2020-ի հունիսի 22-ը հայոց 2018-ի հեղափոխության ամենահեղափոխական օրն էր, Բաղրամյան 19-ը ապացուցեց, որ Հայաստանում գործում է հեղափոխական նպատակահարմարության օրենքը, և դա է մեր Հիմնական օրենքը: Հետայսու: Չմտնելով իրավական մանրամասների մեջ, որտեղ իրավաբանները առաջնորդվում են քաղաքական տեսանկյունից, արձանագրենք՝ ինչ կատարվեց հունիսի 22-ին ու ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար:
1. ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կոչ էր արել ՀՀ իշխանություններին սահմանադրական ճգնաժամը հաղթահարելիս առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներով և 2015-ի Սահմանադրության հոդվածների մեղմ կիրարկման միջոցով, Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան։ Վենետիկի հանձնաժողովը ճանաչում է ՀՀ իշխանությունների ցանկության օրինականությունը` ապահովել, որ ՍԴ կազմը ողջամիտ ժամկետում համապատասխանի ներկա Սահմանադրության դրույթներին, որ երաշխավորում են դատարանի անկախության բարձր չափանիշներ և ՍԴ դատավորների հավասար կարգավիճակ։ Հանձնաժողովը կարծում է, որ 2015 թ. սահմանադրական փոփոխությունների ընդունման և վերջնական կիրարկման ժամանակը անսովոր երկար է և կհետաձգի դրական արդյունքների ստացումը՝ ՍԴ անկախության վերաբերյալ։ Վենետիկի հանձնաժողովը կարծում է, որ ՍԴ կազմի նորացման համար պետք է նախատեսել անցումային ժամանակաշրջան և աստիճանաբար փոխել դատարանի կազմը՝ այդ ինստիտուտի անկախությունը վտանգող կտրուկ և անհապաղ փոփոխություններից խուսափելով: Աստիճանական փոփոխության սկզբունքը հարկ է կիրառել նաև ՍԴ նախագահի դեպքում։ Աժ-ն արեց հակառակը՝ մի քանի ժամում փոխելով նաև ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքը, և Սահմանադրության փոփոխություններն այսօրվանից ուժի մեջ են:
2. ԱԺ-ն Վենետիկի հանձնաժողովի կարծիքից վերցրեց այն դրույթները, որ համադրվում են իր նպատակներին, անտեսեց մյուսները՝ պատճառաբանելով, որ Վենետիկի հանձնաժողովի տեսակետը իմպերատիվ չէ, այլ խորհրդատվական: Չկա ոչինչ քրեական, կա միջազգային կառույցի տեսակետի անտեսման փաստ, որ ՀՀ միջազգային հեղինակությանը բնավ չի նպաստում: Համենայն դեպս՝ հաջորդ անգամ Վենետիկի հանձնաժողով դիմելը դարձնում է խնդրահարույց: Թեպետ Վենետիկում հասկանում են Հայաստանում կատարվող իրադարձությունների բուն պատճառները:
3. Իսկ բուն պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ավելի ճիշտ՝ փաստը, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ՍԴ դիմումը, և 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը կսկսի հուլիսի 7-ին: Դատարանի գործող կազմով ենթադրելի է ՍԴ վճիռը, որը և կանխեց ԱԺ-ն՝ ընդունելով «Իմ քայլի» պատգամավորների օրինագիծը, որով դադարեցվում են 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները, և թափուր տեղերը լրացնելուց հետո կազմակերպվելու է դատավորների կողմից ՍԴ նախագահի ընտրություն: Կդադարեցվի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը: Երեկ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ՍԴ-ից հետ վերցրին իրենց դիմումը, որը նոր իրավիճակ է ստեղծում ԼՀԿ-ի համար: ԱԺ-ն գնաց իրավիճակային լուծման, կորոնավարակի տարածման ու հատուկ դրության պայմաններում անհնար համարելով Սահմանադրության փոփոխության հանրաքվեն: Սխալ է ասել՝ գնաց ԱԺ-ն, ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրենց գործընթացից խելամտորեն դուրս դրեցին՝ խուսանավելով պատասխանատվությունից ու բոյկոտելով նիստերը: Նրանք գերադասեցին ստորագրահավաքով ՍԴ դիմելու տարբերակը, բայց տարբեր ժամկետներում, որով տարանջատվեցին. ԲՀԿ-ն իրեն որակեց ընդդիմություն, ԼՀԿ-ն՝ պետականամետ:
Չհարցնեք՝ եթե հարցը կարող էր ԱԺ-ն լուծել, ինչի համար էր հանրաքվեն, հանուն որի մարտ-ապրիլին անտեսվեց կորոնավիրուսի վտանգավորությունը, չարվեցին անհրաժեշտ պաշտպանական քայլերը, չափազանց ուշ և մասնակի հաստատվեց կարանտին, որի հետևանքները այսօրվա թվերն են՝ առողջապահական ու տնտեսական: Ամբողջ շաբաթ լրատվամիջոցները քննարկում են՝ կատարվածը օրինակա՞ն էր, թե՞ սահմանադրական հեղաշրջում: Գերակշռում են հեղաշրջման փաստարկները: Այդպե՞ս է իրականում: Որո՞նք են իշխանության սխալները:
1. «Օրենք» հասկացության արժեզրկումը գլխավոր մեղադրանքն է, որ վերաբերում է թե կառավարությանը, թե ԱԺ-ին: Փաստացի՝ ցանկացած օրենք և ցանկացած որոշում ենթարկվում է իշխանության նպատակահարմարությանը, գրվում, փոխվում ու փոփոխվում է՝ կոնկրետ հարց լուծելու համար: Դա միայն հունիսի 22-ին չէր, դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականություն վարելու հիմնական մեթոդն է: Օրենքը չի կարող վերաբերել կոնկրետ հարցի ու կոնկրետ անձի, օրենքը կարգավորում է իրավահարաբերություններ, ոչ թե անձնային փոխհարաբերություններ: Սա պետության կանխատեսելիության և կայունության դեմ է, հետադարձով հարվածում է միջազգային ասպարեզում ՀՀ հեղինակությանը, նվազեցնում ներդրումների հնարավորությունը:
2. Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ոչ միայն կադրերն են թույլ և իրենց առաջադրված խնդիրների իրավական լուծմանն անպատրաստ, այլև չունեն պետության գլխավոր ու երկրորդական խնդիրների տարբերակման ունակություն: Պետության կենսունակության ապահովման խնդիրը ստորադասվում է պոպուլիզմին, անհավասարակշիռ ու անմտած քայլեր են արվում՝ առանց հետևանքերի հաշվարկման: Ակնհայտ է ոչ միայն առողջապահության նախարարի անգործունակությունը, այլև դատախազական համակարգի: Օրեցօր ակնհայտ է դառնում, որ գլխավոր դատախազը իր տեղում չէ, պատասխան չունի հարցը՝ ինչու՞ պետական մեղադրողների փաստարկները դատարաններում չեն հավասարակշռում փաստաբանների փաստարկներին: Սա դատավորների կոռումպացվածության, «շնաբարո» լինելու խնդիրը չէ, օբյեկտիվ փաստ է՝ տարիուկես Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մատների վրա խաղացնում են դատարանը, հասնում իրենց ցանկացած արդյունքին՝ միանգամայն իրավական դաշտում: Մեղադրող կողմը չի կարողանում դատաքննությունը դուրս բերել տեղապտույտից, մինչդեռ վարչապետը մեկ տարի առաջ էր հայտարարում՝ մարտի 1-ը բացահայտված է:
3. Նիկոլ Փաշինյանը անվերջ խոսում է, բայց նրա խոսքը չունի բովանդակություն: Նրա կառավարությունում պատկերացում չունեն ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ և ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ տարբերության մասին: Իշխանության 2 տարում Նիկոլ Փաշինյանը չարեց ՈՉԻՆՉ, որ ՀՀ-ն իբրև պետություն միջազգային ասպարեզում ձեռք բերի դաշնակիցներ: ՈՉԻՆՉ չարվեց՝ երկրի ներսում վարվող քաղաքականությունը հասկանալի դարձնելու ու արդարացնելու, քաղաքական դաշտում կողմնակիցներ ունենալու համար: ՊՐԻՄԻՏԻՎԻԶՄ էր ժողովրդին դաշնակից հայտարարելը, քննադատողներին՝ թշնամի, որ ուզում են նախկինների վերադարձը: ՊՐԻՄԻՏԻՎԻԶՄ է նախկինների վերադարձի վախի վրա քաղաքականություն կառուցելը: Դա ոչ միայն ուժեղացնում է նախկիններին, այլև ակնհայտ է դարձնում, որ գործող իշխանությունը չունի սեփական գաղափարախոսություն, սեփական իդեալ, սեփական պատկերացումներ և հարկադրաբար դիմում է անհոդաբաշխ բառահոսքի:
Ինչու՞ է իշխանությունը դեռ մնում իշխանություն: Օրվա հարցը սա է: Նիկոլ Փաշինյանի դեմ գործող ներքին ու արտաքին ուժերը հարցը կձևակերպեին այլ կերպ՝ ինչքա՞ն է Նիկոլ Փաշինյանը ԴԵՌ մնալու իշխանություն: Իրենք էլ կպատասխանեին՝ կարճ, ու կհիմնավորեին, որ ձախողել է տնտեսությունը, կորոնավիրուսի դեմ պայքարը, վարկանիշը հասել է 7 տոկոսի, կորցրել է ժողովրդի վստահությունը, ուր որ է՝ քանդվելու է ՔՊ-ն, և այլն, և այլն: Այդպե՞ս է: Ոչ: Նիկոլ Փաշինյանը, իհարկե, ձախողել ու շարունակում է ձախողել տնտեսությունը, կորոնավիրուսի դեմ նրա նշանակած նախարարի ամենաազդեցիկ քայլը մազերը խուզելն է, բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը վարկանիշ է կորցրել: Կամ՝ այնքան է կորցրել, որ հատուկ դրությունը հանվեց՝ փողոցները լցվելու են նրա հրաժարականը պահանջող խելագարված ամբոխներով: Ոչ էլ արտաքին ուժերին է պետք հիմա ու այստեղ իշխանափոխություն: Մոսկվային ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հետխորհրդային տարածքում պետք են եղել թույլ և կառավարելի իշխանություններ: Կրեմլն ամեն ինչ արել է իր նպատակին հասնելու համար՝ քաղաքական, տնտեսական, ռազմական լծակներն օգտագործելով: Հիշեք ռուս-վրացական պատերազմը: Գազը իբրև շանտաժի գործիք օգտագործելը: Այս ու այն պետությանը պարտքեր ներելը՝ իր տարածքում ռազմաբազաներ տեղակայելու դիմաց: Կրեմլի համար մեկ է՝ որ պետությունում ով կլինի նախագահ կամ վարչապետ, կարևորը՝ լինի կառավարելի ու պաշտպանի ոչ թե իր պետության, այլ մայր Ռուսիայի շահը: Բայց Նիկոլ Փաշինյանի բախտը բերում է ոչ միայն այդ պատճառով: Փաստացի՝ նախորդ իշխանությունները նրան ժառանգել են քաղաքական անապատ, իմա՝ անգործունակ ուժեր: Կուսակցությունների չկայացածությունը այսօր փրկօղակ է Նիկոլ Փաշինյանի կառավարության համար: Երբ տասնամյակներ երկրում գործել են մարդ-կուսակցություններ, որ իշխանության պարագայում եղել են կարիերայի ցատկահարթակ ու օլիգարխների վահան, ընդդիմության պարագայում կամ կատարել են իշխանության անվտանգության բարձիկի դեր, կամ մղվել են լուսանցք, եթե համարձակվել են սեփական դեմք ու դիմագիծ ունենալ, բացառելով ընտրություններում 2-3 տոկոսից ավելին ստանալը, սա պիտի լիներ պատկերը: Սա պիտի լիներ պատկերը, որ 2018-ին ընտրողը կամ մնար տանը, կամ գնար ու ձայն տար Նիկոլին: Ու հիմա նրանք, որ շողիքն ի բերան անարգանքի սյունին են գամում ՀՀ նախագահին, իրենց չե՞ն հարցնում՝ մեղավորը Արմեն Սարգսյա՞նն է, թե՞ Սերժ Սարգսյանը, որ 2015-ին Սահմանադրություն փոխեց, որ ինքը դառնա վարչապետ, իսկ նախագահը լինի հարսանիքի գեներալ: Սահմանադրության համահեղինակ Հրայր Թովմասյանի՞ն, թե՞ Արմեն Սարգսյանին մեղադրել, որ ԱԺ նախագահը իր ստորագրությամբ կարող է հաղթահարել նախագահի չստորագրած ցանկացած օրենքի վետոն՝ ՍԴ ուղարկելու ու չուղարկելու պարագայում: Իրավական նոնսենսի հեղինակը ո՞վ է: Նիկոլ Փաշինյա՞նը, որ կոնկրետ խնդիր է լուծում՝ Ռոբերտ Քոչարյանին պահել դատավարության մեջ, թե՞ իրենց իշխանությունը պահելու, նախագահական ընտրություններին անխուսափելի հաջորդող հետընտրական գործընթացները իրավականորեն կանխելու, Ռոբերտ Քոչարյանի իշխանություն վերադարձի ճանապարհը փակելու մտադրություն ունեցող Սերժ Սարգսյանը: Իսկ ԲՀԿ-ի, ԼՀԿ-ի, ՀՅԴ-ի, հնաբնակների ու նորահայտների խաղերը պտտվում են նույն շրջագծում՝ պահել իրենց ու ուրիշների ունեցածը: Սա քաղաքականության վերջն է, Ֆուկույամա պետք չէ լինել՝ հասկանալու, որ այս իրավիճակը չի կարող հավիտենական լինել: Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ԱՆՆԵՐԵԼԻ ՍԽԱԼԸ ժողովրդին քաղաքականությունից դուրս դնելն էր՝ նրան ընտրածները կորցրել են իշխանության հետ յուրային լինելու զգացողությունը, իրենց ընտրյալն իրենց մենակ է թողել օրվա հաց աշխատելու, կյանքի ու մահվան դեմ հանդիման, գործով ապացուցել է՝ իր իմացածն ու կարեցածը ճառ ասելն է, զանգ կախող չկա մկների այս ժողովում:
Անահիտ ԱԱՄՅԱՆ
Հ.Գ. Հարցը փակվա՞ծ է հունիսի 22-ի հեղափոխական որոշումներով: ՍԴ պաշտոնազրկված դատավորները հայտարարել են, որ ՄԻԵԴ են հասնելու ու հաղթելու են: Ու՞մ: Պարտվելու ենք բոլորս, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի իրավիճակային պետություն պահել Հայաստանը, որի հետևանքով հաջորդ վարչապետն ու կառավարությունը վերացնելու են, իրենց կարծիքով, նախորդների «սխալները»: Եվ էլի գտնվելու են մարդիկ, որ զգայական ելույթներ են ունենալու ՀԱՅՐԵՆԻՔԻ մասին, որ, իբր, իրենցն է ու ոչ մեկին չեն տա: Կարուսելից իջեք, պարոնայք, հոսանքն անջատված է: Ողջ լերուք: