12-21՝ 2020, հուլիս: Նահանջ տարվա ամառ՝ 1921-ի ռուս-թուրքական Մոսկվայի ու Կարսի՝ Հայաստանը Ադրբեջանին ու Թուրքիային նվիրած պայմանագրերի, որոնց ժամկետը 100 տարի էր, 99-րդ տարին: Տասնյակ միֆերի մայրամուտ՝ մեկ վերնագրի տակ՝ Բաքվի խորտակված պատրանքները: ՈՒ մեկ անպատասխան հարց՝ ո՞վ կամ ի՞նչը Ալիևին մղեց ռազմաքաղաքական ինքնասպանության: Այդքան օրհասակա՞ն է վիճակը, որ Իլհամ Հեյդարովիչը հույսը դրեց փոքրիկ հաղթական պատերազմի վրա՝ մոռանալով, որ Ալիևները պատերազմում չեն հաղթում: Թերևս միայն մեկ պատերազմ է նրանց հաջողություն բերում՝ սեփական ժողովրդի դեմ:
Հուլիսի 21-ին ակնհայտ է.
1. Ադրբեջանի դիվանագիտության պարտությունը:
2. Ադրբեջանի ռազմական պարտությունը:
3. Ադրբեջանի պարտությունը միջազգային ասպարեզում:
Սկսենք դիվանագիտությունից՝ կռվում պարտվում է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, պաշտոնանկվում է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Ալիևը նրան հրաժեշտ տվեց հուլիսի 13-ին, ցուցադրական ելույթով: Այնքան ցուցադրական, որ վատ բեմադրության տպավորություն թողեց նրան «կորցնելը»: Չի բացառվում՝ ինքն էր պահանջել տանը մնալ, որ շոուն համոզիչ լինի: Մամեդյարովի գլխին ամպերը կուտակվել էին վաղուց: Որ 60-ամյակը իբրև ԱԳ նախարար նշեց, պիտի շնորհակալ լինի Սերգեյ Լավրովին: Ադրբեջանի ներկա ԱԳ նախարարը դիվանագետ չէ, Ջեյհուն Բայրամովը կրթության նախարարն էր, մասնագիտությամբ՝ տնտեսագետ: Նրա նշանակումը վկայում է, որ Իլհամ Ալիևն ինքն իրեն է նշանակել ԱԳ նախարար: Էլմար Մամեդյարովն ուներ 16 տարվա աշխատանքային փորձ, հեղինակություն ու լավագույնս գիտեր կոնֆլիկտի պատմությունը, Ջեյհուն Բայրամովը խուլուկույր կատարելու է նախագահի ցուցումները: Մամեդյարովը չէ, Բայրամովը լինի՝ Բաքվի երազած սուբստանտիվ բանակցությունները ձախողվել են ու ձախողվելու են միշտ, Հայաստանն այդ օրակարգով չի բանակցելու: ԱԳ նախարար փոխելը՝ ոչինչ, բայց դիվանագետներին դավաճանության մեջ մեղադրելը նոնսենս է, երբ ինքն է նրանց ղեկավարում: Եվ դա, և սադրանքը Տավուշում վկայում են Ալիևի դիվանագիտության պարտությունը: Նաև թուրքական:
Անկարան ճիգ ու ջանք չխնայեց՝ սեփական հզորության ևս մեկ հաստատում ստանալու Հայաստանի հաշվին: Չստացավ: Աշխարհում այլևս ոչ ոք Էրդողանին չի հավատում, այլ հարց է, որ հաշվի են նստում իրավիճակային հարցերում, սկզբունքային պայմանավորվածության Էրդողանի հետ աշխարհում ոչ ոք չի գնում, սոսկ լոկալ հարցեր: Հայաստանը լոկալ հարց չէ, Անկարան դա գիտի: Ամբողջ աշխարհը գիտի, որ Հայաստանը չի կատարել ու չի կատարելու անցյալ դարում ընդունված ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը: Իսկ հիմա իրավիճակ փոխվեց: Թուրքիան կարող է աղմկել, շատ աղմկեց՝ իր դեմ է հանելու Իրանին: Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը, որ նաև ռազմաօդային ուժերի հրամանատարն է, հուլիսի 16-ին մեկնել էր Թուրքիա: Այցն ավարտվեց հոգեբանական ահաբեկչության շրջանակներում: Նույնիսկ Էրդողանն է հասկանում, որ չի կարող առանց պատճառի հարձակվել Հայաստանի վրա ու չստանալ այնպիսի քաոս, որ Սիրիան, Իրաքն ու Լիբիան մանկական հեքիաթ կթվան: Ոչ միայն Ալիևը կկորցնի իշխանությունը, այլև ինքը: Նավթի գնանկումը Բաքվին քամում է տնտեսապես, Թուրքիան նավթ չունի, ունի անկման մեջ գտնվող տնտեսություն ու սոցիալական պայթյունի նախօրե, որ փորձում է մարել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելով, հարևան երկրների տարածքներ ներխուժելով ու մոլեռանդ զանգվածին, որ ամենավտանգավորն է հեղաշրջումներում, ազգայնական պատրանքներով կերակրելով, թե վերականգնվում է Օսմանյան կայսրությունը, սուլթան Էրդողանը ուղղում է Աթաթուրքի սխալները: Ադրբեջանի ու Թուրքիայի դիվանագիտական պարտությունն էր Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու սպառնալիքը: Դա բացարձակ աբսուրդ է, որ համաշխարհային հանրությանը ակնհայտ է դարձնում Բաքու-Անկարա տանդեմի իրական դեմքը՝ ահաբեկիչ պետություն, և ստիպում մտածել բոլոր նրանց, որ դեռ անում են պարիտետային կոչեր:
Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլիի միջուկային «աղետի» սպառնալիքը, որ իրենց զենքերը «ունակ են բարձր ճշգրտությամբ հարվածելու Մեծամորի ատոմակայանին, ինչը Հայաստանի համար կվերածվի մեծ աղետի», հուսահատ հայտարարություն է. եթե Ադրբեջանը խփում է Մեծամորին, միջուկային աղետի շրջագծում են հայտնվում Թուրքիան ու Ադրբեջանը, Վրաստանն ու Իրանը: Այս հարցը ունի խորքային նախապատմություն. ռուս որոշ ադրբեջանամոլներ այս օրերին կաշվից դուրս էին գալիս ապացուցելու, որ Հայաստանը դանակը դրել է Ադրբեջանի կոկորդին՝ գրավելով ռազմավարական բարձունք ու ստորաբար չի վերադարձնում, որտեղից կարող է հարվածել Թուրքիա ու Եվրոպա գազ մատակարարող խողովակաշարերին, և Թուրքիան հանուն Ադրբեջանի ու... Եվրոպայի անվտանգության պետք է միջամտի ու կասեցնի Հայաստանին: Հայաստանին նոր բարձունք պետք չէր՝ հարվածելու Ադրբեջանի նավթատարներին ու գազատարներին, դա բազմիցս բարձրաձայնվել է: Հայաստանի խնդիրը իր և Արցախի ինքնիշխանությունը, սահմանները, անվտանգությունն ապահովելն է, փաստացի այսօր ՀՀ և ԱՀ բանակները կատարում են տարածաշրջանի անվտանգության ապահովման խնդիրը: Հուլիսյան հարձակումը ՀՀ սահմանների վրա ակնհայտ դարձրեց, որ Անկարա-Բաքու տանդեմը տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության մարտահրավեր է, որի վրա աշխարհն իրավունք չունի աչքերը փակել կամ ջայլամի պես գլուխն ավազների մեջ խցկել: Հայաստանը կարող է Մեծամորը պաշտպանել, հարցը դա չէ: Հարցը միջուկային ահաբեկչությունն է, որ նախաձեռնում է Բաքուն, ու դա ոչ միայն ՄԱԳԱՏԷ-ի, այլև ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի, Հռոմի պապի խնդիրն է: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որ առիթով ու անառիթ հայտարարություններ է անում տարածաշրջանի անվտանգության մասին, պարտավոր է Անկարայի հարցը քննարկման առարկա դարձնել ալյանսի խորհրդում՝ իրավունք ունի՞ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը՝ առանց դաշինքի հետ խորհրդակցելու ներխուժել հարևան երկրներ և սպառնալիքներ տեղալ: Ի՞նչ է անելու ՆԱՏՕ-ն, եթե Թուրքիան ներքաշվի պատերազմի մեջ: Սրանք հարցեր են, որ այլևս պետք է լինեն ռազմաքաղաքական ալյանսի օրակարգում: ՆԱՏՕ-ն բնավ էլ անզոր չէ Թուրքիայի դեմ, որովհետև Թուրքիայի բանակը երկրորդն է ՆԱՏՕ-ում, ու Վաշինգտոնը ստիպված է լռել՝ չկորցնելու Ինջիրլիքի ռազմաբազան, որտեղ կա միջուկային զենք, Էրդողանն էլ սպառնացել է՝ չեմ տա: Ռեալ պոլիտիկում հարցերն այլ կերպ են լուծվում: ԱՄՆ Կոնգրեսը քննարկելու է Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցման հարցը, նույն հաջողությամբ կարող է ընթացք տալ պատժամիջոցներին, որ կխեղդեն Թուրքիայի տնտեսությունը: Եթե Էրդողանը համաշխարհային բլեֆ է անում՝ դիմելով շանտաժի, նույն ոճով կարող է պատասխան ստանալ, սա Հայաստանի հարցը չէ: Գերտերությունների աշխարհաքաղաքականության հարկադիր փոփոխության հասունացած խնդիր է: «Ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը»՝ հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանը: «Սոսկ դատապարտել այս բախումները՝ առանց մեղադրելու պատասխանատուներին, կնշանակի չասել ոչինչ։ Մենք բոլորս գիտենք, որ բախումների վերսկսումն ուղղակի հետևանք է Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևի լարվածության սրման ռազմավարության»՝ կարծում են ֆրանսիացիները:
Ադրբեջանի ռազմական պարտությունը սոսկ կորցրած ռազմավարական դիրքը չէ, Յաշմայի տապալումն է, միլիարդների անօգուտ ծախսը, Հայաստանն իր ծախսած միլիոններով սպանեց ադրբեջանական միլիարդներով ստեղծված միֆը: Հուլիսյան պատերազմը տեխնիկայի պատերազմ էր, Ադրբեջանը ցույց տվեց, որ ունի, բայց չի կարողանում կառավարել իր միլիարդանոց տեխնիկան: 14 ԱԹՍ ենք ոչնչացրել, այդ թվում իսրայելական ուղեղային կենտրոն համարվող «Հերմեսը»: Հայաստանի ու Արցախի հետ ուժի դիրքերից խոսելը անիմաստ է՝ սա էր այս օրերի քվինտէսենցիան: Փաստացի՝ միջազգային որևէ կառույց չպաշտպանեց Ադրբեջանին՝ իր քաղաքական, դիվանագիտական, ռազմական պարտության մեջ:
Ի՞նչ ունենք մենք: Ցավոք, 4 կորուստ, 36 վիրավոր: Շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին ու խորին խոնարհում զոհվածներին ու նրանց հարազատներին: Դառն է պատերազմի օրենքը, բայց ինչ վերցվում է արյունով, գրիչով հետ չես տա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ընկալեց, որ իր «հանճարեղ» բանաձևը իրատեսական չէ, ու հայտարարեց. «Մենք բոլորս պետք է ի վերջո դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից և պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի»: Իմա՝ 4 տարի հետո Հայաստանը վերադառնում է Վիեննայի պայմանավորվածություններին: Այս անգամ՝ նոր դիրքերից: Այլևս չի կարելի պահը կորցնել: Բոլոր նրանք՝ ԵՄ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա և այլ պետություններ, որ անում են պարիտետային հայտարարություններ՝ կողմերին կոչելով զսպվածության ու հրադադարի, պետք է հասկանան, որ անիմաստ է տունտունիկ խաղալ մի երկրի հետ, որ թիրախավորում է սեփական բնակչությանը, սպառնում միջուկային ահաբեկչությամբ ու կորոնավիրուսի տարածման շրջանում արհամարհում ՄԱԿ-ի հայտարարած հրադադարը: Ադրբեջանը ահաբեկիչ պետություն է, որի հետ պետք է խոսել միայն միջազգային ուժի դիրքերից, որովհետև միջազգային իրավունքը Բաքուն հասկանում է հարևանների վրա հարձակման իրավունք: Սա պիտի լինի հայ դիվանագիտության խնդիրը: Բոլոր ուղղություններով՝ ոչ միայն եվրոպական, այլև արաբական աշխարհում, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը ավելի շատ հակառակորդներ ու մրցակիցներ ունեն, քան բարեկամներ: «Հարևանների հետ 0 խնդիրներ» բանաձևը Անկարան վերածել է «0 հարևան՝ առանց պրոբլեմի»՝ այդ թվում Ադրբեջանի հետ: Հատկապես կարևոր խնդիրներ ունենք լուծելու Իրանի ու Վրաստանի հետ: Ռուս-վրացական պատերազմից հետո Բաքուն ու Անկարան մտան Վրաստան տնտեսական ներուժով, Թբիլիսին վաղ թե ուշ պիտի հասկանա, որ դա սպառնալիք է իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Խնդիրը միայն Դավիթ Գարեջի վանական համալիրը չէ, որ Ադրբեջանը քայլ-քայլ բռնազավթում է, ազգային արժեքներն են, տնտեսության ռազմավարական ուղղություններն ու նավահանգիստները, որ թուրքերն ու ադրբեջանցիները գնում են Վրաստանում և վրացիների ձեռքից վերցնում իրենց տնտեսության ղեկը: Էթնիկ ադրբեջանցիներով բնակված մարզ ունեցող Իրանը մասնատման խնդիր է ունենալու, եթե Հայաստանը իբրև վահան չպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը: Թեհրանում պիտի գիտակցեն Հայաստանի նշանակությունը իրենց պատմության ու ներկայի մեջ: ՈՒ գնահատեն ռիսկերը, եթե չեն ուզում Իրաք ու Լիբիա դառնալ՝ շիա Իրանը ևս բավարար նավթ ու գազ ունի, որ չունի սուննի Թուրքիան:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. ՈՒ՝ ի՞նչ: Հայաստանն ու Արցախը իրենց թիկունքում ունեն ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, որ ջարդում է ադրբեջանաթուրքական միֆերը և ուղարկում գրողի ծոցը նրանց երազանքները: Առայժմ Ադրբեջանը ունի մեկ ձեռքբերում՝ Մոսկվայում ադրբեջանցի հայրենասերներին հաջողվել է մի երկու արկղ հայկական ծիրան ճզմել: Նույնիսկ հայկական ծիրանին հաղթել չի հաջողվել, ադրբեջանցի տերերը իրենց շուկաներից հանել են հայկական 40 բեռնատարները, հայերը հավաքվել ու ամբողջ ծիրանը գնել են, բաժանել հիվանդանոցներին, հյուրասիրել են մոսկվացիներին՝ ծանոթ ու անծանոթ, նոր ծիրանի պատվեր են տվել: Այլ պայմաններում անեկդոտ է, բայց բնորոշ է երկու ժողովուրդների էթնիկ տարբերություններին. քոչվորների մանրախնդրություն, որին հակադրվում է բնիկ ժողովրդի բնազդային ինքնակազմակերպումը: Մշտապես: Ե՞րբ են Ադրբեջանում հասկանալու, որ հարուստ, աղքատ, հայտնի, անհայտ՝ հայն իր ոտնահետքերը հարգել գիտի: Աշխարհի ցանկացած կետում: Նավթը չէ, թեկուզ Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով վերստին հոսող, որ կշիռ է հաղորդում որևէ պետության: Սա հավիտենական ճշմարտություն է: Ողջ լերուք: