«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՏԱՆԴԵՄԸ ԹԱՆԿ Է ՆՍՏՈՒՄ ՄԵԶ ՎՐԱ

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՏԱՆԴԵՄԸ ԹԱՆԿ Է ՆՍՏՈՒՄ ՄԵԶ ՎՐԱ
18.05.2010 | 00:00

Որքան էլ տարօրինակ է, Մեդվեդևի Թուրքիա այցով ավարտվեց հայաստանյան նախաձեռնողական քաղաքականության մեծ ռանդևուն:
Կսկսվի՞ երկրորդ նմանատիպը` Մեդվեդևի Հայաստան-Ադրբեջան այցերից հետո, փոքր-ինչ դժվար է կանխատեսել` հենվելով «Երբեք մի ասա` երբեք» սկզբունքի վրա, սակայն, գոնե այս ընթացքի համար, պետք է արձանագրել` Սերժ Սարգսյանի, հետևաբար, Հայաստանի գործերը հեչ վատ չեն:
Ասածն արգումենտացնելու համար մի հետադարձ հայացք ձգենք Թուրքիա-Ռուսաստան վերջին «մերձեցմանը»:
Նախ` սկսենք նրանից, որ սպասված մեծ էֆեկտը Մեդվեդևի այցը, բոլոր դեպքերում, չունեցավ, որքան էլ ողջ աշխարհն ու տարածաշրջանը շունչը պահած սպասում էին այցի արձանագրումներին: Ընդ որում, ոչ մի բանից տոն սարքող ռուսաստանյան կենտրոնական հեռուստաընկերությունների համար անգամ Մեդվեդևի Թուրքիա կատարած այցն ու այնտեղ կնքված «պատմական» պայմանագրերը կիրակնօրյա վերլուծականների թիվ մեկ «թոփը» չէին: Նույնիսկ երկրորդ-երրորդը չէին: Թեմային անդրադարձն էլ ահագին լակոնիկ էր: Էլ չենք ասում` չխոսվեց այն մասին, որ քննարկվել է նաև Ղարաբաղի հարցը, որ տողատակում էլ, առանց հարգարժան Տարասովի, խելոք հասկանայինք` «Հարավային հոսքը» Թուրքիան չստորագրեց, որովհետև, հասկանում եք, դրել է ղարաբաղյան հարցի լուծման նախապայմանը, և արդեն տարվա կեսերին, իսկ առավել ստույգ` իբր աշնանը (ինչպես կարծում է մեր «ռազմավարական» ոչ անհայտ Սեչինը) հաստատ «կստորագրվի» «հոսքը»:
Առաջ ընկնենք ու մեզ թույլ տանք կարծել` չի ստորագրվի «հոսքը» նաև աշնանը: «Որքան էլ դյութես, օ՜, դու, Շամիրամ»: Իմա` մայր-Ռուսաստանը, որը վերջերս Ալֆոնսից մեկեն վերածվել է շռայլ և բեղավոր սիրեկանի (նկատի ունենք ՈՒկրաինային 30 տոկոս իջեցված գներով գազ մատակարարելը` սեփական հարկատուների ու բյուջեի հաշվին, նաև խոստումը, որ կիջեցնի տասը տոկոսով Թուրքիա առաքվող գազի գինը), 20 մլրդ-ի պայմանագիր կնքեց Թուրքիայում համատեղ ատոմակայանի հաշվով: Իսկ սա Թուրքիայի համար եթե ոչ ձրի պանիր (ԱՄՆ-ը չէր համաձայնել որևէ ներդրում կատարել այդ ԱԷԿ-ի վրա), ապա սկուտեղի վրա հրամցված հյուսիսային չքնաղ համադամ է:
Բայց դա էլ ոչ մի կապ չունի: Թուրքիան վերցրեց «պանիրը», իր նման թրքորեն հոտոտեց. «հափ» արեց, բայց չհամաձայնեց «Հարավային հոսքն» ստորագրել: Ռուսաստանն էլ գազի գինը տասը տոկոսով չիջեցրեց: Իսկ սա նշանակում է, որ նախատեսված 25 պայմանագրի փոխարեն ստորագրված 17-ը Թուրքիային ու Ռուսաստանին մոտեցրին ռազմավարվելու չափ, սակայն տարածաշրջանում չգծագրեցին այն տանդեմը, որը Միացյալ Նահանգներին կասեր` «please, go home», «դիը ամերիքըն բոյ», և տեղ թողնվեց «Նաբուկոյի» համար` յուր քաղաքական-ռազմավարական նշանակությամբ հանդերձ:
Էլ չենք ասում, որ զուգահեռ էլ համաձայնություն կայացավ` ադրբեջանական գազի դեպ Թուրքիա առաքման:
Բոլոր դեպքերում, փորձագետների կարծիքները թե՛ մեզանում, թե՛ դրսում կիսվում են: Հարցադրումը հետևյալն է. «տվե՞ց» Ռուսաստանը Հայաստանը` նախորդ դարասկզբի նման, համաձայնությունը հասցնելով Լենին-Աթաթուրք տանդեմի մակարդակի, թե՞ չտվեց, «զի խորքի մեջ յուր խռով, մեզ կպահե դողդղալով»: Իմա` էն ղդար ռազմավարական է մեզ հետ սույն Ռուսիան, որ դժվար «մեզ տա», քանի որ տարածաշրջանում ուրիշ «աննմանը» չունի, որ ենք մենք: Հիշենք, որ Մեդվեդևի Թուրքիա կատարելիք այցից դեռ ամիսներ առաջ մեր ականջին ռուսամետները շշնջում էին. Մեդվեդևը Թուրքիայում ասելու է` պետք է վերադարձնել «օկուպացվածը», բայց դուք դրան չհավատաք, Մեդվեդևը հենց էնպես, Թուրքիայի ականջի համար է դա ասելու:
Ոնց տեսաք, նման «ասք Դիմայի գնդի մասին» նույնպես չեղավ. եղավ ինչ-որ կիսատ-պռատ արտաբերում` «շրջաններ» եզրախաղով:
Հիմա. Ռուսաստանից զզվածները, նրա քաղաքականության «ոտ ու գլխից» այլևս բան չհասկացողները կարծում են` «տվել» է մեզ Ռուսաստանը ու այսօրվանից սկսելու է զանազան-զարմանազան ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը գնա «2+3+ անսահմանություն» զիջումների: Եվ հունիսին Մեդվեդևի հայաստանյան այցն էլ այդ կոնտեքստում է: Այս փորձագետները միևնույն ժամանակ համոզված են, որ ոչ մի գնով Սերժ Սարգսյանը որևէ փաստաթուղթ չի ստորագրի։
Ընդ որում, պետք է արձանագրել, որ Ռուսաստանից ճնշումները ոչ թե «Հարավային հոսքին», այլ խաղաղապահների ռուսական մանդատին կառնչվեն, և այս առումով փորձագետների մոտեցումը մասամբ քննություն բռնում է:
ՈՒ հենց այստեղ էլ «վեր է հառնում» իրական դիլեման: Որովհետև ոզնուն անգամ հասկանալի է, որ Թուրքիան չի համաձայնի ռուս խաղաղապահների գոյությանը ղարաբաղյան բուֆերային գոտում: Նախ որ` չեն թողնի: ՈՒշադրություն դարձրեք Մեդվեդևի Թուրքիայում գտնվելու օրերին իրանական կողմի հիստերիային. Իրանից հստակ մեսիջ ուղարկվեց Ադրբեջան (հասկանալի է` կոնկրետ դեպքում` Թուրքիա)` խաղեր չտալ, Իրանը ստատուս քվոյի կողմնակից է, և թուրք գերակայությունը տարածաշրջանում, այդ թվում և` ղարաբաղյան հարցում, իրենց համար անընդունելի է: Կպատժեն: Իհարկե, այս ամենն ասվեց կրոնա-«դիվանագիտորեն»` այաթոլլահներից մեկի խիստ ջղային խոսքով, որն ադրբեջանցիներին հրովարտակեց` չքանդել շեհիդական մզկիթները:
Հաջորդիվ. տարածաշրջան շտապեց երկար սպասված ամերիկյան արձագանքը` սպորտային շորեր հագած Թինայի տեսքով: Այո, անչափ հետաքրքիր այդ լեդին, որի կողքին խամրում է անգամ դեսպան Յովանովիչը (ասում են` էներգետիկ առումով տիկին դեսպանն ահավոր հետաքրքիր, խոր ու «տեսանող» է), մի խոսքով` պետդեպի ներկայացուցիչ Քեյդենաուն եկավ, տեսավ, ասաց կողմերին` ԵԱՀԿ ՄԽ-ն շարունակում է իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: ՈՒ` պըրծ:
Իսկ ընդամենը երեկ էր, որ հարգարժան Սերդյուկովի (ՌԴ Պնախարարի) կենդանի ներկայությամբ Ադրբեջանում նույնքան հարգարժան Աբիևը (սրանց Պնախարարը) ասաց` էդ ԵԱՀԿ ՄԽ-ն շատ «փիս» ՄԽ է, «ռադ անենք, գնա, գոսպոդին Սերդյուկով»: Էնտեղ էլ` Թուրքիայում Դիման («ա՛յ, դա Դիմա, ա՛յ, դա...») ասել էր` «մատներս մատներիս չենք խփի ու ինչ-որ անենք Ղարաբաղի հարցում Թուրքիայի հետ համաձայնեցրած, Թուրքիային տեղեկացրած կանենք»:
Պարապ խոսքեր: Ինչպես հնարավոր չէ, որ «Հարավային հոսքը» դառնա կոնկրետություն, այդպես էլ Թուրքիային ՄԽ անդամ դարձնել մեր հարազատ և ռազմավարական «Մատուշկան» երբեք չի կարող:
Հա, ի դեպ, չմոռանանք, որ Ադրբեջանում այդպես էլ դեսպան չնշանակող, միջուկային գագաթաժողովին Ալիևին ԱՄՆ չհրավիրող ամերիկյան «մեսինջեր» Քեյդենաուն էր, որ նախորդ անգամ եկել տարածաշրջան ու ասել էր` չի բացառվում ԱՄՆ-ը ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Ճիշտ է, մի քանի օր հետո այդ հայտարարությունը հերքվեց, բայց հո մենք էնքան միամիտ չենք, որ չհասկանանք, թե դեռ այն օրերին տիկինն ում բոստանում ինչ էր տնկում:
Հասկանալի է` ԱՄՆ-ը գնում է կետային լուծումների, ընդ որում` առաջին հայացքից թվում է, թե, ասենք, նույն հետխորհրդային տարածքում առանձնապես մատը մատին չի խփում, բայց երբ դիտարկում ես Թուրքիայի` «Հարավային հոսքը» չստորագրելու մանևրը, հետո էլ հիշում, որ «Հարավային հոսքը» ծնվեց, որովհետև ՈՒկրաինայում նախագահ էր Յուշչենկոն, իսկ հիմա ՈՒկրաինայում Յանուկովիչ նախագահ կա, մտածում ես` ա՜խ, ահա թե ինչու չխանգարեց ԱՄՆ-ը ուկրաինական «վերադարձին», որպեսզի ռուսական էներգետիկ «օսը» չհիմնավորվի Հարավային Կովկաս-Մերձավոր Արևելք տարածքներում` վերջնական տանտիրոջ տեսքով:
Վերջի համար էլ հավելենք, որ Քեյդենաուն քիչ էր, այնտեղ էլ ԵՄ-ն էն օրը մեր ձեռքը խնդրեց: Մենք էլ կտանք մեր համաձայնությունը, ինչ է եղել որ. ԵՄ ասոցացված անդամն էլ քիչ բան չէ: Ճիշտ է, մեր «նապարնիկ» Լավրովին ԵՄ այդ հարսնախոսությունը լիքը ջղայնացրել է, բայց, դե, կիսով չափ այդ հայը պետք է նաև հասկանա, որ մնացածներն էլ, ինչպես ռուսները, մարդ են և նույնպես շահեր ունեն։
Հիշենք նաև, որ Մեդվեդևի այցին զուգահեռ էլ` մեր Օհանյան Սեյրանն ու Նալբանդյան Էդիկը գնացել էին Բրյուսել, ինչ են խոսել, չգիտենք, բայց փաստն ինքնին արդեն խոսուն է: ՈՒստի լրիվ հետաքրքիր ու «լուռ» դիվանագիտություն է ստացվում մեզանում այն առումով, որ մենք այնքան էլ ձեռքներս ծալած նստած չենք, ինչպես շատերն են բնութագրում, և մասնակիցն ենք տարածաշրջանում ընթացող ակտիվ քաղաքականության: Սա` «ա»:
Եվ բ) Գեյթսն էն օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Վրաստանում մշտական զորախումբ կտեղակայի (այդ դեպքում իսկապես Հայաստանը Ռուսաստանի համար ահագին ռազմավարական է դառնում. ուզում-չեն ուզում թուրքերն ու ռուսները, ուզում-չենք ուզում մենք` Ռուսաստանից հոգնածներս):
Եվ այնուհանդերձ, բոլորս ենք մեզ բռնում այն մտքի վրա, որ Ռուսաստան-Թուրքիա տանդեմի ռազմավարությունն ահավոր թանկ է նստում մեզ վրա` հաշվի առնելով մեր պատմական փորձը` 15 թվի կոտորածներ, պետականության կորուստ: ՈՒ քանի որ թարսի պես պատմությունը կրկնվելու գեշ խասիաթ ունի, ապա ամեն անգամ, երբ այդ երկու երկրները նստում են սեղանի շուրջ, մեզանում` ազգի մեջ, ինտուիտիվ շարժվում է վտանգի կոդը:
Ամփոփելով վերն ասվածները` արձանագրենք. այս պահին և ապագայում երևացող վտանգներ դեռ չկան:
Ի՞նչ կա որ, չի բացառվում` Էրդողանն իսկապես գնա Սոչի: Հիշենք` լրատվական արտահոսք եղավ, որ Էրդողանն ու Մեդվեդևը կհանդիպեն առաջիկայում նաև Սոչիում, ու թե հանդիպեն, ուրեմն Մայնդորֆը, իբր «պրեամբուլան»` «դամբուլա» կանեն: Իմա` թուրքերը համաձայնած կլինեն, որ խաղաղապահները ռուսական մանդատ ունենան, Սերժին էլ կկանչեն Սոչի («опять Сочи-на три ночи»), Հայաստանն էլ մի երկու շրջան կվերցնի Ղարաբաղի կողմերից, կտա Ադրբեջանին, կասի` «առ, ախպեր, ներվերս կերաք», երկնքից էլ մի երեք հատ կարմիր խնձոր կընկնի երեք «նապարնիկների»` Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ռազմավարական գլխներին...
Կգնա՜, իհա՛րկե, կգնա Էրդողանը Սոչի: Չկասկածե՛ք: Բայց Էրդողանի ուշքն ու միտքը, ինչպես ռուս իշխող զույգինն է, «նաղդ փողն» ու «հիման» համատեղելն է: Այո, Թայիբը մեծ հետաքրքրություն ունի 2014-ին Սոչիում կառուցվելիք օլիմպիական շինարարության նկատմամբ: Դրա համար կմեկնի այնտեղ:
Ընդամենը:
...Հազար ասինք` Անդրանիկ Մանուկյան, «լյան»` ՈՒկրաինայում դեսպանությունը, քո ինչի՞ն է պետք, Լևիտինն ասել է` գնա Սոչի` «на три ночи», ողջ շինարարությանը տեր կանգնի:
Գնա Յանուկովիչին խնդրելու, թե ԵԽԽՎ բարձր ամբիոնից ասա, էլի, ախպեր, որ հետխորհրդայյին կոնֆլիկտները (Օսիայի, Աբխազիայի, Ղարաբաղի հաշվով) պետք է նույն մոտեցմամբ լուծվեն։ Հրեն, կգնայիր Սոչի, Էրդողանն էլ կգար ու էդ շինարարության թույլտվությունն ստանալու համար քեզ կդիմեր, իմա` կդիմեր Հայաստանի ներկայացուցչին` բոլոր քաղաքական-դիվանագիտական հետևություններով հանդերձ:
Բա թե` չէ:
Դե` չէ՞, չէ՛։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1174

Մեկնաբանություններ