«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՀԱՅԵՐՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՈՒՂՂԱՓԱՌ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ ՉԵՆ»,- ՀԱՄՈԶՈՒՄ Է ԻԳՈՐ ԲՈՅԿՈՆ

«ՀԱՅԵՐՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՈՒՂՂԱՓԱՌ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ ՉԵՆ»,- ՀԱՄՈԶՈՒՄ Է ԻԳՈՐ ԲՈՅԿՈՆ
02.02.2010 | 00:00

Այս տարվա հունվարի 28-ին բավական հայտնի Քաղաքական նորությունների գործակալության (Ըկծ) ինտերնետային կայքում առիթ ունեցանք հանդիպելու շատ «հետաքրքիր», բազմանշանակ և որոշակի ենթադրությունների տեղիք տվող հոդվածի։ Այն ստորագրված էր Իգոր Բոյկոյի անունով և կոչվում էր «Մախաչկալայից մինչև Բաքու»։ Այդ, այսպես կոչված, ճանապարհորդական նոթերում, ուր ոգևորությամբ նկարագրված էր գրեթե եվրոպական մակարդակի հասած Բաքուն, տողերի հեղինակը, հավակնելով աշխարհաքաղաքական ու պատմական օբյեկտիվ վերլուծության, մասնավորապես, հայ-ադրբեջանական, նաև հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, նշում է. «Անշուշտ, ոչ ոք չի ժխտում Բաքվում հայկական ջարդերի փաստը։ Բայց պետք չէ մոռանալ, որ ադրբեջանցիների վտարումը Ղարաբաղից և նրանց գյուղերի ոչնչացումը Հայաստանում սկսվեց դեռևս մեկ-երկու տարի դրանից առաջ»։
Պարզվում է` «հիմնավորապես տեղեկացված» Իգոր Բոյկոն խնդիր է դրել համոզելու ընթերցողներին, որ Ղարաբաղից և Հայաստանից ադրբեջանցիների հեռացումը սկսվել է Ադրբեջանում հայկական ջարդերից մեկ-երկու տարի առաջ։ Այս թեզը զարգացնելու բուռն ցանկություններից ելնելով էլ, հասկանալի չէ` ի՞նչ աղբյուրների հիման վրա, հեղինակը հանդես է գալիս հետևյալ պնդմամբ. «Կարելի է չկասկածել, որ արդեն այն ժամանակ, 1987-88-ին հայ ազգայնականներն անջատական տրամադրություններ ունեին և ոչ բացահայտ աջակցություն Հայաստանի կոմկուսից։ Հավանաբար այդ շրջանում նրանք որդեգրեցին ոչ միայն Ադրբեջանի կազմից դուրս գալու քաղաքական կուրսը, այլև Մոսկվայից հնարավորինս անկախանալու և հեռանկարում ԽՍՀՄ-ի կազմից ընդհանրապես դուրս գալու ռազմավարությունը»։ Եվ սա այն դեպքում, երբ նույն հեղինակի խոստովանությամբ` «Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունն ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, շարունակում է կարեկցել ու համակրել հայերին։ Հավանաբար իր դերն ունի պատմական իներցիան, քանի որ հայերի պաշտպանությունը եղել է ռուսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը վերջին երկու հարյուրամյակների ընթացքում։ Բայց այն պնդումը, թե իբր Հայաստանը կրոնական և մշակութայինի առումով ձգտում է դեպի Ռուսաստան, առասպել է»։
Իգոր Բոյկոյի հետագա բացահայտումները նույնպես «բացառիկ» են։ Հայերիս քրիստոնյա լինելու հետ կապված հեղինակի դիտարկումները դժվար է այլ կերպ բնութագրել, քան, լավագույն դեպքում, անտեղյակություն, իսկ գուցե և չար դիտավորություն։ Բոյկոն նշում է. «Հայերը, ի դեպ, ամենևին էլ ուղղափառ քրիստոնյաներ չեն, ինչպես շատերը մտածում են Ռուսաստանում։ Նրանք կրողն են հայ լուսավորչական մոնոֆիզիտ եկեղեցու։ Եվ պրոբլեմներ կան ազգամիջյան հարաբերություններում` Ռուսաստանում գոյություն ունեցող հայկական սփյուռքի առումով։ Այդ թվում` Կրասնոդարի երկրամասում, և այդ հանգամանքն անտեսել չի կարելի։ Հանկարծ այնպես չլինի, որ ժամանակի ընթացքում այնտեղ էլ մեզ համար հասունանա մի նոր Ղարաբաղ»։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի տարած հաղթանակին, ապա այստեղ էլ տնաբույս հայատյացի ատելությունը սահմաններ չի ճանաչում և Բոյկոն, օբյեկտիվության զգացումն ու խիղճը կորցրած, նշում է. «Մի՞թե հայերն ունեին բարձր մարտական որակներ։ Իհարկե` ոչ։ Դա պնդելն անիմաստ է, մանավանդ որ Հայաստանի պատմությունը հարուստ չէ ռազմական հաղթանակներով։ Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, ապա դրանից բոլորովին չի բխում, թե Հայաստանը և հայերն ապրիորի հանդիսանում են մեր բարեկամները, իսկ ադրբեջանցիները և Ադրբեջանը պետք է դիտարկվեն իբրև հակառակորդ կողմ։ Այս հարցը շատ հավասարակշիռ մոտեցում է պահանջում, քանի որ այսպիսի կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող տարածաշրջանում հիմնական գործընկերոջ և անգամ դաշնակցի ընտրությունը շատ թանկ կարող է արժենալ Ռուսաստանին` իր ազգային շահերի առումով և երկարատև ժամանակահատվածում։ Վերջին հաշվով, Բաքվի նավթի համար պայքարը հետին նշանակության փաստարկ չէ աշխարհաքաղաքական գործընթացներում։ Եվ եթե առավել շահավետ գործընկեր ընտրելու խնդիր դնենք, ապա Հայաստանը չունի Ադրբեջանին համարժեք ռեսուրսներ»։ Եվ վերոնշյալին համապատասխանում է նաև հեղինակի եզրակացությունը. «Հայերին, միևնույն է, հնարավոր չէ վերածել Ռուսաստանի անկեղծ բարեկամների և դաշնակիցների։ Բայց այդ ուղղությամբ ջանքեր գործադրելով, մենք, իսկապես, կարող ենք Ադրբեջանը վերջնականապես մղել Թուրքիայի բացարձակ ազդեցության դաշտ»։
Ահա այսպիսի «վերլուծություններ» և «եզրակացություններ»։ ՈՒ այլևս զարմանալի չէ, որ դրանք ի հայտ են գալիս տարիներ շարունակ բավականին օբյեկտիվ դիրքերից հանդես եկած և հեղինակություն վաստակած լրատվամիջոցի էջերում։ Ռուսական մամուլում այսպիսի հրապարակումները, հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ «եզրակացությունները» վերջին մեկուկես տարվա ընթացքում հազվադեպ չեն։ Այն պահից սկսած, երբ ռուս-վրացական պատերազմից ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը թյուրիմացաբար, թե սեփական կամքով հայտնվեց ամերիկյան քաղաքականությունն իրագործողի կարգավիճակում, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումով կորցրեց Վրաստանը, այսպիսի «եզրահանգումները» ռուսական քաղաքական, փորձագիտական ու տեղեկատվական շրջանակներում հազվադեպ չեն։ Ռուսական քաղաքական մտքի մի զգալի հատվածը գնալով ակնհայտորեն հակվում է այն տեսակետին, թե Վրաստանը կորցնելու դեպքում Հայաստանը պահելը գործնականում անհնարին է, ուստի պետք է ռուսական ազդեցության դաշտ «բերել» Ադրբեջանը, որ նրա միջոցով հնարավոր լինի ազդել և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի վրա։ Այդ սցենարը բոլշևիկներն իրագործեցին 1920-21-ին։ Միայն թե հիմա այն ժամանակները չեն։ Հարավային Կովկասին տիրում է նա, ով տարածաշրջանի առնվազն երկու երկրներն ընդգրկում է իր ազդեցության ոլորտում։ Եթե Վրաստանից հետո ամերիկյան ազդեցության դաշտում հայտնվի նաև Հայաստանը, Վաշինգտոնի համար բացարձակապես խնդիր չէ այդ դաշտ «բերել» նաև Ադրբեջանին։ Անցած տարիների ընթացքում ամերիկացիները դրա համար ավելի քան բավարար նախադրյալներ են ստեղծել։ Այնպես որ, ռուսական որոշ «փորձագետներ ու գաղափարախոսներ» այս կարգի «եզրահանգումներով» պարարտ հող են ստեղծում հենց այդպիսի սցենարի իրագործման համար։ Եվ այդ պարագայում Հայաստանը հանգիստ կարող է հասկացնել «ռազմավարական դաշնակցին», որ ինքն ունի ընտրության հնարավորություն։ Բայց արդյոք այդպիսի հնարավորություն ունի՞ Ռուսաստանը։ Այ սա հարց է, որին Իգոր Բոյկոյի նման «փորձագետները» կարծես պատասխան չունեն։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1466

Մեկնաբանություններ