«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՆՊԱՏԱԿՆ Է ՏՆՏԵՍԱՊԵՍ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐ

ՆՊԱՏԱԿՆ Է ՏՆՏԵՍԱՊԵՍ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐ
27.04.2010 | 00:00

Ջանալով մեծացնել իր երկրի նշանակությունը տարածաշրջանում` Ադրբեջանի կառավարությունն աջակցում է բավականին խոշոր ընկերությունների ստեղծմանը, նպատակ ունենալով տնտեսապես ներթափանցել տարածաշրջանի երկրներ (Թուրքիա, Վրաստան, Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրան, արաբական երկրներ, Բալկաններ և այլն) և դրանով իսկ փորձել ուժեղացնել Ադրբեջանի դիրքերը։ Այդ ընկերություններին տրամադրվում են որոշակի անշարժ գույք, նյութական բազա` առանձին ոչ մեծ ձեռնարկությունների տեսքով, պահեստարաններ, շինտեխնիկա, հյուրանոցներ, հատկացվում են վարկեր, ինչպես նաև այլ ընկերությունների ու մասնավոր անձանց միջոցներ։ Այսինքն, ղեկավար ցուցումների ձևով ստեղծվում են խառը կարգի ընկերություններ` մասնավոր և պետական կապիտալի մասնակցությամբ, ընդ որում, հաճախ այդ ընկերությունների իսկական սեփականատերերի անունները չեն էլ հոլովվում։ Ենթադրվում է, որ գործ ունենք այնպիսի ընկերությունների ստեղծմանը մասնակցելու մի համակարգի հետ, որոնք տնտեսապես միանգամայն արդյունավետ են ու ինքնաբավ, բայց և միաժամանակ ունեն քաղաքական նպատակներ։ Կառավարությունն ակտիվորեն աշխատում է բանկերի հետ` այդ ընկերություններին համապատասխան վարկեր տրամադրելու համար։ Չի կարելի ասել, թե կառավարությունը ձգտում է այդ ընկերություններին ինչ-որ արտոնություններ տալ, և այդ նախաձեռնությունների իմաստն այն է, որ ստեղծվեն արդի շուկայական պայմաններում աշխատելու ընդունակ և տարբեր արտաքին շուկաներում գործող ընկերություններ։ Մինչ այդ նախագծերը կառավարությունը փորձում էր պարզել արտաքին տնտեսական ներխուժման համար մասնավոր ընկերությունների ներգրավման հնարավորությունը, բայց, ինչպես պարզվեց, մասնավոր ընկերությունները, որպես կանոն, առայժմ չունեն նման հնարավորություններ և համապատասխան տնտեսական հեղինակություն` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար։ Դա առանձնապես դժվար է հաղորդակցության ուղիների, խոշոր ենթակառուցվածքների, արդյունաբերական ձեռնարկությունների կառուցման ոլորտում, նույնիսկ սննդի ու թեթև արդյունաբերության մեջ։ Կառավարությունը հասկացել է, որ այդ խնդիրները կարող է լուծել կամ պետությունն ինքը, կամ դրանք կարող են լուծվել պետության մասնակցությամբ։ Քննության առնելով Ադրբեջանի արտաքին տնտեսական գործունեությունը` կարելի է ոչ ճիշտ հետևության հանգել այն առումով, թե ոչ միշտ է պատշաճ հաստատակամություն ու հետևողականություն նկատվում այդ առաջադրանքների իրականացման գործում։ Իրականում կառավարությունը պատրաստ է նշանակալի միջոցներ ծախսելու տնտեսական հետազոտությունների, մարքեթինգ անցկացնելու, առանձին նախագծերի ուսումնասիրման համար։ Դա թույլ է տալիս չշտապել, հապճեպ որոշումներ չկայացնել և սպասել ավելի նպաստավոր պայմանների։ Ադրբեջանը նախընտրում է չկառուցել տարբեր նոր օբյեկտներ, այլ ձեռք բերել արդեն պատրաստի ձեռնարկություններ։ Մի շարք դեպքերում բավականին շահավետ պայմաններով ձեռք են բերվում ձեռնարկություններ, որոնց կամ շինարարությունը դեռևս ավարտված չէ, կամ դրանք գտնվում են ֆինանսական աննպաստ պայմաններում։ Օրինակ, Վրաստանի սևծովյան ափին ձեռք է բերվել անավարտ մի նավամատույց` նախատեսված հեղուկ գազի փոխադրման համար, որը կառուցել էր վրացի մի ձեռնարկատեր։ Հաճախ, երբ Վրաստանում նավահանգստային օբյեկտների ձեռքբերման գործարքները, ըստ երևույթին ինչ-ինչ քաղաքական նկատառումներով, չեն հաջողվում, Ադրբեջանը շարունակում է ուղիներ որոնել այդ օբյեկտների նկատմամբ հսկողություն սահմանելու համար` տարբեր առաջարկություններ անելով այդ օբյեկտներին արդեն տնօրինող ընկերությունների հետ մի շարք գործառույթների գծով համատեղ ընկերություններ ստեղծելու կամ այլ աշխատանքների մասնակցելու նպատակով։ Առանձին դեպքերում այնպիսի ձեռնարկությունների ստեղծման կամ ձեռքբերման անվան տակ, որոնք, իբր, մեծ ազդեցություն ունեն տվյալ երկրների քաղաքական կյանքի վրա, ադրբեջանական իշխանությունները գերշահույթներ ստանալու պայմաններ են ստեղծում, ընդ որում` իշխանական շրջանակների համար։ Կան շատ օրինակներ, երբ իշխանությունների նախաձեռնությամբ ստեղծված ադրբեջանական ընկերությունները խաղատնային բիզնեսի ձեռնարկություններ են ստեղծում Վրաստանում և Թուրքիայում։ Այդ ոլորտը տվյալ երկրներում, զգալի չափով, պատկանում է ադրբեջանցի գործարարներին, ինչն իշխանությունների կողմից զանազան «սև հիմնադրամների» ստեղծման կարևոր ուղղություն է։ Այդ միջոցներն օգտագործվում են ներքաղաքական ու արտաքին քաղաքական նպատակներով, բայց գլխավորապես իշխանական շրջանակների հարստանալու աղբյուրներ են։
Հարևան երկրներ ադրբեջանական կապիտալի ներթափանցման «երկրորդ» ուղղությունը զբոսաշրջության և զվարճանքի ոլորտն է։ Այդ ոլորտը ևս հիմնականում զարգանում է Թուրքիայում, և մեծ հետաքրքրություն է ցուցաբերվում Վրաստանի նկատմամբ։ Վերջին ժամանակներս Ադրբեջանի հետաքրքրությունների սլաքն ուղղվում է նաև Պարսից ծոցի երկրների կողմը։ Այդ ոլորտում ներկայությունն ադրբեջանցի ձեռնարկատերերին թույլ է տալիս կապեր և շփումներ ունենալ այդ և այլ երկրների առևտրային ու քաղաքական շրջանակների հետ, ներթափանցել կյանքի տարբեր ոլորտներ, ձեռք բերել նոր սեփականություն և ապահովել գործունեության ավելի լավ պայմաններ։ Որոշ ժամանակ առաջ ադրբեջանական կառավարությունը հանձնարարել էր Արևմուտքի երկրներում, Ռուսաստանում և Մերձավոր Արևելքում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին` աշխատել ձեռք բերել խոշոր, հեղինակավոր հրատարակություններ ու պարբերականներ։ Այդ փորձերն Արևմուտքում բավականին արագ անհաջողության մատնվեցին, ինչն էլ հասկացրեց, թե որքան բարդ է նման ձեռնարկը։ Օրինակ, Ֆրանսիայում փորձ արվեց գնել «Լիբերասիոն» լրագրի բաժնետոմսերի մի զգալի փաթեթ, իսկ Մեծ Բրիտանիայում անհաջողության մատնվեց Ադրբեջանի ինչ-որ խմբի լուրջ առաջարկությունը` դառնալու «Գարդիան» լրագրի համասեփականատերը։ Այդ երկու թերթերը որոշակի ժամանակ ֆինանսական ծանր վիճակի մեջ էին ընկել։ Ներկայումս թուրքական առևտրական հոլդինգներից մեկի հետ փորձեր են արվում Գերմանիայում ստեղծելու նոր բազմալեզու լրագիր` նախատեսված նաև թուրք ընթերցողի համար, սակայն, նախ` համաեվրոպական հնչողություն ունեցող։ Ադրբեջանի երիտասարդ քաղաքական գործիչներից մեկի` Ա. Մոլլազադեի կարծիքով, խոշոր լրագիր ստեղծելու կամ ձեռք բերելու փորձերն անիմաստ են, շատ ավելի արդյունավետ կլիներ սերտորեն համագործակցել մի շարք թերթերի հետ և վճարել մի շարք հրապարակումների համար։ Դրա հետ մեկտեղ, հենց զբոսաշրջության ու տեղեկատվության ոլորտում ձեռնարկված փորձերը պարզ դարձրին անհրաժեշտ միջոցների բացակայությունը։ Բացի այդ, մի շարք դեպքերում նախագծերը, որոնք կարող էին կարևոր քաղաքական նշանակություն ունենալ, անշահութաբեր էին դուրս գալիս։ Բուն Ադրբեջանում այնքան էլ շատ չեն կապիտալի ներդրման ոլորտները, որոնք բավարար բարձր շահույթ բերեին։ Կան ալյումինի, օրգանական սինթեզի արդյունաբերության վերականգնման ու զարգացման հաջող փորձեր, ստեղծվել է ավտոհավաքման արդյունաբերություն։ Այդ արտադրությունները կողմնորոշված են արտահանմանը, և դրանց զարգացմանը մասնակցել է պետությունը։ Բայց դրանք առանձին ձեռնարկություններ են, քիչ են կապված երկրի տնտեսության հետ, և նման հնարավոր նախագծերը շատ չեն։ Օրինակ, անգամ թուրքական կապիտալի մասնակցությամբ չհաջողվեց զարգացնել տեղական հումքով աշխատող տեքստիլի և կաշվի արդյունաբերությունը և ապահովել զգալի թվով մարդկանց զբաղվածություն։ Այդ ճյուղերն արտաքին շուկա դուրս գալու համար մրցունակ դառնալ չէին կարող։ Բացի այդ, թուրքական ընկերությունները շահագրգռված էին ոչ թե Ադրբեջանում պատրաստի արտադրանքի թողարկմամբ, այլ հումքը Թուրքիա տանելով։ Այս կապակցությամբ ադրբեջանական իշխանությունները հնարավորություններ են փնտրում դուրս ուղղելու խոշոր կապիտալները և արտաքին շուկաներ գտնելու։ Բայց այնքան էլ հեշտ բան չէ արտաքին շուկա թափանցելը, իսկ տարածաշրջանում բարձր եկամտաբեր ոլորտները շատ չեն։ ՈՒստի, ենթադրվում է զուգորդել երկու պայման. տարածաշրջանում ստեղծել աշխարհատնտեսական մեծ նշանակություն ունեցող, տարածաշրջանային և համապարփակ տնտեսական ու քաղաքական իրավիճակի վրա ներգործելու ունակ ձեռնարկություններ և տևականորեն ստանալ գերշահույթներ կամ, գոնե, կայուն բարձր շահույթ։ Ադրբեջանը կցանկանար կարևոր դիրքեր գրավել համաշխարհային նավթային բիզնեսում, բայց միայն նավթ արտահանելով դժվար է դրան հասնել, ուստի շահագրգռություն է դրսևորվում Թուրքիայի հետ համատեղ Ջեյհանում ստեղծելու նավթամշակման և նավթաքիմիական համալիր։ Ադրբեջանը հետաքրքրվում է Բուլղարիայի և Ռումինիայի սևծովյան նավահանգիստներից դեպի Արևմուտք երկու նավթամուղների կառուցմանը մասնակցելու հնարավորությամբ։ Նման նախագծերին մասնակցելու դասական օրինակ է Կարս-Ախալքալաք երկաթուղու, ինչպես նաև Հայաստանը շրջանցող Կարս-Նախիջևան երկաթուղային օղակի կառուցումը։ Ադրբեջանը նաև Իրանին առաջարկել է իր մասնակցությունն Իմիշլիից Ջուլֆա երկաթուղու կառուցմանը, ինչը հնարավորություն կտա ապաշրջափակելու Նախիջևանը, և Աստարայից մինչև Թուրքմենստան երկաթգծի կառուցմանը։ Շարունակում են առանձնակի նշանակություն ունենալ Վրաստանի ծովային նավահանգիստների` Բաթումի և Փոթիի նկատմամբ Ադրբեջանի հսկողության, ինչպես նաև նոր նավահանգստի հնարավոր կառուցման նկրտումները։ Այդ նախագծերի հետ մեկտեղ Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում Բաքու-Սուպսա, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղների բաժնետոմսերի նոր փաթեթների, ինչպես նաև «Նաբուկո» գազամուղի և նոր պլանավորվող այլ նախագծերում, օրինակ` Թուրքիայի կողմից ծրագրվող գազամուղների նախագծում, բաժնետոմսերի և ազդեցիկ դիրքերի ձեռքբերման նկատմամբ։ 2007 թ. սկզբին Ադրբեջանում կառավարությանն առընթեր ստեղծվել է Կասպից ծովի տնտեսական խնդիրների ուսումնասիրման, այսինքն` այն նախագծերի տարբեր կողմերի պարզման հատուկ խումբ, որոնք քննարկվում են Կասպից ծովի ավազանում, ներառյալ նավահանգիստները, նավամատույցները, հաղորդակցության ուղիները, մյուս ենթակառուցվածքները։ Այդ խմբի կողմից մշակվող պլանների մեջ մտնում են առևտրական նավատորմի և նավագնացության զարգացման խնդիրները։ Կան առաջարկություններ Ադրբեջանի օվկիանոսային ընկերության ստեղծման, ինչպես նաև միջերկրածովյան մի շարք նավահանգիստների վարձակալության վերաբերյալ։ Կառավարությունը քննարկում է Հյուսիսային Կովկասում Ադրբեջանի տնտեսական ներկայության ընդլայնման առաջարկությունները, նկատի ունենալով տրանսպորտի, էներգետիկայի, հյուրանոցային ու զբոսաշրջային բիզնեսի ոլորտում տարբեր գերտերությունների ընդգրկումը, նախ և առաջ Դաղստանում, Կովկասի սևծովյան առափնյայում, Ռուսաստանի կովկասյան հանրապետությունների քաղաքային կենտրոններում։ Համարվում է, որ այս ոլորտում նպաստավոր իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում։ Նկատի է առնվում հսկողության սահմանումը Հյուսիսային Կովկասի էներգափոխադրման, զբոսաշրջության և էներգետիկ համակարգի վրա։
Նախագահ Իլհամ Ալիևի համար զեկույց է պատրաստվել Վոլգա-Դոնի գետային նավագնացության համակարգի տնտեսական և տեխնիկատնտեսական կողմերի մասին, որն առաջարկություն է պարունակում Ռուսաստանի հետ համատեղ ստեղծելու այդ համակարգի զարգացման և շահագործման ընկերություն։ Զեկույցը գնահատական է պարունակում այն բանի վերաբերյալ, որ այդ համակարգի վերակառուցման առաջին փուլում կպահանջվի 2 մլրդ դոլար, երկրորդ փուլում` 4,5 մլրդ դոլար։ Համարվում է, որ տվյալ համակարգի հսկողության ապահովման համար կասպիական ամբողջ տարածաշրջանում կստեղծվեն քաղաքական նոր պայմաններ, ներառյալ Իրանի շահերը։ Ենթադրվում է տվյալ գետային նավագնացային համակարգով ապահովել մինչև 50 հազար տոննա ջրատարողությամբ խորանիստ նավեր, ինչպես նաև խոշորածավալ սարքավորումներով հանդերձավորված ծանր բեռնանավեր։
Արևմուտքի և Մերձավոր Արևելքի առաջատար բանկային հիմնարկների ու խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, Ադրբեջանի ազգային բանկի նախաձեռնությամբ Բաքվում անցկացվել է սեմինար` որտեղ քննարկվել են «Բաքուն տարածաշրջանային ֆինանսաբանկային կենտրոն դարձնելու» հնարավորությունները։ Ենթադրվում է, որ մինչև 2015 թ. Բաքվի բանկերում կուտակված կլինեն մինչև 60-70 մլրդ դոլար վարկային պաշարներ, և անհրաժեշտ է այդ միջոցների կիրառման երկարաժամկետ նախագծեր մշակել։ Նկատի էր առնվում, որ նավթ արտահանող երկրների գործելակերպը, որոնք նախընտրել են ակտիվներ ունենալ Արևմուտքի բանկերում, անընդունելի են Ադբեջանի համար, որը կապիտալի ներդրման լայն ոլորտներ ունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում։
Այսպիսով, Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարաբերական կամ որոշիչ հսկողություն սահմանել տարածաշրջանի էներգահաղորդակցական համակարգի նկատմամբ, ինչպես նաև ածխաջրածնային հումքի վերամշակման ոլորտում, զբոսաշրջային, հյուրանոցային, խաղատնային բիզնեսի, մասամբ նաև քիմիական և մետալուրգիական արդյունաբերության նկատմամբ։ Այս և ուրիշ հավակնոտ նախագծերը, այդ թվում` ֆինանսաբանկային ոլորտում, տեղեկատվական տեխնոլոգիաներում, կոչված են Ադրբեջանին ընձեռելու տարածաշրջանային և համաշխարհային բարձր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կարգավիճակ։ Դրա հետ մեկտեղ, շատ բան կախված կլինի առաջիկա 6-8 տարիներից, երբ ենթադրվում է հասնել նավթի արդյունահանման և արտահանման բարձրակետին։ Եթե այդ ժամանակամիջոցում չստեղծվեն արտադրական ու ենթակառուցվածքային բազայի հաջող վերարտադրության և ընդլայնման նախադրյալներ, ապա հետագա տասը տարիներին Ադրբեջանը նոր կարգավիճակի ձեռքբերման ժամանակ չի ունենա, այլ հարկ կլինի կառչել սոցիալական ստանդարտներից և փորձել զարգացնել տնտեսության նոր ճյուղերը։ Նավթի ու գազի պաշարներն այնքան էլ նշանակալի չեն, իսկ միջազգային տնտեսական պայմանները, չնայած նավթի ու գազի բարձր գներին, բնութագրվում են մեծ մրցակցությամբ և արդյունաբերության ռազմավարական շատ ճյուղերի, հաղորդակցության ուղիների ու էներգետիկայի խիստ քաղաքականացվածությամբ։ Տարածաշրջանի ոչ մի պետություն, բացառությամբ Թուրքիայի և Իսրայելի, Ադրբեջանի զորեղացում չի ուզում, չի ցանկանում, որ նա ունենա աշխատանքի միջազգային բաժանման կարևոր գործառույթ, առավել ևս էներգետիկայի և հաղորդակցության այլ ուղիների ոլորտում։ Քաղաքական խավը, երևում է, չափազանցում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ռազմավարական համակարգերի նկատմամբ հսկողություն սահմանելու երկրի հնարավորությունները, ինչպես նաև այն, որ հենց միայն պարզ մասնակցությամբ և ներդրումներ անելով հնարավոր է ապահովել այդ ոլորտների վերահսկողությունը։ Հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների, ինչպես նաև այլ երկրների տարածքներում գտնվող արտադրական ճյուղերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար անհրաժեշտ են ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական պայմաններ, մասնավորապես կարևոր, ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ։ Թենգիզ-Նովոռոսիյսկ նավթամուղը կառուցվել է մեծապես ամերիկյան և օտար-երկրյա այլ ընկերությունների մասնակցությամբ, բայց նավթի փոխադրման այդ համակարգը դարձել է Ռուսաստանի քաղաքականության կարևոր գործիք։ Արդեն գցված նավթամուղներն ու գազամուղները, որոնք գործում են արևմտյան ուղղություններում, ունեն պաշարների հետ կապված լուրջ խնդիրներ, և դեռևս դժվարություններ կան դրանք նավթով ու գազով ապահովելու հարցում։ Արևմտյան հանրությունը տարածաշրջանում շահագրգռված է էներգետիկայի ու տնտեսության զարգացման միայն երկու ուղղությամբ։ Էներգամատակարարման հարցում հասնել ԿPEհ-ից ու Ռուսաստանից անկախության ավելի բարձր աստիճանի, մեծացնել տարածաշրջանի պետությունների քաղաքական անկախությունը Ռուսաստանից։ Ադրբեջանի շատ նպատակներ համընկնում են Արևմուտքի նպատակներին, բայց ամենևին էլ ոչ բոլոր։ Որոշ ոլորտներում ներգրավվելու Ադրբեջանի փորձերը հավանության չեն արժանանա ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ եվրոպական գործընկերների կողմից։ Օրինակ, Բաթումի տրանսպորտային հանգույցը հսկողության տակ վերցնելու Ադրբեջանի փորձերը խափանեց Մեծ Բրիտանիան, քանի որ դա «արգելված գոտի» է տարածաշրջանային այնպիսի փոքր երկրի համար, որը սերտ, անգամ կախյալ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։ Իր հերթին, Ադրբեջանի կառավարության այս կամ այն նախագծի նկատմամբ Թուրքիայի ցուցաբերած շահագրգռությունը կամ տնտեսական-քաղաքական մասնակցությունը մշտապես առաջ կբերի Արևմուտքի պետությունների զգուշավորությունը։ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ադրբեջանի գծով զանազան խորհրդատվական խմբերի, ներառյալ ԱՄՆ-ի հետախուզության ազգային խորհուրդը, անցկացրած հետազոտություններն Ադրբեջանը դիտում են որպես նավթի ու գազի եկամուտների շնորհիվ ներդաշնակորեն զարգացող երկիր, բայց այդ երկիրը չեն դասում ո՛չ մոտ, ո՛չ հեռու ապագայում տարածաշրջանում տնտեսապես գերիշխողների շարքը։ Ադրբեջանը համարվում է առավելապես միարտադրական տնտեսություն ունեցող, բնակչության շրջանում եկամուտների բաշխման հարաճուն անհամաչափությամբ, ուժեղ մենատիրական գծերով առանձնացող պետություն։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1230

Մեկնաբանություններ