«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՏՐՈՒԿ ՁԱԽՈՂՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ

ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՏՐՈՒԿ ՁԱԽՈՂՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ
30.04.2010 | 00:00

ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև ընդհանուր առմամբ հարաբերությունները լարված են, և կովկասյան խնդիրները կարող են է՛լ ավելի խորացնել դրանք, եթե ղարաբաղյան կարգավորման ոլորտում կտրուկ ձախողում տեղի ունենա։ Առայժմ ԱՄՆ-ը և Ֆրանսիան աշխատում են ցուցադրել դիրքերի ու մոտեցումների միասնություն։ Հարկ է նշել, որ իսկապես այդպես է, բայց դիրքերի ու մոտեցումների միասնությունը` կոնֆլիկտի կարգավորման տեխնոլոգիաների, սցենարների և սխեմաների առումով, նպատակների միասնություն չի նշանակում։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան ձգտում են ուժեղացնել իրենց դիրքերը Կասպյան ավազանում, հատկապես այն բանից հետո, երբ Ֆրանսիան ամրապնդեց իր կապիտալի դիրքերն Արևմտյան Ղազախստանում (Կաչագանի հանքավայր)։ Եվրոպական վերլուծաբանների կանխատեսումներով, մոտակա տասնամյակում կբարձրանա ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական մրցակցության մակարդակը։ Միանգամայն հասկանալի է, որ առանց Կասպյան ավազանում նշանակալի քաղաքական ազդեցություն ունենալու դժվար է տնտեսական շահեր պաշտպանել և հաջողությամբ ներդրումային ծրագրեր իրականացնել։ Ֆրանսիան, որը Կասպյան ավազան արևմտյան կապիտալի ներթափանցման հենց սկզբից դուրս էր մղվել նավթային բիզնեսից, հիմա ձգտում է զուգահեռաբար ապահովել իր քաղաքական ու տնտեսական ազդեցությունը։ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը Ֆրանսիային թույլ կտա հայտարարել տարածաշրջանում իր նշանակալի քաղաքական ներկայության մասին։

ԱՄՆ-ը ձգտում է անտեսել Ռուսաստանին ու նրա շահերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Առաջին անգամ ամերիկացիները դա անում են միանգամայն անսքող։ Քի Վեսթի գագաթաժողովում Ռուսաստանը, փաստորեն, ներկա եղավ իբրև դիտորդ։ Ռուսաստանն իրեն շատ անհարմար է զգում այդ դերում և ընտրեց կարգավորման գործընթացին նվազագույն մասնակցության կեղծ ուղին, եթե այն տեղի է ունենում ուրիշի դաշտում։ Ռուսաստանի սպասողական մոտեցումը բոլորին միանգամայն հասկանալի է և իր առավելություններն ունի ստեղծված իրավիճակում։ Սակայն պարզ չեն տարածաշրջանում ուժերի հետագա դասավորությունում Ռուսաստանի տեղն ու հեռանկարները։

Դրա հետ մեկտեղ, միանգամայն ակնհայտ է, որ ԱՄՆ-ը չունի արդյունավետ միջոցներ Հայաստանի վրա, օրինակ, ճնշում գործադրելու, նախ և առաջ, նրա անվտանգության և մի շարք ազգային խնդիրների լուծման ուղղությամբ։ ԱՄՆ-ը Հայաստանի վրա քաղաքական և տնտեսական ճնշում չի գործադրի, հնարավոր է հանդես գա միայն որոշ դիվանագիտական հայտարարություններով։ Հայաստանը սա լավ է հասկանում և իր քաղաքականությունը կառուցում է դրա հաշվառմամբ։ Սա հասկանում է նաև Ադրբեջանը, դրա համար էլ ձգտում է շոշափելի արդյունքների հասնել կարգավորման գործընթացի ներկա փուլում։

Աբխազիայում նոր իրավիճակ է ստեղծվել` կապված նրա ինքնորոշման ճանաչման հետ։ Փաստորեն, վաղուց արդեն կարգավորման գործընթացում շարժ չկա։ Վրաստանը քաղաքական և տնտեսական անկում է ապրում, և այդ երկրի քաղաքական վերնախավն ի վիճակի չէ վերաիմաստավորել աբխազական հիմնախնդրի լուծման տեխնոլոգիաներն ու մոտեցումները։ Վրաստանի քաղաքական ղեկավարությունն ու ընդդիմության առաջատար ուժերը շարունակում են հետևել երկրի տարածքային ամբողջականության և Աբխազիայի ինքնավար կարգավիճակի սկզբունքներին, ինչը վերադարձ է խորհրդային շրջանի իրավիճակին։ Վրաստանի այն քաղաքական խմբերը, որոնք առաջարկում են Աբխազիան բաժանել վրացիների ու աբխազների միջև, եղանակ չեն ստեղծում վրացական քաղաքական դաշտում։ Աբխազները չեն համաձայնի Աբխազիայի բաժանմանը, քանի որ այդ դեպքում նրանք կկորցնեն աբխազներով բնակեցված Օչամչիրի շրջանի զգալի մասը, ինչպես նաև Ինգուրիի ՀԷԿ-ի վերահսկողությունը, շահեկան պաշտպանական դիրքերն Ինգուրի գետի երկայնքով և երկրագործական հարթավայրային Գալիի շրջանը։

Աբխազիան ավելի ու ավելի է ինտեգրվում Ռուսաստանին, և այսպես, թե այնպես, Ռուսաստանը պիտի համաձայնի Աբխազիայի հետ հարաբերությունների իրավական հիմքերի ստեղծմանը։ Վրացական բանակը մարտունակ չէ, և Արևմուտքում շատ դիտորդներ հակված են ասելու, որ պատմական այս փուլում Աբխազիան կորսված է Վրաստանի համար։ Բացի այդ, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան շահագրգռված չեն Սուխումի «անցումը» բացելով։

Փորձագիտական շատ գնահատականներին հակառակ, Վրաստանը ձգտում է չխզել պարտավորեցնող քաղաքական շփումները Ռուսաստանի հետ և պատրաստ է նոր երկխոսություն սկսելու, այդ թվում` ստորագրելու համագործակցության նոր համաձայնագիր։ Դրա հետ մեկտեղ, ռուսական բազաներն ու դրանց դուրսբերման գործընթացը մնում են Վրաստանի միակ փաստարկը Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Բայց ՆԱՏՕ մտնելու Վրաստանի անսասան որոշումը Ռուսաստանի հետ դիրքերի մերձեցման հեռանկարը գրեթե աննշմար է դարձնում։

Վրացական կոնֆլիկտները, բացի Աջարիայի խնդրից, ոչ մի կերպ չէին կապակցվում Արևմուտքի նավթային շահերի հետ, ինչը և պայմանավորում էր նրա զուսպ արձագանքն այդ վեճերի լուծման նկատմամբ։ Մեծ Բրիտանիայի կողմից Բաթում-Սուպսա տրանսպորտային հանգույցի և ամբողջ Աջարիայի` որպես առավել կարևոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կետի, «կլանումից» հետո Հարավային Օսիայի և Աբխազիայի պրոբլեմն էլ ավելի կորցրեց իր հրատապությունը։ ԱՄՆ-ի և Եվրամիության բոլոր հռչակագրերը հանգեցվում են կարգավորման գործընթացի նմանակման։ Եթե որևէ բան չի ներդաշնակում էներգետիկ համալիրի անվտանգությանն ու դրա տրամաբանությանը, լուրջ խնդիր չի համարվում։

Հարավային Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականությունը դարձել է ավելի իմաստավորված, բազմակողմանի և բազմագործոն։ Այդ և ԱՊՀ մյուս տարածաշրջաններում Ռուսաստանի նոր քաղաքականության ամենաուժեղ կողմը դարձել է տնտեսական և աշխարհատնտեսական քաղաքականության առաջնայնությունը, ուր Ռուսաստանն անվիճելի առավելություններ ունի։ Կարևորն այն է, որ Արևմուտքը պարզել է, որ Կովկասն ու Կենտրոնական Ասիան աշխարհաքաղաքական առումով առանձնահատուկ տարածաշրջաններ են, քանի որ արևմտյան հանրությունն «ազատ մուտք» չունի այդտեղ։ Դրանք Եվրասիայի ներքին տարածաշրջաններ են, և Ռուսաստանի, Թուրքիայի ու Չինաստանի տիրապետությունն այստեղ ակնհայտ է։ Դրա հետ մեկտեղ, Ղարաբաղի խնդիրն առանց Արևմուտքի լուծելու Ռուսաստանի ցանկացած փորձ կձախողվի ամերիկացիների կողմից` եվրոպացիների աջակցությամբ։

Հարկ է նշել, որ ամերիկացի և եվրոպացի փորձագետների մի մասը կարծում է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան, չնայած ակտիվությանը, չունեն այդ տարածաշրջաններ թափանցելու և դրանք վերահսկելու հստակորեն մշակված պլան։ Տպավորություն է ստեղծվում, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրոպան չեն պատրաստվում այդ շրջաններում հետևողական, բազմաքայլ քաղաքականություն վարելու։ Ժամանակ առ ժամանակ կիրականացվի որոշակի նպատակներ հետապնդող «բազմաբարդ» ու «խորամանկ» նախագծերի քաղաքականություն։ Դրա հետ մեկտեղ, այդ տարածաշրջանների որոշ պետություններ, ի հեճուկս Արևմուտքի ու Ռուսաստանի, կարողացել են վարել իրենց ինքնուրույն արտաքին քաղաքականությունը։

Կովկասում և Կասպյան ավազանում Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը ներկայումս առաջնային է։ Մեծ Բրիտանիան այդ տարածաշրջանում առանձնակի շահեր ունի։ Որքան հնարավոր է եղել, Լոնդոնն իր քաղաքական ու տնտեսական ներկայությունը նկատելի է դարձրել նավթի արդյունահանման և փոխադրման առումով, մի քանի ոչ մեծ տնտեսական նախագծերում, ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցությամբ։ Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիան ընթանում է ամերիկյան քաղաքականության հունով` հույսը դնելով ԱՄՆ-ի քաղաքական հնարավորությունների վրա։ Մեծ Բրիտանիան գրեթե ոչ մի տնտեսական շահ չունի Վրաստանում ու Հայաստանում, սակայն սկզբունքային շահեր ունի Ադրբեջանում ու Արևմտյան Ղազախստանում, բայց դրանք էլ ոչ մի կերպ չեն կարող համեմատվել, օրինակ, Իրաքում, Մերձավոր Արևելքում, Հարավարևելյան Ասիայում և, իհարկե, Ռուսաստանում ունեցածի հետ։ Մեծ Բրիտանիայի քաղաքական, վերլուծական և զինվորական շրջաններում այն կարծիքն է տարածված, թե Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում քաղաքական կայուն իրավիճակ չկա, և այդ տարածաշրջաններում առկա է ռիսկի ավելի մեծ մակարդակ, քան ընդունված է համարել ԱՄՆ-ում կամ Եվրոպայում։

Կասպյան ավազանը, առանձնապես նրա հյուսիսային և հարավային ծայրամասային շրջանները, երկրաբանական առումով վատ են ուսումնասիրված, ինչն անվստահություն է ներշնչում նավթի ու գազի արդյունահանման նախագծերի հանդեպ։ Նավթային ընկերությունները հաճախ փորձում են տեխնոլոգիական ռիսկերը ներկայացնել որպես քաղաքական` իրենց կառավարություններին մեղադրելով բիզնեսի անվտանգությունը բավարար չափով չապահովելու մեջ։ Իրականում ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ինչպես նաև նրանց առաջատար ընկերությունները, Կասպյան ավազանը չեն համարում առաջնային` նավթի ու գազի արդյունահանման տեսակետից։

Իրանի և Թուրքմենստանի գազահանքերն ավելի մեծ նշանակություն ունեն Եվրոպայի համար, քան Կասպյան ավազանի նավթահանքերը։ Ներկայումս Կասպյան ավազանում ավելի երկար հեռանկարում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի էներգետիկ շահերն արտացոլող բավականաչափ մշակված ռազմավարական ծրագիր չկա։ Տարածաշրջանում էներգետիկ համալիրի կառուցվածքի զարգացումը ներկա փուլում արդեն ավարտված է և սոսկ աննշան համալրումներ է պահանջում։ Դեպի Արևմուտք կմղվի մինչև 130-160 մլն տոննա նավթ և մոտ 8-10 մլրդ խմ գազ, բայց առավել նպաստավոր պայմաններում և համեմատաբար ոչ երկար ժամանակվա ընթացքում` 20-25 տարում։ Էներգետիկ համալիրի զարգացմանը նոր խթան կարող են հաղորդել Թուրքմենստանի բնական գազի պաշարները` հատկապես նախագահ Նիազովի մահվան հետ կապված քաղաքական իրադարձություններից հետո։ Կարելի է միայն ասել, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան աշխատում են համաձայնեցնել իրենց դիրքորոշումը Կասպյան ավազանի խնդիրների շուրջ։ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի առաջատար նավթային ընկերությունների միջև նույնպես նկատելի հակասություններ չկան այդ տարածաշրջանի առնչությամբ։ «Նաբուկո» գազամուղի կառուցման հարցի լուծմամբ տարածաշրջանում կավարտվի էներգափոխադրման համակարգի ձևավորումը։ Այդ նախագիծը պակաս դրամատիկ չէ, բայց չի սրի կոնֆլիկտայնությունը Հարավային Կովկասում։ Արևմուտքը, Ռուսաստանը, Իրանը և տարածաշրջանի երկրներն անցել են աշխարհատնտեսության ոլորտում սուր պայքարի փուլը և սովորել են ավելի հանգիստ լուծել նման հարցերը։ «Հարավային հոսքի» պլանի ձախողումը, անշուշտ, կհանգեցնի Վրաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների որոշակի սրման, այս անգամ հատկապես Ադրբեջանի հետ, բայց այդ հարաբերությունները կիրականացվեն փոխադարձ պատասխանատվության շրջանակներում։

Հնարավոր է, վերջին տարիներին, հատկապես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումից հետո, որոշ փոփոխություններ եղած լինեն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մտադրություններում։ Եթե առաջ նրանք ամենևին չէին փորձում արագացնել նավթի հանույթը Կասպից ծովի հանքերում, դրանք համարելով ռեզերվային գալիք տասնամյակների համար (հաշվի առնելով դրանց արդյունահանման ու փոխադրման բարձր ինքնարժեքը), ապա իրավիճակը փոխվել է, և ավազանի նավթապաշարներին առնչվող նոր խնդիրներ են ծագել։ Ըստ երևույթին, մտադրություններ կան արագացնելու և ընդլայնելու նավթի արդյունահանումը։ Նման հնարավորություն կա միայն Արևմտյան Ղազախստանում, բայց այդ հանգամանքը Հարավային Կովկասը ևս կշոշափի` որպես տարանցիկ շրջան։ Դատողություններ անելով Կասպյան ավազանից նավթի ու գազի փոխադրման բազմաճյուղ համակարգի մասին, պետք է նկատի ունենալ, որ խոսքը հեռավոր ապագայի մասին է։ Ներկայումս այդ տարածաշրջանում և շահագրգիռ պետություններում չկան այդ խնդրի լուծման ֆինանսական, ներդրումային և քաղաքական պայմաններ։ Դրա համար պետք է զգալի չափով փոփոխվի նաև աշխարհի էներգետիկ իրավիճակը։ Հիմա շատերն սպասում են Թենգիզ-Նովոռոսիյսկ նավթամուղի աշխատանքի քաղաքական ու տնտեսական արդյունքներին։ Դրանից կախված կլինի շատ բան կառավարական որոշումներ ընդունելիս և նավթաընկերությունների ծրագրերում։ Հարկ է նշել, որ այդ նախագծում ներդրված են աշխատանքի արդյունավետության բավական բարձր չափանիշներ։

Մեծ Բրիտանիան Կասպյան ավազանի նավթի ու գազի բազմաճյուղ փոխադրման երկարաժամկետ հայեցակարգի նախաձեռնողն է, չնայած արդի աշխարհում միայն ամերիկացիները կարող են այդ նախագիծն իրագործել։ Այդ հայեցակարգը ճանաչում գտավ Մեծ Բրիտանիայի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո։ Հայեցակարգի իրականացման համար առայժմ զգալի ֆինանսական և քաղաքական ռեսուրսներ չեն ծախսվում, բայց ղարաբաղյան հարցի կարգավորման փորձը, կարծես, այդ հայեցակարգի առաջին և հետաքրքրական տարրն է։ Այդ իմաստով, Մեծ Բրիտանիան, չլինելով Մինսկի խմբի համանախագահ, կարևոր դեր է խաղում Կովկաս-կասպյան տարածաշրջանի նկատմամբ համակարգային վերաբերմունքի սկզբունքների ու մոտեցումների ձևավորման գործում։

Դրա հետ մեկտեղ, Մեծ Բրիտանիան էական դեր է խաղացել Կովկաս-կասպյան քաղաքական ասպարեզում։ Նա առաջինն է սկսել լրջորեն զբաղվել կասպյան առափնյակում երկրաբանահետազոտական և շահագործական գործունեությամբ, առաջինն է ապահովել նավթի փոխադրումը Բաքու-Սուպսա երթուղով, առաջին անգամ սերտորեն շաղկապել է Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների կարևորագույն տնտեսական ու քաղաքական որոշումները։ Մեծ Բրիտանիան վերականգնել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ։ Ընդ որում, առաջադրելով առաջնային տնտեսական խնդիրներ ու նպատակներ, Մեծ Բրիտանիան կարևոր դեր է խաղացել այդ տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման գործում։ Որոշ լրատվամիջոցներ նյութեր են զետեղում Ադրբեջանի կառավարության և ԲՊ-ի (ինչպես նաև այլ բրիտանական նավթային ընկերությունների) միջև իբր գոյություն ունեցող գաղտնի պայմանագրերի մասին, որոնց մասնակից է բրիտանական կառավարությունը։ Բայց դրանք, սովորաբար, տնտեսական և քաղաքական պայմանավորվածություններ են, որոնք «սրբացվում են»` կապված նավթային շահերի և ղարաբաղյան կոնֆլիկտի հետ։ Այդուամենայնիվ, Մեծ Բրիտանիան հանդես է գալիս որպես ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի ակտիվացման ստվերային նախաձեռնող, ինչը, այսպես թե այնպես, հանգեցնում է առճակատման սաստկացման։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ