ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ԲՀԿ-Ն ԱՍԱՑ` ԷՍ ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԷ՛

ԲՀԿ-Ն ԱՍԱՑ` ԷՍ ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԷ՛
20.03.2012 | 00:00

ԲՀԿ-ի համագումարը եզրափակեց սպասումների այն շարքը, որն ուղեկցում էր նախընտրական առաջին փուլին:

ՄԱՐՏՅԱՆ ԹԵԶԵ՞Ր, ԹԵ՞ ԻԴՈՍՆԵՐ
ԲՀԿ-ի պատմական, կարելի է ասել` թվանշանային համակարգով նույնիսկ սիմվոլիկ, վեցերորդ (իսկ վեցը հայտնի թիվ է) համագումարին պատմական հեղաշրջումներ չեղան: Ձևով ընդդիմադիր, բովանդակությամբ կոալիցիոն համագումարն առանձնացավ զգայական բարձր ցուցիչով. երկրորդ անգամ խորհրդարանական ընտրությունների մասնակցող կուսակցության դեռևս «որոնողական» աշխատանքներով, ինքն իրեն գտնելու, իրեն հասնելու, իր կերպարի մեջ հայտնվելու չեզրափակված ցիկլով:
Զգայական բարձր դոզան պահպանվեց գրեթե ողջ համագումարի ընթացքում: Երբեմն թվում էր` ոչ թե համագումարի, այլ միտինգի ես: Զգայական շեշտադրումն ամեն ինչում էր. ՄՀՀ մե՜ծ դահլիճ, շա՜տ փուչիկներ (եռահարկ կառավարական օթյակը զարդարված էր փուչիկների անչափ գեղեցիկ կոնֆիգուրացիայով), Պուտինի հանգով դեպ «պոդիում» ընթացող Ծառուկյան:
Վերջինիս քելքը դեպ համագումարյան ամբիոն ինքնին ազդանշան էր ոչ թե դահլիճում ներկա Սերժ Սարգսյանին, այլ առաջին հերթին Քոչարյանին ու Օսկանյանին, որ Ծառուկյանը մտադրություն չունի կուսակցության լիդերությունը որևէ մեկին փոխանցելու, ինքը վայելում է ոտքի կանգնած այս ողջ դահլիճի ոչ միայն ծափերը, այլև անվերապահ ընդունելությունը, աջակցությունն ու սերը (սեր ենք ասում, Սերժ չենք ասում):
Իսկ որ այդ քելքը Քոչարյանի և ոչ Սերժի համար էր, ապացուցեց ՀՀԿ համամասնական ցուցակը, որը եկավ ասելու` ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն շա՜տ լավ էլ իրար հետ խաղում են, անկախ նրանից, Օսկանյանը ոնց էր մտել Նիկոլ Փաշինյանի կերպարի մեջ, ոնց էր տրվել պոպուլիզմի տարերքին, ոնց էր ձայնի երանգները տանում-բերում-ալեծուփ անում, մոռանալով, որ ախր, եղբայր, դիվանագետ մարդ ես, և այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի…
Հասկացանք, տասը տարի եղել ես ԱԳ նախարար, էդ տասը տարվա ընթացքում (բայց ինչ դաղա՞լն էին, չէ՞, էդ ազատ դեմոկրատները) եղել է մարտի մեկ, և, ի վերջո, կոալիցիոն կուսակցության համագումարի ես, իսկ հնչեցրածդ մտքերը կարող են լեգիտիմ լինել միայն մեկ դեպքում. եթե մտքերից առաջ կամ հետո ասեիր` այս ամենի արդյունքում ԲՀԿ-ն որոշեց դուրս գալ կոալիցիայից:
ՈՒ քանի որ չասվեց, երկրորդում ենք.
ա) ընդդիմադիր մտքերը լեգիտիմ չէին:
բ) ՀՀԿ համամասնական ցուցակն ապացուցեց, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն եղել ու մնում են սիամական երկվորյակներ` ցայս և հետայսու, որովհետև այդ ցուցակում «հետ-առաջի» պաշտպանիչ բարձիկներն անչափ նրբագեղ են տեղադրված, իսկ դա չհասկանալ Ծառուկյանը չէր կարող, եթե չասենք, որ կարող է և հստակ պայմանավորվածություն է եղել դրա տակ դրված:
Այսպիսով, եթե վերանանք համագումարի զգայական շերտից, ապա` որևէ «նոու հաու», մասնավորապես ԲՀԿ որդեգրումների, այդ թվում և` ծրագրի մասով, չկար:
Մանավանդ եթե հաշվի առնենք, որ ԲՀԿ ծրագիրը «գրել» են մասնավորապես պրոՆԱՏՕ-ական Լատվիայից հրավիրված բարձրաշխարհիկ, տնտեսական «քուրմերը», բայց երբ հիշում ես, որ նույն այդ Լատվիայի տնտեսությունը նույնիսկ ԱՊՀ-ի երկրների համեմատ ամենահետանցիկ, ամենացածր ցուցանիշներ, կոռուպցիոն անչափ բարձր մակարդակ ունեցողն է, ապա հռչակումների առումով անգամ որևէ նոր բան ԲՀԿ համագումարում չես արձանագրում:
«Նոու-հաուն» համագումարում այն էր, որ ԲՀԿ-ն որևէ կերպ չհիշեց, որ կոալիցիոն կուսակցություն է, կառավարությունում ունի չորս պորտֆել, որոնք պատասխանատու են սոցիալ-տնտեսական ամենակարևոր ոլորտների համար, ուր, ըստ վիճակագրական տվյալների, կոռուպցիոն ամենածանր վիճակն է տիրում:
Մնացածում թեզերը գրեթե նույնն էին, ինչ 2007-ի նախօրյակին` «Մարիոթ-Արմենիայում» հնչած` ԲՀԿ ծրագրի պրեզենտացիայի ժամանակ:
Իսկ հիմա`

ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամենահետաքրքիրը, գոնե ինձ համար, Ս. Մեսիչի ներկայությունն էր համագումարում. նա, գիտենք, օդիոզ ֆիգուր է (հիշում եք` նախագահ եղած ժամանակ եկել էր Հայաստան, Տիգրան Սարգսյանը նրան հարցրել էր` որքա՞ն է ձեր արտաքին պարտքը, սըր, մերը 48 միլիոն է. Մեսիչն ասել էր` 250-ի է հասնում, Տ. Սարգսյանը հարցրել էր` բա չե՞ք անհանգստանում, Մեսիչն օլիմպիական հանդարտությամբ ասել էր. մե՞նք ինչի պիտի անհանգստանանք, թող Համաշխարհային բանկն անհանգստանա, որ չենք տալու էդ պարտքը):
Բոլոր դեպքերում, այդպես էլ չհասկացանք` Մեսիչը եկել էր որպես Եվրոպայի ներկայացուցի՞չ, թե՞ պարզապես իր լավ ընկեր Ծառուկյանին իր ժողովրդավարական կուսակցության սատարումն էր բերել: Ի դեպ, համագումարի ավարտից հետո նկատեցինք, որ նրան ուղեկցում է նույնքան օդիոզ ՀՀ սպորտի նախարարը` նստեցնելով իր «ջիպազգին» ու վզզալեն իջեցնելով ՄՀՀ բարձունքից. այդ վզզոցն այնքան տպավորիչ ու օդիոզ էր, որ իրենց հետևից մենք ևս «զգայացանք» ու ասինք` «ջա՜ն»:
Բայց Հորվաթիայի նման նուրբ երկրից (հետո՞ ինչ, որ էնտեղ մեծ փողեր են լվացվում. էդ մասին թող Ամերիկան մտածի, որ Եվրոպայի սրտում ստեղծել է նման բուֆեր) անցում կատարենք Չինու կողմերը. ամենաէկզոտիկը համագումարում ՀՀ-ում Չինաստանի ժամանակավոր հավատարմատարի ելույթն էր. նա մեզ և համագումարին բերել էր Չինաստանի կոմկուսի ուղերձը:
Էն ո՜նց ուրախացանք էդ ուղերձից (չէ, մենք հասկանում ենք, որ Չինաստանն աշխարհի երկրորդ տնտեսությունն է ու «կրած ունենա» ԱՄՆ-ին), բայց դե` մեր հավատարմատարը ողջունում էր` «զուկի-զուկո-զազա-զազու», ինքն էլ իրեն թարգմանում, ու ո՜ղջ դահլիճը բարի, սրտանց ուրախանում էր մեր և ԲՀԿ-ի չինացու անկեղծության վրա, օթյակում Սերժն ու մնացածները նույնպես լիաթոք ծիծաղում էին, իսկ նիստը վարող, գլխավոր շտաբիստ, համատեղությամբ «պարտիզանո» Վարդան Վարդանյանը` ձեռը «մտահոգ» դրել ճակատին, հմտորեն քողարկել էր, թե ինչ է կատարվում հումորից ահավոր հասկացող իր ներսում ու դեմքին:
ԲՀԿ-ի արարողակարգային ամենամեծ «նոու հաուն», սակայն, այն էր, որ, ի տարբերություն բոլոր-բոլոր մնացած համագումարների, ֆուրշեթ չկար (կառավարական հյուրերի համար, բոլոր դեպքերում, եղել էր, Սերժ Սարգսյանը բաժակ էր խփել, համագումարի առիթով շնորհավորել Գագոյին ու հեռացել. արարողակարգայնորեն հետաքրքիր է, որ այդ ֆուրշեթին մասնակցել են ԲՀԿ նախարարները, պատգամավորները, Օսկանյանը չի եղել. ավելին` բոլոր հայտնի ԲՀԿ-ականները նստել էին կառավարական օթյակում` վերևում, Օսկանյանը` ներքևում):
Արարողակարգային վերջին դետալ. երբ համագումարի շարքերի միջով պարոն Ծառուկյանը մոտեցավ ամբիոնին ու սկսեց խոսել, մենք ևս մերձեցանք ամբիոնին, հասկանալու` ով ինչ է շնչում, ումով է շնչում:
Մեր սիրելի Արամ Սաֆարյանը (ով, ի դեպ, ասում են` ցուցակում չի լինելու. նա այդպես էլ անպատասխան էր թողել լրագրողների` այդ առնչությամբ տված հարցը, իսկ մենք լրագրողներին հանգստացրինք` ուրեմն, պայմանավորվածություն կա, Արամին ուղարկելու… դե` չէ, ոչ առյուծի մոտ, այլ դիվանագիտական աշխատանքի), և ուրեմն` մեր Արամն առաջ էր եկել, ընդունել այնպիսի դիրք, որ վռազ հասկանում էիր. ախր` շա՜տ ուշի ուշով է հետևում Ծառուկյանի ելույթին. գուցե ուզում էր հասկանալ` ո՞ր երկիր են իրեն դիվանագիտելու:
Պրեզիդիումում նստած Վարդան Վարդանյանը տագնապում, ուզում էր Գագոյի խոսքը լավ հնչի, լավ հասկացվի: Իսկ Սեդրա՜կը` Առուստամյան, վստահ էր (իսկ ընդհանրապես, Սեդրակին նշանակում ենք այդ օրվա ամենալիբերալ ԲՀԿ-իստ. բոլորը խուսափում էին հարցերին պատասխանելուց, նա, ասես երկնքից, ընկնում էր մեր գլխին ու ասում-պահանջում` ես պատասխանեմ, ես ասեմ. ի դեպ, ինչպես իրաքահպատակ, ֆիլիալաբաց Սամվել Ալեքսանյանն է իր բիզնեսը տվել յուր Շողիկին, նույնպես Գագիկ Ծառուկյանն իր ողջ ունեցած-չունեցածի կառավարումը հանձնել է Սեդրակին, որը, փաստորեն, համ էլ «լիբերալը» դուրս եկավ): Ինչևէ:
Բայց ամենահետաքրքիրն ու քաղաքականը հաջորդ անչափ ուշագրավ «դետալն» էր. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը, երբ Գագոն սկսեց խոսել, մի տեսակ գնդվեց, ձգվեց, շատ յուրօրինակ պոզա ստացավ աթոռի վրա ու ամբողջովին նյարդ դառավ. ակնհայտ էր` փորձում էր ոչ մի տառ, ստորակետ, լուսանցք բաց չթողնել. ակնհայտ էր. նա պետք է «սոոբշեստվային» զեկուցեր (նրա վրա է այդ պարտականությունը)` ի՞նչ, ինչպե՞ս, արդյո՞ք և մի՞թե, իսկ եթե՞…

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Մի խոսքով, ԲՀԿ համագումարն էլ ավարտվեց: Եթե մեկ բառով վավերագրելու լինենք, ապա այն, առաջին հերթին, քննադատություն էր` ուղղված կառավարությանը: Հայտ` վարչապետական ստատուսի: Որպես մաքսիմում ծրագիր: Հայտ` ԱԺ աթոռի: Որպես մինիմում ծրագիր:
Սա էր ԲՀԿ-ի «ծրագիրը», որը ներկայացվել էր կուսակցության դատին և արժանացավ համագումարի հավանությանը: Ի դեպ, համագումարի օրակարգն ուներ ընդամենը այս մի հարցը:
Մենք էլ հիշենք, որ կոալիցիոն հայտնի հանդիպմանը Սերժն ուղիղ տեքստով ասել էր. Գագո, վարչապե՞տ ես ուզում (ոչ իր համար- հեղ.), չեմ տալու:
Ասել է` ԲՀԿ համագումարյան-նախընտրական մաքսիմում ծրագիրը, գոնե պայմավորվածությունների մակարդակում, «նեմա՛»:
Իսկ, ա՛յ, մինիմումը, մտածելու բան է:
ՈՒ ոնց տեսնում եք` ՀՀԿ-ում մտածվո՜ւմ է:
Մտածում են, որ փոխվե՞ն: ՈՒ վստահվե՞ն:
Եսի՞մ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ