Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՄԱՐԴ ԷԼ ԿԱ` ՀԱ՛Մ ՆԱԽՈՐԴԻՆ Է ՔՆՆԱԴԱՏՈՒՄ, ՀԱ՛Մ ՀԱՋՈՐԴԻՆ

ՄԱՐԴ ԷԼ ԿԱ` ՀԱ՛Մ ՆԱԽՈՐԴԻՆ Է ՔՆՆԱԴԱՏՈՒՄ, ՀԱ՛Մ ՀԱՋՈՐԴԻՆ
17.05.2011 | 00:00

Ասենք առանց վարանելու` 1:0: Հօգուտ Սերժ Սարգսյանի:
Եկավ: Տեսավ: Հաղթեց: Հաստա՛տ:
Այո, Քոչարյանի հարցազրույցի օրը (ավելի ստույգ` օրերին) Սերժ Սարգսյանը Հայաստանում չէր: Ղարաբաղից, ըստ մեր տեղեկությունների, վերադարձել է մայիսի 9-ից մի քանի օր հետո:
Ընդ որում, միայն Քոչարյանն էր կարող մայիսի 9-ի Եռատոնի օրը «վոյինաբար» «նստել կոմպի», հարգարժան ռեֆերենտի առաջ նման հարցազրույց տալ ու այդ օրը չգնալ իր փոքր հայրենիք` մասնակցելու մեծ տոնին:
Բոլորն սպասում էին` ինչ է պատասխանելու (չպատասխանելու տարբերակ չկար. չէր հասկացվի, համ էլ` անհարգալից կլիներ) Սերժ Սարգսյանը, որովհետև թե՛ բացահայտ, թե՛ ենթատեքստային ակնարկներն ահավոր շատ էին:
Պատասխանեց, ու ոնց ասացինք` ուղիղ տասնոցին: Ասում եք` բան չի ասել, ընդհանուր դատողություններ էին. ի՞նչ կարիք կա նման «ֆեյերվերկի»:
Էդպես է, որ կա:
Պարզապես հաղթանակը բառերի մակարդակում չէր, այլ փիլիսոփայության:
«Московские новости»-ին տված հարցազրույցն ինքնին բալանսավորված, հավասարակշռված, ոչ մի նոր բան չասող (նորը, թերևս, հայ-թուրքական հարաբերություններում առաջադրվող նախապայմանն էր` մինչև թուրքերը չճանաչեն Ցեղասպանությունը, չապաշխարեն, հաշտեցում չի լինի, մի քանի «նյուանս» էլ Ռուսաստանի նկատմամբ «հանդուրժողականությունում» կար), հաղթած մարդու, հաղթած ժամանակների (Սերժը «վերցրե՞լ» է արդեն «երկնային մանդատը») զրույց էր: Ինքն իր, իր հայրենիքի, իր օրերի հետ հաշտ մարդու զրույց:
ՈՒ ամենատաղանդավոր (կամ ամենաթունավոր) հայացքի դեպքում իսկ հնարավոր չէր այնտեղ գտնել թաքնված ֆրոյդիզմ: Շերտերում, ենթատեքստում, ենթագիտակցությունում ատելությամբ առլեցուն ոչինչ չկար թաքնված (օրինակ, ես պատրաստ եմ Քոչարյանի այդ հարցազրույցի վրա հոգեվերլուծական մի քանի գիրք գրել):
Միակ թերությունն այն էր, որ մեկ էլ ու «տեքստի հետ չբռնող», պատասխանել էր բոլորիս հետաքրքրող, անհամբերության տեղիք տված խնդրին` Քոչարյանի հարցազրույցին, էն էլ պիտի ուշադրությունդ կենտրոնացած պահես, որ գլխի ընկնես` էդ հենց էն է, ինչին էսքան օր սպասում էինք:
Ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը. ասում է` հանուն երկրի կայունության ինքը երկխոսում է ընդդիմության հետ (չի՞ ասում նման բան, ասո՛ւմ է, հասկացնում, որ ինքը կարողություն ունի զիջումների, ինչն այդքան պակասում է իր նախորդին` Քոչարյանին): Ասում է` «երկիրը ղեկավարում եմ 2008-ից», ժառանգել եմ մարտի մեկ ու տասը զոհ (չի՞ ասում. ասո՛ւմ է) ու «հենց առաջին օրվանից խուսափել եմ նման մոտեցումից»: Այսինքն, ունեցել եմ տեղ դա անելու, բայց չեմ արել:
Նախորդին ու հաջորդին քննադատելը պատասխանատվությունից խուսափել է նշանակում. «ինչը ճիշտ չէ» (էն ո՞վ է իրեն էդքան սխալ պահում):
Չնայած «սխալ» պահելուն, Սերժ Սարգսյանը շնորհակալ է Հայաստանի համար ինչ-որ լավ բան արած մարդկանց: Նկատեք` «ինչ-որ» ու ոչ թե` եսիմ ինչքան, ինչպես ցույց են տալիս «տնտեսական ցուցանիշները»:
Բոլոր դեպքերում, հետաքրքիր էր` «պատասխանատվություն» ասելով, ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 966

Մեկնաբանություններ