ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԵՐԲ ՎԱՌՎՈՒՄ Է «ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍԸ»

ԵՐԲ ՎԱՌՎՈՒՄ Է «ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍԸ»
21.01.2011 | 00:00

Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական հաջորդ կանգառը կլինի Գերմանիան: Փետրվարի սկզբներին:
Կարելի էր կարծել` տարին պետք էր սկսել հենց էդտեղից: Մեծ երկիր է: Լուսավոր: Մաքուր: Ասում են` նույնիսկ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ձեռից հրեն-հրեն խլում է Եվրոպայի առաջին երկիր լինելու դափնին: Մի խոսքով, տպավորիչ կլիներ: Համ էլ ժողովուրդն ասում է` «ոնց սկսես, ընենց կգնա»:
Եվ այնուհանդերձ, ինչո՞ւ առաջինը Կիպրոս, որն ունի ընդամենը 700 հազար բնակիչ (պարզվում է` մեզնից «քիչ» լիքը պետություններ կան էս աշխարհում): Էնտեղից էլ` տնտեսական ճգնաժամի մեջ խեղդվող Հունաստան:
Բայց, արի տես, առաջին հայացքից մեր ազգային ինքնասիրությունը շոյող, նեոօսմանյան թեզերի մեջ տվայտող, տարածաշրջանային հեգեմոնի մոլուցքով տառապող Թուրքիային «տեղը դնելուց» զատ, այդ այցը հեռուն գնացող դիվանագիտական կոդեր ուներ նաև իր մեջ:
Համ էլ ահագին կոմպլեմենտար էր:
Ի դեպ, նման այցերը, հասկանալիորեն, պլանավորվում-կազմակերպվում են տևական ժամանակ, սակայն այն նաև շատ օպերատիվ «ստացվեց»` տարածաշրջանային նոր դասավորությունների ֆոնին: ՈՒնեցանք «Հայաստանի պատասխանն այդ զարգացումներին» կոնֆիգուրացիա:
Այժմ Կիպրոս-Հունաստան այցի պրագմատիկ հաշվարկի մասով:
ա) ԵՄ անդամ Կիպրոսի հետ կնքած երկկողմ Հռչակագիրը, ինչպես արձանագրեցինք, իր խորքում անչափ հեռուն գնացող մեսիջներ ուներ: Ասենք միանգամից և առանց ծեքծեքելու. ինչ-ինչ զարգացումների դեպքում չի բացառվում, որ հենց Կիպրոսը դառնա այն առաջին երկիրը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Մի շտապեք ասել` չէ՜ հա՛:
Հռչակագրի քաղաքական մասն իսկապես լավն էր: Առաջին անգամ ԵՄ պետության կողմից ինքնորոշման իրավունքի շեշտադրմանը, «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով» նորմին ուշադիր «նայելու» դեպքում կարելի է հանգել վերը նշված եզրակացությանը: Մնում են ճշգրիտ քայլեր: Կան դրանց թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ բարոյական հիմքերը:
Բերում եք արգումենտացիան, թե Կոսովոյի անկախությունը չճանաչած հինգ երկրների թվում են հենց Հունաստանն ու Կիպրո՞սը, էլ ո՞ւր մնաց Ղարաբաղի ճանաչումը: Ասենք միանգամից. դրանք տարբեր հարթությունների խնդիր են։ Կոսովոյի դեպքում բացակայում է այն բազիսը, որը Ղարաբաղի պարագայում գրեթե շարժիչ ուժ է: Ընդ որում, քաղաքական հաշվարկի տեսանկյունից, Հունաստան-Կիպրոս տանդեմը ևս ինչ-որ բան ստանում է Հայաստանից: Ասենք, Հայաստանն էլ պատասխան քայլով ճանաչում է թուրքերի կողմից հույների ցեղասպանությունը, որի հետևանքով 1,5 միլիոն հույն էլ տեղահանվեց:
Հաջորդիվ. Թուրքիան միակ երկիրն է, որ ճանաչում է Հյուսիսային Կիպրոսը: Ղարաբաղի ճանաչումը Կիպրոսի կողմից կլինի «հետաքրքիր» հակադարձում ընդդեմ Թուրքիայի:
Եվ հետո, Կիպրոսի կողմից Ղարաբաղի ճանաչմանը կարող են մղել տարածաշրջանային զարգացումները, ուր, կարծես թե, Թուրքիայի հեգեմոն դառնալու իդեա-ֆիքսի առջև ԱՄՆ-ը, Իրանին անկյուն քշելու համար, ժամանակավոր կանաչ լույս է վառում: Հայտնի կենդանու նման գլուխներս չմտցնենք ավազի մեջ և սպասվելիք այս մեծ խաղը չհամարենք լոկ Կիպրոսի ու Հայաստանի միջև պարտիա` անտեսելով աշխարհաքաղաքական կենտրոնները: Հասկանալի է, Հայաստան-Հունաստան-Կիպրոս խաղի մեջ կարող է լինել նաև Ռուսաստանը:
Տարածաշրջանային վերջին զարգացումների, «Նաբուկոյի» ռեալացվելու` Ադրբեջան-Թուրքմենստան էներգետիկ պայմանագրերի, Օբամայի հետ Սաակաշվիլու հանդիպման և ապագա մեծ օրակարգի գծագրման, Վաշաձեի` Ադրբեջան (էնտեղ էլ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետխորհրդային կուրատոր Լատվիայի հետ մերձեցման երեկո անցկացրեց. այո, Ադրբեջանը խոշոր քայլերով սկսել է գիշերները տուն չգնալ, դավաճանել իր գազային «պարտնյոր» Ռուսաստանին` մտնելով սրա-նրա, իսկ իրականում Արևմուտքի «անկողինը»), Սաակաշվիլու` սրընթաց դեպ Հայաստան սպասվելիք արշավանքի, Սարկոզիի` Թուրքիա կատարելիք այցի ֆոնին, բոլորս էինք փորձում հասկանալ` հակակշիռների ի՞նչ մեխանիզմ է կիրառելու Ռուսաստանը` սահուն կերպով տարածաշրջանի երկրների «անկողնում» տեղավորվող ԱՄՆ-ի նկատմամբ:
Քայլերը չուշացան: Ինչպես տեսնում եք: Լավրովը կփորձի Թուրքիայում պարտիան հետ շահել: Իսկ Ադրբեջանին Ռուսիան հատուկ դաս կտա բոլոր անհավատարմությունների համար: Արդեն սկսել է:
Հա, Սերժ Սարգսյանն ու Խրիստոֆիասը կնքեցին ահա այդպիսի Հռչակագիր` վերը նշված (ինչո՞ւ ոչ` անկախության ճանաչման) «հետևանքներով» ու մեսիջներով առլեցուն, որի կոդերը դժվար թե հասկացած չլինեն թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ մնացածները:
Հիշենք, որ վերջին շրջանում Ռուսաստանն ինքը հաճախ էր լուրջ մեսիջներ հղում (առաջին ծիծեռնակը ոչ անհայտ պարոն Ռեշետնիկովն էր, որը դեռ մեկ տարի առաջ Հայաստանում մեր փորձագետների, քաղաքական գործիչների ականջին շշնջացել էր` մի բացառեք, որ Ռուսաստանն ինչ-որ պահի կարող է և ճանաչել Ղարաբաղի անկախությունը): Հիշենք նաև, որ վերջերս ռուս փորձագիտական շրջանակներում այս միտքն է՛լ ավելի լեգալացվեց և դրվեց շրջանառության մեջ. հայտնվեցին բազմաթիվ քաղաքագետներ, որոնք նույնպես «գտան», որ, այո՛, ճիշտ կլինի, որ ինչ-ինչ զարգացումների դեպքում Ռուսաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը:
Առայժմ Ռուսաստանը, Հայաստանի հետ «ռազմավարված», սկսել է փոքր-ինչ հեռվից: Ասենք` Կիպրոսից: Ավելորդ է նշել, թե այս խաղը որքան ձեռնտու է Հայաստանին և որքան համահունչ է մեր շահերին:
Վերջի համար էլ արձանագրենք, որ Ռուսաստան-Կիպրոս հարաբերությունները շատ ջերմ են: Հենց միայն փաստը, որ այդ երկրներն անվիզա ռեժիմի «մեջ» են (ով ինչպես ուզում է, թող «տրակտովկա» անի), բավարար է հասկանալու, թե ինչ հեռահար կոնֆիգուրացիայի հետ կարող ենք գործ ունենալ:
Անցանք Սերժ Սարգսյանի առաջին այցի հաջորդ «պրելեստին»:
բ) Ասացինք` այցը ռուսական «մենեջերության» հետքեր կարող էր ունենալ: Իր խորքերում: Բայց այն նաև կոմպլեմենտար էր: Խիստ: Դե, մենք էինք` «Ավստրիան», Կիպրոսը, Հունաստանը: Այսինքն, մենք մեր ԵՄ հարևանների հետ էինք: «Արևելից»: Բայց և չմոռանանք, որ նույն Կոսովոյում, հունական ՆԱՏՕ-ական զորախմբում ենք խաղաղաբար առաքելվում: Չմոռանանք նաև, որ Հունաստանում կնքված պայմանագրերից մեկով էլ բոլոր երեք երկրներով` Հայաստան-Կիպրոս-Հունաստան, բարձրացնում էինք ռազմական համագործակցության մակարդակը (բա չէ՜):
գ) Կիպրոսյան նույն այդ Հռչակագրով աշխարհաքաղաքական զարգացումների շատ հետաքրքիր նախադեպ արձանագրվեց: Հա, մինչ այդ սովոր էինք, որ տարածքային ամբողջականության համար պայքարող, ասենք, ՎՈՒԱՄ երկրները միասին են «ծնունդ-թաղում» նշում, իսկ ինքնորոշված երկրները, ասենք, Աբխազիան, Օսիան, Ղարաբաղը` միասին: Հռչակագիրը կարծրատիպը քանդեց, շեշտադրեց խնդրի բուն էությունը, արձանագրեց, որ վիկիլիքսյան փոփոխվող աշխարհում այդ տենդենցները ևս փոփոխվում են:
դ) Այցի, իսկ առավել ստույգ, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հնչած Սերժ Սարգսյանի ելույթը ևս լրջագույն մեսիջ էր` ի ծագս աշխարհի, վերադասավորվող տարածաշրջանի, աշխարհաքաղաքական կենտրոնների. այն է` Հայաստանը ոչ մի զիջման չի գնալու ղարաբաղյան հարցում, որքան էլ Ադրբեջանն ու ԱՄՆ-ը «Նաբուկո» են «գրվում», իսկ Ռուսաստանն էլ փորձում է «երակ մտնել»:
Ելույթում (մեջբերումներ չենք անելու, որովհետև այս օրերին հեռուստաէկրաններն ու թերթերը լցված էին սույն «թեզերով») Թուրքիային տված գնահատականը դեպ ԱՄՆ հղված անուղղակի մեսիջ էր, թե՛ ապրիլի 24-ին, թե՛ ԱՄՆ-ի` Ադրբեջանի և Թուրքիայի հետ սկսած մեղրամսին ընդառաջ:
Իսկ «նեոօսմանականության» վտանգի մասին նման բարձր ամբիոնից (հայ-կիպրա-հունական այդ ամբիոնը ձևակերպենք որպես տառապանքի ու ցավի մեծ փորձ ունեցող) բարձրաձայնումը լուրջ ահազանգ էր Թուրքիայում էներգետիկ և քաղաքական շահեր տեսնողների համար: Ընդ որում, մեսիջը բավականին բաց, հատու և կետային էր (ինչը, եթե անկեղծ, ոչ միշտ է օգտագործվում Սերժ Սարգսյանի «արտասահմանյան» ելույթներում). «Պարզ տրամաբանությունը հուշում է, որ տարածաշրջանային կայունության խախտման դեպքում առաջին հերթին վնասվելու են հենց այդ նույն տնտեսական շահերը»։ Ասվում էր: Հետևություններ արեք ինքներդ (դե չէ, չասինք` երեք երկրների «բարձրացված ռազմական համագործակցության» մասին է խոսքը, այլ «ընդհանրապեսի»):
ե) Այցը` Կիպրոս-Հունաստան, այնտեղ կնքված փաստաթղթերը, դրանցում առկա մեսիջները նաև ժամանակ շահելու հնարավորություն էին Հայաստանի համար: Որովհետև տարածաշրջանային փոփոխությունները կախված են ոչ միայն էներգետիկ ծրագրերում աշխարհաքաղաքական կենտրոնների դասավորությունից, այլև բուն ռուսաստանյան զարգացումներից: Այն է` ով կդառա այնտեղ նախագահ: Մեդվեդևի դեպքում, ինչպես եղավ «CHB»-ների վավերացման և «վերաբեռնման» ժամանակ, չի բացառվում, որ տեղի ունենա «Հյուսիսային հոսքի» և «Նաբուկոյի» միակցումը` այս կամ այն ձևով: Այդ դեպքում արդեն կարելի է մտածել նաև «Նաբուկոյի»` Հայաստանով անցնելու մասին (հակառակ դեպքում Ռուսաստանը, որն աչք է դրել արդեն իսկ մեր ատոմակայանի «համասեփականատիրության» վրա, որը մեր էներգետիկ ողջ ակտիվների և ենթակառուցվածքների տերն է, թույլ չի տա):
Համենայն դեպս, այս փուլում և սկսված Հունաստան-Կիպրոս պարտիայով Հայաստանը բավականին հետաքրքիր պահանջարկ-առաջարկի խաղատախտակ բացեց տարվա կտրվածքով:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ