ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Մոսկվան շատ պարզ ասաց՝ Նիկոլ, Զելենսկին ես, Նիկոլ, Սահակաշվիլին ես, չասեց միայն սա՝ այս իրողությունից բխող բոլոր հետևանքներով հանդերձ-4

Մոսկվան շատ պարզ ասաց՝ Նիկոլ, Զելենսկին ես, Նիկոլ, Սահակաշվիլին ես, չասեց միայն սա՝ այս իրողությունից բխող բոլոր հետևանքներով հանդերձ-4
04.10.2023 | 08:01

Հիմա ամբողջ խնդիրն այն է, թե ինչ կանի Մոսկվան

(սկիզբը՝ այստեղ)

Այսօր Հայաստանի հերթական սև օրն է. «Ազգային ժողով» կոչվածն այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում իր ՔՊ-ական մեծամասնությամբ՝ Նիկոլի ոհմակով, վավերացրեց Միջազգայի քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը, որին անդրադարձել էինք սույն հոդվածաշարի նախորդած հրապարակմամբ: Սպասվում է, որ վավերացումից հետո Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնողը կստորագրի փաստաթուղթը, և այն ուժի մեջ կմտնի 60 օրից:

«Հայաստանի Հանրապետություն» կոչվածն այսպիսով այսօր, ըստ էության, պաշտոնապես հայտարարեց, որ ինքը ոչ միայն Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը չէ, ոչ միայն սովորական դաշնակիցը չէ, այլև թշնամին է, որը պատրաստ է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնվելու դեպքում ձերբակալել նրան ու հանձնել ՄՔԴ-ին՝ ի կատար ածելով Պուտինին ձերբակալելու հիշյալ դատարանի օրդերը: Կարծում ենք, միայն տխմարը կամ նույնիսկ անհուսալի տխմարը չի հասկանա, թե Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի ոհմակի այս քայլից հետո ինչ է սպասվում Հայաստանին և հայերիս, ինչ է սպասվում մեզ շատ շուտով Ռուսաստանին մեզ թշնամի դարձնելուց հետո:

Այո՛, Ֆեյսբուքի օգտատերերից Տ. Հակոբյանը ճիշտ է նկատել՝ Ռուսաստանն առայժմ զգուշացնում է, բայց մութ ու ցուրտ տարիներին երանի ենք տալու…

ՖԲ- ի օգտատերերից մեկ ուրիշի՝ Անի Կաղինյանի դիտարկումը ՝ «Գազ, էլեկտրաէներգիա, ցորեն… Դե հիմա պատրաստվեք ձմռանը դիմակայելու…»:

Ազատամարտիկ, հետախույզ, ռազմական ու հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է .

«Կետ առ կետ նշեմ այս ստորաքարշների քայլերը մոտ ապագայում։

1.թուրքիայի պահանջով ատոմակայանի փակում, որը լիարժեք հիմքեր կտա Հայաստանն անարգել ռմբակոծելու։

2.Մինչ այդ 102-րդ ռազմաբազայի դուրս բերում, պատճառաբանությամբ, թե իբր ՀԱՊԿ-ը իր պարտավորությունները չի կատարում։

3.ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում։

4.Ռուսական գազից հրաժարում և «խաղաղության» պայմանագրի շրջանակում ադրբեջանական գազի մուտք Հայաստան, որն էլ ամբողջովին կհանգեցնի տնտեսության ադրբեջանականացմանն ու թրքացմանը։

5.Հայաստանին թողնել առանց բարեկամների և դաշնակիցների, ռազմաքաղաքական ծանրագույն իրավիճակում և ստորագրել Ալեքսանդրապոլ 2-ը։

Իսկ ինչ պետք է անի ընդդիմությունը։

Կյանքի գնով ազատագրի Հայաստանը և վե՜րջ»։

Բայց հենց այստեղ մի շատ կարևոր հարց է առաջանում՝ ո՞ր ընդդիմությունը… Եթե «Ազգային կոմիտե» հորջորջվածը, ապա այն և, ընդհանրապես, պայքարի առաջնորդությունը ստանձնած ընդդիմադիր հայտնի ուժերը, ինչպես սեպտեմբերի 19- ից առ այսօր հաջորդած իրադարձությունները ցույց տվեցին, դա անողը չեն: Այդ ինչպե՞ս եղավ, որ պատերազմից երեք տարի անց Նիկոլը մնաց աթոռին ու լիովին ապացուցեց, որ պետական դավաճանը միայն ինքը չէ:

Հռոմի կանոնադրության վավերացմանը և ՄՔԴ իրավասության հետադարձ ճանաչման մասին հայտարարության ընդունմանը կողմ է քվեարկել խորհրդարանի 60 պատգամավոր, դեմ ՝ 22- ը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կանոնադրության քննարկման ժամանակ լքեցին նիստերի դահլիճը և չմասնակցեցին քվեարկությանը:

Թեև ընդդիմադիր խմբակցությունները ձևականորեն հանդես են եկել հայտարարությամբ և դատապարտել այս հարցի վերաբերյալ իշխանությունների որոշումը՝ նշելով, որ նրանք նման քայլով հարվածի տակ են դնում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, ինչը հղի է Հայաստանի համար լուրջ հետևանքներով, սակայն, ի սկզբանե իրենց էլ պարզ էր, որ իրենց դեմ լինելը գործնականում ոչինչ չի փոխելու, քանի որ «Ազգային ժողով» կոչվածում փոքրամասնություն են:

Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրությունը վավերացնելու առնչությամբ Կրեմլի առաջին արձագանքը. այսօրվա ճեպազրույցում նշելով, որ ՄՔԴ- ի որոշումները Ռուսաստանի համար «անօրինական են, առոչինչ», և Երևանի կողմից Հռոմի կանոնադրությանը միանալը, ըստ էության, համարելով ոչ կոռեկտ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ТАСС- ի տեղեկացմամբ , ասել է.

«Հայաստանը մեզ համար բարեկամ պետություն է, մեր գործընկերը։ Եվ, անշուշտ, մեզ շատ բան է միավորում Եղբայրական հայ ժողովրդի հետ: Բայց, դրա հետ մեկտեղ, Հայաստանի գործող ղեկավարությանը մենք լրացուցիչ հարցեր կունենանք։ Դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին։

Մոսկվայի հետ ինչ-որ երկկողմ համաձայնագրի նախապատրաստման մասին Երևանի հայտարարությունները, որոնք թույլ կտան չկատարել Պուտինի ձերբակալման միջազգային քրեական դատարանի օրդերը, «միայն հայկական կողմի գաղափարն է»: Անհասկանալի է, թե ինչպես նրանք կարող են ապահովել հատուկ պայմաններ, բացառություններ»:

«Իհարկե, մենք չէինք ցանկանա, որ երբևէ ինչ-ինչ պատճառներով նախագահը ստիպված լիներ հրաժարվել Հայաստան այցելություններից»,- հավելել է Պեսկովը

Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի, Կրեմլում «բացարձակապես համաձայն չեն» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հռոմի կանոնադրությանը Երևանի միացումը «կապված է երկրի անվտանգությունն ապահովելու համար ՀԱՊԿ գործիքի և ռուս-հայկական գործընկերության անբավարարության հետ»:

Անդրադառնալով այն իրավիճակին, որում հայտնվել է Արցախը, Պեսկովն իրավացիորեն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում «միշտ պետք է հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որը <…> ճանաչել է Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ», և հավելել՝ «սա է այն ամբողջ իրավիճակի նախերգանքը, որն այժմ կա»:

Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի, Ռուսաստանն ուշադիր հետևում է Ղարաբաղի հայերի ճակատագրին, «Մարդասիրական օգնություն ենք ցուցաբերում, մեր խաղաղապահները շարունակում են իրենց գործունեությունը»։

Ս. թ. սեպտեմբերի 11-ին Նիկոլը հայտնել էր, որ Հայաստանը սկսել է Հռոմի կանոնադրության վավերացումը՝ Ադրբեջանի հետ սահմանին 2021թ. մայիս-2022 թ. սեպտեմբեր ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները հետաքննելու համար: Նիկոլի պատճառաբանությունը, թե Հռոմի կանոնադրության վավերացումն էապես կուժեղացնի Հայաստանի անվտանգությունը, երբ «ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում իր պարտավորությունները», ոչ միայն լոլոների շարքից է, այլև հրեշավոր կեղծիք՝ հանրության միամիտ և անտեղյակ հատվածին մոլորեցնելու, խաբելու, ինչպես նաև ՀԱՊԿ- ի և Ռուսաստանի դեմ հանրությանը տրամադրելու համար:

Փաստն այն է, որ Նիկոլը կամ նրա իշխանությունն ինչպես 44- օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ 2021թ. մայիսին հերթական անգամ հանցավոր անգործությամբ պետական դավաճանություն դրսևորելով, ինչպես նաև ունենալով ՀԱՊԿ- ին վարկաբեկելու նենգ ու վտանգավոր նպատակներ, օգնություն ստանալու համար չեն դիմել նշված կազմակերպությանը՝ այդ օգնությունը ստանալու համար նախատեսված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 4-րդ հոդվածով:

Համաձայն վերոնշյալ պայմանագրի 4-րդ հոդվածի, «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Փոխարենը՝ այն ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի դերում գտնվող Նիկոլը խորամանկ, ստոր ու մանիպուլյատիվ հնարք գործադրելով, նամակներ է ուղարկել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահող Տաջիկստանի նախագահին և խորհրդի անդամներին՝ պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների ընթացակարգը գործի դնելու խնդրանքով, որը չի նախատեսում Հայաստանին պաշտպանելու նպատակով նրա վրա հարձակված պետության դեմ ռազմական գործողություն:

(շարունակելի)

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ