ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՇՈՒՐՋ ԾԱՎԱԼՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՈՈՒՆ

Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՇՈՒՐՋ ԾԱՎԱԼՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՈՈՒՆ
20.05.2011 | 00:00

ՆՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ, ԱՅԼԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Մի առիթով ավանդական կուսակցություններից մեկի ներկայացուցիչը, ով լավատեղյակ է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբերի աշխատանքներին, անկեղծացավ, թե, արդյոք, հայկական լոբբիստական կազմակերպությունները չե՞ն գիտակցում, որ կենտրոնանալով Հայոց ցեղասպանության ընդամենը ճանաչման գործընթացի վրա, ջուր են լցնում թուրք-ամերիկյան (և ոչ միայն) քաղաքական խաղերի «ջրաղացին»: Իհարկե, դժվար է կարծել, թե Հայ դատի գրասենյակներում «բանից» անտեղյակ մարդիկ են հավաքված: Այլ հարց է, թե, տեղեկացված լինելով, ինչո՞ւ են նպաստում «ջուր լցնելու» քաղաքականությանը:
Տասնամյակներ շարունակ Արևմուտքում տարվում է Հայոց ցեղասպանության փաստը մոռացության մատնելու, հայոց պահանջատիրության գործընթացին խոչընդոտելու ծրագրված քաղաքականություն: Արևմտյան քաղաքական միտքը 60-ականներից առայսօր լծված է հայկական հարցը վերջնականապես փակելու գործին: Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության իրողությունը հաստատող բազմաթիվ վավերագրերի, իրավական փաստաթղթերի առկայությունը մշտապես կաշկանդել է Արևմուտքին, թույլ չտալով վերջինիս բացահայտորեն հերքել կատարված ոճիրը: Փոխարենը գտնվեց այլ միջոց. հարցը փակուղի մղելու յուրահատուկ մշակված քայլ էր Հայոց ցեղասպանության միայն ճանաչման գործընթացը մեջտեղ բերելը: Եվրախորհրդարանի 1987-ին ընդունած բանաձևն իր հերթին եկավ հաստատելու, որ Արևմուտքը շարունակում է հարազատ մնալ իր որդեգրած քաղաքական գծին. բանաձևում հստակ ամրագրվեց. «Հայոց ցեղասպանության ճանաչում, բայց ոչ մի քաղաքական, իրավական, նյութական պահանջ», «Ժամանակակից Թուրքիան պատասխանատու չէ Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար»: Հրահանգի համաձայն` եթե այսօր տարբեր պետությունների օրենսդիր ու գործադիր մարմիններում բարձրացվում է Ցեղասպանության հարցը, ապա միայն ճանաչման մակարդակով: Ակամա ներքաշվել ենք Հայոց ցեղասպանության ճանաչման «գայթակղիչ» գործընթացի մեջ` երբեմն մեզ խղճում են, քաղաքական պահի թելադրանքով խոստանում ճանաչում, սակայն հաջորդ իսկ պահին «մոռանում» խոստումը: Եվ այսպես շարունակ։
Ակնհայտ է, որ նման ընթացքը ձեռնտու է ոչ միայն Արևմուտքին, այլև Թուրքիային: Ցեղասպանության ճանաչման շուրջ ծավալվող քաղաքական շոուն կլանում է հայության ֆինանսական, մարդկային, ազգային հսկայական ռեսուրսները, և անարդյունք, քանզի անտեսվում են պայքարի իրավական ուղիները:
Հետևաբար, հարց է առաջանում. մեզ պե՞տք են տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումները, ի՞նչ է տալիս հայությանը ճանաչումների այդ շղթան: Ցեղասպան պետության` Թուրքիայի վրա, պարտադրանքի իրացման տեսանկյունից, դրանք ունե՞ն որևէ հստակ իրավական նշանակություն:
Իրավաբան Վլադիմիր Վարդանյանը ևս այն համոզմանն է, որ, բացի Թուրքիայից, այլ պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, իրավական տեսանկյունից, ոչ մի խնդիր չի լուծում, մասնավորաբար, դրանք հնարավոր չէ օգտագործել Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու համար: Ճանաչումների շարքը, ըստ իրավաբանի, «դրական պետք է համարել այնքանով, որ, շնորհիվ գործընթացի, Հայոց ցեղասպանության ուրվականը կրկին հայտնվեց Թուրքիայի առաջ»: Սակայն ո՞ւմ է ձեռնտու հայոց պահանջատիրությունն իբրև «ուրվական» կամ մահակ օգտագործելու քաղաքականությունը: Իհարկե, ոչ մեզ: Դա այն է, ինչ ցանկանում է Արևմուտքը. միջազգային թատերաբեմում Հայոց ցեղասպանության հարցը վաղուց է վերածվել քաղաքական գործիքի, որով, անհրաժեշտության դեպքում, իրականացվում է Թուրքիայի զսպումը: Այս շոուին վերջ կտրվի միայն այն ժամանակ, երբ «գործընթացն ուղղված կլինի ոչ միայն խորհրդարանական ճանաչումներին, այլև իրավական հարթության մեջ հայոց պահանջատիրության խնդիրը ներկայացնելուն»:
ԱՄՆ-Ն ԱՌԱՋԻՆՆ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Պարզվում է` մեր քաղաքական այրերից քչերին է հայտնի այն փաստը, որ Միացյալ Նահանգների կառավարությունը 1951-ին արդեն իսկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և, որպես այդպիսին, առաջին պետությունն է, ընդ որում, ՈՒրուգվայից և Արգենտինայից դեռևս 14 տարի առաջ և Ցեղասպանության կոնվենցիայի ստորագրումից 3 տարի անց: Այսպես, ԱՄՆ-ի կառավարությունը 1951-ի հունվարին ՄԱԿ-ի Արդարության միջազգային դատարանին հղած իր գրավոր հայտարարության մեջ բառացիորեն գրում է հետևյալը. «Քրիստոնյաների հալածանքները հռոմեացիների կողմից, հայերի ջարդերը թուրքերի կողմից, միլիոնավոր հրեաների և լեհերի ոչնչացումը նացիստների կողմից, ցեղասպանություն հանցագործության ակնհայտ օրինակներ են: Այս հենքի վրա է Միավորված ազգերի Վեհաժողովը քննության առել Ցեղասպանության հարցը»: Հայտնի է նաև, որ 1981-ին ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը մեկ անգամ ևս վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության նկատմամբ, հայտարարելով. «Ինչպես հայերի ցեղասպանությունը դրանից առաջ և կամբոջացիների ցեղասպանությունը, որը հաջորդեց դրան, ինչպես նաև բազմաթիվ այլ ժողովուրդների նկատմամբ այդպիսի բազում հալածանքները, Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն»: Այս փաստերի ֆոնի վրա առավելապես անհասկանալի են դառնում հայկական կազմակերպությունների լոբբիստական ջանքերը` ուղղված ԱՄՆ-ի կողմից կրկին Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ինչո՞ւ ենք զուր տեղը ճիգեր գործադրում, երբ ճանաչման փաստն արդեն իսկ կա և հարկավոր է ընդամենը հետամուտ լինել ու արդյունավետորեն օգտագործել այն: Իսկ մենք գրեթե մոռացության ենք մատնել այդ իրողությունը: Տպավորություն է ստեղծվում, թե Ամերիկայում Հայ դատի հանձնախմբերը ոչ այնքան գործում են ի նպաստ հայկական հարցի լուծման, որքան օժանդակում են Միացյալ Նահանգներին` ճկունորեն խաղարկում հայկական հարցը` ի նպաստ սեփական քաղաքականության:
ՀԱՅ ԴԱՏ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ՞
Տասնամյակներ շարունակ խոսել ու շարունակում ենք խոսել Հայ դատի մասին, բայց, համաձայնեք, որ դատ` որպես այդպիսին, գոյություն չունի:
Վերջերս Արգենտինայի Դաշնային դատարանը բավարարեց արգենտինահայ Գրեգորիո Հայրապետյանի՝ ընդդեմ թուրքական պետության ներկայացրած հայցը: Հայտնի դատավոր Նորբերտո Օյարբիդեի կայացրած որոշման մեջ նշվում է. «Թուրքական պետությունը, 1915-1923 թթ. ծրագրված և պարբերաբար ոչնչացնելով 1,5 միլիոն հայ քաղաքացիների, իրագործել է ցեղասպանություն»։ ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում ևս մի շարք գործեր հարուցվեցին: Այս ու նման փաստերը խոսում են այն մասին, որ Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ տարբեր երկրներում երբեմն իրականացվում են դատական գործընթացներ: Սակայն բացակայում է ամենակարևորը` միջազգային իրավական գործընթացը: Ժամանակը չէ՞ հայության ներուժն ու ջանքերն ուղղորդելու հայոց պահանջատիրությունը միջազգային իրավական հարթություն տեղափոխելուն: «Չգիտեմ, իրավական քաղաքական դիվանագիտական տեսանկյունից այսօր ճի՞շտ է, թե՞ սխալ, որ հայերս դիմենք ՄԱԿ-ի միջազգային դատարան, բայց, ծայրահեղորեն անհրաժեշտ է, որ ամեն պահի պատրաստ լինենք դրան»,- փաստում է իրավաբան Վ. Վարդանյանը, որն ամենևին չի բացառում, որ Թուրքիան կարող է նախահարձակ քայլ կատարել` դիմելով միջազգային դատարան, ուր և վիճարկել դատարանի իրավազորությունը: «Կարծում եմ, Միջազգային դատարան հայց ներկայացնելուն պես Թուրքիան կփորձի պնդել, թե դատարանն իրավունք չունի քննելու այս գործը, որովհետև Ցեղասպանության մասին կոնվենցիան շատ ավելի ուշ է ուժի մեջ մտել: Իհարկե, անհիմն է Թուրքիայի նման պնդումը, որ թեև Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1948-ին, բայց այն չի պարունակում այնպիսի նորմ, որով արգելվում է վերջինիս հետադարձ կիրառելիությունը: Իսկ թե միջազգային դատարանն ինչ մոտեցում կցուցաբերի, այսօր դժվար է ասել»:
Հարցադրմանն ի պատասխան մեջբերենք Արա Պապյանի խոսքը. «Չի եղել մի իրավական ատյան կամ Հայոց ցեղասպանությանը վերաբերող որևէ իրավական գնահատական, որտեղ կասկածի տակ դրվի Հայոց ցեղասպանության համապատասխանությունը ցեղասպանության որակմանը: Այդպես է եղել սկսած թուրքական ռազմական դատարանի դատավարություններից։ Այդ դատավարությունները ցույց տվեցին, որ արևմտահայության տեղահանություններն ու կոտորածները ռազմական անհրաժեշտություններ չէին, ինչպես ցանկանում էին ներկայացնել ոճրագործները, այլ եղել են կանխամտածված գործողություններ»:
Իսկ որո՞նք են լինելու հայկական կողմի քայլերը։ «Լիարժեք պատրաստվածությունը: Մեր պահանջի հիմքում ոչ թե պետք է ընկած լինեն հիշատակարաններ, զգացմունքային վկայություններ, այլ իրավական անվիճելի փաստեր, որոնք մեզ թույլ կտան հասնել հաջողության»,- նկատում է իրավաբան Վարդանյանը: Իսկ այդպիսիք բազմաթիվ են. այսօր տարբեր երկրներ առաջարկում են օգտվել իրենց արխիվներից. «Առաջին համաշխարհայինի տարիներին Թուրքիայում գործող գերմանական դիվանագիտական անձանց ու Գերմանիայի ԱԳ նախարարության միջև բավականին հարուստ դիվանագիտական փաստաթղթաշրջանառություն գոյություն ուներ, դրանցից շատերն այսօր հասանելի են: Նույնը կարելի է ասել նաև այն պետությունների արխիվների մասին, որոնք նույն ընթացքում դաշնակցում էին Թուրքիայի հետ: Այդ փաստերն անհրաժեշտ է հավաքել ու օգտագործել ՄԱԿ-ի Միջազգային դատարանում մեր պահանջները հիմնավորելու համար»:
Ո՛Չ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ, Ո՛Չ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման, դատապարտման, փոխհատուցման խնդիրը պահանջում է համակարգված պետական մոտեցում: Իսկ սա նշանակում է, որ իրավապահանջատիրության գաղափարն ու այն կյանքի կոչելուն միտված մեխանիզմները պետք է սնուցվեն Հայաստանի Հանրապետությունում:
Բայց ՀՀ-ն այսօր պատրա՞ստ է որպես հիմնական սուբյեկտ Միջազգային դատարանում ներկայացնելու հայոց պահանջատիրությունը. համաձայն ՀՀ Անկախության հռչակագրի, Ազգային անվտանգության ռազմավարության` ոչ: Փաստորեն, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում դրված է միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հարցը, սակայն ոչ մի խոսք չկա փոխհատուցման մասին: Սա արդեն նշանակում է, որ պահանջատիրությունը դուրս է ՀՀ պետական քաղաքականության օրակարգից: Այստեղից էլ բխում է գործընթացներին մատների արանքով նայելու անլրջությունը. 20 տարում անկարող եղանք ստեղծելու ցեղասպանագետ իրավաբանների մի թիմ, որը ձեռնամուխ կլիներ Ցեղասպանության իրավական փաթեթի ստեղծմանը: Անհանգստացնողն այն է, որ մինչ օրս ոչ մի քայլ չի արվում ռազմավարության ու համապատասխան մարտավարության մշակման ուղղությամբ:
Հասկանալի է խնդրով զբաղվող միակ իրավաբանի` Վլադիմիր Վարդանյանի մտահոգությունը. «Պետությունը բավարար ուշադրություն չի դարձնում Հայոց ցեղասպանության իրավական փաթեթի ստեղծման վրա»։ «Ինչո՞ւ»։ «Այդ հարցին պատասխանել չեմ կարող», փոխարենն առաջարկում է` ստեղծել մշտապես գործող կառույց, որն էլ կմշակի իրավական փաթեթը:
Պատմաբան Արտակ Սարգսյանի դիտարկմամբ էլ, Ցեղասպանության իրավական փաթեթը պետք է դրված լինի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Այն պետք է ներառի Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման ողջ բովանդակությունն ու գործընթացը:
Պատմաբանը նշում է նաև իրավական փաթեթը կյանքի կոչելու անհրաժեշտ մեխանիզմները. ՄԱԿ-ի Միջազգային դատարանը, միջազգային կազմակերպությունները և այն պետությունները, որոնք այս կամ այն առումով այս հարցում ունեն որոշակի ստանձնած պարտավորություններ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԱՄՆ-ին, որի նախագահ Վուդրո Վիլսոնը իրավարար վճռով 1920 թվականի նոյեմբերի 22-ին գծել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանագիծը, որը ցայսօր չի կորցրել իր իրավունակությունը: Միաժամանակ այս շրջանակում պետք է դիտարկել նաև այն երկրներին, որոնք դիմել են ԱՄՆ-ին նշյալ վճիռը կայացնելու խնդրանքով:
Քաղաքական տարաբնույթ շահերով պայմանավորված, աշխարհն այսօր Թուրքիայից պատրաստ է պահանջելու Հայոց ցեղասպանության միայն ճանաչում ու զղջում, և ոչ ավելին: Բայց չէ՞ որ քաղաքական շահերը հավերժական ու անփոփոխելի չեն: Կնշանակի` հայությունը պետք է ամեն պահ պատրաստ լինի ցանկացած աշխարհափոփոխության:
Հայաստանի Հանրապետությունը, հայության բոլոր հատվածների հետ մեկտեղ, պետք է դառնա այն սուբյեկտը, որը կբարձրաձայնի հայության իրավապահանջատիրությունն ու միջազգային իրավական հարթության մեջ կհայտարարի ՀԱՅ ԴԱՏԻ սկիզբը:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ