«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՄՆ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ

ԱՄՆ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ
11.05.2010 | 00:00

Առաջատար շահագրգիռ տերությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում (ինչպես և այլ տարածաշրջաններում) անվտանգության խնդիրները դիտարկում են իրենց ազգային շահերի տեսանկյունից։ Դա, առաջին հերթին, վերաբերում է ԱՄՆ-ին, Ռուսաստանին, եվրոպական ընկերակցությանը և նրա առաջատար պետություններին, Թուրքիային, Իրանին։ Անկախության ձեռքբերման հենց սկզբից Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև մի շարք չճանաչված պետություններ, ԱՄՆ-ը և Ռուսաստանը Հարավային Կովկասը համարում էին աշխարհառազմավարական միասնական տարածաշրջան, ուր անվտանգության խնդիրները պետք է լուծվեն համակարգված, որոշակի ստանդարտների շրջանակներում, ինչը կոչված է ապահովելու քաղաքական գործընթացների և ամբողջ տարածաշրջանի կառավարելիությունը։ Հետագայում եվրոպական ընկերակցությունը նույնպես, որի առաջատար տերությունները փորձում էին որոշել, թե Հարավային Կովկասում ազդեցության աշխարհատնտեսական որ ոլորտները պետք է վերցվեն և որ պետություններում, կառավարման և անվտանգության խնդիրների լուծման գործում աշխատում էր կիրառել ինչ-որ ունիվերսալ մեթոդներ։ Թուրքիան և Իրանն անհրաժեշտ քաղաքական ռեսուրսներ, համապատասխան քաղաքական մտածելակերպ չունեին, ինչպես նաև շահագրգռված չէին բազմածալ քաղաքականություն վարելու Հարավային Կովկասում, որի ժողովուրդների ու պետությունների հետ ունեին վաղեմի և դժվար հաղթահարելի խնդիրներ։ Սակայն Արևմուտքի տերությունները, Ռուսաստանն ու տարածաշրջանի հարավային հարևանները ևս շահագրգռված էին, որ Հարավային Կովկասը մնա որպես ամբողջական աշխարհաքաղաքական տարածք, քանի որ հասկանում էին, որ այդ ոչ մեծ, բայց կարևոր տարածաշրջանի «քաղաքական» պառակտումը կարող է իրենց համար լուրջ խնդիրներ առաջացնել։ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված էին միջազգային քաղաքական, տնտեսական և ռազմական կազմակերպություններին անդամակցությամբ, ինչը կնպաստեր նրանց ինքնիշխանության հաստատմանը։ Սակայն եթե Վրաստանն ու Ադրբեջանը շահագրգռված էին բազմակողմանի մոտեցումների կիրառմամբ, ինչը ենթադրում էր «տարածքային ամբողջականության պահպանման» սկզբունքներ, ապա Հայաստանը, որի, որպես ժամանակակից պետության, ձևավորումը կապված է պատմական հայրենիքի միավորման գաղափարի հետ, փորձում էր շեշտադրել պատմական և քաղաքական իրավիճակի առանձնահատկություններից բխող մոտեցումները։ Միաժամանակ, Հայաստանը կարողացել է բավական հաջողությամբ անդամակցել միջազգային կառույցներին։ Ավելին, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, որոնք ընտրել են հիմնականում արևմտյան քաղաքական կողմնորոշում, Հայաստանն իր ուղին է ընտրել և հաջողել է, բացի Արևմուտքի հետ մերձեցումից, շատ սերտ հարաբերություններ հաստատել Իրանի, Չինաստանի, արաբական պետությունների հետ, ակտիվորեն մասնակցելով քաղաքական և աշխարհատնտեսական նախագծերին։ Հավաքական անվտանգության եվրասիամետ պայմանագրին Հայաստանի մասնակցությունը և Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքը նպաստում են ոչ միայն Հայաստանի անվտանգությանը, այլև ամբողջ Հարավային Կովկասի կայունությանը։
Հաշվի առնելով այն, որ ավելի քան 1,6 մլն հայեր ԱՄՆ-ի օրինապահ և օրինավոր քաղաքացիներ են, և ամերիկահայ համայնքը մեծ կարևորություն ունի Հայաստանի քաղաքական ու տնտեսական բարօրության համար, Հայաստանի ամեն կառավարություն ձգտելու է գործընկերային հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ, ինչն առայժմ խնդրահարույց է Ռուսաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների պատճառով։
Ո՛չ Ռուսաստանին, ո՛չ արևմտյան ընկերակցությանը չի հաջողվել Հարավային Կովկասը բերել ներդաշնակ վիճակի, քանի որ դա միանգամայն անհնար է։ Դա անել չի կարողացել նաև ԱՄՆ-ը, որը «հիասթափված է» Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի և եվրոպական ընկերակցության քաղաքականությունից և աշխատում է դառնալ այդ տարածաշրջանում առանց բացառության բոլոր քաղաքական գործընթացների շարժիչ ուժ։ Ջորջ Բուշի վարչակազմն առաջարկեց քաղաքական նոր ոճ` առաջին հերթին տարածաշրջանների առնչությամբ։ Եթե Բիլ Քլինթոնի վարչակազմն աշխատում էր խաղաղ գոյակցություն ապահովող տարածաշրջանային հարաբերությունների համակարգ ձևավորել, ապա հանրապետական կուսակցության աջ թևի և Ջորջ Բուշի վարչախմբի իրատեսները շահագրգռված էին ոչ թե տարածաշրջանային վեճերի կարգավորման գաղափարաքաղաքական մեկնաբանությամբ, այլ ԱՄՆ-ի աշխարհատնտեսական նախագծերի իրականացման համար իրական անվտանգության ապահովմամբ։ Դա ցայտուն դրսևորվեց պաղեստինյան խնդրի օրինակով և ղարաբաղյան խնդրի կարգավորման ձախողված փորձով` այն փուլում, որը պայմանականորեն կարելի է անվանել «Քի-Վեսթյան»։ Ամերիկացիները բավականաչափ ժամանակ և հնարավորություն ունեին ղարաբաղյան խնդրի վերլուծության համար և համոզված են, որ ղարաբաղյան հարցը խոչընդոտ չէ և իրական վտանգ չի ներկայացնի էներգափոխադրման նախագծերի կենսագործման համար։ ԼՂՀ-ի քաղաքական ղեկավարությունը կանոնավոր հարաբերություններ ունի ամերիկյան, ռուսական, իրանական և եվրոպական քաղաքական գործիչների հետ, իսկ ԱՄՆ-ն ամեն տարի ԼՂՀ-ին կառավարական օգնություն է տրամադրում։ ԼՂՀ-ի գլխավոր արտաքին քաղաքական խնդիրը քաղաքական այն գնահատականների հաստատումն է, ըստ որի «հայկական երկրորդ հանրապետության» ոչ մեծ, բայց արդյունավետ ռազմաքաղաքական կարողությունը, փաստորեն, Հարավային Կովկասի կայունության, ուժերի հավասարակշռության և անվտանգության կարևոր տարրն է, աշխարհատնտեսական նախագծերի զարգացման կարևոր պայման։
Հարավային Կովկասն ակտիվորեն ներգրավվում է տարածաշրջանային աշխարհատնտեսական և ռազմաքաղաքական դաշինքների ձևավորման գործընթացների մեջ, ինչը դառնում է տվյալ տարածաշրջանում տեսանելի հեռանկարի վճռական բնութագիր։ Առայժմ հակասություններն ու առճակատումները տարածաշրջանում և դրա շրջակա աշխարհում այնքան մեծ են, որ դաշինքների (ընդ որում` չափազանց անսպասելի) ստեղծման գործընթացները չի հաջողվի կանգնեցնել։ «Փոքր» և «միջին» պետություններն ամենից ավելի են շահագրգռված այդ «դաշինքաստեղծմամբ»։ Եթե առաջ ԱՄՆ-ն աշխատում էր թույլ չտալ, որ «Մեծ Մերձավոր Արևելքի» տարածաշրջանում դաշինքներ ստեղծվեն, վախենալով անկառավարելիության ուժեղացումից, ապա հիմա նա դրականորեն է վերաբերվում Իսրայել-Թուրքիա «առանցքային» դաշինքի ստեղծմանը` տարբեր ձևաչափերով, ներառյալ Հորդանանը, Վրաստանն ու Ադրբեջանը։ Կասկած չկա, որ ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում կպահպանվի։ Թուրքիայի երազանքը` «կրկնելու» իր աշխարհառազմավարական ցատկը դեպի Կենտրոնական Ասիա, նորից անկատար կմնա, ինչն ԱՄՆ-ի քաղաքականության որոշ ուղղությունների վերաիմաստավորման մեկնակետ կդառնա։ Չնայած Կենտրոնական Եվրասիայում ԱՄՆ-ի թվացյալ լայնապարփակ ծրագրերին, նրա քաղաքականությունը, այնուամենայնիվ, իրավիճակային բնույթ է կրում։ Հարկ է նշել, որ սկսած 1999-ից մինչև «սեպտեմբերի 11-ի» իրադարձություններն ԱՄՆ-ը սևեռվել է Կենտրոնական Ասիայում իր ներկայության սահմանափակման (տարածաշրջանի անվտանգության համար պատասխանատվության մակարդակի նվազեցման) վրա և պատրաստ էր համանման որոշում ընդունել նաև Հարավային Կովկասի առնչությամբ։ Աշխարհում տիրող էներգետիկ և քաղաքական իրավիճակը, պայքարն ԱՄՆ-ի տարբեր քաղաքական խմբավորումների միջև հանգեցրել են առաջնային ոլորտների գնահատմանն ու արտաքին քաղաքականության վերանայմանը։ Դրան զուգընթաց, ԱՄՆ-ը մտադիր չէ միանալ տարածաշրջանային «լրացուցիչ» խնդիրների լուծմանն ու նոր թշնամիների ձեռքբերմանը։ Ընդհակառակը, ԱՄՆ-ը, օրինակ, ձգտում է կարգավորել հարաբերություններն Իրանի հետ, և այդ դեպքում նկատելիորեն կնվազի Թուրքիայի դերը տարածաշրջանային ռազմավարական «փնջում»։
ԱՄՆ-ի և Հայաստանի գործընկերային փոխհարաբերությունների զարգացման հեռանկարը մեծապես կախված է ամերիկա-ռուսական հարաբերությունների նոր բովանդակության ձևավորումից։ ԱՄՆ-ի նավթային ու ներդրումային ընկերությունները, մասամբ ռազմական և ռազմարդյունաբերական համալիրը, շահագրգռված են ամերիկա-ռուսական համագործակցության վերաիմաստավորմամբ։ Դրանում շահագրգռված է նաև այնպիսի մի պետություն, ինչպիսին Մեծ Բրիտանիան է։ Սա շատ կարևոր է, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի հանրապետական կուսակցությունը (հատկապես ԱՄՆ-ի հարավում իշխանության քաղաքական կենտրոնը) Մեծ Բրիտանիայի պահպանողական վերնախավի ավանդական գործընկերն է։ Օրինակ, Ռուսաստանի մասնակցությունը Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցմանը, դրանով ռուսական նավթի մղման դեպքում, կապաքաղաքականացնի այդ նախագիծը և զգալիորեն կթուլացնի լարվածությունը Հարավային Կովկասում, որը քաղաքական շահարկումների և քաղաքական ճնշման ասպարեզ է դարձել։
Հայաստանում կան հասարակական և քաղաքական խմբավորումներ, որոնց թվում է, թե հայ-թուրքական հարաբերությունների արագացված կարգավորումը կհանգեցնի տնտեսական դրության բարելավմանը Հայաստանում և տվյալ խմբավորումների քաղաքական հաջողությանը։ Իհարկե, ԱՄՆ-ը տարածաշրջանային գլխավոր հիմնախնդիրները համարում է ոչ թե աբխազական կամ ղարաբաղյան, այլ ռուս-վրացական ու հայ-թուրքական հարաբերությունները։ Սակայն Թուրքիան, բացահայտորեն, շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, քանի որ հայ-ռուսական և հայ-իրանական համագործակցությունն օգտագործում է որպես փաստարկ Թուրքիայի անվտանգությանը սպառնալիքի իմաստով, ինչը կարևոր է ամերիկյան օգնություն ստանալու համար։
Հայկական քաղաքական գործոնն աստիճանաբար ավելի նշանակալի է դառնում։ «Մեծ Մերձավոր Արևելքում» սկսվում է առճակատման տևական մի ժամանակաշրջան, որին ներգրավված են համաշխարհային աշխարհաքաղաքական բոլոր «բևեռները»։ Հայաստանը պետք է ապացուցի իր իրավունքը` մնալու որպես տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտ, բայց արդեն ոչ թե Հարավային Կովկասի շրջանակներում, այլ ավելի ընդարձակ տարածությունում։ Այս իրավիճակը հույսեր, ավելի շատ պատրանքներ է ներշնչում տարածաշրջանի քաղաքական շատ վերնախավերի։ Բայց պատրանքները, ինչպես հայտնի է, ցրվում են և մնում է ճանաչել ոչ միայն մարդու, այլև ազգի ազատության իրավունքը։ Այն առաջարկությանն ի պատասխան, թե լավ կլիներ, որ Հարավային Կովկասը հայտարարվեր «չեզոք» տարածաշրջան, Փոլ Հոբլը նշել է, որ «չեզոքն» էլ է առճակատում նշանակում, ավելի լավ է օգտագործել «խաղաղ» բնորոշումը։
Չնայած եվրոպական ընկերակցությունը կարևոր խնդիր ունի` Եվրախորհրդի կարգավիճակը բարձրացնելու, այդ բյուրոկրատական կառույցը շարունակում է մնալ որպես խորհրդատվական-խորհրդակցական կազմակերպություն, որը փորձում է համընդհանուր քաղաքական արդարադատի գործառույթ իրականացնել։ Եվրոպական խորհրդին անդամակցությունը նշանակում է քննական նորմատիվ տարածությունը հաղթահարած պետության ոչ երկրորդական դիրքի արտոնագիր ունենալ։ Եվրախորհրդի, ինչպես նաև մյուս բոլոր եվրոպական կառույցների, հիմնական դժվարություններից մեկը եվրոպական արտաքին քաղաքականության հաստատումն է։ Դա ենթադրում է կատարել ոչ այնքան հավակնոտ խնդիրներ` եվրոպական ազդեցությունը տարածել, նախ և առաջ, զուգակից տարածաշրջանների վրա, ինչպես նաև նախատեսում է ապահովել մերձավոր և հեռու շրջապատի արտաքին անվտանգությունը։ Այդ խնդրի ածանցյալը հաղորդակցական և այլ աշխարհատնտեսական նախագծերի իրականացումն է։ Այդ խնդիրներից ամենևին էլ վերջինը չէ եվրոպական վերահսկողության հաստատումը Հարավային Կովկասի տարածաշրջանի` որպես տարանցման-սպասարկման ասպարեզի, նկատմամբ։ Այս կապակցությամբ առաջանում է խաղային մի իրավիճակ, երբ Եվրոպական ընկերակցությունը մասամբ համագործակցում է ԱՄՆ-ի հետ, բայց նաև զգալիորեն հակադրվում է նրան` քաղաքական, տեխնոլոգիական և գաղափարախոսական առումով։ Օրինակ, Վրաստանում և ՈՒկրաինայում տիրող իրավիճակի առումով Եվրոպական ընկերակցությունը, ԱՄՆ-ի հետ համերաշխ լինելով արմատական լուծումների և պետական հեղաշրջումներ կազմակերպելու խնդիրներում, միաժամանակ հակադրվում է նրան` ժողովրդավարացման տրամաբանության և հետևողականության հարցում, ինչպես նաև քաղաքականության մեջ և այդ վարչակազմերի գործունեության մեջ համապատասխան նորմատիվների դերի ոլորտում։ Համերաշխությունը զգալի չափով դրսևորվում է նաև աշխարհաքաղաքական շրջապատի և Ռուսաստանին որոշակի նպատակների իրականացման հարկադրելու վերաբերյալ հարցերի լուծման գործում։ Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ի և եվրոպական ընկերակցության միջև պահպանվում և ուժեղանում են անդրատլանտյան հարաբերությունների խնդիրների հետ կապված հիմնական հակասությունները։ Եվրոպական զինված ուժերի կազմավորումը, ինչը եվրոպական քաղաքական շարժակազմի բաղկացուցիչ, իսկ հիմա արդեն առաջնային, տանող ուժն է, համահարթում է այն շատ ուղղությունները, որտեղ առայժմ համագործակցում են արևմտյան աշխարհի երկու «բևեռները»։
Ղարաբաղյան խնդրի շուրջ ամերիկա-եվրոպական հարաբերությունները հետևյալ տեսքն ունեն. ամերիկա-ռուսական «հրթիռային» բանակցություններին համընթաց, Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով ղարաբաղյան խնդրի, իբր, կարգավորման ԱՄՆ-ի փորձը ավարտվեց անարդյունք, ինչը և ամերիկացիները հաշվարկել էին։ Ջ. Բուշի վարչակազմը և ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունների համար ատելի, այսպես կոչված, նոր պահպանողականները գերադասեցին սառեցնել ղարաբաղյան հարցի լուծման ընթացքը, քաղաքական նախագծողներին հրահանգելով մոտեցումներ առաջարկել ինչպես ԼՂ-ի, այնպես էլ մի քանի այլ «անվերահսկելի տարածքների» միջազգային ճանաչման առումով։ Այդ հարցերին ԱՄՆ-ի տարամակարդակ մոտեցումը ենթադրում է ռուսական խնամակալություն Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ, Իրաքի քրդերի իրավունքների ճանաչում, Ալբանական Կոսովոյի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության, Թայվանի միջազգային ճանաչում, բայց Մերձդնեստրյան Հանրապետության վերացում։ Այդ մոտեցումները բխում են ամերիկյան տարածաշրջանային ռազմավարության տրամաբանությունից։ 2002-ի աշնանը ԱՄՆ-ը ղարաբաղյան խնդրի կարգավորման նախաձեռնությունը փոխանցեց եվրոպացիներին, նրանց ասպարեզ տալով ցուցադրելու իրենց հնարավորությունները, ինչն ավարտվեց անարդյունք։ Բարաք Օբամայի քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանային տեղային կոնֆլիկտների օգտագործմանը նոր պայմաններում, երբ ինչ-ինչ կարևոր պայմանավորվածություններ են տեղի ունենում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, նկատի ունի ոչ այնքան հրթիռային խնդիրները, որքան տարածաշրջանային ազդեցության հարցերի լուծումը։ Տվյալ պայմաններում, երբ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պահպանողական շրջանակները հաստատել են Ալբանական Կոսովոյի անկախությունը և ձեռնամուխ են եղել Բոսնիայի մեջ մտնող պետական երեք կազմավորումների անկախության հեռանկարների քննարկմանը, եվրոպացիները պետք է ցուցադրեն այդ «խառնակ» տարածաշրջաններում գործընթացների զարգացման «առանձնակի» տարբերակ։ Իսկ այլընտրանքային վարկածի մշակումը հեշտ բան չէ, հատկապես ամերիկացիների մշակումների բարձր մակարդակի պայմաններում։ Սակայն ԱՄՆ-ը ոչ մի հիմք չունի եվրոպացիներին զիջելու նախաձեռնությունը ղարաբաղյան կարգավորման հարցում, քանի որ Նիկոլա Սարկոզիի գործունեությունը ցույց տվեց, թե Եվրամիությունն ինչպես կարող է վճռական դեր խաղալ ռուս-վրացական հակամարտության կարգավորման, ավելի ճիշտ մարման գործում։ Հնարավոր է, ԱՄՆ-ի նպատակներից մեկն է Եվրամիությանը համոզելու, որ Հարավային Կովկասում անվտանգության պայմանների ստեղծման առումով համակարգային լուծումներն անհնար են։ Ռուսաստանի կամ Եվրամիության նախագծում անվտանգության համակարգը չի կարող ձեռնտու լինել ԱՄՆ-ին և չի համապատասխանում նրա շահերին։
Բայց եվրոպական դիրքերի թուլությունը, տվյալ դեպքում, արտահայտվում է ո՛չ տարածաշրջանային խնդիրների լուծման բացառապես խաղաղ եղանակներին ապավինելու ձգտմամբ և ո՛չ էլ միջազգային հակամարտությունների լուծման ռազմական եղանակների բացառմամբ։ Եվրոպական դիրքերի թուլությունն արտահայտվում է եվրոպական արտաքին քաղաքականության բացակայությամբ` որպես այդպիսին։ Ո՛չ հիմա, ո՛չ միջնաժամկետ հեռանկարում եվրոպական ընկերակցությունն արտաքին քաղաքականություն չի վարի։ Արտաքին քաղաքականությունը (լավագույն դեպքում Եվրոպայի անունից) վարում են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, մասամբ` Իտալիան։ Նպատակ հետապնդելով ուժեղացնել եվրոպական դիրքորոշումն ԱՄՆ-ի հանդեպ, այդ տերությունները չեն առարկում, որ ընկերակցության բյուրոկրատիան վարի արտաքին քաղաքականության նմանակում։ Եվրոպայի առաջատար տերությունները հասկանում են, որ անհարկի «լուրջ» նախաձեռնությունները, հատկապես տարածաշրջաններում, ենթադրում էին անվտանգության զուգահեռ ապահովում, ինչը կպահանջի ռազմաքաղաքական ներկայություն, մի բան, որը ոչ մի կերպ չի համապատասխանում եվրոպացիների նպատակներին ու խնդիրներին։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ