ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ԻՆՉՊԵՍ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԸ ՓՐԿԵՑ ԼՈՌԻՍ-ՄԵԼԻՔՈՎԻՆ

ԻՆՉՊԵՍ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԸ ՓՐԿԵՑ ԼՈՌԻՍ-ՄԵԼԻՔՈՎԻՆ
23.03.2012 | 00:00

Մարտի 13-ին Մոսկվայում կայացավ «Մեմորիալ» հիմնադրամի և ՌԴ պետական արխիվի «Իշխանության գամվածները» կայքէջի շնորհանդեսը։ Կայքէջ, ուր զետեղված է 1918-1938 թթ. բոլշևիկյան-ստալինյան բռնաճնշումների ենթարկված անձանց վերաբերյալ ավելի քան 1300 փաստաթուղթ։
Մեզ, բնականաբար, հետաքրքրում էին հայերը. հայտնաբերեցինք փաստաթղթեր 15 անձանց վերաբերյալ, որոնք Հայաստանի, Ռուսաստանի, ՈՒկրաինայի տարբեր քաղաքների բնակիչներ էին, իսկ մեկը` Ֆրանսիայի քաղաքացի։ Ասենք, որ առանց հոգեկան ցնցում ապրելու դժվար է կարդալ այդ փաստաթղթերը:
Սակայն դրանց մեջ մեր ուշադրությունը գրավեցին մի անձնավորության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք առնչվում են Տարիել Միքայելի Լոռիս-Մելիքյանին (1863, Թիֆլիս-1941, Փարիզ)։ Ինչպես հայտնի է, Մ. Լոռիս-Մելիքովը (1825, Թիֆլիս-1888, Նիս) եղել է ռուսական զինուժի ամենաականավոր դեմքերից մեկը, 1880-1881 թթ.` Ռուսական կայսրության ներքին գործերի նախարարը։ Իսկ ահա որդին` կոմս Տ. Լոռիս-Մելիքովը, ցարական բանակի կադրային սպա էր, ավարտել էր ռազմական ուսումնարան և Պաժերի կորպուսը, մինչև 1905 թ. Պրեոբրաժենսկի գնդի գնդապետն էր։ 1914-ին պաշտոնաթող է լինում, իսկ 1916-ից ծառայության անցնում Պետրոգրադի զինվորական գրաքննության դեպարտամենտում։ 1918 թ. աշնանը նա ձերբակալվում է, բանտարկվում Պետրոպավլովյան ամրոցում, բայց 1919 թ. փետրվարի 16-ին ազատ է արձակվում։ Հունիսի 16-ին կրկին ձերբակալվում է, հուլիսի 10-ին ուղարկվում Մոսկվա և հայտնվում Նովոպեսկովսկի, ապա` Իվանովոյի ճամբարում։
Հարկ է նշել, որ գոյություն ուներ «Քաղաքական Կարմիր խաչի մոսկովյան կոմիտե» (ՔԿԽՄԿ) անվամբ մի կազմակերպություն, որը ղեկավարում էր Եկատերինա Պեշկովան` Մաքսիմ Գորկու առաջին կինը, և որը նյութական, իրավական և այլ կարգի օգնություն էր ցուցաբերում քաղբանտարկյալներին ու նրանց ընտանիքի անդամներին։ Ահա այս ՔԿԽՄԿ-ի խնդրանքով Տ. Լոռիս-Մելիքովը 1919 թ. դեկտեմբերի 31-ին լրացնում է «Ձերբակալվածի քարտ», ուր կենսագրական տվյալներից հետո ավելացնում է. «Նովոպեսկովսկի ճամբարում կայացած հարցաքննությունը վերաբերում էր բացառապես կենսագրական տվյալներ ժողովելուն` առանց որոշակի մեղադրանք ներկայացնելու. ընդ որում, ինձ հարց տրվեց` կարո՞ղ եմ, արդյոք, ես հօգուտ ինձ երաշխավորագիր ներկայացնել։ Օգոստոսի 15-ին ես ներկայացրի ընկ. Ալ. Ֆ. Մյասնիկովի երաշխավորագիրը»։
1920 թ. մարտի 11-ին ՔԿԽՄԿ-ի իրավաբանական բաժինը գրավոր դիմում է բանտարկյալների գործերի հանձնաժողովին, և այդ փաստաթուղթն ամբողջությամբ կուզենայինք ներկայացնել ընթերցողի ուշադրությանը։
«Ճամբարներում բանտարկված անձանց հանձնաժողովին
1919 թ. հուլիսի 6-ին Պետրոգրադում ձերբակալվել է Տարաս Միխայլովիչ Լոռիս-Մելիքովը և այժմ գտնվում է Իվանովոյի հարկադիր աշխատանքների ճամբարում։
Նրա հետ մեկտեղ, համատարած ձերբակալությունների ընթացքում, որոնք ժամանակին տեղի էին ունենում Պետրոգրադում, ձերբակալվել են նաև նրա ընտանիքի բոլոր անդամները, որոնք, սակայն, հետագայում ազատ են արձակվել։
Տ. Մ. Լոռիս-Մելիքովը 57 տարեկան է, ունի ոտքի անդամալուծություն և, բացի այդ, երկար ժամանակ բանտարկված լինելու և ծերության պատճառով թուլացել է ամբողջ օրգանիզմը։
Խորհրդային իշխանության նկատմամբ նրա հանդուրժողականությունը հավաստված է ՌԿԿ անդամ Մյասնիկովի երաշխավորագրով (առկա է գործում)։
Ձերբակալվածի որդիներից մեկը` Վասիլի Լոռիս-Մելիքովը, Կարմիր բանակի կամավոր է, մյուս որդին` Միխայիլը, պատասխանատու պաշտոն է զբաղեցնում խորհրդային ծառայության մեջ։
Ընկ. Տ. Լոռիս-Մելիքովը 1914-ից գտնվել է ծառայության մեջ Զինվորական գրաքննությունում, մինչև դրա լուծարումը։
Հարազատների հավաստմամբ` նա երբեք չի զբաղվել քաղաքականությամբ և առհասարակ հեռու է եղել հասարակական գործունեությունից։
Նկատի ունենալով ՌԿԿ անդամ Մյասնիկովի երաշխավորագիրը, ձերբակալված Տ. Լոռիս-Մելիքովի տարեց հասակը և նրա հիվանդագին վիճակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ներկայումս անհրաժեշտություն չի ներկայացնում նրա` բանտարկության մեջ գտնվելը, քաղաքական Կարմիր խաչը խնդրում է վերանայել նրա որոշումը և ազատ արձակել` երաշխավորությամբ»։
Հավելենք, որ հետագայում Կենտգործկոմի քարտուղար Ա. Ենուկիձեի եռանդագին ջանքերի շնորհիվ Տարիել Լոռիս-Մելիքովը կարողացավ ընտանյոք մեկնել Փարիզ։
Սակայն ո՞րն է այս ամենի բարոյական, մարդկային խրատաբանությունը։ Ակնհայտ է, որ առանց Ալեքսանդր Մյասնիկյանի երաշխավորության Տ. Լոռիս-Մելիքովը ճամբարից դուրս չէր գա, կկործանվեր, և դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլիներ նրա ընտանիքի անդամների հետ։ Հանրահայտ է Մյասնիկյանի դերակատարությունը Խորհրդային Հայաստանի կայացման գործում` սկսած ավերված երկրի վերականգնումից, գաղթականների փրկումից, սովի, համաճարակների դեմ պայքարից մինչև Հանրային գրադարանի հիմնում։ Նա չվախեցավ, փրկեց նշանավոր հայի արժանավոր զավակի ընտանիքը, առանց հաշվի առնելու դասակարգային, դասային, գաղափարական տարբերությունները։ Նա փրկեց իր ազգակցի ընտանիքը, և մի՞թե սա չէ ազգային համերաշխության, ազգապահպանության լավագույն նմուշը, օրինակը, դրսևորումը...
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ