներով «ուշքի բերելու» անհրաժեշտությամբ։ Իսկ Վաշինգտոնի կարծիքով` որքան շատ է Ռուսաստանն ինտեգրվում ամերիկյան ու եվրոպական տնտեսություններին, այնքան նվազում է «պուտինյան ժամանակների» առճակատմանը վերադառնալու հավանականությունը։ Ընդ որում, ամերիկյան վարչակազմը, ամենայն հավանականությամբ, վերստին որոշել է ռուսներին հրապուրել 90-ականներից տեղը տեղին «քարթուացած» ԱՀԿ-ի «կարկանդակով»։
Այստեղ ուշադրություն դարձնենք մի շատ կարևոր հանգամանքի։ Ժամանակին Նիկիտա Խրուշչովը` Միացյալ Նահանգներ այցելած խորհրդային առաջին ղեկավարը, ցնցված էր տեսածից։ Լենինյան մրցանակի արժանացած «Երես առ երես Ամերիկայի հետ» հավակնոտ վերտառությամբ գրքույկում գորովանքով նկարագրվում էին Նիկիտա Սերգեևիչի այցելությունները եգիպտացորենի պլանտացիաներ և նրա արշավները սուպերմարկետներ (Դմիտրի Մեդվեդևն իր ոչ պակաս գունեղ տպավորություններն անձամբ է զետեղում սեփական ինտերնետային էջում)։ Այն ժամանակ Խրուշչովը նույնպես որոշեց ամերիկացիներից փոխառել և՛ տեխնոլոգիաներ, և՛ ինովացիաներ (գիտություն ներմուծելու նպատակով Արևմուտք գնալը ռուսների վաղեմի ավանդույթն է, սկսած Պետրոս Մեծից, բայց այդ մասին նրանք խոսել չեն սիրում)։ Խրուշչովն առաջադրեց «Հասնել և անցնել Ամերիկայից» կարգախոսը, սուպերմարկետների օրինակով բացել տվեց ինքնասպասարկման խանութներ, որոնք մեծ մասամբ կիսադատարկ էին, անծայրածիր տարածությունների վրա եգիպտացորեն ցանել տվեց։ Սակայն, անշուշտ, երկրի աշխարհաքաղաքական շահերին վնասելը, անգամ տենդագին զառանցանքի մեջ, նրա մտքով չէր անցնում։ Իսկ հիմա Կրեմլը օվկիանոսի այն ափից «լուսավոր տեխնոլոգիական ապագայի» խոստումների համատեքստում լիովին բավարարվում է «վերաբեռնման» հաջողությունների մասին ռեպլիկներով և հույս է փայփայում, թե դրանով իսկ «նպաստում է տարածաշրջանային ու համընդհանուր անվտանգության ամրապնդմանը»։ Այս անգամ նույնիսկ ամենամոլի «մեծապետականները», այդ թվում` հայ հասարակության մեջ, պետք է համաձայնեն, որ ԱՄՆ կատարած այցն ակնբախ ցույց տվեց, որ Կրեմլն առաջին, երկրորդ, երրորդ և բոլոր մնացած «հերթերին» հետաքրքրվում է բիզնեսով ու դրամական մուտքերով։ Իսկ գաղափարախոսությունը, հոգևոր և պատմական ընդհանրությունները վաղուց հնացել ու դեն են նետվել «տեխնոկրատների» կողմից` որպես բորբոսնած անպետքություն։ «Գործարարները» Մոսկվայում վաղուց հաշվարկել են, որ կայսրության վերականգնման համար ուժ չկա` ոչ՛ բարոյական, ո՛չ ֆիզիկական, և սկսել են ապացուցել, որ բուն Ռուսաստանի համար դա «բացարձակապես ոչ մի իմաստ չունի»։ Բացի այդ, ինչ էլ ասելու լինեն ռուս զինվորականները և թվացյալ սպառնալիքների ինչ սցենարներ էլ կառուցելու լինեն, պարզ է, որ «պաշտպանության առաջին գիծը» (այսպես էին կոչվում խորհրդային դոկտրինով Ռուսաստանը գոտևորող հանրապետությունները, և հենց դրանք էին հանձնվում հարձակման դեպքում), «զավթիչի» ակնհայտ բացակայության պայմաններում, այսօր ավելորդ պերճանք է։ Հետևաբար, «կայսերապետական այս ճիգերի համար» փողն ափսոս է, առավել ևս, որ պետական փողերն ավելի ու ավելի են քչանում, իսկ սեփականը նման «ֆանտազիաների» վրա ոչ ոք չի ծախսում։ ՈՒստի Ռուսաստանը, համենայն դեպս, նրա որոշակի մասը, այլևս չի ուզում «ուրիշի կռվի մեջ մտնել», և Վաշինգտոնում դա նկատվում էր, ինչպես ասում են, անզեն աչքով։
Այսպես, Դմիտրի Մեդվեդևն ամերիկացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո հայտարարեց, թե Ռուսաստանը «չի ծրագրել և չի ծրագրում Ղրղզստան ուղարկել իր խաղաղարար զորախումբը» (հիշո՞ւմ եք, թե առաջ ինչպես էին պայքարում «Մանասում» ամերիկացիների ներկայության դեմ): Նրա խոսքերով` իշխանություններն իրենք պետք է հարթեն իրավիճակը` «ապացուցելով իրենց լեգիտիմությունը»։ Ավելին, և սա ամենագլխավորն է, ՌԴ նախագահը հույս հայտնեց, որ ԱՄՆ-ը «համապատասխան ըմբռնում» կցուցաբերի Ղրղզստանի խնդիրների նկատմամբ, իսկ «տողատակում», ամենայն հավանականությամբ, այստեղ պետք է կարդալ` «խաղաթղթերը Սպիտակ տան ձեռքին են, թող ինքն էլ գլուխ հանի»։ Մոտավորապես նույն ոգով էլ հնչեց Մեդվեդևի հայտարարությունն Աֆղանստանի վերաբերյալ. «Մենք կարծում ենք, որ ներկա պահին Միացյալ Նահանգներն աֆղան ժողովրդին օգնում է ձեռք բերել նրանց համար այդքան բաղձալի պետական ինքնիշխանությունը, վերականգնել պետության արդյունավետ գործունեության հիմքերը, կառուցել քաղաքացիական հասարակություն ու բնականոն տնտեսություն։ Եվ այս առումով մենք կպաշտպանենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերը»։ Կողմերի ստորագրած փաստաթղթում նշվում է «Ռուսաստանի ու ԱՄՆ-ի զգալի ավանդը` վերգետնյա և օդային տարանցման շուրջ պայմանավորվածությունների հաջող կատարման շնորհիվ կայունության ամրապնդման գործում»։ Առանձնակի ուշադրություն է նվիրվում թմրամիջոցների դեմ պայքարի թեմային և հատկապես ընդգծվում է տվյալ ոլորտում «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Աֆղանստանում կայունության պահպանման միջազգային ուժերի միջև համագործակցության հնարավորությունն ուսումնասիրելու մտադրությունը»։ Կրեմլի և Սպիտակ տան միջև նոր «դերաբաշխման» առավել վառ դրսևորում է նաև «Հյուսիսային Կորեայի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացման մասին» ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այստեղ առաջ է գալիս շատ հրատապ մի հարց. «Է՞լ ինչ նոր պատժամիջոցների է որոշել միանալ Ռուսաստանը` նախագահ Դմիտրի Մեդվեդևի ԱՄՆ կատարած այցից հետո։ Ռազմակա՞ն, ատոմայի՞ն»։ Համենայն դեպս, այս համատեքստում ամենևին էլ պատահական չէ այն փաստը, որ այն բեռը, որը, ինչպես պնդում են ռուսները, ուղարկվում էր Բուշեր` «միանգամայն օրինական, բացահայտ ատոմային ծրագրի» համաձայն, արգելված դուրս եկավ Գերմանիայով տեղափոխելու համար։
Շատ հավանական է, որ Ղարաբաղի վերաբերյալ նոր համատեղ հայտարարություններն էլ պետք է դիտարկել «ընդհանուր նախաձեռնությունների» նույն ոգով։ Ըստ երևույթին, պատահական չէ, որ ռուս փորձագետներն սկսել են խոսել այն մասին, որ «Մոսկվան այլևս չի ուզում կամ չի կարող պահպանել ստատուս քվոն Հարավային Կովկասում», իսկ նոր պատերազմը Ղարաբաղում, «ցանկացած ելքի դեպքում, կհանգեցնի Ռուսաստանի լիակատար դուրսմղմանը Հարավային Կովկասի տարածաշրջանից»։
Իսկ վերջում նշենք. հանդիպումից հետո Բարաք Օբաման ընդգծել է, որ, ի դեմս նախագահ Մեդվեդևի, գտել է լավ և հուսալի գործընկերոջ, որ իրենք ուշադիր լսում են միմյանց և խոսում են անկեղծ։ Ներկա «մեղրամիսն» արդյո՞ք երկար ու երջանիկ «ամուսնությամբ» կավարտվի, դժվար է ասել, սակայն աշխարհում հաստատուն բան այնքան էլ շատ չկա, իսկ քաղաքականության մեջ առհասարակ բացակայում է։ Բոլորն էլ լավ հասկանում են, որ Ջորջ Բուշը մոտավորապես նույն բանն ասում էր իր «Վլադիմիր ընկերոջ» մասին և ոչ պակաս հուսավառ էր նայում Պուտինի աչքերի մեջ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1208

Մեկնաբանություններ