ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԿԱՄՐՋԵՑ ԵՎՐՈՊԱՆ ԵՎ ԱՍԻԱՆ

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԿԱՄՐՋԵՑ ԵՎՐՈՊԱՆ ԵՎ ԱՍԻԱՆ
21.12.2010 | 00:00

Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը և Գլոբալացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը կազմակերպել էին ԵԱՀԿ-ում Ղազախստանի Հանրապետության նախագահության արդյունքների քննարկում: Դեկտեմբերի 17-ին «Կոնգրես» հյուրանոցում հավաքվել էին ոչ միայն դեսպանատան ու կենտրոնի, այլև արտաքին գործերի նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, նաև ուսանողներ: Իբրև ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած երկրի ներկայացուցիչ` քննարկմանը ներկա էր Լիտվայի դեսպանը: Գլոբալացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ սկսելով քննարկումը` մասնակիցների համար մամուլի արագընթաց տեսություն ներկայացրեց և շեշտեց, որ Հայաստանում Աստանայի գագաթնաժողովը լուսաբանվեց հիմնականում ղարաբաղյան հարցի տեսանկյունից, մինչդեռ գագաթնաժողովում քննարկվեցին լրջագույն հարցեր, և Ղազախստանի նախագահության շրջանը իսկապես կարևոր ու հիշարժան էր: Միայն այն փաստը, որ 11 տարի ԵԱՀԿ-ն գագաթնաժողովներ չէր գումարում, իսկ Ղազախստանի նախագահությունը հնարավոր դարձավ ամփոփել գագաթնաժողովով, որին ներկա էին 40 երկրների նախագահներ, վարչապետներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, արդեն խոսուն է և վկայում է կատարված մեծ աշխատանքի մասին:
ԵԱՀԿ երևանյան առաքելության խորհրդական Վլադիմիր Չունտուլովը ղազախական նախագահության շրջանը որակեց կամուրջ դեպի ապագա, նոր էջ կազմակերպության պատմության մեջ: Նրա գնահատմամբ` Աստանայում առանցքային քաղաքական դեմքերի ներկայությունը կարևոր գործոն էր, որը վկայում է` ինչ ուղղությամբ է զարգանալու եվրասիական քաղաքականությունը: Նրանց մասնակցությունը վկայում է նաև համատեղ լուծումներ պահանջող խնդիրների գոյությունը` սկսած տրանսազգային սպառնալիքներից մինչև սառեցված հակամարտություններ և ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն ռեալ ձևաչափ է դրանց լուծման համար: «Այսօր մեր կազմակերպությունը գործում է այն նախագծերով, որոնք ընդգրկում են սպառազինությունների սահմանափակումը, բարենորոգումները իրավապաշտպանության ոլորտում, ընտրությունների ժողովրդավարացումը, ԶԼՄ-ների ազատության ապահովումը, շրջակա միջավայրի պահպանությունը»,- ասաց նա: Ամենակարևորը` Ղազախստանի նախագահությամբ սկսվեց ԵԱՀԿ զարգացման նոր փուլ` անվտանգության միասնական տարածքի ստեղծումը Վանկուվերից Վլադիվոստոկ: Ղազախստանը հատուկ ուշադրություն է դարձրել միջէթնիկական և միջկրոնական հանդուրժողականությանը, ձգտել է ամրապնդել վստահությունը և թափանցիկությունը ԵԱՀԿ տարածքում և բոլոր պետությունների կառուցողական համագործակցությունը Կորֆուի գործընթացի շրջանակներում: Պարոն Չունտուլովն անդրադարձավ նաև բանակցային հարթությանը, մասնավորապես ղարաբաղյան հարցին, նշելով, որ ընդունված փաստաթուղթը, չնայած խնդրի բոլոր բարդություններին, հիմք է տալիս լավատես լինելու: Աստանայում երկու կարևոր խնդիրներ լուծվեցին` ընդհանուր գնահատական տրվեց անցած գործունեությանը և հետագա գործողությունների գերակայությունները նշվեցին, իսկ ընդունված ամփոփիչ փաստաթուղթը վկայում է, որ ԵԱՀԿ անդամ երկրները հավատարիմ են ԵԱՀԿ սկզբունքներին:
Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան ԱՅԻՄԴՈՍ ԲՈԶՋԻԳԻՏՈՎԸ նշեց, որ Ղազախստանը ջանացել է արդարացնել գործընկերների վստահությունը` արձագանքելով ակտուալ գերակայություններին, առաջնորդվելով հանդուրժողականության, ավանդույթների, վստահության և թափանցիկության ապահովման սկզբունքով: Նա անդրադարձավ անվտանգության խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին, Աֆղանստանի հարցին, ԵԱՀԿ տարածքի կոնֆլիկտներին: Բանակցային ձևաչափերը, դեսպանի գնահատականով, զգույշ լավատեսության հիմքեր են տալիս: «Գագաթնաժողովի հաջողության հիմնական գործոնն ամփոփիչ փաստաթղթի ընդունումն էր, որը հաստատում է ԵԱՀԿ բոլոր անդամների` Վանկուվերից Վլադիվոստոկ տարածքում միասնական հանրության եվրոատլանտյան և եվրասիական անվտանգության ազատ, ժողովրդավարական, միասնական ընկալումը»,- ասաց դեսպանը: Նա կարծում է, որ Աստանան հնարավորություն տվեց ստեղծելու անվտանգության ընդհանուր գոտի չորս օվկիանոսների միջև: «Աստանայի գագաթնաժողովի կարևոր արդյունքներից էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավատարմության հաստատումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքներին, որոնք շարադրված են Ակվիլայում և Մուսկոկայում ընդունված հայտարարություններում»,- ընդգծեց դեսպանը: Թեպետ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը Մերձդնեստրի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի, Լեռնային Ղարաբաղի հարցում վճռական փոփոխություններ չարձանագրեց. «Աշխարհաքաղաքական իրակություններն այնպիսին են, որ բանակցային գործընթացների պահպանումն ինքնին կարևոր է վերջնական վճիռների չափ: Մեր երկիրը միայն հնարավորությունները ուղենշեց, որ հաստատի ԵԱՀԿ վճռականությունը կոնֆլիկտային գործընթացներն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու համար»: Հայաստանում Ղազախստանի դեսպանը կարևոր համարեց, որ իր երկրի նախագահության ընթացքում փորձ արվեց եվրոպական մտածողությունը տարածել ամբողջ եվրասիական տարածքի վրա: Նա նաև ընդունում է, որ իբրև լիարժեք միջազգային կառույց` ԵԱՀԿ-ի կայացումը դեռ չի ավարտվել, և հաջողություններ մաղթեց Լիտվային` ԵԱՀԿ նախագահության ընթացքում:
Հայաստանում Լիտվայի դեսպան ԳԻԵԴՐԻՈՒՍ ԱՊՈՒՈԿԱՍԸ Ղազախստանից հետո նախագահելը և՛ շատ հեշտ, և՛ շատ դժվար որակեց: Հեշտ` որովհետև բարձր ալիքի վրա կարելի է շարունակել: Դժվար` որովհետև համեմատելու են Ղազախստանի հետ: Նա հավատացրեց, որ իր երկիրը հավատարիմ է մնալու ԵԱՀԿ սկզբունքներին և արժեհամակարգին, լինելով նաև Եվրամիության անդամ` փորձելու է խորացնել ԵԱՀԿ-ԵՄ համագործակցությունը, գերակայությունները լինելու են մարդու իրավունքների, զանգվածային լրատվամիջոցների ազատության պաշտպանությունը, անվտանգությունը: 2011-ին իր նախագահության ընթացքում Լիտվան մտադիր է առաջընթաց գրանցել սառեցված հակամարտությունների հաղթահարման հարցում: «Երբեմն առաջընթացի պատրանքները իրավիճակի անաչառ գնահատականին չեն նպաստում: Երբեմն բանակցային գործընթացին աջակցությունը և փոքրիկ զգույշ քայլերն առաջ մեծ աշխատանք են վկայում, քաջություն ու վճռականություն»,- ասաց դեսպանը` նկատի ունենալով Վրաստանը, Մերձդնեստրը և Լեռնային Ղարաբաղը: Պարոն Ապուոկասի կարծիքով` հակամարտությունների հաղթահարման գործում մի ուղղություն բավականաչափ չի օգտագործվել` քաղաքացիական հասարակության մակարդակով վստահության հաստատումը։ «Այդ ճանապարհով կարելի է հաստատուն հաջողության հասնել»,- կարծում է դեսպանը:
ՀՀ արտգործնախարարությունը ներկայացնում էր ԵԱՀԿ բաժնի վարիչի պաշտոնակատար Անդրանիկ Հովհաննիսյանը: Երբ նրան ձայն տրվեց, նա անակնկալի չեկած մարդու տեսքով ասաց, որ քննարկման գալուց հետո է իմացել, թե ելույթ պիտի ունենա, ուստի խոսելու է անգլերեն: 7 րոպե պարոն Հովհաննիսյանը վարժ անգլերենով ներկայացրեց նախարարության տեսակետը, որը հասկացան ոչ բոլորը, բայց բոլորն էլ զգացին, որ նա ասում է այն, ինչ մի քանի անգամ արդեն ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ինչը նորմալ էր ու ճիշտ:
Քննարկման ժամանակ հասարակական կազմակերպությունների տեսակետները ներկայացնում էին Սուրեն Զոլյանը, Խաչիկ Գալստյանը և Կարեն Բեքարյանը: Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորը Ղազախստանի օրինակով ներկայացրեց, թե ինչքան հետևողական կարող է լինել պետությունն իր քաղաքականության մեջ: Սուրեն Զոլյանը զուգահեռներ անցկացրեց Ստամբուլի և Աստանայի գագաթնաժողովների միջև և հարց բարձրացրեց, թե ինչու Ստամբուլից հետո 11 տարի վեհաժողովներ չէին գումարվում: Աստանայում գործողությունների ծրագրի չընդունումը նա գնահատեց ոչ իբրև անհաջողություն, այլ միանգամայն հակառակը` հաջողություն: 11 տարի առաջ Ստամբուլում ընդունված փաստաթուղթը չիրականացվեց, ԵԱՀԿ-ն հայտնվեց փակուղում, և միայն Աստանան օգնեց այդ փակուղուց դուրս գալու:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը ի սկզբանե նշեց, որ հանդես է գալիս իբրև քաղաքագետ: Նա համոզված է, որ Աստանան հաստատեց` միջազգային կառույցները ներքին ճգնաժամ են ապրում հակամարտությունների հաղթահարման գծով: Լեգիտիմության այդ ճգնաժամի պատճառը Խաչիկ Գալստյանը համարում է այն փաստը, որ քաղաքական նպատակահարմարությունը գերակայում է իրավական հարթության նկատմամբ, պետք է ընդհանուր կանոններ մշակել, որոնք ընդունելի կլինեն ԵԱՀԿ բոլոր երկրների համար:
«Եվրոպական ինտեգրում» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանն էլ այն կարծիքին է, որ Ղազախստանի լարված, հետևողական աշխատանքը պատասխան էր բոլոր հոռետեսներին: Պարոն Բեքարյանը բնական համարեց ամփոփիչ փաստաթղթի ձևակերպման դժվարությունները, որովհետև չափազանց տարբեր շահեր ունեին բազում մասնակիցները: Ղարաբաղի հարցով ընդունված հնգակողմ հայտարարությունը, նրա գնահատմամբ, իհարկե, Հայաստանի համար իդեալական չէր, կան պրոբլեմներ: Պարոն Բեքարյանը հիշեցրեց, որ նախօրեին Լիսաբոնի սամմիթն էր եղել, որը տարածաշրջանում հարաբերությունները կարող էր ավելի սրել: Նա կարևորեց Լիտվայի նախագահության շրջանը և Աստանայում նախագահությունը ստանձնելիս հռչակված գերակայությունների կենսագործումը: ՀԿ-ի նախագահը, անդրադառնալով ԵԱՀԿ-ին, նշեց, որ կառույցում բազում պարադոքսներ կան: Օրինակ` կարևորվում է տարածաշրջանային խաղաղությունը, բայց Հարավային Կովկասի պետություններին զենք վաճառող երկրները ԵԱՀԿ անդամ պետություններն են: Օրինակ` ԵԱՀԿ կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող կազմակերպությունը Ղարաբաղում գրասենյակ չունի և տեղեկատվությունը ստանում է միջնորդավորված` Հայաստանից, որ ադրբեջանցիներն են համարում աղավաղված, Ադրբեջանից, որ հայերն են անվանում աղավաղված: Բալկանյան կոնֆլիկտի գոտում, օրինակ, ԵԱՀԿ-ն գրասենյակ ուներ: Օրինակ` ԵԱՀԿ արժեհամակարգի մեջ չեն տեղավորվում մարդու իրավունքների պաշտպանությունը և ԼՂՀ-ի չճանաչվածությունը: Օրինակ` փորձեր են արվում կոնֆլիկտի հաղթահարումը 16 տարի այդ գործընթացում մասնագիտացած կազմակերպությունից տեղափոխել այլ կառույցներ, փորձեր, որոնք ոչ թե փոխլրացնող նշանակություն ունեն, այլ խանգարող, տրամաբանորեն ԵԱՀԿ-ն պետք է արձագանքեր, բայց ԵԱՀԿ-ն ուշադրություն չի դարձնում: ԵԱՀԿ-ն «չնկատեց» նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման օրինագծի քննարկումը Հայաստանի Ազգային ժողովում:
Ամփոփելով հնչած ելույթները` բնապաշտպան Կարինե Դանիելյանը բոլորին կոչ արեց ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների հետ պաշտպանել նաև բնության իրավունքները` «Քանի դեռ չի եկել անտառապահը»:
ԵԱՀԿ-ում Ղազախստանի Հանրապետության նախագահության, Աստանայի գագաթնաժողովի, Լիտվայի` իբրև ԵԱՀԿ նախագահող երկրի ծրագրերի մասին հնչեցին նաև այլ կարծիքներ, ցանկություններ ու առաջարկներ, թեպետ ելույթ ունեցողներից ոչ մեկը չէր եղել Աստանայում ու գագաթնաժողովին «մասնակցել» էր սոսկ փաստաթղթային մակարդակով, քննարկումը հետաքրքիր էր և ուսանելի: Հատկապես ուսանողների համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ