ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ, և ԿԱՐՈ՞Ղ Է ԱՐԴՅՈՔ ԼԻՆԵԼ

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ, և ԿԱՐՈ՞Ղ Է ԱՐԴՅՈՔ ԼԻՆԵԼ
19.10.2010 | 00:00

Ինչպես երևում է միջազգային հանրության «պատրաստություններից», փորձ է արվում Աստանայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ինչ-ինչ փաստաթուղթ ստորագրել տալ:
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ամերիկյան հերթական «նոու-հաուն»:

Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ երկու նման պոկումներն ու «պատրաստություններն» այդպես էլ ոչնչի չհասան: Մեկը` Քի ՈՒեստում, մյուսը` Ռամբուեի ամրոցի «բացված պատուհանում», որից պետք է երևար «փոխզիջումային» փաստաթղթի շարմաղ մարմինը, իսկ այն այդպես էլ չերևաց (չգիտես ինչու Մերզլյակովը Քոչարյանի հետ մտավ «օկուպացված» տարածք` արտաքնոց. դե, չէ, ոչ մերոնց «մոչիտ» անելու, այլ միջազգային հանրությանը ռուսական այդ «մոտեցմանը» ծանոթացնելու, մի խոսքով, «այնտեղ» պարզվել էր` մարդ է մահացել Քոչարյանի կողմից, ու Քոչարյանը պետք է կիսատ թողնի բանակցություններն ու շատ արագ հասնի Հայաստան):
Դե, Քի ՈՒեստն էլ գրեթե համանման մեկ այլ կոնտեքստ էր, երբ բոլորը ջանադրաբար կռացել և ուշի ուշով «քարտեզ» էին դիտում` իբր թե հարցը այդպես դիտողաբար են լուծում, առանց որևէ «նյութական» փաստաթղթի:
Մեկ և ընդմիշտ փաստենք` ասելիքի ու փաստաթղթի առումով Աստանայում նույնպես առաջընթաց չի լինի: Որքան էլ միջազգային «թշնամի» (Տեր-Պետրոսյանի ֆրազն է) հանրությունը, ոնց երևում է, միջոցների առաջ կանգ չի առնում: Բոլոր դեպքերում, մինչ Աստանա և բուն Աստանայում հետաքրքիր զարգացումներ կլինեն:
Եվ քանի որ չի կարելի ասել` երբեք, մեկ տոկոս շանս թողնենք պարոն Սաուդաբաևին, որի բարձր հովանու ներքո առաջին անգամ ԱՊՀ-ական երկրում տեղի է ունենալու այդքան ներկայացուցչական և կարևոր` 10 տարի ընդմիջված ԵԱՀԿ գագաթաժողովը, եթե, իհարկե, մինչ այդ հարգարժան ու սիրելի (վաո՜ւ) Սաուդաբաևը մեկ այլ «ֆլատիլիայի» վրա կաստինգի ելած ու ձերբակալված չլինի` որոշ նուրբ ու «քնքույշ» հարցերով, և այն էլ ԵԱՀԿ այդքան պատասխանատու գագաթաժողովից առաջ (հիշենք, որ նրան օրերս բերման ենթարկեցին ոչ ավելի, ոչ պակաս` Աթաթուրքի նավի վրա` պոռնկության մեղադրանքով. ա՜յ-ա՜յ-ա՜յ. և ինչպես է նա այդ հոգեվիճակով և կարգավիճակով պատրաստելու իր մեծ եղբայր Թուրքիայի և փոքր եղբայր Ադրբեջանի համար անհրաժեշտ փաստաթուղթը` Ղարաբաղի մասով):
Իսկ լրջանալով, պետք է ասել, որ կա նույնքան լուրջ օրինաչափություն: Այն է` ԵԱՀԿ գագաթաժողովները, բոլոր դեպքերում, առանցքային նշանակության են եղել ղարաբաղյան խնդրի տեսանկյունից: Լիսաբոն: Ստամբուլ... Աստանա:
Լիսաբոն: Դեկտեմբերի 2-3: 1996: Սպառնալով վետոյի ենթարկել գագաթաժողովի բոլոր փաստաթղթերը, այդ թվում` ընդունվելիք Հռչակագիրը, Ադրբեջանը պահանջեց արձանագրել, որ Ղարաբաղի խնդրի լուծումը պետք է հիմնվի Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա: Այդ ճնշումների արդյունքը եղավ Հռչակագրում տեղ գտած ձևակերպումը (20-րդ կետ)` հակամարտությունը պետք է կարգավորվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Հայաստանը վետո դրեց այդ կետի վրա: Ադրբեջանն իրականացրեց իր սպառնալիքը և վետո դրեց գագաթաժողովի բոլոր փաստաթղթերի վրա: Իր վրա գործադրվող ճնշումները Հայաստանի վրա ուղղելու նպատակով Ադրբեջանը, որպես վետոն հանելու նախապայման, նշեց 20-րդ կետի պահպանումը, որը Լ. Տեր-Պետրոսյանը մերժեց: Հայաստանի հաստատակամությունը ստիպեց, որ Ադրբեջանը հանի իր վետոն՝ մերժված կետը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆ.Կոտիի հայտարարության մեջ ներառելու պայմանով:
Այսօր, իհարկե, պարոն Օսկանյանը, բայց հատկապես նրա «մերձավորները», փոքր-ինչ այլ «տրակտովկա» են տալիս այս ամենին, սակայն փաստը սա է:
Ստամբուլ: Նոյեմբերի 18-19: 1999 թիվ: Հոկտեմբերի 27-ից «ժամեր անց»: Քոչարյանն առանց վերապահումների ստորագրեց ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի փաստաթղթերը, որոնցով հակամարտությունների լուծման հարցում գերապատվությունը տրվում էր տարածքային ամբողջականության սկզբունքին:
Այսօր, իհարկե, պարոն Օսկանյանը, բայց հատկապես նրա «մերձավորները», այս ամենին նույնպես այլ «տրակտովկա» են տալիս, բայց այս մի փաստն էլ սա է:
Աստանա: Նախ դիտենք` ինչ են ասում «նոու-հաուիստները» սպասվող զարգացումների առնչությամբ: ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Յան Քելլի. կլինեն նոր մոտեցումներ, կլինի նոր «ճանապարհային քարտեզ»:
ԱՄՆ-ի պետքարտուղարության մամլո քարտուղար Քրոուլի. ԱՄՆ-ը հավատարիմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թեման նաև ՄԱԿ-ում Հիլըրի Քլինթոնը քննարկել է մի շարք երկրների առաջնորդների հետ:
Ի՞նչ են պատասխանում մեր «աննոու-հաուիստները»: Սերժ Սարգսյան. «որքան շուտ Ղարաբաղը միանա բանակցային գործընթացին», այնքան շուտ «ճանապարհային քարտեզը» կլինի: Կարճ ասած: Բայց և` մեկ դիտարկմամբ. «կարծում ենք` մինչև դեկտեմբերի 1-2-ը Ղարաբաղը դժվար միացած լինի բանակցություններին»:
Էդվարդ Նալբանդյան. նա ում տեսնում (է՛լ ԱԺ ամբիոնից, է՛լ «The Wall Street Jօurnal»-ից), ասում է. չե՞ք հասկանում` չի լինի Ցյուրիխ-2, որովհետև Թուրքիան սահմանի բացման հարցը կապում է Ղարաբաղի խնդրի հետ:
Այսպիսով, ըստ նախնական սպասումների` «միջազգայինի» մոտ ցանկություն կա Աստանայում հասնելու նրան, որ ստորագրվի հռչակագիր, ուր գոնե հեռավոր կֆիքսվեն ինչպես բոլորիս հայտնի մինչ այս եղած թեզերը, այնպես էլ հեռավոր ակնարկ կլինի հարակից տարածքները վերադարձնելու և հարակից մնացյալ խնդիրների մասին: Դա էլ հիմք կտա Թուրքիային (շատ փորձագետների կարծիքով` անգամ մինչև ընտրություններ)` բացելու հայ-թուրքական սահմանը:
Ժպտո՞ւմ եք: Որ ի՞նչ: Մանավանդ որ փորձագետների կարծիքները կիսվում են: Մի մասը համոզված է, որ ռուս-ամերիկյան տանդեմում այդ առնչությամբ կա համաձայնություն, և հակամարտող կողմերի նկատմամբ կիրառվող ճնշումները, փոփոխվող աշխարհը կարող են, ի վերջո, նման «դեկլարացիայի» հանգեցնել:
Փորձագետների մյուս մասն իսպառ ժխտում է այդ հնարավորությունը, պնդելով, որ եթե ղարաբաղյան հարցը մտնի գագաթաժողովի օրակարգ, եթե ինչ-ինչ փաստաթուղթ ընդունվի, այն նույնությամբ և ընդամենը կկրկնի մինչ այս ընդունված երեք սկզբունքները` շա՜տ ընդհանուր ձևակերպումներով:
«Դիտենք» առաջին տեսակետը: Փոփոխվող և պայմանավորվող աշխարհ: Այո՛, Ամերիկան ողջ գեներացիայով պտույտի մեջ է դրել իր նոր դոկտրինը` առանցքում ունենալով աֆրոամերիկացի նախագահին. նա պետք է կարողանա փոխել Նահանգների դերակատարությունն աշխարհում: Սկսել է: Մոդեռնիզացիան մի կողմ թողեք ու դիտեք, թե ինչ հսկայական ինտեգրացիոն գործընթացներ են տեղի ունենում. մի կողմից` բուն քայլերն են արվում, մյուս կողմից` հայտարարություններն են փակում լուսանցքը:
Ինտեգրացիոն գործընթացին էլ զուգահեռ, Նահանգները փորձում է բազմաբևեռ աշխարհը, այսպես ասած, փոքրացնել` բավականին մեծ տեղ հատկացնելով փոքր միավորների, երկրների հետ կետային աշխատանքին:
Ինտեգրացիոն և միավորների արժևորման այդ համադրույթով էլ Նահանգները փորձում է լրիվ վերահսկողության շղթան աշխատեցնել, թույլ չտալ վերահսկելի քաոսը ձեռից գնա:
Հենց միայն ինտեգրացիոն գործընթացների խրոնոմետրաժը գալիս է ասելու, որ աշխարհն իսկապես փոփոխվում է և փոփոխվում է հսկայի քայլերով. Մոլդովան, Մերձդնեստրով հանդերձ, «փորձում» են տանել ԵՄ, Հարավային Կովկասում «ընդհանուր տուն» են սարքում, Վրաստանը պատրաստվում է մտնել ՆԱՏՕ. վիզային ռեժիմներն է թեթևացնում (ասում են, այստեղ էլ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնում են կարծես. Վրաստանը` դեպ ՆԱՏՕ, Աբխազիան ու Օսիան` հավերժ դեպ Ռուսաստան): Շարունակաբար` ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը միասնական ՀՀՊ դաշտ են ձևավորում, նոյեմբերին Լիսաբոնում տեղի է ունենալու ԵՄ-ԱՄՆ գագաթաժողովը, նույն օրերին նույն Լիսաբոնում ընթանալու է ՆԱՏՕ-ի դարակազմիկ գագաթաժողովը, ուր քննարկվելու են Ռուսաստանի հետ «մերձենալու» հարցերը նույնպես:
Բայց իրականում լիսաբոնյան այդ երկու կարևորագույն հավաքները «նվիրված» են Աֆղանստանին: «Միջազգայիններն» Իրաքում գրեթե հանգցրին հրդեհը (հրդեհ չի լինի, որովհետև ողջ նավթը «կաչատ» են արել), նոր դժոխքի` Իրանի «սպասման» ճանապարհին Աֆղանստանն է ցցվել` «ուղեփակոցի գերանի նման», որի հարցն էլ կլսվի գերագույն այդ երկու հավաքներում, փորձ կարվի աֆղանական հետաքրքրությունները և շահերը նորովի և համամասնաբար (՞) բաշխել («միայն արդարաբա՞ր, մսյո Բենձեր»), որին արդեն կհաջորդի Իրանի միջուկային երկիր դառնալու հեռանկարը` «միջազգայինների» (իսկ իրականում աշխարհը նորովի ձևող-չափող ԱՄՆ-ի համար) օրակարգում պահելով պարսկական նավթի ու գազի «կաչատի» հարցը:
Հիշենք, որ դարակազմիկ այս երկու միջոցառումները տեղի են ունենալու Աստանայի գագաթաժողովից առաջ: Այնպես որ, թե՛ առաջին, թե՛ երկրորդ փորձագետների համար հատուկ նշենք, որ ղարաբաղյան խնդրով փաստաթուղթ լինել-չլինելու հարցը մասամբ որոշվելու է նաև լիսաբոնյան երկու գագաթաժողովների արդյունքում տեղի ունեցած «ինտեգրումներից, վերաբեռնումից», կուլտուրական ասած` «տորգից»:
Իսկ «վերաբեռնումներ» արդեն իսկ տեղի են ունենում: Նկատի ունենք երկու կողմերի` Ադրբեջանի ու Հայաստանի վրա «միջազգայինների» զանազան-զարմանազան ճնշումները. ԱՄՆ-ը Ալիևին կանչում է Նահանգներ, նստեցնում ցածր աթոռի վրա, դե` էլի. ուրիշ ինչպես բացատրել Օբամայի` Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին երեք սկզբունքների հիշեցումը Իլհամիկին և Աշոտ Ղուլյանին Կոնգրեսի սենյակներով ման տալը:
Մյուս կողմից էլ` Ռուսաստանն արդեն խոսում է «Կովկաս-Սամսուն» տրանզիտի մասին, որը կշրջանցի Ադրբեջանը և ոչ ևս կանի Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը... Տեսնո՞ւմ եք` ոնց են Ադրբեջանի գազային սերն ստանալու համար միմյանցից առաջ ընկնում «վերաբեռնվող նապարնիկները», զի ժամկետը կարճ է. ոչ միայն Իրանն է դառնում միջուկային, այլև «Նաբուկոն» է ուշանում. ևս մեկ տարի և անիմաստ կլինի նրա կառուցումը, զի «Հարավային հոսքը» կայացած կլինի:
Ի դեպ, Հայաստանին նույնպես չափավոր մասնաբաժին է հասնում` ճնշումների գծով: Թե՛ Ռուսաստանից, թե՛ ԱՄՆ-ից: «Պզեն» և մնացյալք` ձեզ օրինակ:
Պարզապես, այս ամենում հետաքրքիրն այն է, որ «տյունինգ» արվող աշխարհը, նրա բաղկացուցիչ Նահանգները, ճնշումների այդ տեխնոլոգիան միշտ է կիրառել` «բան հասկացնելու համար». երկու տարին մեկ կամ «ուրան» են գտնում հայերի գրպանում, կամ «Պզեին» հաջողվում է մի ամբողջ Ամերիկայի (որի ռազմական բյուջեն այնքան է, որքան աշխարհի բոլոր մնացած երկրների բյուջեն` միասին վերցրած. կարդա` Բժեզինսկի), և մի Պզե... վերջը, հասկացաք:
Եվ այդ բոլորը` Աստանայից առաջ: Հաշվի առեք, որ մենք չանդրադարձանք խաղաղապահների խնդրին, ինչը մեկընդմիշտ փակում է ղարաբաղյան խնդրի կարգավորման ցանկացած հեռանկար: Լինի դա Աստանայում, թե այլ «տանայում», որովհետև «վերաբեռնվելն» էդտեղ հաստատ և այս պահին ամենաանհույս գործերից է ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար:
Եվ որպեսզի անկողմնակալ չհամարվենք, նյութն ավարտենք Եվրասիայի էներգետիկ հարցերի պետքարտուղարության հատուկ պատվիրակ Ռիչարդ Մորնինգսթարով. «Դուք 100 %-ով սխալվում եք, ասելով, թե մենք ուշադրություն չենք դարձնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Մենք այդ հարցին շատ կարևորություն ենք տալիս։ Այդպիսի եզրակացություններից ստացվում է, որ ղարաբաղյան հակամարտության չկարգավորելը ԱՄՆ-ի մեղքն է։ Կարծես թե մենք մոգական ուժ ունենք, ինչի շնորհիվ կարող ենք այն լուծել, բայց չենք անում»:
Համեստն է, չէ՞, «մեր» լուսո աստղը` Մորնինգսթարը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ