«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԴԵՐԸ ԱՄՆ-Ի ՆԱՎԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԴԵՐԸ ԱՄՆ-Ի ՆԱՎԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
30.07.2010 | 00:00

Տարիներ ի վեր ԱՄՆ-ն ու նրա գործընկերները, նախ և առաջ Մեծ Բրիտանիան, Հարավային Կովկասի տարածաշրջանում հետևողականորեն ստեղծել են կայունության և անվտանգության վարկանիշ։ ԱՄՆ-ին անհրաժեշտ էր տարածաշրջանային կայունություն` նավթի ու գազի փոխադրման նախագծերի հաջող իրականացման նպատակով։ Այս կապակցությամբ, քանի դեռ ընթանում էր տարածաշրջանային գլխավոր նախագծի` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումը, ԱՄՆ-ը խստորեն հետևում էր զինված ընդհարումները նվազագույնի հասցնելու, պատերազմական գործողությունների վերսկսում թույլ չտալու սկզբունքին։ Այդ խնդիրներն ԱՄՆ-ի համար առաջնահերթ են մնում նաև նախագծի ավարտից հետո, բայց, միաժամանակ, տեղի է ունենում տարածաշրջանի հանդեպ ԱՄՆ-ի մոտեցումների որոշ փոփոխություն, որը կապված է նավթամուղների կառուցման ավարտի և տարածաշրջանում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ դրսևորվող ռիսկերի դեմ ուղղված ընդհանուր սկզբունքների կիրառման հետ։ Տեղի է ունենում անվտանգության ապահովման խնդիրների, սպառնալիքների ու վտանգների էության փոփոխություն։ Տեղային անվտանգության ժամանակակից տեխնիկական միջոցներն ու համակարգերը թույլ են տալիս առանց առանձնակի դժվարությունների ապահովել էներգահաղորդակցման պաշտպանությունը, եթե տարածաշրջանում մարտական գործողություններ տեղի չեն ունենում։ Դրա հետ մեկտեղ, ոչ միայն նավթամուղի կառուցման ավարտը, այլև ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը հանգեցրին Հարավային Կովկասում քաղաքական իրավիճակի փոփոխման։
ԱՄՆ-ը շարունակում է կտրականապես ժխտել Հարավային Կովկասի հակամարտությունների օջախներում ընդգրկուն ռազմական գործողություններ վերսկսելու հնարավորությունը։ Թեև այդ սպառնալիքները հաշվի առնվում են, սակայն դրանց հետ կապված վտանգները հաջողությամբ մարվում են այն համապարփակ տպավորության համատեքստում, որ առաջացնում է Բաքու-Սուպսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղների աշխատանքը։ Բայց իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ ոչ այնքան կայուն։ Մի շարք, կանխավ ոչ իրատեսական նախաձեռնություններից հետո, որ մշակել են բրիտանացիները, ղարաբաղյան խնդրի հետ կապված իրավիճակը քիչ թե շատ կայունացել է։ Ադրբեջանը դարձել է այդ նավթային նախագծերի պատանդ և միջազգային ասպարեզում կորցրել վերջին քաղաքական ռեսուրսները։ Հայաստանը, վարելով ծայրաստիճան անարդյունավետ քաղաքականություն, այդուամենայնիվ, կարողացել է պահպանել իր դիրքերը։ Աշխարհաքաղաքական առանձնահատկությունների պատճառով ղարաբաղյան խնդիրը չի դիտվում որպես լուրջ սպառնալիք նավթամուղների համար։ Փոքր-ինչ շատ` սպառնալիքի ավելի մեծ հնարավորություն բխում է վրացական հարցից` կապված Ռուսաստանի քաղաքականության հետ։ Վրաստանը թույլ, վատ կազմակերպված պետություն է, ընդունակ չէ լուծելու Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ իր հսկողությունը վերականգնելու խնդիրը, կորցրել է այդ հարցում ԱՄՆ-ի և արևմտյան ընկերակցության գործուն օգնության հույսերը, այդ ուղղությամբ ձեռնարկում է ԱՄՆ-ից «կիսաինքնավար» գործողություններ։ Վրաստանը սուր ազգային ճգնաժամ է ապրում, դառնում է ավելի ու ավելի անկառավարելի։ ԱՄՆ-ը ձգտում է Վրաստանի հանդեպ վարել արտաքին քաղաքականության մեջ արմատականության սահմանափակման մանևրային քաղաքականություն և միաժամանակ օգտագործել նրա փորձերը` ուժային եղանակներով լուծելու, այսպես կոչված, տարածքային ամբողջականության խնդիրը։ Վրացական ղեկավարության այդ քաղաքականությունը մինչև հիմա միանգամայն ձեռնտու էր ԱՄՆ-ին, բայց այժմ այդ վիճակը չի կարող համապատասխանել նավթամուղի անվտանգության պահանջներին։ ԱՄՆ-ը պետք է միջազգային ընկերակցությանը ցույց տա, որ Հարավային Կովկասն ամեն պարագայում մնում է կայուն տարածաշրջան, և դա պետք է դրական դեր խաղա նավթի գների ձևավորման գործում։ ԱՄՆ-ը նպաստում է, այսպես կոչված, կասպյան գվարդիայի և ՎՈՒԱՄ-ի գումարտակի ստեղծմանը, որոնք կոչված են ապահովելու նավթի արդյունահանումը, պահպանումն ու փոխադրումը։ Բայց միջազգային ընկերակցությունը և համաշխարհային նավթաշուկան, տեղյակ լինելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, չպետք է բավարարվեն միայն տարածաշրջանի երկրների ուժերով։ Համաշխարհային նավթաշուկան կառավարելու համար տարածաշրջանում պահանջվում են անվտանգության ավելի համոզիչ գործոններ։ Այս կապակցությամբ, ԱՄՆ-ը, անկախ նախկին որոշումներից, պետք է Հարավային Կովկասում հաստատի իր ռազմական ներկայությունը, թեկուզև` խորհրդանշական։ Այդ խնդիրը պետք է լուծվի Սև ծովի ավազանում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության հետ սերտ համակցությամբ։ Փորձագիտական առկա տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ն ավելի շուտ ծրագրում է Հարավային Կովկասում իր ռազմական ներկայությունը սահմանափակել մի քանի գումարտակով։
ԱՄՆ-ի այդ խնդիրը կարիք ունի հիմնավորման, առավել ևս, որ ամերիկացիները կարող են շահագրգռված լինել Հարավային Կովկասում իրենց ռազմական ներկայության սահմանակարգայնացման ապահովմամբ։ Առավել տրամաբանական կլիներ ապահովել ամերիկյան ռազմական ներկայությունը կամ ՆԱՏՕ-ի պետությունների հավաքական ռազմական ներկայությունը Վրաստանում` որպես խաղաղարար ուժեր Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Վրաստանից ռուսական ռազմաբազաների դուրսբերումը հնարավորություն է տալիս երկրում անարգել տեղաբաշխել ԱՄՆ-ի բանակի այլ նշանակության զորամասեր։ Այս կապակցությամբ ուշագրավ է ԱՄՆ-ի շահագրգռությունը Հարավային Վրաստանի Ախալցխա քաղաքում ծովային հետևակի գումարտակ տեղակայելու նկատմամբ։ Այդ խնդիրների իրագործումը պահանջում է որոշակի քաղաքական լարվածություն։ ԱՄՆ-ը վարել է մի քաղաքականություն, որը ստեղծված իրավիճակի համար մեծ պատասխանատվություն չի ենթադրել, թեև նա ակտիվորեն միջամտել է իրադարձությունների ընթացքին։ Այդ խնդիրների կապակցությամբ կարելի է մեծ հավաստիությամբ ենթադրել, որ 2008 թ. Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԱՄՆ-ին հաջողվեց ուրվագծել այն լարվածության շրջանակներն ու մակարդակը, որոնք թույլատրելի են Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերություններում։
ԱՄՆ-ը հայտարարում է, որ Վրաստանն իրավունք ունի կիրառելու ուժային լուծումներ` հակամարտության կողմերի միջև եղած պայմանավորվածություններին համապատասխան, որտեղ Ռուսաստանը, փաստորեն, հանդես է գալիս որպես անվտանգության երաշխավոր։ Հարկ է նշել, որ վրացական հանրությունը շատ անհանգստացած է երկրի ղեկավարության այդ նոր մոտեցումների պատճառով։ Վրաստանի քաղաքական դասի ներկայացուցիչները հիանալի են պատկերացնում, որ Վրաստանը, իր ներկա վիճակով, ընդունակ չէ վարելու նման քաղաքականություն, որը ենթադրում է լարվածության սրման վտանգավոր և թանկ նստող գործողություններ, որոնք, սակայն, ոչ մի խնդիր չեն լուծելու։ Մի շարք քաղաքական կուսակցություններ, այդ թվում` խորհրդարանական, անհաշտ դիրք են գրավել Վրաստանի ղեկավարության այդ քաղաքականության նկատմամբ։ Վրաստանի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլու` Վաշինգտոնում արտահայտած կարծիքը բառացիորեն շոկ է առաջացրել Կոնգրեսի անդամների և ԱՄՆ-ի վարչակազմի կառույցներում ինտեգրված հետազոտական ծրագրերի ղեկավարների շրջանում։ Եվրասիական «Ժողովրդավարության ազգային ինստիտուտի» տնօրեն Նելսոն Լեդսկու խոսքերով. «եթե այս ամենը համապատասխանում է իրականությանը, ապա մենք ճակատագրական սխալ ենք թույլ տալիս Վրաստանում»։ ՈՒշադրության առնենք, որ Նելսոն Լեդսկին Եվրասիայում ամերիկյան նվաճողականության գաղափարախոսներից մեկն է։ Նույնանման միտք է արտահայտել ամերիկացի նշանավոր լոբբիստ, մինչև վերջերս ԱՄՆ-ի Սենատում հանրապետական արտաքին քաղաքական կոմիտեի ղեկավար Ջիմ Ջատրասը։ «Նոր Ամերիկա» հիմնադրամի առաջատար վերլուծաբան Անատոլ Լիևենը «Նոր աջեր» կուսակցության առաջնորդ Դավիթ Գամկրելիձեին այն կարծիքն է հայտնել, թե ԱՄՆ-ի վարչակազմում վաղուց արդեն քննարկվում է Վրաստանի ներքաղաքական իրավիճակը, և այն համարվում է օրհասական, իսկ Մ. Սաակաշվիլու քաղաքական ճակատագիրը դառնում է անորոշ, սակայն կան բարձրաստիճան պաշտոնյաներ ինչպես պետդեպարտամենտում, այնպես էլ ԿՀՎ-ում ու Պենտագոնում, որոնք Վրաստանը համարում են հարմար հենադաշտ ԱՄՆ-ի եվրասիական քաղաքականության իրականացման համար` նկատի ունենալով մշտական լարվածության ու հակամարտության պահպանումը։ Էներգետիկայի հարցերի առաջատար հետազոտող, ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի էներգետիկ ծրագրի տնօրեն Ռոբերտ Իբելը կենտրոնում կազմակերպված սեմինարում ենթադրություն է արել, թե ապահովելով կասպյան նավթի փոխադրումն արևմտյան ուղղությամբ, արևմտյան ընկերակցությունը կարող է բախվել այն բանին, որ կասպյան նավթի փոխադրման այդ համակարգը դառնա ոչ միայն նավթի գների, այլև ամբողջ էներգետիկ հաշվեկշռի հետ կապված իրավիճակի չարաշահման գործիք։ Մեր բարեկամներից մեկի այն հարցին, թե «արդյո՞ք պարոն Ռ. Իբելը չարաշահողների դերում նկատի ունի ԱՄՆ-ի վարչակազմը», փորձագետը պատասխանել է, թե «այդ դերում կարող է հանդես գալ ցանկացած ոք, ներառյալ ԱՄՆ-ի, Եվրոպայի որոշակի շրջանակներ, ինչպես նաև Ռուսաստանը։ Իր արտահայտություններում սովորաբար զգուշավոր Ռ. Իբելը կարծիք է հայտնել, թե «Վրաստանը դատապարտված է մնալու որպես ամեն կարգի ձեռնածությունների ասպարեզ, և եթե ԱՄՆ-ի վարչակազմում ցանկություն լիներ կայունություն ապահովել Վրաստանում, ապա դա հեշտորեն ձեռք կբերվեր»։ Կովկասի խնդիրների նշանավոր մասնագետ, Լոնդոնի քաղաքականության ու տնտեսության դպրոցի պրոֆեսոր Ռոյ Ալիսոնի կարծիքով, «Հարավային Կովկասում առկա անվտանգության մակարդակը բավական է նավթային նախագծեր իրականացնելու համար, ընդ որում, կարիք չկա լրացուցիչ ջանքեր ու միջոցներ ներդնել անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»։ «Բրիտիշ պետրոլիում» ընկերության վերլուծական խորհրդի ղեկավար Ջոն Հերսոնի կարծիքով` «Աշխարհում ստեղծված էներգետիկ և քաղաքական իրավիճակում, Հարավային Կովկասում նավթի փոխադրման գործում լուրջ խափանումների համար պետք է հասնել ռիսկերի շատ բարձր չափերի, որոնք սպասելի չեն։ Ռիսկերի ներկա մակարդակը թեև հեռու է զրոյականից, բայց տվյալ նախագծերի համընդհանուր արդյունավետությունը տեսանելի ապագայում հեշտորեն ծածկում է այդ ռիսկերը»։ Որքան էլ տարօրինակ լինի, նման իրավիճակ պե՛տք էր ստեղծել, և Վրաստանի քաղաքական ղեկավարության ու զինվորական հրամանատարության հավակնությունները լավագույնս են նպաստում այդ խնդիրներին։
Վրաստանում բավական զգալի են այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումն ավարտելուց և շահագործումն սկսելուց հետո։ Եթե այսօր Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը նավթի գների նվազեցմանն է նպաստում, ապա ապագայում այն կարող է գների կայունացման կամ բարձրացման դեր կատարել։ Անտարակույս, վրաց-ռուսական հարաբերություններում ձևավորվող նոր իրավիճակի պայմաններում ԱՄՆ-ը ձգտում է լիովին վերահսկել այն` նավթամուղի անվտանգության ապահովման նկատառումով, ընդ որում, բացառելով Ռուսաստանի կողմից նման ձեռնածությունների հնարավորությունը, առավել ևս, որ Ռուսաստանը շահագրգռված է նավթի բարձր գների պահպանմամբ։ Խաղային այդ իրավիճակը հետագա ծավալման կարիք ունի։ Այն սերտորեն շաղկապված է թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում տիրող իրավիճակի հետ, բայց այդ քաղաքականության իրականացման դաշտն առայժմ Վրաստանն է։ 2008-ի օգոստոսին հանգուցալուծում տեղի ունեցավ, և Վրաստանը ներքաշվեց վտանգավոր ռազմական արկածախնդրության մեջ, ինչը հանգեցրեց այդ պետության տրոհմանը, ԱՄՆ-ի համար «գլխացավի» ավելորդ գործոնների թոթափմանը, և, միաժամանակ, նա նոր ու շատ ուժեղ փաստարկներ ստացավ Սևծովյան ավազանում ռազմական ներկայություն ունենալու գործում։ Դա ամենաարմատական պատասխանը դարձավ այն մարտահրավերների, որոնք բխում են տարբեր սպառնալիքներից ու ռիսկերի մեծացումից` ԱՄՆ-ի շահերի տեսակետից։ Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ի ներկա քաղաքականությունը, որի կիզակետը Աֆղանստանի խնդրի լուծումն է, անգամ ի վնաս Իրաքի հանդեպ ուշադրության, ավելի զուսպ է, չափավոր և ենթադրում է Հարավային Կովկասի դերի նվազում ամերիկյան ռազմավարության մեջ։ Չնայած ԱՄՆ-ն այդպես էլ չհասավ այն բանին, որ «իրաքյան մեծ նավթը» դուրս գար համաշխարհային շուկաներ, նրա գլխավոր նախագիծը Կովկասում` Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, լինելով այնքան քաղաքականացված, այժմ չի դիտվում որպես նրա քաղաքականության նշանակալի «գործիքակազմ»։ Ցածր շահութաբերության և համաշխարհային նավթաբիզնեսում ունեցած դերի անորոշության կողքին այդ նավթամուղը ժամանակի ընթացքում ձեռք է բերել միանգամայն վնասաբեր աշխարհատնտեսական նշանակություն այն կապակցությամբ, որ անցնում է Թուրքիայի տարածքով։ Այն, ինչ կապված է թուրքական երթուղիների հետ, ԱՄՆ-ում և Եվրոպայում դիտվում է որպես անընդունելի` անվտանգության տեսակետից։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2924

Մեկնաբանություններ